Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ավելին (10,2 մլն տ)։ Թելաաու վուշի մշակման հիմնական շրջաններն են՝ Կենտրոնը, Հյուսիս–Արևմուտքը, արևածաղկինը՝ Հս․ Կովկասը, Պովոլժիեն և Կենտրոնասևահողային շրջանը, շաքարի ճակնդեղինը՝ Կենտրոնասևահողային շրջանը և Հս․ Կովկասը։

ՌՍՖՍՀ–ում է կենտրոնացած երկրի մրգահատապտղի և խաղողի տնկարկների տարածքի 27%–ը (1,3 մլն հա, 1980), այդ թվում՝ 0,2 մլն հա խաղողի այգիներ։ Մրգերի և հատապտղի համախառն բերքը կազմում է 2 մլն տ (երկրի ամբողջ բերքի 25%–ը), խաղողինը՝ 0,9 մլն տ (մոտ 14%-ը)։ ՌՍՖՍՀ–ի ն բաժին է ընկնում երկրի ոռոգվող հողատարածությունների 1/4-ից ավելին(5 մլն հա, 1980) և չորացված (ցամաքեցված) հողերի ավելի քան 1/3-ը (5,9 մլն հա)։ ՌՍՖՍՀ–ում է գտնվում երկրի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի 1/2-ից ավելին (58,5 մլն, 1981), խոզերի մոտ 1/2-ը (37 մլն), ոչխարների և այծերի ավելի քան 2/5-ը (64,8 մլն), թռչունների 1/2-ից ավելին (564 մլն)։ Հանրապետությունը տալիս է երկրում արտադրվող ամբողջ մսի մոտ 1/2-ը, կաթի 1/2-ից ավելին, ձվի մոտ 3/5-ը և բրդի մոտ 1/2-ը։

Տրանսպորտը։ ՌՍՖՍՀ տարածքում է գտնվում երկրի ամբողջ երկաթուղիների գրեթե 3/5-ը (82,6 հզ․ կմ, 1981), ներքին նավարկելի ուղիների ավելի քան 4/5-ը (123 հզ․ կմ), կոշտ ծածկով ավտոճանապարհների ավելի քան 2/5-ը (322 հզ․ կմ), նավթա– և նավթամթերքամուղների 3/4-ից ավելին (53,6 հզ․ կմ)։ 1941–80-ին երկաթուղիների երկարությունն ավելացել է 1,4 անգամ, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ գրեթե 5 անգամ, նավթա– և նավթամթերքամուղներինը՝ գրեթե 32 անգամ։ Բեռնաշրջանառության աճի առավել բարձր տեմպերը բնորոշ են խողովակաշարային, ավտոմոբիլային և ծովային տրանսպորտին, սակայն բեռնաշրջանառության մեջ առաջատար տեղը պահպանում է երկաթուղային տրանսպորտը։ Հանրապետությանը բաժին է ընկնում երկրի երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառության 2/3-ից ավելին, գետայինի և խողովակաշարայինի՝ ավելի քան 9/10-ը և ավտոմոբիլայինի՝ ավելի քան 1/2-ը։

Ռուսաստանի ու Հայաստանի տնտ․ կապերն ընդլայնվել են Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո և հատկապես Ռուսաստանում կապիտալիստական արտադրահարաբերությունների զարգացման շրջանում։ Մինչ այդ հայ վաճառականները Աստրախանում, Նիժնի Նովգորոդում, Մոսկվայում և Ռուսաստանի շատ այլ քաղաքներում ստեղծել էին իրենց առևտր․ կենտրոնները, որոնց միջոցով Հայաստանից տեղափոխված գորգերը, մետաքսը, արհեստագործական արտադրատեսակները վաճառում էին Ռուսաստանում, իսկ Ռուսաստանի վրայով էլ Եվրոպայի մյուս երկրներում։ Ռուսական կապիտալի ներհոսքը արագացրեց Հայաստանում արդյունաբերության զարգացումը, որը հիմնականում ներկայացված էր պղնձի, գինու և կոնյակի արտադրության ճյուղերով։ Նախահեղափոխական Հայաստանում արտադրված պղնձի մեծ մասը սպառվում էր Ռուսաստանում։ XIXդ․ վերջին Հայաստանի կոնյակի, գինու և սպիրտի արտադրությունը համարյա լիովին կենտրոնացվել էր ռուս գործարանատեր Շուստովի ձեռքում և այդ արտադրանքի մեծ մասը արտահանվում էր Ռուսաստան։ Ռուսաստան էր արտահանվում նաև մեծ քանակությամբ բամբակ, բուրդ, բրինձ, մեղր, մորթեղեն, պանիր, չորացրած մրգեր և գյուղատնտ․ այլ արտադրանք։ XIX դ․ 60-ական թթ․ ամեն տարի Հայաստանից Ռուսաստան էր արտահանվում 700 հզ․ ռ․ բամբակ։ Հայաստանը Ռուսաստանից ներմուծում էր սև մետաղ, տարբեր տեսակի գործիքներ՝ հատկապես գյուղատնտ․, պատրաստի գործվածքեղեն, կոշիկ, ինչպես նաև հացահատիկ ու ալյուր։ 1895-ից սկսած Հայաստանը ամեն տարի Ռուսաստանից ներմուծում էր 1,5–2,0 մլն փութ ցորեն և ալյուր։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սովետական Ռուսաստանը, Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ, օգնություն է կազմակերպում նյութական ծանր վիճակում գտնվող հայ ժողովրդին:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտի առանձին տեսակների բեռնաշրջանառությունը (մլրդ տ կմ)
1940 1965 1975 1982
Տրանսպորտի բոլոր տեսակները[1] 328,5 1660 3162 3872[2]
Երկաթուղային 287 1326 2192 2348
Գետային 34 126 208 246
Ավտոմոբիլային[3] 6 77 184 241³
Մագիստրալային խողովակաշարային (նավթա- և նավթամթերքամուղներ) 1,5 131 578 1183

1920-ի դեկտ. կեսին Վ․ Ի․ Լենինի կարգադրությամբ ՌՍՖՍՀ ֆին–ժողկոմատը Սովետական Հայաստանին բաց է թողնում մոտ 2 մլրդ ռ․ թղթադրամ (ոսկով՝ 600 հզ․ ռ․), իսկ պարենավորման ժողկոմը ուղարկում է մեծ քանակությամբ պարենամթերք, մանուֆակտուրա և այլ ապրանքներ, ինչպես նաև Գ․ Կ․ Օրջոնիկիձեի միջոցով՝ 47 կգ ոսկի։ 1921-ին դրամական օգնությունից բացի, Հայկ․ ՍՍՀ ՌՍՖՍՀ–ից ստացել է 1,5 մլն արշին մանուֆակտուրա, մեծ քանակությամբ պատրաստի հագուստեղեն ու կոշիկ, 426 հզ․ Փութ հացահատիկ, 7000 փութ շաքար, 50 հզ․ փութ ձուկ, 1500 անասուն, 10 ավտոմեքենա, 2 տպարան, ավելի քան 10170 գյուղատնտ․ գործիքներ, 12 վագոն դեղորայք, հազարավոր փութ թուղթ և շատ այլ արտադրանքներ։

Մինչև 1930-ական թթ․ Հայկ․ ՍՍՀ ՌՍՖՍՀ–ից ներմուծում էր հիմնականում պատրաստի արտադրանք, հումք ու կիսաֆաբրիկատ։ Հայկ․ ՍՍՀ–ում ծանր ինդուստրիայի ճյուղերի հիմնադրումից հետո երկու հանրապետությունների միջև տնտ․ կապերը մեծ չափով ընդլայնվում են։ Նախապատերազմյան հնգամյակների տարիներին գունավոր մետալուրգիայի, թեթև ու սննդի արդյունաբերության արտադրատեսակներից բացի, Հայկ․ ՍՍՀ–ից ՌՍՖՍՀ–ին է մատակարարվել մեքենաշինության, քիմ․, շինանյութերի արդյունաբերության բազմատեսակ արտադրանք։ Ընդհանուր առմամբ միութենական բոլոր հանրապետություններից Հայկ․ ՍՍՀ ներմուծվող արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալի ավելի քան 53%–ը բաժին է ընկնում ՌՍՖՍՀ–ին, որից Հայկ․ ՍՍՀ ստանում է մեքենաշինության, մետալուրգիական, քիմ․, շինանյութերի, անտառային, թեթև ու սննդի արդյունաբերության հազարավոր արտադրատեսակներ։ Հայկ․ ՍՍՀ ներմուծվող մեքենաշինական արտադրանքի շուրշ 60% –ը տալիս է ՌՍՖՍՀ։ Հայկ․ ՍՍՀ ՌՍՖՍՀ–ից ներմուծում է տրանսպորտային մեքենաներ ու էներգետիկական սարքավորումներ, գյուղատնտ․ մեքենաներ ու տրակտորներ, տեխնոլոգիական և ճշգրիտ մեքենաներ, գործիքներ, բժշկ․ և պոլիգրաֆ սարքավորումներ։ ՌՍՖՍՀ տալիս է նաև Հայկ․ ՍՍՀ ներմուծվող մետաղների 43%-ը, անտառանյութի 95%–ը, թեթև արդյունաբերության արտադրանքի ավելի քան 80%-ը, սննդի արդյունաբերության արտադրանքի 30%–ը ևն։

Իր հերթին Սովետական Հայաստանը ՌՍՖՍՀ–ին մատակարարում է բազմատեսակ արտադրանք։ Ընդհանուր առմամբ Հայկ․ ՍՍՀ–ից մյուս հանրապետություններին մատակարարվող ամբողջ արտադրանքի ծավալի 51%–ից ավելին առաքվում է ՌՍՖՍՀ։ Երկու հանրապետությունների տնտ․ կապերի շրջանակներն ընդգրկում են ՌՍՖՍՀ վարչական բոլոր միավորները։ Հայկ․ ՍՍՀ–ից մյուս հանրապետություններին մատակարարվող մեքենաշինության արտադրանքի 60%–ը, քիմիկատների 48%–ը, շինանյութերի 36%-ը, սննդի արդյունաբերության արտադրանքի 58%-ը, թեթև արդյունաբերության արտադրանքի 45%-ը բաժին է ընկնում ՌՍՖՍՀ-ին:

  1. Առանց օդային և ծովային տրանսպորտի։
  2. 1980:
  3. Ներառյալ բոլոր գերատեսչությունների և կազմակերպությունների, ինչպես նաև կոլ– տնտեսությունների ավտոմոբիլային տրանսպորտը։