Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վագոնիկներից բացի կան հատուկ նշանակման վագոնիկներ (փայտանյութի առաքման, ջրի կամ վառելիքի համար ցիստեռններով ևն) և մարդատար վագոնիկներ (6–18 մարդ), որոնք օգտագործվում են, օրինակ, հանքարաններում։

ՎԱԳՐ (Panthera tigris), կատվազգիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Ժամանակակից ամենախոշոր գիշատիչներից է։ Մարմնի երկարությունը մինչև 3մ է, պոչինը՝ 1,1 մ, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,2 մ, քաշը՝ 227–272 կգ։ Մեջքը և կողքերը կարմրաշիկավուն են, ստորին մասը՝ սպիտակ, լայնական նեղ, սև շերտերով։ Ունի 7 աշխարհագրական ձև։ Տարածված է հիմնականում Հարավ–Արևելյան Ասիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Մալայան Արշիպելագում, նախկինում՝ նաև Անդրկովկասում և Միջին Ասիայում։ Մոտ 150 անհատ ապրում է Պրիմորիեում; Գլխաքանակի խիստ անկման պատճառով վագրը գրանցված է բնության պահպանության Միջազգային միության Կարմիր գրքում։ Հնդկաստանում 1970-ական թթ․ կազմակերպվել է վագրի 12 արգելոց։ Վագրն ապրում է եղեգնի, հնդկեղեգի մացառուտներում, թփուտներում, լեռնային անտառներում։ Սնվում է գլխավորապես վայրի սմբակավորներով։ Երբեմն հարձակվում է ընտանի կենդանիների, շների, արջերի, հազվադեպ՝ մարդկանց վրա։ Մարդակեր են սովորաբար ծեր և հիվանդ վագրները, որոնք ի վիճակի չեն որսալ սմբակավորներին։ Ակտիվ է գլխավորապես գիշերները։ Տեղաշարժվում է քայլելով, սակայն լավ լողում Է, ցատկում։ Բազմանում է 2–3 տարին մեկ։ Հղիությունը մոտ 105 օր Է։ Ունենում է 2–4 (երբեմն՝ 6) ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Վագրը եղել է սպորտային որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ։

ՎԱԳՐԱՆԿԱ, տես Թուջահալոց։

ՎԱԴ, միներալ։ Քիմ․ կազմը՝ ~MnOa2 • nH2O։ Սովորաբար պարունակում է տարբեր խառնուրդներ։ Վադը ստրուկտուրա չունի, երբեմն նրբաթել շերտավոր է կամ թեփուկավոր։ Գույնը՝ սև, կապտավուն, գորշ։ Հիմնականում փափուկ Է, սակավ կարծր, կարծրությունը հասնում է մինչև 6,5։ Խտությունը՝ 2800-4400 կգ/մ3։ Տարբերակները շատ են, որոնցից կարևոր են սովորական վադերը, ասբոլանը, լամպադիտը։ Հանդիպում է Mn պարունակող ապարների հողմահարման կեղևում։

ՎԱԴԻ, ուեդ, չոր կամ ժամանակավոր ջրհոսքերով հովիտների արաբական անվանումը Հյուսիս Աֆրիկայում և Արաբական թերակղզում։ Ունենում են հարյուրավոր կմ երկարություն։

ՎԱԴՈՒՑ (Vaduz), Լիխտենշտայն պետության մայրաքաղաքը։ Գտնվում է Հռենոսի ափին։ 4,5 հազար բնակիչ (1982)։ Զարգացած է ճշգրիտ մեքենաշինությունը, գինեգործությունը և տեքստիլ արդյունաբերությունը։ Վադուցում կա կառավարական տուն (1903–1905), թանգարան (1953), IX–XX դդ․ ճարտարապետական հուշարձաններ։

ՎԱԶԱ, Վասա (Vasa), շվեդ, թագավորական դինաստիա (1523–1654)։ Հիմնադիրը՝ Գուստավ I Վազա։ Շվեդական թագավորներ են եդել նաև նրա որդիներ Էրիկ XIV (1560-68) և Յուհան III (1568-92), թոռը՝ Սիգիզմունդը (1592–1604), Կարլ IX (1604–11), Գուստավ II Ադոլֆը (1611–1632), թագուհի Քրիստինան (1632–54)։ 1587–1668-ին Վազաները թագավորել են նաև Լեհաստանում․ Սիգիզմունդ III (1587–1632), նրա որդիներ Վլադիսլավ IV (1632-48) և Յան Կազիմիրը (1648-1668)։

ՎԱԶԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևելք։ Խաղողագործական–պտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք, կինո, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են կիսավեր ամրոց (Կարմիր քար), եկեղեցիներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ, խաչքարեր։ Վազաշենում է ծնվել գյուղագիր Ա․ Ագապյանը։

ՎԱԶԱՐԻ (Vasari) Ջորջո (1511 – 1574), իտալացի ճարտարապետ, նկարիչ, արվեստի պատմաբան։ Մաներիզմի ներկայացուցիչ։ Աովորել է Ֆլորենցիայում, կրել Միքելանջելոյի ազդեցությունը։ 1562-ին Ֆլորենցիայում հիմնել է գծանկարչության ակադեմիա։ Պիզայում կառուցել է Պալացցո դեի Կավալիերին (1562), Արեցցոյում՝ սեփական տուն (1542) և Պալացցո դելլե Լոջե (1573–81)։ Գլխավոր աշխատանքը Ֆլորենցիայի Ուֆֆիցի անսամբլն է (1560–85)։ Երփնագրերից են՝ Ֆլորենցիայի Պալացցո Վեկքիոյի (1555-ից) և Վատիկանի Ռեջա դահլիճի (1571–73) որմնանկարները։ Հեղինակ է իտալացի արվեստագետների կենսագրությունների գրքի (1550, 2 հրտ․ 1568), որն արժեքավոր է հարուստ փաստական նյութով և Վերածննդի դարաշրջանի արվեստի առաջադիմական դերի գնահատանքով։

Երկ․ Жизнеописания наиболее знаменитых живописцев, ваятелей и зодчих [т․ 1–4], М․, 1956-70․

ՎԱԶԳԵՆ (Տերոյան Տիգրան) (1873, Վան–1898), հայ ազատագրական շարժման մասնակից։ Ավարտել է Մ․ Փորթուգալյանի կեդր․ վարժարանը։ Եղել է դերձակ, ուսուցիչ։ Ազգային–ազատագրական գործունեության մեղադրանքով 1893-ին նետվել է թուրքական բանտ: Մեկևկես տարի անց ազատվել Է, 1896-ին ակտիվորեն մասնակցել Վանի ինքնապաշտպանությանը։ Հայդուկներ Մուքոյի և Արշակի հետ շրջապատվել է թուրք. ոստիկանության գերակշիռ ուժերով և զոհվել մարտում։ Վազգենը մի շարք