սպեկտրը և լուսարձակման տևողությունը կախված են լյումինեսցենտային նյութի տեսակից, իսկ պայծառությունը կախված է լիցքավորված մասնիկների բնույթից և այն էներգիայից, որը մասնիկը կորցնում է նյութի միջով անցնելիս (օրինակ, α- մասնիկների և պրոտոնների սցինտիլյացիան զգալիորեն պայծառ է β-մասնիկների սցինտիլյացիայից)։
Սցինտիլյացիայի յուրաքանչյուր բռնկում մի մասնիկի ազդեցության արդյունք է։ Այդ երևույթի հիման վրա են աշխատում սցինտիլյացիոն հաշվիչները, որոնք օգտագործվում են փորձարարական ֆիզիկայում՝ որպես դետեկտորներ տարրական մասնիկների։
ՍՑԻՆՏԻԼՅԱՑԻՈՆ ՀԱՇՎԻՉ, տես՝ Դետեկտորներ տարրական մասնիկների։
ՍՑԻՖՈԶՈԱՆԵՐ (Scyphozoa), սցիֆnիդներ, աղեխորշավորների տիպի ծովային մենակյաց կենդանիների դաս։ Աղիքային խորշը բաժանված է կենտրոնական ստամոքսի և 4 խցիկների։ Սցիֆոզոաների մեծամասնությանը հատուկ է պոլիպային (անսեռ) և մեդուզային (սեռական) սերունդների հաջորդականությունը (մետագենեզ)։ Ձվից զարգացող թրթուրը (պլանուլա) ամրանում է հատակին և վերածվում պոլիպի, որը բողբոջմամբ բազմանալով առաջացնում է իր նման պոլիպներ, իսկ լայնական կիսվելով՝ սցիֆոմեդուզայի թրթուրներ, որոնք հասունանալով բազմանում են սեռական եղանակով։ Սցիֆոզոաներն ունեն 4 կարգ՝ սկավառակամեդուզաներ, արմատաբերաններ, պսակամեդուզաներ, ստավրամեդուզաներ։ Որոշ սցիֆոզոաներ մաշկին հպվելիս կարող են ցավ և «այրուցքներ» առաջացնել (հայտնի են մարդկանց մահվան դեպքեր Ավստրալիայի հյուսիսային ափերին բնակվող խիրոդրոֆուս սեռի սցիֆոմեդուզայի թույնից)։ Հայտնի է սցիֆոզոայի ավելի քան 200 տեսակ (ԽՍՀՄ–ում՝ 30), տարածված Համաշխարհային օվկիանոսում, գլխավորապես բարեխառն և արևադարձային շրջաններում։
ՍՈՒ ՊՍԵԽ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ-արևելք։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, թաթարներ։ Կոլտնտեսություններն (2) զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների, արևածաղկի և բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպասարկման կոմբինատ, 2 մսուր-մանկապարտեզ։ Հիմնադրվել է 1887 թվականին։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1888 թվականին։
ՍՈՒԱԽԻԼԻ, վասվահիլի, ժողովուրդ Աևելյան Աֆրիկայում։ Բնակվում են հիմնականում Քենիայի, Տանզանիայի, մասամբ՝ Մոզամբիկի առափնյա շրջաններում, ինչպես նաև մոտակա կղզիներում։ Սուախիլիին են պատկանում առափնյա գոտիների և Զանզիբար, Պեմբա, Մաֆիա կղզիների բնիկների հետևորդները, որոնք միախառնվել են եկվոր հնդիկներին, արաբներին, պարսիկներին, ինչպես նաև Աֆրիկայի կենտրոնական շրջաններից իբրև ստրուկներ բերված զանազան ցեղերին։ Սուախիլիի ընդհանուր թիվը՝ մոտ 1,8 մլն (1978)։ Լեզուն սոսսխիլին է, որով խոսում են մոտ 50 մլն մարդ։ Մեծ մասամբ մահմեդականներ են։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ։ Զգալի թվով սուալիլի բնակվում են քաղաքներում, զբաղվում արհեստներով, առևտրով, աշխատում արդյունաբերական ձեռնարկություններում։
ՍՈՒԲԱԹԱՆ, գյուղ ՀԽՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հարավ։ Խոշոր եղջերավոր անասունների աճեցման և բտման միջտնտեսային ձեռնարկություն է։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան։
ՍՈՒԲԴՈՄԻՆԱՆՏ (< լատ․ sub – ենթամերձ և դոմինանտ), մաժոր և մինոր լադերի IV աստիճանը (տես Լադ) և այդ աստիճանի վրա կառուցված ակորդը։ Տոնիկայի մեջ լուծվելու ձգտումը համեմատաբար թույլ է, իսկ դրան հաջորդելիս առաջ է բերում լադային ձգտողականության կենտրոնի փոփոխության զգացում և դոմինանտի միջոցով հավասարակշռությունը վերականգնելու անհրաժեշտություն։ Սուբդոմինանտի դեր են կատարում նաև նույն լադերի II և VI աստիճանները։ Նշվում է Տ տառով։
ՍՈՒԲԼԻՄԱՑԻԱ, սուբլիմում (ուշ լատ․ sublimatio – վսեմացում, < լատ․ sublimare – բարձրացնել), հոգեբանության մեջ, հոգեկան հուզմունքից բխող հակումների էներգիան վերափոխող և անձին հասարակական գործունեության կամ ստեղծագործական աշխատանքի մղող հոգեկան պրոցես։ Սուբլիմացիան ինքնագիտակցության մակարդակի յուրահատուկ բարձրացում է՝ բյուրեղացնելու և վսեմացնելու այն ամենը, ինչ տարբեր պատճառներով (սոցիալական ու բարոյական պահանջներ, հոգեբանական ճնշում) չի կենսագործվում մարդու վարքի և գործունեության մեջ։ Սուբլիմացիայի միջոցով վերլուծվում և նոր գնահատականի են արժանանում մարդու մտավոր, բարոյական և գեղագիտական ըմբռնումները, նոր լիցք և բովանդակություն են ստանում նրա սոցիալական այլասիրական (ալտրուիստական) ձգտումները։ Սուբլիմացիա հասկացությունը մտցրել է Զ․ Ֆրեյդը (1900)։ Ֆրեյդիզմը, գռեհկացնելով սուբլիմացիայի երևույթը, նրա ակունքները և դրդապատճառները սահմանափակում է սեռական բնազդի (լիբիդո) և ինքնապաշտպանական մեխանիզմների շրջանակներում։ Սուբլիմացիան ըստ էության ինքնորոնման, ինքնավերափոխման և ինքնադաստիարակման օրինաչափ պրոցես է։ Նրա պրոբլեմներին կարևոր տեղ են հատկացնում ստեղծագործական, մանկան, սպորտի և այլ հոգեբանությունները։
ՍՈՒԲԼԻՄՈՒՄ, բյուրեղական նյութի անցումը գազային վիճակի՝ առանց հալվելու (հեղուկանալու)։ Սուբլիմումն I կարգի ֆազային փոխարկում է, տեղի է ունենում ջերմության կլանումով (սուբլիմման ջերմություն)։ Պինդ նյութը կարող է սուբլիմվել ջերմաստիճանի և ճնշման այն ողջ միջակայքում, որում հնարավոր է պինդ և գազային ֆազերի համատեղ գոյությունը։ Սուբլիմման ջերմության, պինդ նյութի վրա նրա հագեցած գոլորշիների ճնշման և ջերմաստիճանի կապն արտահայտվում է Կլապեյրոն-Կլաուզիուսի հավասարումով։ Սուբլիմումը կիրառում են նյութերը (յոդ, նավթալին և այլն) մաքրելու, բալիստիկ և տիեզերական հրթիռների աերոդինամիկական շիկացումը կանխելու համար (հրթիռի գլխամասը պատում են սուբլիմվող նյութի պաշտպանիչ շերտով)։
ՍՈՒԲԽԻ (Subhi) Մուստաֆա (1882-1921), Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից։ 1906 թվականին ավարտել է Ստամբուլի իրավաբանական դպրոցը, ապա Սորբոնի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ 1910 թվականին մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1914 թվականին, որպես թուրքահպատակ, ներկալվել և աքսորվել է Ուրալ։ 1915 թվականին մտել է ՌՄԴԲ(բ)Կ շարքերը և հեղափոխական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ 1918 թվականին հիմնադրել է «էնի Դյունյա» («Նոր աշխարհ») թերթը։ Մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսին (1919) և Արևելքի ժողովուրդների I համագումարին (1920)։ 1919 թվականի ամռանը Ուկրաինայում մարտնչել է դենիկինա–պետլյուրական բանդաների դեմ։ ԹԿԿ I համագումարի հրավիրման (1920, Բաքու) կազմակերպիչներից է, որտեղ ընտրվել է ԹԿԿ նախագահ։ Հայրենիք վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ–ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ ձերբակալել և խեղդել են ծովում։
ՍՈՒԲՅԵԿՏ, դատողության տրամաբանական ենթական՝ մտքի առարկան, որին վերաբերում է դատողության մեջ պարունակվող պնդումը՝ հաստատումը կամ ժխտումը։ Օրինակ, «Սևան քաղաքը գտնվում է Սևանա լճի ափին» դատողությունում կարելի է առանձնացնել «Սևան քաղաքը»-ը որպես դատողության սուբյեկտ, իսկ մնացած մասը՝ որպես նրա պրեդիկատ։ Նշված դատողությունը կարելի է դիտարկել նաև որպես հարաբերության դատողություն, և «Սևան քաղաք» ու «Սևանա լճի ափ» բառակապակցությունները կլինեն նրա սուբյոկտները։
ՍՈՒԲՅԵԿՏ ԵՎ ՕԲՅԵԿՏ (լատ․ subjectus – ենթակա, objectum –«առ արկանված»՝ առարկա), փիլիսոփայական կատեգորիաներ, սուբյեկտը հասարակական մարդն է՝