Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(մշտադալար կաղնի, դափնի, մրտենի, դափնեվարդ, մայրի), կան ձիթենու, թթենու, թզենու, ցիտրուսային կուլտուրաների, խաղողի տնկարկներ։ Լեռներում աճում են մշտադալար կաղնիներ, նոճիներ, լեռների ավելի բարձր մասերը ծածկված են ալպյան բուսականությամբ։ Օազիսներում գերակշռում են փյունիկյան արմավենի և ցիտրուսային կուլտուրաները։

Կենդանական աշխարհը բազմազան է։ Տարածված են շերտավոր բորենին, գայլը, շնագայլը, կարակալը, ֆենեկ աղվեսը, այծքաղը, ցիռը։ Շատ են կրծողներն ու սողունները։ Լեռներում հանդիպում են սիրիական արջ, կինճ, անտառակատու, բեզոարյան այծ։

IV․ Բնակչությունը

Երկրի բնակիչների շուրջ 90%–ը արաբներ են (տես Սիրիացիներ), ապրում են նաև քրդեր, հայեր, թուրքեր, չերքեզներ և այլք։ Պաշտոնական լեզուն արաբերենն է։ Հավատացյալների շուրջ 65%–ը մահմեդական է (գլխավորապես սուննի), ավելի քան 14%–ը՝ քրիստոնյա։ Պաշտոնական տոմարը լուսնային հիջրան է․ կիրառվում է նաև գրիգորյան տոմարը։ Բնակչության խտությունն ավելի մեծ է Լաթաքիայի և Տարտուսի մուհաֆազաներում՝ 170 մարդ 1 կմ² վրա, ամենաքիչը՝ Դեյր էզ Զորի մուհաֆազայում՝ 9 մարդ 1 կմ² վրա։ Քաղաքային բնակչությունը 44% է։ Մեծ քաղաքներն են Դամասկոսը, Հալեպը, Հոմսը, Համան, Լաթաքիան։

V․ Պատմական ակնարկ

Մարդիկ Ս–ի տարածքում բնակություն են հաստատել դեռևս վաղ քարի դարի ժամանակաշրջանում։ Ս–ի պատմությունը մինչև մ․ թ․ VII դ․ տես Ասորիք հոդվածում։ VII դ․ 30-ական թթ․ մահմեդական արաբները Արաբ. թերակղզուց ներխուժել են Ս.։ Այդ ժամանակաշրջանից էլ սկսվել է Ս–ի արաբացումը և մահմեդականացումը։ Ս–ի խոշոր քաղաք Դամասկոսը դարձել է Օմայանների խաչիֆայության (661–750) մայրաքաղաքը։ Երբ Աբբասյանները իրենց (750–1258) մայրաքաղաքն են դարձրել Բաղդադը, Ս․ կորցրել է իր առաջնակարգ դիրքը։ 929–1003-ին Ս–ի մի մասում իշխել են Համդանյանները, 969-ին Ս․ անցել է Ֆաթիմյաններին։ XI դ․ Ս–ի տարածքի մեծ մասը գրավել են սելջուկյան թուրքերը, իսկ որոշ շրջաններ՝ խաչակիրները։ 1171 –1250-ին Ս–ի զգալի մասը գտնվել է էյուբյանների, 1250-ից եգիպտ․ մամլուքների տիրապետության տակ, 1260-ին Ս․ են ներխուժել մոնղոլները։ 1516-ին Ս․ նվաճել են օսմանյան թուրքերը, որոնք Ս-ում հաստատել են ռազմա–ֆեոդ․ վարչաձև։ 1832-ին Ս․ նվաճել է Եգիպտոսի կառավարիչ Մուհամմեդ Ալին, բայց 1840-ին Ս․ նորից անցել է թուրք. տիրապետության տակ։ XIX դ․ 2-րդ կեսից սկսել է ձևավորվել սիրիական ազգ․ բուրժուազիան, որի զարգացմանը, սակայն, խոչընդոտել են Օսմանյան կայսրությունում տիրապետող ֆեոդ. հարաբերությունները, ինչպես նաև օտարերկրյա, մասնավորապես՝ ֆրանս․ և անգլ․ կապիտալի ներթափանցումը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ուժեղացել է հակաթուրք․ պայքարը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին Ս–ում և Պաղեստինում գտնվում էր թուրք․ 4-րդ բանակը, որի հրամանատար Ջեմալ փաշան դաժանորեն ճնշել է հակաթուրք․ ելույթները։ 1916-ի հունիսի 5-ին սկսվեց արաբների ապստամբություն Մեքքայի շարիֆ Հուսեյնի գլխավորությամբ։ Արաբ. ազգային–ազատագր․ շարժումների ծավալմանը խթանեցին Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական պետության ստեղծումը։ Արաբների կողքին թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայերը, որոնք գործում էին 1916-ին կազմակերպված Արևելյան լեգեոնի շարքերում։ 1918-ի սեպտ․ 30-ին արաբ. զորքերը շարիֆ Հուսեյնի որդի Ֆայսալի գլխավորությամբ մտան Դամասկոս, իսկ 1918-ի հոկտ․ 25-ին Խան Թումանի ճակատամարտում ջարդեցին թուրք. զորքերին և ազատագրեցին Հալեպը։ Դրանով վերջ տրվեց թուրք. չորսդարյա տիրապետությանը Ս–ում։ Սկսվեց պայքար մի կողմից արաբների, մյուս կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի միջև՝ արաբների անկախության հարցի շուրջ։ 1920-ի մարտի 8-ին սիրիացիները հռչակեցին Սիրիայի անկախ թագավորությունը, իսկ Ֆայսալին՝ թագավոր։ Սակայն Անգլիան ու Ֆրանսիան դա չճանաչեցին։ 1920-ի ապրիլին Սան Ռեմոյի կոնֆերանսում Ֆրանսիան ստացավ Ս–ի և Լիբանանի մանդատը։ Ս–ի ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր հայրենիքի անկախությունը։ Վճռական ճակատամարտը սիրիացիների ու ֆրանս․ զորքերի միջև տեղի ունեցավ 1920-ի հուլիսի 24-ին, Դամասկոսից 28 կմ արմ․, Մայսալունի լեռնանցքի մոտ, որն ավարտվեց ֆրանս․ զորքերի հաղթանակով։ Ֆրանսիան ձեռնամուխ եղավ Ս–ի տրոհմանը և առանձին «պետությունների» ստեղծմանը։ 1920–22-ին ստեղծվեցին «Մեծ Լիբանան», Դամասկոսի, Հալեպի, Ալավինների և Ջեբել Դրուզի պետություններն ու Ալեքսանդրետի ինքնավար մարզը։ Սիրիացիները շարունակեցին անկախության և միասնության համար պայքարը. հատկանշական է 1925–1927-ի ապստամբությունը, որը ճնշվեց, սակայն հարկադրեց ֆրանսիացիներին որոշ զիջումներ անել։ 1925-ին Դամասկոսի և Հալեպի պետությունները միավորվեցին, ստեղծվեց Սիրիա պետությունը՝ ֆրանս․ մանդատի ներքո։ 1924-ին հիմնվեց Ս–ի կոմկուսը։ 1928-ին անցկացվեցին Սահմանադիր ժողովի ընտրություններ, իսկ 1930-ին սկսեց գործել սահմանադրությունը։ Հասարակական լայն խավերի ճնշման տակ Ֆրանսիան հարկադրված 1936-ին Ս–ի հետ ստորագրեց «բարեկամության և դաշինքի» պայմանագիր, որով նախատեսվում էր 3 տարվա ընթացքում հրաժարվել մանդատից և ճանաչել Ս–ի անկախությունը, սակայն 1939-ի հունվարին հրաժարվեց վավերացնել պայմանագիրը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) սկզբից Ս–ում մտցվեց ռազմ. դրություն, սկսեցին գործել ռազմ. օրենքները, արգելվեց առաջադիմական կազմակերպությունների, այդ թվում՝ կոմկուսի գործունեությունը։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից (1940) հետո Ս–ի վրա տարածվեց վիշիականների իշխանությունը։ Ուժեղացավ Գերմանիայի և Իտալիայի ներթափանցումը Ս.։ Երկրում սկսվեց հակաֆաշիստ, շարժում։ 1941-ի հունիսի 8-ին «Ազատ Ֆրանսիայի» և անգլ. զորքերը մտան Ս. և Լիբանան ու ազատագրեցին վիշիականներից։ «Ազատ Ֆրանսիան» հրապարակեց հայտարարություն, որով խոստանում էր ճանաչել Ս–ի և Լիբանանի անկախությունը։ 1943-ին Ս–ում անցկացվեցին պառլամենտական ընտրություններ, որտեղ հաղթեց Ազգ. բլոկ կուսակցությունը, և նրա ղեկավար Շուքրի Քուաթլին ընտրվեց պրեզիդենտ։ 1943-ի դեկտեմբերին չեղյալ հայտարարվեց ֆրանս․ մանդատը։ Աստիճանաբար Ս–ին փոխանցվեցին կառավարման ֆունկցիաները: 1944-ի հունիսին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Ս–ի և ՍՍՀՄ–ի միջև։ 1945-ի փետրվարին Ս. պատերազմ հայտարարեց Գերմանիային, իսկ ապրիլին դարձավ ՄԱԿ–ի անդամ։ 1946-ի ապրիլի 17-ին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հարկադրված էին իրենց զորքերը դուրս բերել Ս–ից։ Ս. ստացավ լիակատար անկախություն։ Ապրիլի 17-ը նշվում է որպես Ս–ի ազգային տոն։