Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ուպանիշադները։ Առաջինում շարադրվում են ճգնավորների վարքի կանոնները, իսկ երկրորդը պարունակում է չափածո և արձակ իմաստասիրական երգեր, որոնցից իրենց գրական նշանակությամբ առանձնանում է 14 վաղագույն ուպանիշադ։ Դրանց կենտրոնում վեդայական կրոնի փիլիսոփայական խնդիրներն են, մարդու ինքնաճանաչման ն աշխարհաճանաչման հարցերը։ Ուպանիշադները որոշակի ազդեցություն են գործել պարսկական սուֆիների, նեոպլատոնականների, իսկ նոր ժամանակներում՝ ամերիկյան և եվրոպական փիլիսոփաների (Ա․ Շոպենհաուեր, Ռ․ Էմերսոն), ինչպես նաև հնդկական գրականության հետագա ընթացքի վրա։ Վեդայական ժողովածուները (ամբողջությամբ) և դրանց մեկնաբանությունները կոչվում են սահմիթներ։

Վեդաների թեմաներին անդրադարձել են նաև հայ գրողները, մշակել առանձին հատվածներ, մասնավորապես՝ Ռիգվեդայից։ Հայերեն են թարգմանվել վեդաների մի շարք նմուշներ [«Բհագավադգիտ՜ա՜ կամ Երանելու երգը» (թարգմանիչ Հ․ Աճառյան), Էջմիածին, 1911]։

Գրականություն՝ Հին Արեելքի պոեզիա [ժողովածու], Ե․, 1982։ История всемирной литературы, т․ 1, М․, 1983․ Մ․ Մելքոնյան

ՎԵԴԱՆՏԱ (սանսկրիտերեն Վեդաների վերջ), հնդկական վեց ուղղափառ փիլիսոփայական համակարգերից, կրոնափիլիսոփայական ազդեցիկ և տարածված ուղղություն։ Կազմում է հինդուիզմի փիլիսոփայական հիմքը, հենվում է Վեդաներում արտահայտված բրահման–ատմանի գաղափարի վրա։ Սկզբնաղբյուրներն են Ուպանիշադները, Բհագավադ–Գիտան և Ուպանիշադների մեկնությանը նվիրված Բադարայանայի (II–III դդ․) «Բրահմա–սուտրաները» (կամ «Վեդանտա–սուտրաները»)։ Ըստ այդ տեքստերի մեկնաբանությունների (բհաշյա), ձևավորվել են Վեդանտայի առանձին ուղղություններ, որոնց համար ընդհանուրը Վեդաների անառարկելի հեղինակությունն է, բրահմանի (բացարձակի)՝ բարձրագույն հոգևոր սկիզբ և աշխարհի պատճառ լինելը, ատմանի (անհատական հոգու, «ես»-ի) վերամարմնավորումների շրջապտույտից ազատագրվելու (մոկշա) ցանկալիությունը (Վեդանտան Յոգան ընդունում է որպես մոկշայի հասնելու գործնական միջոց)։ Վեդանտայի դպրոցները տարազատվում են հիմնականում ըստ բրահմանի և ատմանի էության, նրանց նույնության կամ տարբերության աստիճանի, երևույթների աշխարհի և մոկշայի վերաբերյալ եղած տեսակետների։ Հիմնական դպրոցներն են՝ Շանկարայի ադվայտա–վեդանտան [չտարբերակված մոնիզմ, ըստ որի բրահմանը միակ իրականությունն է, էության (սատ), գիտակցության (չիտ) և երանության (անանդա) միասնությունը, որից դուրս ոչինչ գոյություն չունի, աշխարհի բազմազանությունը մայա է (տեսիլք, պատրանք), որը պայմանավորված է չիմացությամբ (ավիդյա), ատմանը նույնացվում է բրահմանի հետ, ազատագրման միջոց է համարվում իմացությունը, մերժվում է աստծու գաղափարը], Ռամա–նուջայի (XI–XII դարեր) վիշիշտա–ադվայտան [տարբերակված թեիստական մոնիզմը, ըստ որի ատմանը և նյութական աշխարհը իրական են, այլ ոչ մայա, առաջացել են բրահմանից, որն աստվածային ինտուիցիայի միջոցով ճանաչելով կարելի է ճանաչել իրերի էությունը, ատմանը նույնացվում է բրահմանի հետ, սակայն հնարավոր է նրանց տարբերակումը (վիշիշտա), ազատագրման միջոցը աստծու նկատմամբ սերն ու նվիրվածությունն է (բհակտի), Մադհվայի (XII–XIII դդ․) դվայտան (դուալիզմ, որում առանձնակի նշվում են հոգու և աստծու, հոգիների, աստծու և մատերիայի, հոգու և մատերիայի, մատերիայի ձևերի միջև եղած տարբերությունները, տարբերակվում են ճանաչողության երեք ձև՝ ընկալում, մտահանգում և վկայություն, ազատագրումը հնարավոր է համարվում միայն բհակտիի ճանապարհով), Բհասկարայի (X դ․) նույնության և տարբերության տեսությունը (բհեդա–աբհեդա)։

Վեդանտան մեծ չափով ազդել է և շարունակում է ազդել հնդկական փիլիսոփայական և կրոնական մտքի վրա։ Նորագույն ժամանակի Վեդանտայի ակնառու ներկայացուցիչներն են Ռամմոհան Ռայը, Ռամակրիշնան, Վիվեկանանդան, Գհոշը, Ռադհակրիշնանը և ուրիշներ։

Գրականություն՝ Радхакришнан С․, Индийская философия, пер․ с англ․, т․ 2, М․, 1957; Dasgupta S․, A History of Indian Philosophy, v․ 1–5, Delhi, 1975․

ՎԵԴԵՆԵԵՎ Բորիս Եվգենևիչ (1884–1946), խորհրդային էներգետիկ և հիդրոտեխնիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932)։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (1909)։ 1920 թվականին մասնակցել է ԳՈԷԼՌՈ–յի պլանի կազմմանը, եղել է Վոլխովի և Դնեպրի հէկերի առաջին ղեկավարներից։ Զբաղվել է հէկերի շինարարության տնտեսական հիմնավորման տեսության հարցերով։ Առաջարկել է հէկերի կառույցների ինքնարժեքը որոշելու եղանակ՝ ըստ, այսպես կոչված, վերածված բետոնի մեթոդի։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։ ԽՍՀՄ I և II գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Գրականություն Караулов Н․ А․, Борис Евгеньевич Веденеев, в кн․։ Люди русской науки, М., 1965․

ՎԵԴԻ, գետ ՀԽՍՀ Արարատի շրջանում, Արաքսի ձախ վտակը։ Երկարությունը 58 կմ է, ավազանը՝ 633 կմ2։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավ–արևմտյան լանջից, մոտ 2720 մ բարձրությունից, հոսում դեպի արևմուտք, Խոսրով վտակն ընդունելուց հետո՝ հարավ–արևմուտք։ Վերին հոսանքում լեռնային գետ է, Վեդի քաղաքատիպ ավանից հետո՝ հարթավայրային։ Տարեկան միջին ծախսը 2,02 մ³/վրկ է, սնումը՝ ձնաանձրևային։ Հորդանում է գարնանը։ Ջրերն օգտագործվում են՝ ոռոգման նպատակներով։ Սակավաջուր տարիներին ստորին հոսանքում ջրազուրկ է և չի հասնում Արաքսին։

ՎԵԴԻ, քաղաքատիպ ավան (1963 թվականից), ՀԽՍՀ Արարատի շրջանի վարչական կենտրոնը, Վեդի գետի աջափնյակում, Երևանից 30 կմ հարավ–արևելք, Այգավան երկաթուղային կայարանից 7 կմ հյուսիս–արևմուտք։ Վեդիում կան հացի, կաթի վերամշակման գործարաններ, կենցաղսպասարկման, շինանյութերի և շինարարական իրերի կոմբինատներ, ջերմատնային տնտեսություն, ավտոշարասյուն, շինարարական տեղամասեր։ Գործում են ցածրավոլտ ապարատուրաների գործարան, «Հայգորգ» միավորման մասնաճյուղը։ Վեդիի կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Վեդիում կան 4 միջնակարգ (1-ը՝ հեռակա), երաժշտական, գեղարվեստի ու մարզական դպրոցներ, պիոներների պալատ, մշակույթի տուն, 2 կինոթատրոն, 2 գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, 3 մսուր– մանկապարտեզ։ Գործում են շրջանային մանկական կոնսուլտացիա, պոլիկլինիկա, հիվանդանոց (250 մահճակալով), ծննդատուն (100 մահճակալով), դեղատուն, շտապ օգնության և սանիտարա–հակահամաճարակային կայաններ, պիոներիայի տարեգրության և հայրենագիտական թանգարաններ, տպարան։ Քաղաքատիպ ավանը էլեկտրիֆիկացված ու գազիֆիկացված է, ունի ջրմուղ–կոյուղու ցանց, կենտրոնական ջեռուցման սիստեմ։ Վեդիում կանգնեցված են ՀամԼԿԵՄ 50-ամյակին նվիրված հուշասյունը, քաղաքատիպ ավանի մուտքը խորհրդանշող քանդակազարդ հուշարձանը և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշահամալիրը (ճարտ․ Ս․ Պ․ Սեդրակյան)։ Վեդիի մոտ կան հանքային ջրերի ելքեր։ Ջուրը տեղափոխվում և մշակվում է Երասխի ջրերի գործարանում և թողարկվում «Արարատ» մակնիշով։

ՎԵԵՐՏ, Վեերթ (Weerth), Գեորգ (1822–1856), գերմանացի գրող։ «․․․գերմանական պրոլետարիատի առաջին և ամենանշանավոր բանաստեղծը» (Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․» т․ 21,