Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐ, լուսավոր գիշերներ տարվա այն ժամանակամիջոցում, երբ երեկոյան վերջալույսը և առավոտյան արշալույսը հանդիպում են, և ամբողջ գիշեր շարունակվում է աղջամուղջը։ Պարզորոշ դիտվում են Հյուսիսային և Հարավային կիսագնդերում համապատասխանաբար 59,5° հս․ լայնությունից հյուսիսային և 59,5° հարավային լայնությունից հվ․ գտնվող վայրերում՝ ամառային արևադարձին մոտ ժամանակ։ Սպիտակ գիշերների տևողությունը կախված է վայրի աշխարհագրական լայնությունից (Լենինգրադում՝ հունիսի 11-ից հուլիսի 2-ը, Պետրոզավոդսկում՝ մայիսի 27-ից հուլիսի 17-ը, Արխանգելսկում՝ մայիսի 13-ից հուլիսի 30-ը)։ Լուսավոր գիշերներ լինում են նաև նշված վայրերի սահմանամերձ տեղանքում։

ՍՊԻՏԱԿ ԳՎԱՐԴԻԱ, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (տես Քաղաքացիական պատերազմ և ռազմական ինտերվենցիա 1918–20) ժամանակ, բուրժուա–կալվածատիրական կարգերը վերականգնելու համար պայքարող զինվորական խմբավորումների (սպիտակ գվարդիականներ) ոչ պաշտոնական անվանումը։ Սովետական գրականության և հրապարակախոսության մեջ, ինչպես նաև առօրյայում, «Սպիտակ գվարդիա» անվանումն օգտագործվել է մի շարք հակահեղափոխական ազգային զինվորական խմբավորումներ (սպիտակ ֆիններ, սպիտակ չեխեր, սպիտակ լեհեր) և, ընդհանրապես, հակահեղափոխություն նշելու համար։ «Սպիտակ գվարդիա» տերմինի առաջացումը կապված է «օրինական» իրավակարգի կողմնակիցների ավանդական խորհրդանշական գույնի՝ սպիտակ գույնի հետ (ի հակադրություն կարմիր գույնի՝ ապստամբ ժողովրդի և հեղափոխության գույնի)։

ՍՊԻՏԱԿ ԹԶՈՒԿՆԵՐ աստղագիտության մեջ, աստղեր, որոնց զանգվածը Արեգակի զանգվածի, իսկ շառավիղը՝ Երկրի շառավղի կարգի մեծություններ են։ Նյութի միջին խտությունը 107–109 գ/սմ3 է, ընդերքի ջերմաստիճանը՝ 107 K, լուսատվությունը կազմում է Արեգակի լուսատվության 0,01 մասը։ Հայտնաբերված առաջին սպիտակ թզուկը՝ Սիրիուսի արբանյակը, Սիրիուսից 10000 անգամ թույլ աստղ է, որի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի 0,97 մասը, իսկ շառավիղը՝ Արեգակի շառավղի 0,03 մասը։ Սպիտակ թզուկների ծավալի զգալի մասում ատոմները լրիվ կամ մասամբ իոնացված են նյութի մեծ խտության պատճառով։ Սպիտակ թզուկների նյութը ատոմային միջուկներից (կամ իոններից) և այլասերված էլեկտրոնային գազից բաղկացած էլեկտրաչեզոք պլազմա է։ Ենթադրվում է, որ նյութի վիճակը Սպիտակ թզուկում նման է մետաղական վիճակի (էլեկտրոնները կազմում են իդեալական գազ, իսկ միջուկները ջերմային տատանումներ են կատարում հավասարակշռության դիրքերի շուրջը)։ Սպիտակ թզուկների նյութի զանգվածի խտությունը պայմանավորված է ատոմային միջուկներով, իսկ ճնշումը՝ էլեկտրոնային գազով։

Սպիտակ թզուկի տեսությունը մշակել են անգլիացի գիտնական Ռ․ Ֆաուլերը (R․ H․ Fowler, 1889–1944) և Ս․ Չանդրասեկհարը։ Այդ տեսության զարգացման գործում զգալի ավանդ ունեն նաև հայ ֆիզիկոսները։

Է․ Չուբարյան

ՍՊԻՏԱԿ ԹՈՒԶ, տես Թուջ։

«ՍՊԻՏԱԿ ԼՈՏՈՍ», բայլյանցզյառ, բուդդայական գաղտնի աղանդ Հս․ և Կենտր․ Չինաստանում XII դ․–XIX դ․ սկզբին։ Առաջացել է «Լոտոսի ընկերությունից» (հիմնվել էր 402-ին)։ Կազմված էր գլխավորապես գյուղացիներից և արհեստավորներից։ XIV դ․ 2-րդ կեսին աղանդը գործուն մասնակցություն է ունեցել մոնղ. Յուան դինաստիայի դեմ զինված պայքարին։ «Սպիտակ լոտոս» բազմիցս բարձրացրել է գյուղացիական ապստամբություններ (1406, 1418, 1505, 1566, XVII դ․ 20-ական թթ․ ևն)։ Ամենահզոր ապստամբությունը 1796–1805-ին էր, որը ճնշելու ժամանակ մանջուր և չին ֆեոդալները մահապատժի ենթարկեցին աղանդի ավելի քան 20 հզ․ անդամի։

ՍՊԻՏԱԿ ԼՈՒՅՍ, սպեկտրային բարդ բաղադրության էլեկտրամագնիսական ճառագայթում, որը գունային առումով չեզոք զգացողություն է առաջացնում առողջ աչքում։ Սպիտակ լույսի զգացողություն է ստեղծում Արեգակի, ինչպես նաև բարձր ջերմաստիճան ունեցող անթափանց պինդ և հեղուկ մարմինների ճառագայթումը։ Սպիտակ լույսի ֆիզիոլոգիական զգացողություն կարելի է ստանալ նաև այն դեպքում, երբ որոշակի հարաբերակցությամբ միախառնվում են երկու, այսպես կոչված, լրացուցիչ կամ երեք մեներանգ (օրինակ, կարմիր, կանաչ և մանուշակագույն) ճառագայթումներ։ Տես նաև Գույն, Գունայնության տեսություն։

ՍՊԻՏԱԿ ԾՈՎ, միջերկրական ծով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, ՍՍՀՍ եվրոպական մասի հս–ում։ Գտնվում է Կոլայի և Կանին թերակղզիների միջև։ Գոռլո նեղուցով, որի հյուսիսային մասը կոչվում է Վորոնկա, միացած է Բարենցի ծովի հետ։ Սպիտակ ծովի և Բարենցի ծովի միջև սահմանն անցնում է Կանին նոս և Սուրբ քիթ հրվանդանները միացնող գծով։ Մակերեսը մոտ 90 հզ․ կմ2 է, միջին խորությունը՝ 60 մ, առավելագույնը՝ 330 մ։ Խոշոր են Կանդալակշայի, Օնեգայի, Դվինայի, Մեզենի ծոցերը (խորշերը), Սոլովեցկի, Մորժովեց, Մուդյուգի կղզիները։ Սև ծով են թավւվում Հյուսիսային Դվինա, Մեզեն, Օնեգա, Նիվա և այլ գետերը։ Շելֆային ծով է, հատակը խիստ կտրտված։ Կլիման անցումային է, բևեռային– ծովայինից բարեխառն ցամաքայինը: Ձմռանը գերիշխում են հվ–արմ․, ամռանը՝ հս–արլ․ քամիները։ Ամպամածությունը մեծ է։ Հաճախակի են մառախուղները։ Ամռանը ջրի ջերմաստիճանը 6,9–15°C է, ձմռանը՝ –1,3°C–ից մինչև – 1,7°C։ Աղիությունը կենտրոնական մասում 24–26°/00 է, հս–ում՝ մինչև 34,5°/00։ Սառցակալում է հոկտեմբերից մայիս։ Ունի մի քանի օղակաձև հոսանքներ (կենտր․ մասում և ծոցերում)։ Մակընթացությունը 1 մ/-ից (հվ–ում) մինչև 10 մ է (հս–արլ–ում)։ Օրգանական աշխարհը հարուստ է։ Կան ջրիմուռներ, հատակային կենդանիների՝ 720, ձկների՝ 60, ծովային կաթնասունների 5 տեսակներ։ Սև ծովն ունի տրանսպորտային մեծ նշանակություն։ Այն կապում է ՍՍՀՄ եվրոպական մասի հս–ի տնտ․ շրջանները ասիական մասի և արտասահմանյան պետությունների նավահանգիստների հետ։ Խոշոր նավահանգիստներն են Արխանգելսկը, Բելոմորսկը, Օնեգան, Մեզենը, Կանդալակշան ևն։ Սև ծովը Բելոմոր–Բալթյան ջրանցքով կապված է Բալթիկ ծովի հետ, Վոլգա–Բալթյան ջրանցքով՝ Ազովի, Սև և Կասպից ծովերի հետ։

ՍՊԻՏԱԿ ՀՍԿԱ, մսամորթատու, սպիտակ խոշոր ճագարների ցեղ։ Ճագարների ֆլանդը ցեղի մուտացիոն ձևն է։ Եվրոպայից ՍՍՀՄ է ներմուծվել 1927–29-ին։ Բարելավվել է շինշիլա և մոխրագույն հսկա ճագարների ցեղերով։ Սարմնակազմը նուրբ է, բայց բավականին ամուր։ Լավագույն ճագարների մարմնի երկարությունը՝ 60–65, իսկ կրծքի փաթը 37–38 սմ է։ Սիջին կենդանի զանգվածը 5,3–5,8 կգ է։ Սեռահասուն են դառնում 5–6 ամսականում։ Պտղատվությունը՝ մոտ 8 ճագարիկ։ Վաղահաս է. 2 ամսական մատղաշի կենդանի զանգվածը հասնում է մոտ 2,2, իսկ 4 ամսականինը՝ 3,5 կգ։ 3 ամսական ճագարների սպանդային ելքը՝ 49–51, իսկ 8 ամսականինը 58–59% է։ Մազածածկը խիտ է և միահավասար։ Բուծվում է Եվրոպական երկրներում։ ՍՍՀՄ–ում առավել արժեքավոր գլխաքանակը կենտրոնացված է Թաթարական ԻՍՍՀ և Վորոնեժի մարզի գազանաբուծական սովետական տնտեսություններում։ Սպիտակ հսկան օգտագործվել է մի շարք ցեղերի բարելավման և արդյունաբերական տրամախաչման համար։ Տես նաև ճագար, ճագարաբուծություն։

ՍՊԻՏԱԿ ՆԵՂՈՍ, Բահր Էլ–Աբյադ (արաբ. բահր–գետ, աբյադ–սպիտակ), Նեղոս գետի անվանումը Սուդանի տարածքում։ Երկարությունը 957 կմ է, հունի լայնությունը՝ 1–2 կմ։ Խոշոր վտակը (աջից) Սոբատն է։ Վերին հոսանքում ջրի տարեկան միջին ծախսը 453 մ3/վրկ է, ստորին հոսանքում՝ 808 մ3/վրկ։ Հոսքը կարգավորելու նպատակով Խարտումի մոտ կառուցվել է Ջեբել Աուլիյա ամբարտակը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Կա ձկնորսություն։ Նավարկելի է։

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ (White House), ԱՍՆ–ի պրեզիդենտի նստավայրը և գրասենյակը (1800-ից) Վաշինգտոնի կենտրոնում։

Շենքը կառուցվել է 1792–1829-ին (ճարտարապետներ՝ Ջ․ Հոբան և Բ․ Լաթրոբ)՝ կլասիցիզմի ոճով։ Հաճախ «Սպիտակ տուն» անվանում են ԱՍՆ–ի կառավարությունը՝ պրեզիդենտի գլխավորությամբ։