Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժանվում է Մեսինայի նեղուցով։ Ափերը զառիվեր են, թույլ կտրտված, հս–ում՝ քայքայված։ Ունի լեռնաբլրային ռելիեֆ։ Հս․ ափերի երկայնքով ձգվում են Ապենինյան թերակղզու լեռների շարունակությունը կազմող լեռնաշղթաների համակարգեր և առանձին զանգվածներ, արլ–ում՝ Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը՝ Էտնան (3340 մ)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կան մի շարք հանգած հրաբուխներ, ծծմբի, նավթի, գազի հանքավայրեր։ Կլիման մերձարևադարձային է, միջերկրածովյան։ Գետերը կարճ են, ամռանը ծանծաղում են։ Դարչնագույն և կարմիր հողերի վրա տարածված են թփուտներ և տափաստանային բույսեր։ Անտառները գրավում են տարածքի մոտ 4%–ը։ Դլխ․ քաղաքը և նավահանգիստը Պալերմոն է։

ՍԻՑԻԼԻԱ (Sicilia), ինքնավար մարզ Իտալիայում։ Ընդգրկում է Սիցիլիա կղզին և նրան հարող Լիպարյան, Էգադի, Պանտելերիա, Պելագյան կղզիները։ Վարչականորեն բաժանվում է 8 պրովինցիաների։ Տարածությունը 25,7 հզ․ կմ² է բն․՝ 4884,2 հզ․ (1978)։ Գլխավոր քաղաքը, տրանսպորտային հանգույցը և վարչական կենտրոնը՝ Պալերմո։ Ս․ տնտեսապես թույլ զարգացած մարզ է։ Զբաղվում են այգեգործությամբ, ցիտրուսայինների, ձիթենու, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ։ Աճեցնում են նաև ընդավորներ, կարտոֆիլ, կանգկուր, բանջարանոցային կուլտուրաներ։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են ծծմբի, շինարարական քարերի, ծովային և կալիումական աղերի, նավթի, գազի արդյունահանումը, սննդի, փայտամշակման, կարի, քիմ․, ցեմենտի, էլեկտրատեխ․ և ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, նավաշինությունը, նավթավերամշակումը։ Ապենինյան թերակղզու հետ միացած է լաստանավով։

Ս․ կղզու հնագույն բնակիչները սիկաններն (նրանց անունով կղզին սկզբում կոչվել է Սիկանիա) ու սիկուլներն էին, որոնք հետագայում հելլենականացվել են։ Մ․ թ․ ա․ VIII դ․ կղզին դարձել է փյունիկիական և հուն, գաղութացման օբյեկտ։ Մ․ թ․ ա․ V դարից Կարթագենը ձգտել է տիրել կղզուն։ Կարթագենի Էքսպանսիայի դեմ պայքարն ուժեղացել է Սիրակուզեի տիրանոսներ Դիոնիսիոս I Ավագի և Ագաթոկլեսի ժամանակ (մ․ թ․ ա․ V դ․ վերջ –IV դ․)։ Կարթագենացիները վերջնականապես կղզուց դուրս են մղվել հռոմեացիներից Պունիկյան առաջին պատերազմի (մ․ թ․ ա․ 264–241) հետևանքով։ Ս․ դարձել է (մ․ թ․ ա․ 241-ից) Հռոմի առաջին պրովինցիան, հանդիսացել նրա շտեմարանը։ Ա․ ստրուկների խոշոր ապստամբությունների օջախ էր : Վաղ միջնադարում գտնվել է վանդալների (V դ․), օստգոթերի (VI դ․), Բյուզանդիայի (535-ից), արաբների (IX դ․) տիրապետության տակ։ XI դ․ Ս․ նվաճել են նորմանները։ Շնորհիվ իր հարմար դիրքի Ս․ խաչակրաց արշավանքների ժամանակ ապրել է տնտ․ վերելք։ XII–XIII դդ․ կազմել է Սիցիլիական թագավորության մաս։ 1282–1302-ին կղզում հաստատվել են Արագոնի թագավորները։ Ուտրեխտի հաշտությամբ (1713) Ս․ անցել է Մավոյայի դքսությանը, 1720-ի Լոնդոնի պայմանագրով՝ տրվել է Ավստրիային։ 1735– 1860-ին Ս․ կառավարել են Նեապոլի Բուրբոնները։ XIX դ․ Ս․ կղզին Իտալիայի հեղափոխ․ շարժման կարևոր կենտրոններից էր, բուրժ․ հեղափոխությունների (1820, 1848) ասպարեզ։ 1860-ին կղզում բռնկած ապստամբությանը աջակցել է Ջ․ Գարիբալդին․ կղզին ազատագրվել է Բուրբոնների տիրապետությունից և 1861-ին մտել միացյալ Իտալ․ թագավորության կազմի մեջ։ XIX դ․ վերջին կղզում տեղի են ունեցել գյուղատնտ․ պրոլետարիատի և գյուղ, չքավորության խոշոր ապստամբություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Ս․ դարձել է դաշնակցային զորքերի հարձակման հենակետ Ապենինյան թերակղզում։ Ս–ի տնտեսությունը պահպանում է իր հետամնաց ագրարային բնույթը՝ ֆեոդ, մնացուկներով։ Դրանով է զգալիորեն պայմանավորված կղզում մաֆիայի գոյությունը։ 1947-ին Ս․ ստացել է մարզային ինքնավարություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ս–ում ուժեղացել է գյուղացիական, բանվորական և համադեմոկրատ․ շարժումը, աճում է կոմկուսի ազդեցությունը։

Ս․ հին հուն, արվեստի խոշորագույն կենտրոններից է։ Առավել նշանակալից են Ագրիջենտոյի (մ․ թ․ ա․ VI–V դդ․), Սեգեստայի (մ․ թ․ ա․ V դ․ 2-րդ կես), Սելինունտի (մ․ թ․ ա․ VI–V դդ․) խստաշունչ վեհությամբ տոգորված դորիական տաճարների ավերակները։ Հին հռոմ․ արվեստի հուշարձաններից աչքի են ընկնում հռոմ․ Պյացցա–Արմերինայի վիլլայում գտնված IV դ․ խճանկարները։ XII դ․ բյուզ․ և տեղական վարպետների ստեղծագործությամբ կազմավորվել է ինքնատիպ գեղարվեստական դպրոց, որի խճանկարազարդ կառույցներում ներդաշնակված էին ռոմանական, բյուզ․ և մավրիտանական արվեստներին բնորոշ գծեր [Չեֆալուի (1131-ից), Մոնրեալեի (1174–89) տաճարները, Պալերմոյի Պալացցո Ռեալեն Պալատինյան մատուռով (XI –XII դդ․) և Մարտորանա եկեղեցին (1143)]։ Կվատրոչենտոյի ժամանակաշրջանում Ս–ում է ստեղծագործել Անտոն. լլո դա Մեսինան։ Բարոկկոյի ճարտ․ հուշարձաններից են՝ Գ․ Գվարինիի կառույցները (XVII դ․) Մեսինայում, բազմաթիվ ճիզվիտական եկեղեցիներ (XVIII դ․)։ XIX–XX դդ․ Ս–ի արվեստը զարգանում է Իտալիայի գեղարվեստական մշակույթի ընդհանուր հունով։

Ս–ում հայերի գտնվելու փաստը հավաստիորեն հիշվում է VI դարից, երբ Ս–ի կուսակալն էր Հովհաննես Արշակունին։ 668-ին, երբ Սիրակուզե քաղաքում սպանվել է Կոստանդ Բ կայսրը, տեղի զորքերը կայսր են հռչակել հայազգի Մժեժ զորավարիկ, ինչը փաստում է բանակում հայերի գերակշռության մասին։ Երբ 793-ին հայկ․ բանակաթեմի զինվորները ապստամբել են Իրեհե կայսրուհու դեմ, և ապստամբությունը ճնշվել է, Կոստանդին VI կայսրը Կ․ Պոլսում բռնված շուրջ հազար զինվորականների (յուրաքանչյուրի ճակատին դրոշմել տալով «դավաճան հայ») 794-ին աքսորել է Ս․։ Ս․ են աքսորվել նաև մեծ թվով հայ պավլիկյաններ։ Ս–ի կառավարիչ է եղել հայ Ալեքս–Մուշեղ Մամիկոնյանը, որը հաջողությամբ է կազմակերպել կղզու պաշտպանությունը արաբ, հարձակումներից և արժանացել է «պատրիկ», «պրոկոնսուլ», «մագիստրոս» ևն բարձր տիտղոսների։ X–XI դդ․ Ս–ում թիչ թվով հայեր են հիշվում։ Հայերի հարաբերությունները Ս–ի հետ աշխուժացել են XIII դ․։ 1278–83-ին Կիլիկիայից երեք պաշտոն․ պատվիրակություններ են ուղարկվել Ս․։ Կիլիկիայի թագավորներ Օշինը և Լևոն Դ ամուսնացել են սիցիլիացի իշխանուհիների հետ։ Հաջորդ դարերում հայերը հիշվում են գլխավորապես Մեսինայում, XVII դ․ Պալերմոյում․ 1753-ին քաղաքի պաշտպան է հռչակվել Ս․ Գրիգոր Լուսավորիչը։ Ղ․ Ալիշանը ենթադրում է, որ հայեր եղել են նաև Կատանիայում և Տրապանիում։

ՍԻՑԻԼԻԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Սիկիլիական ապսաամբություններ, ստրուկների երկու մեծ ապստամբություն հռոմ․ ստրկատերերի դեմ Սիկիլիա կղզում, մ․ թ․ ա․ II դ․ 2-րդ կեսին։ 1-ի ն ապստամբությունը (138/136–132) բռնկել է Հեննա (Էննա) քաղաքում՝ ասորիքցի ստրուկ Եվնոսի (իրեն հռչակել է թագավոր՝ Անտիոքոս անունով) գլխավորությամբ։ Ապստամբության մյուս կենտրոնն Ագրագաս (Ագրիջենտում) քաղաքն էր, որտեղ շարժումը գլխավորել է կիլիկեցի ստրուկ Կլեոնը (ենթարկվել է Եվնոսին և դարձել ստրատեգոս)։ Ապստամբները ստեղծել են պետություն, որն անվանել են «Նոր ասորական