Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Մասնակցել է Կ․ Պոլսի «Բարեգործական» ընկերության հիմնադրմանը (1860-ի սեպտեմբեր), «Քնար հայկական» երաժշտ․ ընկերության աշխատանքներին։

Ռ–ի հասարակական գործունեության առավել բարդ ու տևական շրջանը կապված է արևմտահայության ներքին սահմանադրության ստեղծման հետ (տես Ազգային սահմանադրություն)՝․ 1863-ից պարբերաբար ընտրվել է Ազգ․ ժողովի երեսփոխան և մի շարք տարիներ ղեկավարել է նրա նիստերը, հանդես բերելով ազգ․ հոգսերի համար հանգանակություն կազմակերպելու, աղքատ երեխաներին ձրի պարտադիր կրթություն տալու, կանանց հասարակական վիճակը բարելավելու և այլ կարևոր հարցերի քննարկման նախաձեռնություն։ Ռ–ի մտորումները, արևմտահայ ազգային–հասարակական տրամադրությունները, ժամանակավոր խանդավառությունն ու դառն հուսախաբությունը արտացոլվել են բանաստեղծություններում («Պատանին և արտուտիկը», «Ծիծառնիկ» ևն)։ Ռ–ին է վերագրվում նաև «Կիլիկիա» հանրահայտ երգի ստեղծումը։ Եվրոպ․ առաջադեմ գրականությունը հայ միջավայրում տարածելու նպատակով կատարել է բազմաթիվ թարգմանություններ ֆրանսերենից։

Կյանքի վերջին տարիներին Ռ․ զբաղվել է փիլ-յամբ։ Կայսերական բժշկ․ ուսումնարանում նա դասավանդել է փիլ–յուն և բժշկ․ դեոնտոլոգիա, որի ընթացքում մշակած իր ուսմունքը շարադրել է «Դասագիրք փիլիսաիայության հետևողությամբ լավագույն հեղինակաց ընտրողական դպրոցի» խորագրով աշխատությունում (ֆրանս․ հրտ․ 1876, հայ․ հրտ․ 1879)։ Հետևելով Վ․ Կուզենին՝ Ռ․ էմպիրիզմի ու ռացիոնալիզմի միակողմանիություններից ելք է փնտրել Կանտի ու Հեգելի ուսմունքներից բանաքաղած առանձին գաղափարների արհեստական համադրման մեջ։ Փիլ–յունը, ըստ Ռ–ի, գիտություն է մարդկային բանականության մասին, որը մարդուն բարոյական կատարելության է հասցնում՝ ուղղելով նրա միտքը դեպի ճշմարիտը, բարին և գեղեցիկը։ Քանի որ փիլյան բուն իմացական նպատակը մարդու հոգեկան կամ մտավոր աշխարհի բանական ճանաչումն է, այն պետք է սկսվի մարդու հոգեկան բովանդակության վերլուծությունից։ Ինքնազննման շնորհիվ բացահայտվող հոգեկան աշխարհը բաղկացած է երեք բացարձակ սկզբունքներից՝ անհուն գեղեցիկից, անհուն ճշմարիտից և անհուն բարուց։ Թեև սրանք սերտորեն միահյուսված են, սակայն ճանաչողությանը ներկայանում են առանձին–առանձին։ Ուստի ճանաչողությունը, որը նույնպես հոգեկան երևույթ է, հոգու կարողություն, պետք է իրագործվի այդ երեք բացարձակ սկզբունքներին համապատասխան ձևերի մեջ։ Դրանք են․ զգայությունը կամ զգայական կարողությունը, իմացականությունը կամ խորհելու կարողությունը և կամքը կամ գործելու կարողությունը։ Հոգու զգայական կարողությունը բացահայտվում է գեղագիտության մեջ, իմացականը՝ տրամաբանության մեջ և գործելունը՝ բարոյագիտության մեջ։ Հետևաբար, գեղագիտությունը, տրամաբանությունը և բարոյագիտությունը հոգու ճանաչողական համապատասխան կարողությունների գործնական դրսևորումներն են կամ երեք բացարձակ սկզբունքներով պարփակված հոգու ինքնիմացության երեք միջոցները։ Սա հիշեցնում է Կանտի իմացական կարողությունների ուսմունքը, սակայն ի հակադրություն նրա, Ռ–ի նպատակն է եղել ագնոստիցիզմի հիմնավոր հերքումը։ «Սկեպտականությունը իմացության սպանումն է»,– գրել է նա։ ճշմարտության հարցը Ռ․ լուծել է Հեգելի ոգով։ Փիլ–յան խնդիրը վերջին հաշվով բացարձակ ճշմարիտի գաղափարի իմացությունն է, որը ձեռքբերովի չէ, այլ «կից է» հոգուն, ինչպես որ կից է նրա իմացության կարողությունը։ Այս վերջինը բացարձակ ճշմարիտի գաղափարի իմացությանն է հասնում առանձին գիտությունների միջոցով, որոնք գործ ունեն հոգուց դուրս գտնվող իրողությունների հետ։ Հետևաբար բացարձակ ճշմարտության գաղափարի ճանաչողության պրոցեսը միևնույն ժամանակ բուն բացարձակ ճշմարտության (այն է՝ օբյեկտիվ իրականության) ճանաչողության պրոցեսն է, որը կատարվում է արվեստի, գիտության և փիլ–յան հաջորդական պատմ․ զարգացման մեջ։ Բայց եթե Հեգելը ճշմարիտի ինքնաճանաչման պրոցեսը հասցնում է վերջնական ավարտի, Ռ․ հաստատում է ճշմարիտի միայն անվերջ ինքնաճանաչման պրոցեսը։ Իմացությունը «անվերջ կ’աճի և կը մոտենա իր վախճանին, այսինքն՝ անհուն ճշմարիտին․․․» «․․․ բայց միշտ չկրնար հասնիլ» («Դասագիրք փիլիսոփայության․․․»,էջ 32)։ Ռ․ բարձր է գնահատել փիլ–յան հասարակական դերը։ Նա հեռու է փիլ–յունը կրոնին ենթարկելու միտումից։ Ավելին, խախտելով փիլ․ համակարգերի կառուցման հնուց եկող կարգը, նա աստվածաբանությունը հատուկ քննության առարկա չի դարձրել։ Ու թեև Ռ–ի համար էլ փիլ–յունը աշխարհը բացատրելու և այդ ճանապարհով մարդուն լուսավորելու, մտավոր ու բարոյական կատարելության հասցնելու միջոց է միայն, բայց հենց դա էլ, նրա կարծիքով; ժողովրդին ազգ․ համախմբման նախապատրաստելու անհրաժեշտ պայմանն է։

ՌՈՒՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ, Կիևյան պետության և ֆեոդ, մասնատվածության շրջանի հին ռուս. իրավունքի ժողովածու։ Հայտնի է համառոտ, ընդարձակ և կրճատ խմբագրություններով։ Ռ․ պ–ում արտացոլվել է հասարակական–քաղ․ հարաբերությունների զարգացումը XI–XIII դդ․։ Ռ․ պ–ի հիմքն են կազմել ռուս․, ուկր․, բելոռուս, և լիտվ․ իրավունքները, սովորութային իրավունքը, իշխանական օրենսդրությունը, դատական պրակտիկան։ Ռ․ պ․ մեծացնում էր համայնքի պատասխանատվությունը նրա տերիտորիայում կատարվող իշխանական դրուժինայի անդամների, պաշտոնատար և այլ անձանց սպանությունների, խիստ պատիժներ նախատեսում տնտ․ շինությունները հրդեհելու, անտառները դիտավորությամբ ոչնչացնելու, հարուստների գույքի նկատմամբ կոլեկտիվ ոտնձգություններ կատարելու համար։ 1113-ին Կիևում բռնկած ապստամբությունից հետո մտցված Վլադիմիր Մոնոմախի տոկոսների մասին կանոնադրությամբ սահմանափակվել է վաշխառությունը։ Ռ․ պ․ ամրագրել է ֆեոդ. հարաբերությունների համակարգը, գույքային և սոցիալական անհավասարությունը, արտացոլել ճորտ գյուղացիների (սմերդներ, զակուպներ, խոլոպներ) ֆեոդ. կախվածության ուժեղացումը, իշխանական դատարանների աճող դերը, պատժի շերտավորումը, իշխանի, իշխանական ադմինիստրացիայի օգտին տուգանքի բարձրացումը, համապատասխանաբար տուժողի փոխհատուցման նվազումը։ Արյան վրեժը վերացնելու նպատակով Ռ․ պ․ նեղացրել է նրա կիրառման շրջանակները, սահմանափակել դրա իրավունքից օգտվող հարազատների շրջանակը։ Վրիժառուների բացակայության դեպքում մարդասպանը պետք է տուգանք (արյան գին) վճարի իշխանին, և մասնակիորեն, վարձահատուցի սպանվողի հարազատներին։ Կնոջ սպանության համար վճարվել է տուգանք կիսով չափ։ Ռ․ պ․ պաշտպանել է հասարակության ազատ ներկայացուցիչների առողջությունն ու պատիվը, գործողությամբ խեղում և վիրավորանք հասցնելու համար նախատեսել է դրամական փոխհատուցում։ Ռ․ պ․ մեծ տեղ է հատկացրել պարտավորական հարաբերություններին։ Դատավարությունը նախատեսում էր վկաների քննությունը, կտտանքաքննությունը («աստծո դատաստան»)։ Հանցագործների հետախուզումը կատարվում էր վկաների ցուցմունքներով կամ հանցագործի հետքերով։ Նախատեսվել է կեղծ վկայությունների ստուգում։ Ուրվանշվել են դատական քննության նախնական տարրեր։ Ռ․ պ․ նորմերը գործել են մինչև 1497-ի դատաստանագրքի գործադրումը և դրվել են Նովգորոդյան, Պսկովյան դատաստանագրքերի, ինչպես և ուկր․, բելոռուս և լիտվ․ իրավունքի հիմքում։

ՌՈՒՍ–ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1904-1905, ծագել է կիսաֆեոդ․ Չինաստանի և Կորեայի բաժանման համար, երկու կողմից էլ կրում էր նվաճողական, անարդարացի, իմպերիալիստական բնույթ։ 1894–95-ի ճապոնա–չին. պատերազմում (տես ճապոնա–չինական պատերազմ