կարգը, վերանորոգման բազան և պահեստային տնտեսությունը, օդանավակայանը, առբերման ուղիները և փոխադրական կոմունիկացիաները (ներառյալ երկաթուղային հանգույցը):
Տեխնիկական դիրք (ՏԴ), ընդհանուր տեխ. և հատուկ տեխնոլոգիական սարքավորումներով ու առբերման ուղիներով կառույցների համալիր, որն ապահովում է կրող հրթիռի և տիեզերական ապարատների ընդունումը, պահումը և հավաքումը, դրանց փորձարկումը, տիեզերական ապարատի լցավորումը և կցումը կրող հրթիռին: ՏԴ-ում տեղավորված են ուղղաձիգ հավաքման մոնտաժափորձարկային մասնաշենքը (ՄՓՄ), տիեզերական ապարատի ՄՓՄ և լցավորման կայանը, ռեսիվերային կետով կոմպրեսորային կայանը, էլեկտրաուժային ու տրանսֆորմատորային ենթակայանը և ծառայողական շենքերը: Պատրաստող գործարաններից կրող հրթիռների աստիճանները և հանգույցները տեղափոխում են ՏԴ-ի ՄՓՄ: Երբեմն կրող հրթիռների մեծ աստիճանների փոխադրման դժվարությունից խուսափելու համար խոշոր հանգույցների եռակցման վերջնական աշխատանքները կատարվում են ՄՓՄ-ում: Կրող հրթիռի հավաքումն իրականացվում է երկու հիմնական եղանակով. ամբողջական կրող հրթիռի և առանձին աստիճանների հորիզոնական հավաքում ու տիեզերական ապարատին կցում (այս եղանակն առավել տարածված է), առանձին աստիճանների ուղղաձիգ հավաքում, ամբողջական կրող հրթիռի հավաքում և արձակման համակարգի շարժական մասին ուղղաձիգ դիրքով տիեզերական օբյեկտի կցում: Կրող հրթիռների համար, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով և ունեն պինդ վառելիքով աշխատող արագացուցիչներ, կառուցվում են 2 ՄՓՄ (հեղուկ վառելիքով աշխատող հրթիռի հավաքման ու փորձարկումերի համար, պինդ վառելիքով աշխատող արագացուցիչների հավաքման ու հեղուկ վառելիքով աշխատող հրթիռին դրանց կցման համար): Հավաքումից հետո սկսվում են հրթիռի ինքնավար և կոմպլեքս փորձարկումները: Միաժամանակ իրականացվում են տիեզերական ապարատի հավաքումն ու փորձարկումները: Տիեզերական ապարատի լցավորումը վառելիքի բաղադրիչներով կատարվում է ՏԴ-ի լցավորման կայանում, իսկ վառելիքի կրիոգենային բաղադրիչներով (թթվածնով, ջրածնով, ֆտորով, ամոնիակով ևն) լցավորումը՝ ստարտային դիրքում: Տիեզերական ապարատը լցավորման կայանից տեղափոխվում է ՄՓՄ և կցվում կրող հրթիռին: Կցման ճշգրտությունն ստուգելուց հետո տիեզերական հրթիռը տեղափոխվում է ստարտային դիրք:
Ստարտային համալիր (ՍՀ), հատուկ տեխնոլոգիական սարքավորումից, ընդհանուր տեխնիկական սարքավորումներով կառույցներից, հրթիռները ՍՀ հասցնելու, արձակման համակարգում տեղակայելու, փորձարկումների, լցավորման և արձակման համար անհրաժեշտ առբերման ուղիներով երկրի նախապատրաստված տեղամասերից բաղկացած համալիր: ՍՀ-ի հատուկ կառույցների մեջ մտնում են արձակման տեղեկայանքը, հրամանատարական կետը, վառելիքի բաղադրիչների պահեստարանները և կրող հրթիռի ու տիեզերական ապարատի լցավորման սարքավորումները, տրանսֆորմատորային ենթակայանը և պահեստային դիզել-էլեկտրակայանը, սառնարանային տեղեկայանքները կամ սառնարանային կենտրոնը ևն: ՍՀ կարող է ունենալ մի քանի ստարտային հրապարակներ: Ստարտային դիրքում փոխադրատեղակայման ագրեգատը հրթիռը բարձրացնում է ուղղաձիգ դիրքի և իջեցնում արձակման համակարգի վրա: Վերջինս ապահովում է հրթիռի ընդունումը, ուղղաձիգացումը և պահումը, էլեկտրական, լցավորման, պնևմատիկ, ցամաքուրդային և այլ կոմունիկացիների մոտեցումը, ինչպես նաև արձակումը: Լցավորման նախապատրաստվելու բոլոր պրոցեսները (ներառյալ վառելիքը պահելը) և լցավորումը սովորաբար կատարվում են ավտոմատ: Տիեզերագնացներն իրենց տեղերը զբաղեցնում են կրող հրթիռի և տիեզերական ապարատի լցավորումից հետո: Բոլոր համակարգերի լիակատար պատրաստությունից հետո տրվում է հրամանը, և միացվում արձակման ավտոմատ սխեման:
Տիեզերական ապարատներն արձակվել են ՍՍՀՄ-ում՝ Բայկոնուր, ԱՄՆ-ում՝ Վանդենբերգ (Կալիֆոռնիա), Քենեդիի հրվանդան (Ֆլորիդա), Ուռլոպս (Վիրջինիա), Ֆրանսիայում՝ Համագիր (Ալժիր), Կուրու (Ֆրանս. Գվիանա), Իտալիայում՝ Սան Մարկո (Քենիայի ափերի մոտ), Ճապոնիայում՝ Ուտինոուրա, ՉԺՀ-ում՝ Չանչենցզե, Մեծ Բրիտանիայում՝ Վումերա (Ավստրալիա) Տ-ներից:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ, փորձնական մարմնի այն սկզբնական արագության նվազագույն (կրիտիկական) արժեքները, որի դեպքում արձակվող մարմինը կարող է հաղթահարել ձգողության դաշտի ազդեցությունը: Տ. ա. կախված չեն փորձնական մարմնի զանգվածից, որն անհամեմատ փոքր է դաշտն ստեղծող մարմի զանգվածից: