Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցիմերվալդում (Շվեյցարիա)։ Մասնակցել է 11 երկրների (Ռուսաստան, Լեհաստան, Իտալիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռումինիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Նորվեգիա) 38 պատգամավոր։ Ց․ կ–ի բացման նախօրյակին Վ․ Ի․ Լենինը ստեղծել է սոցիալիստ–ինտերնացիոնալիստների խումբը՝ Ցիմերվալդյան ձախը, որը կոնֆերանսում հակադրվել է ցենտրիստական և կիսացենտրիստական մեծամասնությանը՝ այսպես կոչված Ցիմերվալդյան կենտրոնին՝ Ռ․ Գրիմի և այլոց ղեկավարությամբ։ Կոնֆերանսում քննարկվող հիմնական հարցը խաղաղության համար պրոլետարիատի պայքարի հարցն էր։ Ձախերը առաջարկեցին բանաձևի և մանիֆեստի իրենց նախագծերը, որոնցում բացահայտվում էին պատերազմի իմպեր․ բնույթը, մերկացվում սոցիալ–շովինիզմը և կոչ արվում կռվող երկրների բանվորներին՝ դիմելու քաղաքացիական պատերազմի՝ քաղ․ իշխանությունը գրավելու համար։ Կոնֆերանսի մեծամասնությունը երկու փաստաթուղթն էլ մերժեց և առաջարկեց բավարարվել լոկ պացիֆիստական դեկլարացիայով։ Վ․ Ի․ Լենինը, ձախերի անունից, պահանջեց կոնկրետացնել քաղ․ լոզունգները։ Ընդունվեց փոխզիջողական մանիֆեստ, որը շատ հարցերում չէր համապատասխանում Ցիմերվալդյան ձախի գաղափարական պլատֆորմին, բայց ամբողջությամբ վերցրած ծառայում էր իմպերիալիզմի և պատերազմի դեմ պայքարում միջազգային պրոլետարիատին մոբիլիզացնելու խնդրին։ Կոնֆերանսի փաստաթղթերում խոր ցավակցություն հայտնվեց պատերազմի զոհերի առթիվ, դատապարտվեցին իմպերիալիստների ոճրագործությունները ժողովուրդների դեմ, դաժան հալածանքները լեհերի, հայերի, հրեաների հանդեպ։

Կոնֆերանսի փաստաթղթերում հիշատակվեց Հայաստանի, հայ ժողովրդի ծանր վիճակի մասին։ Չնայած նրան, որ պատերազմն իմպերիալիստական էր, Վ․ Ի․ Լենինը չէր ժխտում պատերազմի որոշ մասնակիցների կամ շահագրգռված որոշ երկրների, ժող–ների ազգային–ազատագրական շարժումների առկայությունը։ Վ․ Ի․ Լենինը ազատագրական պատերազմը թուրք. բռնակալության դեմ համարում էր առաջադիմական։ Կոնֆերանսում ընդունված երկու փաստաթղթերում (համակրանքի բանաձև և մանիֆեստ), որ ստորագրել էր Վ․ Ի․ Լենինը, սոցիալիստներն իրենց համակրանքն էին արտահայտում հայ ժող–ի նկատմամբ։ Գրկ․ Տես Ցիմերվաւդյան միավորում հոդվածի գրականությունը։

ՑԻՄԵՐՎԱԼԴՅԱն ՁԱԽ, Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ Ցիմերվալդյան կոնֆերանս 1915-ի ձախ սոցիալիստ պատգամավորների խորհրդակցությունում (կայացել է 1915-ի սեպտ․ 4-ին, կոնֆերանսի բացման նախօրեին) ստեղծված հեղափոխական սոցիալիստների միջազգային խումբ։ Խորհրդակցությունը լսել է համաշխարհային պատերազմի բնույթի ու միջազգային սոցիալ–դեմոկրատիայի տակտիկայի մասին Վ․ Ի․ Լենինի զեկուցումը և մշակել պատերազմի, խաղաղության ու հեղափոխության մասին բանաձևի և մանիֆեստի նախագծերը, որոնցում հիմնավորված էին բոլշևիկների տեսակետները։ Ցիմերվալդի կոնֆերանսից հետո, որում Ց․ ձ․ հանդես էր եկել կոնֆերանսի պատգամավորների մեծամասնության ցենտրիստական և կիսացենտրիստական հայացքների սկզբունքային սուր քննադատությամբ, Լենինը, որը գլխավորում էր Ց․ ձ–ի բյուրոն, լայն պրոպագանդա ծավալեց նրա գաղափարների տարածման համար։

Կինտալի կոնֆերանս 1916-ից հետո Վ․ Ի․ Լենինը իր ուժերը նպատակամղեց Շվեյցարիայում ձախերի համախմբմանը, քանի որ Ռ․ Գրիմի գլխավորած աջ ցիմերվալդյան կենտրոնն ավելի ու ավելի էր գլորվում պացիֆիստական դիրքեր և մերձենում սոցիալ–շովինիստների հետ։ 1917-ի սկզբին, երբ աջ ցիմերվալդականների դավաճանությունը արդեն կատարված փաստ էր՝ Լենինը ձախերի առաջ Ցիմերվալդյան միավորումից անջատվելու հարց դրեց։ Լենինյան կոչը, սակայն, ձախերը անմիջապես չըմբռնեցին, բայց և այնպես, դուրս չգալով միավորումից, բացահայտորեն հեռանում էին նրանից՝ մոտենալով բոլշևիկյան կուսակցությանը։ Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) օգնեց արտասահմանյան ձախերին գտնելու իրենց տեղը՝ 1919-ի մարտին հիմնադրված Կոմունիստական ինտերնացիոնալի շարքերում։

Գրկ․ Տես Ցիմերվաւդյան միավորում հոդվածի գրականությունը։

ՑԻՄԵՐՎԱԼԴՅԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ, միջազգային սոցիալ–դեմոկրատական միավորում, որը հեղափոխական ինտերնացիոնալիստների և ցենտրիստական ու կիսացենտրիստական մեծամասնության ժամանակավոր բլոկ էր։ Ստեղծվել է Ցիմերվալդյան կոնֆերանս 1915-ում։ Բոլշևիկները, որոնք Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ ստեղծել էին ՑիմերվալդյաԱ ձախը, մտան այդ բլոկի մեջ, քանի որ դա այդ ժամանակ օբյեկտիվորեն ուղղված էր իմպերիալիզմի, պատերազմի և սոցիալ-շովինիզմի դեմ։ Ց․ մ–ման շրջանակներում անընդհատ պայքար է գնացել ձախ և աջ (ցենտրիստներ և կիսացենտրիստներ) թևերի միջև։ Լենինը քննադատել է աջերի անկայունությունը և ամենից առաջ նրանց ղեկավարներին (Ռ․ Գրիմ, Օ․ Մորգարի, Ա․ Ի․ Բալաբանովա), որոնք մտել էին Ցիմերվալդյան կոնֆերանսում ստեղծված Ինտերնացիոնալիստական սոցիալիստ․ հանձնաժողովի (ԻՍՀ) մեջ։ Իրենց ջանքերը ուղղելով Ցիմերվալդյան ձախի ամրապնդմանը, բոլշևիկները Ց․ մ–ման մեջ մտած ցենտրիստների և կիսացենտրիստների պացիֆիստական ֆրազներին հակադրելով պատերազմի դեմ մասսայական հեղափոխական ելույթների ծավալման իրենց ծրագիրը, հետևողականորեն մերկացնում էին սոցիալ–շովինիզմը և կաուցկիականությունը։

1917-ի սկզբին Ց․ մ–ման մեջ ուժեղացան կենտրոնախույս միտումները։ Համաշխարհային քաղաքականության մեջ այդ ժամանակ նշմարվող իմպեր․ պատերազմից դեպի իմպեր․ հաշտություն շրջադարձը ոչ միայն վերակենդանացրեց պացիֆիստական պատրանքները, այլև ցենտրիստներին առիթ տվեց նորից հանդես գալու հանուն II Ինտերնացիոնալի վերականգնման։ Նոր պայմաններում ավելի ցայտուն նշվեցին «․․․ երկու արմատապես տարբեր քաղաքականություն, որոնք մինչև այժմ կարծես հաշտ ապրել են ցիմերվալդյան միավորման ներսում և որոնք վերջնականապես են բաժանվել այժմ» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 30, էջ 319)։

Քանի որ Գրիմը և ցիմերվալդյան մեծամասնության այլ լիդերները կոպիտ ձևով խախտեցին Ցիմերվալդյան կոնֆերանսների [Ցիմերվալդյան կոնֆերանս 1915 և 2-րդ Ցիմերվալդյան կոնֆերանս (տես Կինտալի կոնֆերանս 1916)] որոշումները և վերջնականապես գլորվեցին պացիֆիզմի դիրքերը, ավելի մերձենալով սոցիալ–շովինիզմին, Լենինը պահանջեց վճռականորեն անջատվել Ց․մ–ից և ստեղծել նոր՝ իսկապես հեղափոխական ինտերնացիոնալիստների միավորում։ Երրորդ Ցիմերվալդյան կոնֆերանսը (Ստոկհոլմ, 1917-ի սեպտեմբեր) ամբողջովին հաստատեց Ց․ մ–ի քաղ․ մահվան մասին լենինյան հետնությունը։

Հոկտեմբերյան հեղափոխությունը (1917) արագացրեց Կոմունիստական ինտերնացիոնալի ստեղծման հարցի լուծումը և Ց․ մ–ից հեղափոխական ինտերնացիոնալիստների դուրս գալը։ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ Ց․ մ–ման նախկին մասնակիցների խմբի առաջարկով Կոմինտերնի I կոնգրեսը (1919-ի մարտ) Ց․ մ․ ցրելու պաշտոն. որոշում ընդունեց։

Գրկ․ Л е н и н В․ И․, Полн․ собр․ соч․, 5 изд․ (см․ справочный том, ч․ 1, с․ 707–708); Циммервальдская и Кинтальская конференции․ Официальные документы, Л – М-, 1924; Борьба большевиков за создание Коммунистического Интернационала․ Материалы и документы 1914–1919 гг․, М․, 1934; Ленин и международное рабочее движение, М․, 1969․

ՏԻՄՈԼ, մ ե թ ի լ ի զ ո պ ր ո պ ի լ բ ե ն զ ո լ, արոմատիկ ածխաջրածին։ Հայտնի են օրթո․․․, մետա․․․, պարա․․․ իզոմերները։ Կարևոր է պարա – Ց․, որը անգույն, բնորոշ հոտով հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ –67,9°С, եռմանը՝ 177,25°С։ Ջրում չի լուծվում, լուծվում է օրգ․ լուծիչներում։ Ց–ի գոլորշիներն օդում (0,7%) պայթուցիկ են։ Պարունակվում է փշատերե ծառերի խեժում, բեեկնայուղում, բազմաթիվ եթերային յուղերում։ Ստանում են միաօղակ տերպենների դեհիդրմամբ։ Օգտագործվում է որպես լուծիչ և հոտավետ նյութերի արտադրության հումք։

ՑԻՆ, հին չին․ թագավորություն։ Առաջացել է մ․ թ․ ա․ մոտ X դ․, Կենտր․ Չինաստանում։ Սկզբում կախյալ էր Չժոու դինաստիայից։ Չ ժ ա ն գ ո ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ 403–221) Չժոու միապետությունից անկախ 7 հզոր թագավորություններից մեկն էր։ Ց–ի ուժեղացումը կապված էր պետ․ գործիչ Շան Ցանի (մ․ թ․ ա․ IV դ․) ռեֆորմների (հողի մասնավոր սեփականության օրինականացում, հողի առուծախի թույլտվություն են) հետ: