Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վնլ են Տայքի Թուխարք ամրոցում։ 703-ին, Բյուզանդիայից սաանալով ռազմ, օգնություն, Ս․ Բ․ Բ․ 5 հզ–անոց զորքով անցել է հարձակման, սակայն պարտություն է կրել Դրաշպետի ճակատամարտում, ստիպված հեռացել Եգերաց Փույթի (այժմ՝ Փոթի) կողմերը։ Վախենալով հայերի նոր ապստամբությունից՝ արաբները նույն թվականին հայ նախարարներին խաբեությամբ հավաքել են Նախճավանի և Խրամի եկեղեցիներում և ողշակիզել (տես Նախճավանի և խրամի կոտորած)։ 709-ին Ս․ Բ․ Բ․ Հայաստանի արաբ կառավարչի կոչով վերադարձել է Հայաստան և վերստին դարձել Հայոց իշխան, սակայն այլևս եռանդուն մասնակցություն չի ունեցել երկրի քաղ․ կյանքին։

ՍՄԲԱՏ ձԱՐԵՀԱՎԱՆՑԻ (ծն․ և մահ( թթ․ անհտ․), Թոնդրակյան շարժման հիմնադիր։ Ծնվել է Ծաղկոտն գավառի Զարեհավան գյուղում։ Ապրել և գործել է X դ․ 1-ին (այլ կարծիքով՝ 2-րդ) կեսին։ Պատմագիտության մեջ գերիշխող է այն կարծիքը, որ Ա․ Զ․ իր քարոզչությունն սկսել է 830-ական թթ․՝ Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսի (և ոչ թե Հովհաննես և Դարանսխանակերտցու) օրոք։ Ըստ աղբյուրների, հատկապես XV դ․ հեղինակ Մխիթար Ապարանեցու հաղորդած տեղեկությունների, Ա․ Զ․, ինչպես մինչ Ապահունիքի Թոնդրակ ավանում հաստատվելը, այնպես էլ դրանից հետո ճամփորդել է, եղել Պավլիկյան շարժման կենտրոններից մեկում՝ Տևրիկում, որտեղ հավանաբար հանդիպել է Սերգիոս Տյուքիկոսին, կրել նրա առաշնորդած շարժման գաղափարախո– սության ազդեցությունը։ Դրիգոր Մագիստրոսը վկայում է, որ Մ․ Զ․ իր «չար մոլությունը» ուսանել է բժիշկ–աստղաբաշխ ոմն Մըրշուսիկ մոգից (հավանաբար զրադաշտակաՆ); Վերահաստատվելով Թոնդրակում, Ս․ Զ․ կրկին գլխավորել է իր ստեղծած համայնքը։ Ըստ Գրիգոր Նարեկացու, Ս․ Զ–ուն մահապատժի է ենթարկել Մանագկերտի արաբ ամիրա Աբու–լ Վարդը (Աբուլ–Բարդ)։ Ուստի ենթադրվում է, որ Ս․ Զ–ու պայքարն ուղղվււծ է եղել նաև օտարերկրյա նվաճողների դեմ։

Ս․ Զ–ու հայացքների վերաբերյալ տեղեկությունները պահպանված են նրա հակառակորդների գրվածքներում։ Չնայած դրանց միակողմանիությանը, ակնառու է, որ Ս․ Զ․ իր ժամանակի աղադավորական գաղափարների միավորմամբ ստեղծել է հակաֆեոդ․ պայքարի ուսմունք։ Գրիգոր Մագիստրոսը գրում է, որ «․․․յամենեցունց զթոյնս չարութեան մի վայր ժողովեալ հերձուածս, հաւանեցան այնմ աստուածամարտ և ցանկապսուառ դիւամոլի անօրինին Մմբատայ օրէնս դնել․․․» («Թղթեր», Ալեքսանդրապոլ, 1910, էշ 160)։ Ս․ Զ․ մերժել է քրիստ․ եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդներն ու ծեսերը, Հիսուս Քրիստոսի հարությունը, հոգու անմահությունն ու հանդերձյալ կյանքը և առհասարակ եկեղեցին։ Հավանաբար, նա ժխտել է նաև աստծո մասնակցությունը երկրային գործերին (թոնդրակյաններն իրենց աղոթքներն ուղղել են ոչ թե աստծուն, այլ իրենց առաջնորդին), որն էլ Գրիգոր Մագիստրոսին և Գրիգոր Նարեկացուն առիթ է տվել նրան համարելու էպիկուրի և Պյութագորասի հետևորդ։ Ս․ Զ–ու հայացքներին հատուկ է եղել նաև պանթեիզմը (նրա հետևորդ Կյուրեղն ասել է, որ աստված ամեն բանի մեջ է և ամենուր)։ Որպես հակաֆեոդալ․ գյուղաց․ շարժման գաղափարախոս, Ս․ Զ․ քարոզել է մարդկանց իրավական և գույքային հավասարություն և դրանից բխեցրել հասարակական կյանքի վերափոխման համար պայքարի անհրաժեշտությունը։ Ամուսնության հարցում կնոջը վերապահել է ընտրության և սիրո ազատություն։ Ս․ Զ–ու սոցիալ․ և փիլ․ հայացքները դրվել են Թոնդրակյան շարժման գաղափարախոսության հիմքում։

ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ, Սմբատ ԳՈԼնդստաբլ (1208–1276), հայ ականավոր զորավար, պետ․ գործիչ, դիվանագետ, իրավագետ, պատմագիր Կիլիկյան Հայաստանում։ Հեթումյանների տոհմից։ Կոստանդին պայլի և Տամա Վիծիի (Ներսես Լամբրոնացու քույրը) որդին, Հեթում Ա թագավորի ավագ եղբայրը։ Հայոց սպարապետության գործակալությունը վարել է 1226-ից և շուրջ 50 տարի հմտորեն կազմակերպել է երկրի պաշտպանությունը, թշնամիների դեմ մղել բազմաթիվ հաղթական մարտեր (1246-ին և 1259-ին Իկոնիայի սուլթանության, 1276-ին՝ Եգիպտոսի սուլթանության դեմ ևն), 1243-ին, երբ մոնղոլները սպառնացել են Կիլիկյան Հայաստանի սահմաններին, Ս․ Ս․ և Կոստանդին պայլը Կեսարիայում բանակցել են մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ և կնքել փոխշահավետ պայմանագիր։ 1248-ին մեկնել է Կարակորում, մոնղ․ մեծ խանի հետ բանակցել Հեթում Ս–ի այցելության և հայմոնղ․ դաշնագրի վավերացման պայմանների մասին։ 1250-ին վերադարձել է հայրենիք, իսկ 1254-ին Հեթում Ա–ին ուղեկցել Կարակորում, որտեղ Մանգու խանի հետ ստորագրել է նոր պայմանագիր (տես Հայ–մոնղոչական դաշինք 1254)։ Զոհվել է 1276-ին, Աարվանդիքարի ճակատամարտում։

Ս․ Ս․ եղել է Հայոց Գերագույն ատյանի՝ Վերին կամ Մեծ դարպասի (քննում էր պետության ներքին ու արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերը) անդամ, անմիջաբար մասնակցել պետ․ գործերին և երկրի կառավարմանը։ 1265-ին կազմել է իր նշանավոր դատաստանագիրքը (տես Սմբատ Սպարապետի դատաստանագիրք), որը Կիլիկյան Հայաստանում գործադրվել է մինչև պետության անկումը (1375)։ 1265-ին Հին ֆրանսերենից հայերեն է թարգմանել <Անտիոքի ասիզները>։

Ս․ Ս․ գրել է նաև պատմ․ երկ (հայտնի է «Տարեգիրք» վերնագրով), որը Մեծ Հայքում, Կիլիկիայում և այլուր կատարված քաղ․ դեպքերի համառոտ ժամանակագրությունն է (բովանդակում է 951 – 1272-ի պատմությունը)։ Այն շարունակել են այլ ժամանակագիրներ՝ անցքերի շարադրանքը հասցնելով մինչև 1336 թ․։ X–XII դդ․ պատմությունը շարադրել է Մատթեոս Ուռհայեցու, Գրիգոր Երեց Քեսունցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու երկերի հիման վրա, իսկ իր սպարապետության ժամանակաշրջանը ներկայացրել է պատմ․ անցքերին ու իրադարձություններին ականատես հեղինակի ու մասնակցի գրչով։ Ս․ Ս․ հանգամանորեն շարադրել է հայ–բյուզ․, հայ–արաբ․, հայ–վրաց․, հայ–սելջուկյան հարաբերությունները, մոնղոլների հետ ռազմ, և քաղ․ կապերը, Հեթում Ա–ի Կարակորում կատարած ճանապարհորդությունը, հայերի արտագաղթը Մեծ Հայքից դեպի օտար երկրներ, դատապարտել խաչակիրների արկածախնդիր և զավթող․ քաղաքակա– նությունը Կիլիկյան Հայաստանի նկատմամբ։ Տեղեկություններ է հաղորդում նաև հայ իշխանների, նրանց պատկանող հողերի և իրավունքների, ներքին հակամարտությունների մասին, որոնք թեև աղոտ, բայց պատկերացում են տալիս Կիլիկյան Հայաստանի տնտ․ և հասարակա կան–ք աղ․ հարաբերությունների ընդհանուր վիճակի մասին։ Երկն առաջին անգամ հրատարակվել է 1856-ին, Մոսկվայում, «Պատմութիւն Յունացի Կոստանդնուպոլիս և Հայոց Մեծաց ըստ կարգի ժամանակաց» վերնագրով։ «Տարեգիրքը» Վ․ Լանգլուայի ֆրանս․ թարգմ․ 1862-ին հրատարակվել է Պետերբուրգում (մասամբ), 1869-ին՝ Փարիզում (է․ Գյուլորիեի թարգմ․)։ Մոնղոլների՝ Միջին Ասիայից Իրան ներխուժելու պատմության հատվածի ռուս, թարգմանությունը 1873-ին հրատարակել է Ք․ Պատկանյանը։ Ս․ Ս–ի անունով պահպանվել են նաև արձանագրություններ, նամակներ (արժեքավոր է հատկապես 1247-ին Կիպրոսի թագավոր Հենրիխ Լուսինյանին գրած ֆրանս․ նամակը), չափածո գործեր։ Վերջիններս ունեն գերազանցապես պատմ․ և փիլ․ բովանդակություն։ Նշանավոր է 1269-ին Ս․ Ս–ի գրած «Ի ճաշոց գրիս» պոեմը, որը նվիրված է 1266-ին Եգիպտոսի սուլթանության դեմ Մառի վայրում հայկ․ զորաբանակի մղած ճակատամարտին։ Զբաղվել է նաև քերականությամբ։ Ս․ Ս–ի պատվերով գրված «Ավետարանում» (պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում) պահպանվել են նրա ձեռքով արված քերականական շտկումները, ճիշտ ընթերցանությանը նպաստելու համար դրված առոգանության նշանները։ Ս․ Ս․ գրել է դյուրին, խոսակցականին մոտ հայերենով։