թեմը (ընդգրկում է նաև Եթովպիան և Սուդանը)․ Ամերիկայում՝ ԱՄՆ–ում՝ Արևելյան (կենտրոնը՝ Նյու Յորք) և Արեմտյան (կենտրոնը՝ Լոս Անջելես), Հարավ–Ամերիկյան թեմերը։ Գործում է 274 հայկական եկեղեցի։ Կան նաև կաթոլիկ և ավետարանական հայ համայնքներ։
Հայ ազգային կուսակցությունները, դառնալով սփյուռքահայ կուսակցություններ, զգալիորեն փոխեցին իրենց խնդիրներն ու գործելակերպը, նրանց քաղաքական դիրքորոշումը բնութագրվում է դեպի մայր հայրենիքը, հայ դատը, հյուրընկալող ժողովրդի առաջընթացն ու համամարդկային նշանակություն ունեցող շարժումները ցուցաբերած վերաբերմունքով։ Քաղաքականապես սփյուռքահայությունը հիմնականում կազմված է անկուսակցական հայրենասեր լայն զանգվածներից և այս կամ այն քաղաքական կուսակցությանը հարող հայերից։ Սփյուռքում գործում են հնչակյանների (տես Հնչակյան կուսակցություն), ռամկավարների (տես Ռամկավար ազատական կուսակցություն) և դաշնակցականների (տես Դաշնակցություն) կուսակցությունները։ Բավական թիվ են կազմում արտասահմանյան կոմունիստական և բանվորական կուսակցությունների հայ անդամները, որոնք գործելով տարբեր երկրների կոմ–կուսակցությունների շարքերում, ակտիվորեն մասնակցում են այդ երկրների հայ համայնքների առաջադիմական ուժերի պայքարին, ինչպես նաև տվյալ երկրի ազգային–ազատագրական, դեմոկրատական շարժումներին ու սոցիալական պայքարին։ Հնչակյան և ռամկավարական կուսակցությունները առաջադիմության ու խաղաղության կողմնակից են, պրոպագանդում են Սովետական Հայաստանի նվաճումները, մերկացնում դաշնակցականների զրպարտությունները։ Դաշնակցությունը եղել և մնում է հակասովետական, ծառայում է հակադեմոկրատական, իմպերական ուժերին։
Սփյուռքահայ կյանքում զգալի դեր են խաղում հայրենակցական, բարեգործական, բարեսիրական միությունները։ Հայրենակցական միությունները, իրենց շուրջը համախմբելով Հայաստանի որոշակի գավառներից, շրջաններից, քաղաքներից գաղթած հայ բնիկներին ու նրանց հաջորդներին, պահպանում են հայ ազգային ավանդույթները։ Բարեգործական–բարեսիրական կազմակերպությունները (Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը ևն) այլևս կատարում են ոչ թե աղքատախնամ ու բարեխնամ, այլ համասփյուռքային մշակութային գործ, զգալիորեն ապահովում են սփյուռքահայ մշակութային կյանքի նյութատեխնիկական և նյութատնտեսական հիմքը։ Ըստ հարանվանական (կրոնական–եկեղեցական), կուսակցական, հայրենակցական և բարեգործական սկզբունքի իրագործվում է սփյուռքահայ դպրոցի, մամուլի և մարզական (տես Հայ մարզական միություններ) տնօրինությունը։
Հայ գաղթավայրերի, ապա սփյուռքի պատմությունը հայ ժողովրդի պատմությունն ամբողջացնող և նրա առանձնահատկությունը բնութագրող կարևոր բաղադրատարրերից է։ Սփյուռքահայ մշակույթը հայ ժողովրդի դարավոր հարուստ մշակույթի անբաժանելի մասն է։ Սփյուռքահայ դպրոցը (1985-ին՝ շուրջ 230) հատկապես զարգացած է եղել Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում։ Այստեղ դրանք հիմնականում ղեկավարվել են գաղթաշխարհի դպրոցի ավանդական դարձած ծրագրով։ Սակայն յուրաքանչյուր երկրի կրթության ազգայնացման քաղաքականության ու պետականացման միտումների համաձայն, հայկական դպրոցները վերակառուցել են իրենց ծրագրերը։ Սփյուռքահայ այլ կենտրոններում, հատկապես Ավստրալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ–ում և այլ երկրներում ամենօրյա հայկական դպրոցների կողքին աճում են նաև կիրակնօրյա, երկօրյա և եռօրյա դպրոցները, որոնց խնդիրն է ապահովել օտար դպրոցներ հաճախող հայ մանուկների հայեցի կրթությունն ու դաստիարակությունը։ Սփյուռքում գործում են նաև գիշերօթիկ դպրոցներ [Մելգոնյան՝ (Մելքոնյան) կրթական հաստատությունը՝ Կիպրոսում, Մարդասիրաց ճեմարանը՝ Կալկաթայում, Մուրատ–Ռափայելյան վարժարանը՝ Վենետիկում, Սամուել–Մուրատ վարժարանը՝ Սևրում] և հոգևոր ճեմարաններ (Անթիլիասի կաթողիկոսության և Երուսաղեմի պատրիարքության)։ Բեյրութում գործում է Հայկազյան կոլեջը, ՀԲԸՄ Երվանդ Հյուսիսյան հայագիտական ամբիոնը, Լավերնում (ԱՄՆ)՝ Ամերիկահայ միջազգային կոլեջը։ Սփյուռքահայ բոլոր կրթական հաստատությունները պահպանվում են հայկական բարեգործական, կրթական, հայրենակցական կազմակերպությունների, բարերարների հատկացումներից և սովորողների ուսման վարձից գոյացած միջոցներով (տես նաև Սփյուռքահայ դպրոցներ)։ Սփյուռքահայ դպրոցների մեծ մասը սերտ կապի մեջ է մայր հայրենիքի՝ Սովետական Հայաստանի հետ։ Դպրոցներին առաքվում են դասագրքեր, լաբորատոր սարքավորումներ, ուսումնական կինոժապավեններ, դասախոսելու են ուղարկվում մասնագետներ։ Սփյուռքահայ ուսուցիչների համար Երևանում կազմակերպվում են կատարելագործման դասընթացներ ու սեմինարներ։ Սփյուռքահայ դպրոցների շատ շրջանավարտներ կրթություն են ստանում ՀՍՍՀ բուհերում։
Սփյուռքահայ գրականությունն ունեցել է զարգացման մի քանի փուլ։ Առաջին փուլի համար բնորոշ է հայրենի հողի կարոտի գրականությունը, որն ուներ ընդգծված գյուղագրական միտում։ Ինքնակազմակերպման և ինքնագիտակցության ձևավորման որոշակի մակարդակում սկսում է տիրել ձուլման վտանգը և այն հաղթահարելու մտահոգությունը (երկրորդ փուլ)։ Երկրորդ աշխարհամարտի և ետպատերազմյան տարիներին դրվում են պայքարի, հայրենասիրության և ստեղծագործական վերելքի սփյուռքահայ նոր գրականության հիմքերը։ Այն կարոտի, հայրենաբաղձության, ձուլման դեմ պայքարող գրականություն լինելուց բացի դառնում է նաև համամարդկային արժեքներ կերտող, սփյուռքահայ մարդուն համամարդկային ինքնատիպ դիմագծերով արտացոլող գրականություն։ Այդ ճանապարհին անգնահատելի է հայրենի սովետահայ գրականության ներգործությունը։ Սփյուռքահայ գրականությանը բնորոշ են ոչ միայն գեղագիտական, գեղարվեստական և քաղաքական-գաղափարական խնդիրները, այլև յուրահատուկ լեզվաշինարարությունը։ Նշանակալի է նաև սփյուռքահայ գրականության դերը օտար գրականությունը հայերին և հայկականը այլ ժողովուրդներին ներկայացնելու գործում, որոշակի է նաև սփյուռքահայ օտարալեզու գրականության դերը։ Սփյուռքահայ գրականության վերելքին նպաստել և նպաստում են սփյուռքահայ գրական մշակների անկոտրում կամքն ու տոկունությունը, նրանց անվարձահատույց նվիրաբերումը, ստեղծված գրական կազմակերպությունները, մասնագիտական հանդեսները, հաստատված գրական մրցանակները, սփյուռքահայ գրողների մասնակցությունը հայրենի գրական համագումարներին, ՍՍՀՄ–ում հայերենով ու ռուսերենով սփյուռքահայ գրականության հրատարակումը, հայրենիքում սփյուռքահայ գրականության պատմության գիտական ուսումնասիրությունը։
Սփյուռքահայ կերպարվեստին ու քանդակագործությանը բնորոշ է ազգային ավանդույթների հենքի վրա սեփական դիմագծի կերտումը՝ հաշվի առնելով համաշխարհային առաջադիմական միտումները։ Համապատասխան միությունների ստեղծումը ու դրանց կողմից կազմակերպվող ցուցահանդեսները հայրենի պատկերասրահներում, սփյուռքահայ արվեստի մշակների ստեղծագործությունների հաճախակի ցուցադրումները և հայրենի արվեստի թանգարաններում սփյուռքահայ արվեստի հատուկ բաժինների ստեղծումը մեծապես նպաստում են սփյուռքահայ կերպարվեստի զարգացմանը։
Սփյուռքահայ երաժշտությունն ունի իր զարգացման ինքնատիպ ուղին։ Ժողովրդական երաժշտության հավաքման ու մշակման հիմքի վրա սկզբնական շրջանում առավելապես զարգացել է երգարվեստը, ապա սկսել է նկատվել տեղաշարժ գործիքային երաժշտության և մեծ կտավի գործերի ստեղծման ասպարեզներում։ Երգչախմբերի կողքին այժմ սփյուռքում ծնվում են գործիքային, ժողովրդական երգի ու պարի անսամբլներ, եղել են օպերաներ բեմադրելու հաջողված փորձեր։ Սփյուռքահայ երաժշտությունը սնվում է ազգագրականից, ժողովրդականից, Սովետական Հայաստանի երաժշտական մշակույթից և միջազգային առաջադիմական որոնումներից։ Սփյուռքահայ երաժշտության մշակույթի նվաճումները արտացոլվում են ազգային և միջազգային մրցույթներում՝ նրա ներկայացուցիչների ձեռք բերած մրցանակներով։
Սփյուռքահայ թատրոնի ասպարեզում զգալի ավանդ ունեն սփյուռքահայ նշանավոր արվեստագետներ, դերասաններ, հայրենիքում և այլ երկրներում սովորած մասնագետ բեմադրիչները, հատկապես մասնագիտական թատերախմբեր ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Վերջին տարիներին