Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նշելով հեղինակների անուններն իր գրքի սկզբում։ Ստեփանոս Տարոնեցին այնքան հարազատությամբ է օգտագործել նախորդ պատմագիրների բնագրերը, որ դրանց միջոցով բանասերները ճշգրտում են այդ երկերի ավելի ուշ ժամանակների ընդօրինակումները։ Առավել արժեքավոր է երրորդ հանդեսը, որը հեղինակը վերնագրել է «Պատմութիւն ժամանակաց ինքնախօսութեան»՝ շեշտելով այդ ժամանակահատվածի ստուգապատումն ու ինքնուրույնությունը։ Հատկապես վերջին 75 տարիների պատմությունը շարադրված է դեպքերին ժամանակակից և ականջալուր հեղինակի գրչով։ Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը Ստեփանոս Տարոնեցին ներկայացրել է հարևան երկրների ու ժողովուրդների պատմության հետ միահյուսված։ Այդ պատճառով «Տիեզերական պատմութիւնը» արժեքավոր սկզբնաղբյուր է նաև Բյուզ․ կայսրության, Արաբ. խալիֆայության (հատկապես շրջակա ամիրայությունների), Աբխազիայի, Վրաստանի և այլ երկրների պատմության ուսումնասիրության համար։ Երկրի քաղ․ պատմությանը զուգահեռ, Ստեփանոս Տարոնեցին անդրադարձել է նաև մշակութային կյանքին։ Նա արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայ գրչության ու մշակութային այլ կենտրոնների, կառույցների, գիտնականների ու արվեստագետների մասին։ Օրինակ, նա հանգամանորեն ներկայացնում է Տրդատ ճարտարապետի շինարար. գործունեությունը ոչ միայն Հայաստանում, այլև Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, որտեղ նրա նախագծով ու ղեկավարությամբ վերակառուցվել է երկրաշարժից կիսավեր դարձած Ս․ Սոֆիայի հռչակավոր տաճարը։

Ստեփանոս Տարոնեցին իր երկում պաշտպանում է հայոց կենտրոնացված պետականության և եկեղեցու ամրապնդման շահերը։ Ստեփանոս Տարոնեցու «Տիեզերական պատմութիւնը» առաջին անգամ հրատարակել է Կարապետ Շահնազարյանցը Փարիզում (1859)։ Լավագույն հրատարակությունը՝ Ստ․ Մալխասյանցի առաջաբանով և արժեքավոր ծանոթագրություններով, լույս է տեսել 1885-ին, Պետերբուրգում։ Այն հրատարակվել է նաև ռուս. (Մ․ Էմինի թարգմանությամբ, 1864), գերմ․ (Հ․ Գելցերի թարգմանությամբ, 1907), ֆրանս․ (Էդ․ Դյուլորիեի թարգմանությամբ, 1883)։

Գրկ․ Աբգարյան Գ․, Կարծեցյալ Սաեփանոս Տարոնացին նույն ինքը Ստեփանոս Տարոնացի Ասողիկն է, «ՊԲՀ», 1962, № 1։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968։ Մելիք–Բախշյան Ս.Տ., Հայոց պատմության աղբյուրագիտություն, Ե․, 1979։

ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– 1305), հայ պատմիչ, Սյունիքի միտրոպոլիտ 1286-ից։ Օրբելյանների իշխանական տոհմից։ Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն։ Հմտացել է հայ դպրության և երաժշտության մեջ, դարձել սաղմոսերգու, 1280-ին օծվել կուսակրոն քահանա։ 1285-ին, երբ հայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, դարձել է Սյունիքի իշխան, Ստեփանոս Օրբելյանն ուղարկվել է Կիլիկյան Հայաստան՝ ձեռնադրվելու Սյունիքի միտրոպոլիտ։ Ստեփանոս Օրբելյանն երեք ամիս հյուրընկալվել է Լևոն Գ թագավորի արքունիքում՝ սպասելով նոր կաթողիկոսի ընտրությանը (Հակոբ Ա Կլայեցին մահացել էր)։ Հայոց նորընտիր կաթողիկոս Կոստանդին Բ Կատուկեցուց ձեռնադրվելով միտրոպոլիտ, Ստեփանոս Օրբելյանն 1287-ին վերադարձել է Սյունիք։ Վարելով ճկուն քաղաքականություն, Ստեփանոս Օրբելյանը զսպել է Սյունիքի հոգևորականների պառակտչական փորձերը, միավորել Տաթևի ու Նորավանքի առաջնորդարանները և այն ենթարկել իր հոգեոր իշխանությանը։ Նյութական մեծ օգնություն է ցույց տվել գրչության կենտրոններին։ 1297-ին ավարտել է Տաթևի վանքի վերանորոգումը։ Նպաստել է Գլաձորի համալսարանի ստեղծման և բարգավաճման գործին։ Գումարել է եկեղեց․ ժողով, որը մերժել է հռոմ․ դավանանք ընդունելու Գրիգոր Է Անավարզեցու պահանջը։

Ստեփանոս Օրբելյանի եկեղեց․ և քաղ․ գործունեությունը զուգակցվել է գիտական–ստեղծագործական բեղուն աշխատանքով։ Նրա երկերից ամենաարժեքավորը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունն է։ Նպատակադրվելով գրել Սյունիքի և նրա հոգևոր ու աշխարհիկ տերերի պատմությունը, Ստեփանոս Օրբելյանը նախապատրաստական խոշոր աշխատանք է կատարել՝ աղբյուրներից նյութեր քաղելով հայրենի երկրամասի վերաբերյալ։ Ուսումնասիրել է ոչ միայն հայ և օտար պատմիչների երկեր, այլև վավերագրական փաստաթղթեր՝ Հայոց թագավորների և Սյունյաց իշխանների, Հայոց կաթողիկոսների և Սյունյաց եպիսկոպոսների նամակներ, հրովարտակներ, կալվածագրեր, ընծայագրեր, վիմական արձանագրություններ ևն։ Օգտագործած աղբյուրներին ցուցաբերել է քննական մոտեցում։ Չնայած իր նախորդ պատմիչների նման Ստեփանոս Օրբելյանը նույնպես շարադրանքն սկսում է աշխարհի արարչությունից, Սակայն պատմության այդ առասպելական ժամանակաշրջանին անդրադառնում է շատ համառոտ, նշելով, որ «Փափագելի է մեզ այժմ թողուլ զամենայն սնոտիապաշտում վեպս հնոցն․․․»։ Այնուհետև Ստեփանոս Օրբելյանը տալիս է Սյունիքի տեղագրությունը, որը նորույթ էր հայ պատմագրության մեջ։ Երկի բուն նյութը, ժամանակագրական առումով, ընդգրկում է Հայոց թագավոր Տրդատ Ա–ից մինչև XIII դ․ վերջի իրադարձությունները։ Շարադրված են Սյունյաց նախարարության առաջացման, Արշակունյաց և Մարզպանական Հայաստանում նրա խաղացած դերի, Սյունիքում քրիստոնեության տարածման, խոշոր վանքերի տնտ․, քաղ․ և մշակութային կյանքի, Սյունյաց թագավորության և հայ Օրբելյանների իշխանության պատմությունը։ Եթե Սյունյաց տոհմի պատմությունը Ստեփանոս Օրբելյանը հիմնականում քաղել է նախորդ հայ պատմիչների երկերից, ապա Օրբելյաններին վերաբերող գլուխները իր իսկ վկայություններն են։ Ստեփանոս Օրբելյանը ջանացել է հիմնավորել իշխանության համար մղված պայքարում Օրբելյանների նախապատվությունը Զաքարյանների նկատմամբ։ Սակայն նա չի նսեմացրել Զաքարյանների դերը, արժեքավոր տեղեկություններ հաղորդելով ինչպես նրանց, այնպես էլ մյուս ավատատիրական հզոր տների մասին։ Երկը հարուստ նյութ է բովանդակում Կիլիկյան և մայր Հայաստանի, մոնղ․ արշավանքների ու մոնղ․ պետության, Անդրկովկասի (հատկապես Վրաստանի) պատմության վերաբերյալ։ Ստեփանոս Օրբելյանը կազմել և երկում ներկայացրել է Սյունիքի նախարարների, իշխանների ու եպիսկոպոսների, ինչպես նաև Հայոց կաթողիկոսների ժամանակագրությունները։ Երկում եզակի ու մանրամասն տեղեկություններ կան նահանգի հողատիրության, բնական հարստությունների, մշակույթի, դասակարգային և դավանաբանական պայքարի և այլ հարցերի մասին։ Օրինակ, Ցուրաբերդի և այլ գյուղերի բնակիչների հակաֆեոդալական ելույթների նկարագրությունը դասակարգային պայքարի ամենավառ պատկերումն է հայ միջնադարյան պատմագրության մեջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված վանքերի և ճարտ․ այլ կոթողների, գրչության կենտրոնների, դպրոցների նկարագրմանը, գիտնականների ու մշակութային այլ գործիչների գործունեությանը։ Ստեփանոս Օրբելյանը ներկայացնում է նաև Սյունիքի բնական պայմանները (օգտակար հանածոներ, հանքային ջրեր, կլիմա, ճանապարհներ ևն), գավառները, գլխավոր բերդերը, բնակավայրերից գանձվող հարկերի չափերը։ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»—ից հետո, Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկը երկրորդն է, որտեղ փորձ է արված պատմ․ նյութին տալ գիտ․ շարադրանք։ Երկն ամբողջությամբ առաջին անգամ հրատարակել է Կ․ Շահնազարյանը՝ 1859-ին, Փարիզում։ Նոր ձեռագրերի համեմատությամբ ու հակիրճ ծանոթագրություններով հրատարակել է նաև Մ․ Էմինը Մոսկվայում (1861)։ Մ. Բրոսսեի թարգմանությամբ տպագրվել է ֆրանս․ (հ․ 1–2, 1864–66), հատվածաբար՝ նաև ռուս. և վրաց․։

Ստեփանոս Օրբելյանին է վերագրվել նաև ժամանակագր․ բնույթի մի երկ, որը Սամվել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» գործի շարունակությունն է և ընդգրկում է 1193–1290-ի տարեգրությունը։ Ներկայումս այդ գործի հեղինակ է ճանաչվում Ստեփանոս Եպիսկոպոսը։

1302-ին գրած «Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» դավանաբանական երկում Ստեփանոս Օրբելյանը խիստ դատապարտում է Գրիգոր Է Անավարզեցուն և Կիլիկյան Հայաստանի մյուս այն գործիչներին, որոնք փորձում են միություն հաստատել հռոմ․ եկեղեցու հետ, և պաշտպանում է Հայոց եկեղեցու սկզբունքների անաղարտությունը։ «Ողբ ի Ս․ կաթուղիկէն» բանաստեղծությունում Ստեփանոս Օրբելյանը ողբում է հայկ․ պետականության կորուստը։ Այս գործում Ստեփանոս Օրբելյանի հայրենասիրությունն ստանում է ընդգծված համահայկ․ բնույթ։ Նա ցիրուցան եղած հայ ժողովրդին կոչ է անում վերադառնալ հայրենիք և վերակենդանացնել այն։

Ստեփանոս Օրբելյանը թաղվել է Նորավանք եկեղեցու (ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)՝ Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։

Երկ․ Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց, ԿՊ, 1756։ Ողբ ի Ս․ կաթուղիկէն, Թ․, 1885։ Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։

Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայերեն դպրության, Վնտ․, 1878։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Նույնի, Հայապատում, Վնտ․, 1901։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Հակոբյան Թ․ Խ․,