Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախնիքներուն պատվավոր ճամփան» (Կեորկիզյան Ա., Վասպուրականի հերոսամարտը, Բեյրութ, 1965 թվական, էջ 93): Վանի հայերը վճռականորեն ընտրեցին թուրք ջարդարարների դեմ անձնազոհ պայքարի պատվավոր ուղին: Թուրքական սպառազինված կանոնավոր զորքերի (10-12 հազ. զինվոր, 12 թնդանոթ, Վանա լճի նավերը և այլն) և մեծաքանակ հրոսակախմբերի դեմ Վանի հայերն ունեին հազիվ 1500 կռվող, իսկ զինամթերքն այնքան սակավ էր, որ պահնջվում էր «գնդակ արձակել միայն այն ատեն, երբ թշնամին կերևի և երբ վստահ էր, որ գնդակը նպատակկի մը ծառայե»: Այգեստանի հինգ պաշտպանական շրջանների 73 դիրքերում գտնվող 1053 մարտիկներն ունեին 505 հրացան (74 հազ. փամփուշտով) և 749 մաուզեր (39 հազ. փամփուշտով): Արտաքին աշխարհից լիովին մեկուսացված և որևէ օգնությունից զրկված պաշտպանները ցուցաբերեցին բարձր կազմակերպվածություն ու հնարամտություն: վանի վարժարանի տնօրեն, քիմիկոս Միքայել Մինասյանի, նրա օգնականներ Վարդան Պապիկյանի, Հարություն Կաքավյանի և ուրիշ հմուտ զինագործների ջանքերով հատուկ արհեստանոցներում սկսեցին պատրաստել զենքեր (նույնիսկ ձուլվեց 2 հրանոթ), վառվոդ, փամփուշտներ, նռնակներ:

Մարտական գործողություններն սկսվեցին ապրիլի 7-ին. Վարագ տանող ճանապարհը հսկող թուրք զինվորները՝ Ջևդեթի սադրանքով, գնդակոծեցին Շուշանց գյուղից Այգեստան իջնող հայ կանանց և առևանգեցին նրանց, ապա հետևեց ընդհանուր հարձակումը թուրքական թաղերից ու զորանոցներից: Այգեստանը ենթարկվեց ուժեղ հրետակոծության և զգալիորեն ավերվեց: Բայց հայերը ոչ միայն աներեր մնացին իրենց դիրքերում, այլև կռվի առաջին իսկ օրը գրավեցին թուրքական հեռագրատունը և պաշարեցին հայակական թաղերի կենտրոնում գտնվող Համուդ աղայի զորանոցը, որը կրակի տակ էր պահում շրջակայքը: Բուլղարացի Գրիգորը ստորգետնյա ուղիով կազմակերպեց այդ զորանոցի պայթեցումը, իսկ «անվեհեր հրաձիգ» Տիգրան Այիճյանը (Վարժապետ) պայթեցրեց թուրքական ոստիկանատունը: Խիզախությամբ աչքի ընկած հայ մարտիկներից շատերը պարգևատրվեցին Զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով (արծաթյա խաչ՝ «հայ Հեղափոխական» մակագրությամբ): Ինքնապաշտպանությունը հաջող կազմակերպվեց նաև Քաղաքմիջում, թեև այն գտնվում էր ավելի անբարենպաստ պայմաններում (թուրքական թաղերով ու կառավարական հիմնարկներով շրջապատված այդ թաղամասի սակավաթիվ հայեր ունեին ընդամենը 100 հրացան և 210 մաուզեր՝ 30 հազարական փամփուշտով): Այստեղ ևս կազմվեց Զինվորական մարմին, որի մեջ մտնում էին Հիսսյան-Շուշանյան վարժարանի տեսուչ Հայկազ Կոսոյանը (ղեկավար), Լևոն Գալջայանը, Միհրան Թորոմանյանը, Դավիթ Սարգսյանը, Միհրդատ Միրզախանյանը, Հարություն Ներկարարյանը (Հարո), Սարգիս Շահինյանը: Պաշտպանության կազմակերպման կենտրոնը դարձավ հայոց թեմական առաջնորդարանը: Ստեղծվեցին նաև մատակարար մարմին, Կարմիր խաչի հանձնաժողով և այլն: Քաղաքմիջի Զինվորական մարմինը թեև համարվում էր Այգեստանի մարմնի ենթաճյուղը, բայց փաստորեն գործում էր ինքնուրույն: Նրա ինքնապաշտպանության շրջագիծը (2 վերստ) բաժանված էր 4 շրջանի և բազմաթիվ հենակետերի: Ապրիլի 7-ին, երբ թուրքերն անցան հարձակման, հայերը քաջաբար պաշտպանեցին և մի քնաի օրում ոչնչացրեցին թուրքական մի շարք ամրություններ: Անգամ Ջևդեթը խոստովանեց, որ «կառավարության նամուսը Քաղաքամիջում բաթմիշ էլավ (խորտակվեց)»:

Վանի հերոսամարտի առաջին տասնօրյակն ընթացավ հայերի օգտին: Զինվորական մարմինը ապրիլի 16-ի իր կոչում, ընդգծելով սկսված պայքարի ազատագրական բնույթը գրում էր. «Պայքարը, որ տաս օրե ի վեր կմղենք մեր անարգ թշնամու դեմ, մեր ազգային ազատագրության ամենեն հեյակապ, ամենեն նվիրական և ամենեն ավելի ժողովրդական պայքարն է... Մեր կռիվը 600 տարվա բարբարոս ու ջարդարար կառավարության դեմն է, մեր կռիվը ոճրագործ, մարդկային ու քաղաքակրթական բոլոր իրավունքներու թշնամի ջևդեթներու դեմն է, որոնք ծարավի հայ արյան ու արցունքին՝ ճիհատ քարոզեցին արտաքին թշնամիներու դեմ, բայց սկսան ջարդել բոլոր քրիստոնյաները, կին թե երեխա, մանուկ թե ծեր, երիտասարդ թե անդամալույծ» (Ա-Դո, Մեծ դեպքերը Վասպուրականում, 1917, էջ 309):

Վանի ինքնապաշտպանության երկրորդ տասնօրյակը նույնպես ընթացավ ծանր մարտերով: Թշնամին, անընդհատ համալրելով իր զորքն ու սպառազինությունը, շարունակում էր ռմբակոծել Վանը: Ջևդեթի զորքերն անցան նոր հարձակման և մեծ կորուստներ տալով, նահանջեցին իրենց դիրքերը: Հայերն արդեն ձեռք էին բերել կռվելու և զենք արտադրելու փորձ: Նարնք ոգեշնչված էին պայքարի ազատագրական , հայրենասիրական բնույթով: Փ. Թերլեմեզյանը գրում է, որ վանեցիներն անհավասար մարտում «կկռվեին եղունկներով, ատրճանակներով, որսի հրացաններով և կդիմադրեին Կրուպպի թնդանոթներուն, որովհոտև հավատքն իրենց կուրծքերեն բրոնզի պատնեշներ կերտեց» («Վան-Տոսպ», 1916 թվակն, էջ 22-23): Հերոսությունը համակել էր բոլորին՝ մեծերին ու փոքրերին, տղամարդկանց ու կանանց (իսկուհի Համբարձումյան, Աղավնի վարպետյան և ուրիշներ): շատ պատանիներ ոչ միայն սուրհանդակություն էին անում, պարեն ու փամփուշտ հասցնում կռվողներին, այլև արիաբար մարտնչում: Դրանցից էին Ասլանը (Ասլանյան), Բաբկենը (Իսաջանյան), Անդրանիկը (Ատոմյան), Մարտիրոսը (Գյոլողյան), Հակոբիկը ( Հայդուդյան), Արամը (Թովմազյան՝ ապագայի շնորհալի երգիծաբան Լեռ Կամսարը) և ուրիշներ: հայկաթոլիկների որբանոցի սան Կիրակոս Կիրակոսյանը թափանցեց թշնամու դիրքերը, սպանեց 2 թուրքական զինվոր և բերեց նրանց զենքերը, որի համար պարգևատրվեց «Պատվո խաչով»: Քաջ ու ճարպիկ բանագնացների միջոցով նույիսկ հաջողվեց կապ հաստատել դրսի հայերի և դեպի Վան շարժվող ռուսակն բանակի հետ՝ խնդրելով շուտափույթ օգնություն: Կարճատև դադարից հետո, ապրիլի 28-ին թուրքերը ձեռնարկեցին նոր մեծ հարձակում, բայց «հայ մարտիկները ոչ մի թիզ հող չզիջեցին թշնամուն»: Այնուհետև թուրքերը հիմնակնում զբաղված