Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավագ գիտաշխատող։ ՀԵղինակ է մի շարք գիտ․ հոդվածների և գրքույկների։ Պարգևատրվել է Լենինի 2, «Պատվո նշան» շքանշաններով։ Հ․ Պողոսյան

ՎԱՐԵԼԱ (Varela) Ալֆրեդո (ծն․ 24.9.1914, Բուենոս Այրես), արգենտինացի գրող և հասարակական գործիչ։ Արգենտինայի կոմկուսի անդամ 1963-ից։ Խաղաղության կողմնակիցների շարժման նախաձեռնողներից, Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ (կազմակերպման օրից), 1956-ից՝ ԽՀԽ բյուրոյի անդամ, 1969֊ից ԽՀԽ քարտուղար։ Արգենտինայի խաղաղության խորհրդի փոխպրեզիդենտ։ Բազմիցս բանտարկվել է։ Վ֊ի «Սև գետ» (1943) վեպը նվիրված է բատրակների կյանքին ու հեղափոխական պայքարին։ 1948-ին գրել է Արգենտինացի ժուռնալիստը սովետական միությունում գիրքը։ «Գուեմեսը և գաուչոների պատերազմը» (1944), «Խորխե Կալվո, հերոսական երիտասարդություն» (1952) վավերագրական վիպակների հեղինակ է։ Վ֊ի բազմակողմանի հրապարակախոսությունը նվիրված է խաղաղության, սոցիալիզմի առաջադեմ մշակույթի համար մղվող պայքարին։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան մրցանակ (1972):

ՎԱՐԵԼԱՀՈՂ, սիստեմատիկորեն մշակվող և գյուղատնտ․ բույսերի ցանքի համար օգտագործվող հողհանդակ։ Վ֊եր են նաև ցանքաշրջանառությունների դաշտերը, ցելերը, ինչպես նաև բանջարանոցները, ցանքի համար նոր իրացվող հողերը ևն։ 1977֊ին Վ֊ի տարածությունը աշխարհում կազմել է 1374 մլն հա, ՍՍՀՄ֊ում՝ 226,7 մլն հա (1982):

ՎԱՐԵՍ Յոհաննես (կեղծանունը՝ Բարբարուս, 1890-1946), էստոնացի սովետական բանաստեղծ, պետ․ գործիչ։ Էստ․ ՍՍՀ վաստ․ գրող (1945): ՄՄԿԿ անդամ 1940-ից: 1920-39-ին աշխատել է որպես բժիշկ: 1918-ին լույս է տեսել նրա «Ֆաթա-Մորգանա» բանաստեղծությունների ժողովածուն, այնուհետև՝ «Երկրաչափական մարդը» (1924) և «Մուլտիպլիկացված մարդը» (1927) ժողովածուները: 1930-ական թթ. պոեզիայում խորացել են հակաբուրժ. տրամադրությունները: «Աշխարհը հայտնագործված է» (1930), «Էստոնական հանրապետություն» (1932), «Գագաթնակետ» (1932-34), «Ձկները ցամաքում» (1937), «Շեմի վրայով» (1939) ժողովածուները լի են ֆաշիզմի և ռազմամոլության դեմ ուղղված ատելությամբ: 1933-ին Վ. դիմել է Էստ. ժողովրդին, կոչ անելով հանդես գալ ընդդեմ ֆաշիզմի սպառնալիքի, ավելի ուշ կազմակերպել է օգնություն Իսպանիայի հանրապետությանը: Էստոնիայում բուրժ. կարգերի անկումից հետո, 1940-ի հունիսին, Վ. դարձել է ժող. կառավարության պրեմիեր-մինիստրը, 1940-ի հուլիսին՝ Էստ. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Վ. ստեղծել է հայրենասիրական բանաստեղծություններ («Զինավառ բանաստեղծություններ», 1943, «Ճակատային ճամփաներին», 1944, ժող-ներ): «Հոսանքին հակառակ» (1946) ժողովածուում ամփոփված են բուրժ. շրջանի լավագույն գործերը, «Քայլ առ քայլ դեպի հաղթանակ» (1946) գրքում՝ սովետական շրջանի բանաստեղծությունները: Վ. հանդես է եկել նաև հրապարակախոսական հոդվածներով ու ելույթներով («Սովետական Էստոնիայի վերածնունդը» 1945): Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ՎԱՐԵՎԱՆ, հայաբնակ գյուղ Վրաց, ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից մոտ 20 կմ հս.: Վ-ով է անցնում Ախալքալաք-Ալաստան խճուղին: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք, կինո: Վ. հիմնադրել են Էրզրումի նահանգի Թվանջ գյուղից գաղթած հայերը, 1830-ին: Գյուղում պահպանվել են եկեղեցի (XIX դ.) և մի քանի ուխտավայր մատուռներ:

ՎԱՐԶԱՀԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառում: 1909-ին ուներ մոտ 700 հայ բնակիչ (90 տուն): Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում:

Վ-ում կանգուն է ինքնատիպ հորինվածքով ութաբսիդ եկեղեցի (XII դ.): Նրա ութանիստ գմբեթատակ տարածության անկյուններում սյուներ են, և միայն բեմի պայտաձև խորանն ունի պատեր: Մյուս աբսիդները, որոնք հատակագծում սեղանաձև են, հաղորդակցվում են միմյանց հետ կամարակապ մեծ բացվածքներով և ծածկված են այդ կամարների ու տրոմպների վրա հենվող գմբեթարդներով: Բեմի խորանն ունի երեք, իսկ մյուս աբսիդները, որոնք հատակագծում սեղանաձև են, հաղորդակցվում են միմյանց հետ կամարակապ մեծ բացվածքներով և ծածկված են այդ կամարների ու տրոմպների վրա հենվող գմբեթարդներով: Բեմի խորանն ունի երեք, իսկ մյուս աբսիդները՝ կրկնակի լուսամուտներ: Մուտքերը երեքն են՝ հս-ից, հվ-ից և արմ-ից: Գմբեթը (չի պահպանվել) ունեցել է ութանիստ թմբուկ: Ճակատները դրսից զարդարված են կիսասյունիկներով և միայն դեկորատիվ նշանակություն ունեցող եռանկյունաձև փոքր խորշերով, որոնց մեջ գալարաձև մշակումով սյուներ են: Շքամուտքերի կիսաշրջանաձև ճակատակալ քարերից վերև ձգվում է զարդագոտի, իսկ վերջինի վրա հովհարաձև շարված դեղին ու կանաչ գույնի սեպաձև քարեր են: Ներսում կան որմնանկարների հետքեր: Վ-ի եկեղեցին իր ուրույն հարդարանքով ու հորինվածքի կարևոր առանձնհատկություններով (միմյանց հաղորդակցվող սեղանաձև աբսիդներ, գմբեթակիր սյուներ) տարբերվում է նույնատիպ հայկ. հուշարձաններից (Զորավար, Իրինդ, Տայոց քար, Անիի Փրկչի եկեղեցի) և կարևոր տեղ ունի Հայաստանի կենտրոնագմբեթ կառույցների զարգացման պատմության մեջ:

Գրկ. Bachmann W., Kirchen und Moscheen in Armenien und Kurdistan, Leipzig, 1913.

Մ. Հասրաթյան

ՎԱՐԹԵՆԻՍՅԱՆ Շաքե (ծն. 1931, Բեյրութ), հայ երգչուհի (սոպրանո): Ձայնը մշակել է Բեյրութում, երգել հայկ. երգչախմբերում: Կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, ավարտել Բալթիմորի Փիբոդի ինստ-ը՝ այդ ընթացքում շահելով տասնմեկ մրցանակ: Որպես կամերային երգչուհի երկարատև համերգային շրջագայություն է կատարել ԱՄՆ-ի քաղաքներում, մի քանի տարի հրավիրվել նաև «Մետրոպոլիտեն օպերա»՝ առաջնակարգ դերերգեր կատարելու: 1958-ին Սպոլետոյի (Իտալիա) միջազգային փառատոնում մրցանակ է շահել Լեդի Մակբեթի դերերգի կատարումով (Վերդիի « Մակբեթ»), նույն դերերգով բազմիցս հանդես եկել Տ. Գոբիի հետ: Օպերային դերակատարումներով և համերգներով եղել է ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում:

Ց. Բրուտյան

ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ Մարատ Ռուբենի (ծն. 30.7.1935, Կամո), հայ սովետական կինոռեժիսոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1983): 1963-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ. ինստ-ի օպերատորական ֆակ-ը: 1963-1968-ին՝ օպերատոր-բեմադրող «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1969-ից՝ ռեժիսոր հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Ռեժիսորական առաջին աշխատանքը «Բաժբեուկ-Մելիքյան» (1968, անդրկովկասյան և ուկր. ֆիլմերի