ինստ–ի հետ), անասնաբուծական–անասնաբուժ․ և այլ ֆակուլտետներ։ Համալսարանին կից գործում են բուսաբանական այգի և թանգարան (հիմն. է 1836-ին), կենսաբանական (1837), հնէաբանական (1956) թանգարաններ, գիտ․ գրադարան։
ՑՅՈՒՐՈՒՊԱ Ալեքսանդր Դմիտրիևիչ [19․9(1․10)․1870, ք․ Ալյոշկի (այժմ՝ Ցյուրուպինսկ)–8․5․1928, գ․ Մուխալատկա (այժմ՝ Ղրիմի մարզի Օլիվա ավանի կազմում], սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։ Որպես վիճակագիր աշխատել է Սիմբիրսկում (Ուլյանովսկ), Ուֆայում, որտեղ 1900-ի փետրվարին ծանոթացել է Վ․Ի․ Լենինի հետ։ Եղել է «Իսկրա»-ի գործակալ։ 1901-ին կուսակցական աշխատանք է կատարել Խարկովում (ՌՍԴԲԿ կոմիտեի անդամ), Տուլայում, Տամբովի նահանգում։ 1902-ին ձերբակալվել, 1903-ին աքսորվել է Օլոնեցի նահանգ։ Ուֆայում մասնակցել է 1905–1907-ի հեղափոխությանը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ ՌՍԴԲԿ Ուֆայի կոմիտեի (միացյալ) նախագահության և Սովետի անդամ, 1917-ի հոկտեմբերին՝ ՌՀԿ–ի անդամ։ 1917-ի նոյեմբերից՝ ՌՍՖՍՀ պարենժողկոմի տեղակալ, 1918-ի փետրվարից՝ պարենժողկոմ։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918–20) ղեկավարել է կարմիր բանակի մատակարարման գործը, գլխավորել պարենբանակի գործունեությունը։ 1921-ից՝ ՌՍՖՍՀ (1922-ից՝ ՍՍՀՄ) ԺԿԽ և ԱՊԽ–ի նախագահի տեղակալ և միաժամանակ ԲԴՏ–ի ժողկոմ (1922–23)։ 1923–25-ին՝ ՍՍՀՄ պետպլանի նախագահ, 1925-ից՝ ՄՍՀՄ արտաքին և ներքին առևտրի ժողկոմ։ Կուսակցության X, XII –XV համագումարների պատգամավոր, 1923-ից՝ ՌԿ(բ)Կ ԿԿ–ի անդամ։ 1922–28-ին՝ Համառուսաստանյան ԿԳԿ-ի և ՍՍՀՄ ԿԳԿ–ի նախագահության անդամ։
Թաղված է Կարմիր հրապարակում։ Դիմանկարը տես 165-րդ էջում։
ՑՆԴԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ֆ ու գ ի տ ի վ ու թ յ ու ն, f (< լատ․ fugitivus – փախած, ցնդած), իդեալական գազերի թերմոդինամիկական առնչություններով իրական գազերի հատկությունները հաշվելու համար մասնական ճնշման փոխարեն օգտագործվող մեծություն [առաջարկել է Գ․ Լյուիսը (G․ Lewis, 1875–1946), 1901]։ Մաքուր կամ խառնուրդում գտնվող նյութի վիճակը բնորոշող մեծություն է․ այն տվյալ ֆազից նյութի դուրս գալու ունակության քանակական արտահայտությունն է և չափվում է ճնշման միավորներով։ f/p հարաբերությունը կոչվում է ց ն դ ե լ ի ու թ յ ա ն գ ո ր ծ ա կ ի ց, որը իդեալական գազերի համար հավասար է 1-ի։ Համեմատական է հագեցած գոլորշիների ճնշմանը և պայմանավորում է (տվյալ պայմաններում) նրանց գոլորշիացման արագությունը։
ՑՈԼԱԿեՐՏ, տես Զողկերտ։
«ՑՈԼՔ», գրական–գեղարվեստական և գիտ․ ամսագիր։ Լույս է տեսել 1928-ին, Փարիզում (ընդամենը 6 համար)։ Խմբագրական կոլեգիա՝ Ե․ Չուբար, Զ․ Եսայան և ուրիշներ։ Սփյուռքի նոր սերնդին ծանոթացրել է Սովետական Հայաստանի գրական կյանքին, ռուս. սովետական և եվրոպ․ առաջադեմ գրողների ստեղծագործություններին, պրոլետարական գրականությունը համարել ժամանակի գրական կյանքի ամենակարևոր երևույթը։ Տպագրել է Ն․ Սարաֆյանի, Զ․ Որբունու, Մ․ Գորկու, Ի․ Բաբելի, Ա․ Բարբյուսի և ուրիշների ստեղծագործությունները։ Զգալի տեղ է հատկացրել հայ սովետական գրականությանը (Հ․ Հակոբյան, Ե․ Չարենց, Դ․ Սարյան և ուրիշներ)։ Մ․ Բաբլոյան
ՑՈԿՈԼ (< իտալ․ Zoccolo), 1․Ց․ շ ի ն ա ր ա ր ու թ յ ա ն մեջ, շենքի կամ կառույցի արտաքին պատի ներքևի մասը, որը նստած է անմիջապես հիմքի վրա։ Ց–ի արտաքին (վերգետնյա) մակերևույթները պատրաստում են երկարակյաց շինանյութերից։ Ինդուստրիալ շինարարության դեպքում Ց․ պատրաստում են խոշոր բետոնե բլոկներից կամ երկաթբետոնե պանելներից։ 2․ Ց․ լ ու ս ա տ ե խ ն ի կ ա յ ու մ, էլեկտրական լամպի մաս, որը ծառայում է լամպը կոթառի մեջ տեղադրելու և էլեկտրական ցանցի հետ նրա կոնտակտն ապահովելու համար։ Շիկացման լամպերի համար կան պարուրակային, բույթավոր, գլանաձև սևեռող և այլ, իսկ լյումինեսցենտային լամպերի համար՝ երկցցիկ, առանց ցցիկների Ց–ներ։
ՑՈՂ, երկրի մակերևույթին մթնոլորտից առաջացած մանր ջրային կաթիլներ։ Առաջանում է, երբ ջերմային ճառագայթման հետևանքով երկրի մակերևույթի և նրա հետ շփվող օդի ջերմաստիճանը նվազելով հասնում է կրիտիկական աստիճանի (ցողի կետին), և օդում պարունակվող ջրային գոլորշին խտանալով, փոքր կաթիլների ձևով նստում է ծառերի, տերևների, խոտի, հողի ու այլ առարկաների վրա։ Դիտարկումներից պարզվել է, որ Ց–ի մի մասն առաջանում է նաև հողի ստորին շերտերից վեր բարձրացող ջրային գոլորշիների խտացման հետևանքով։ Ց․ առաջանում է առավելապես պարզ եղանակին, երբ թույլ քամի է։ Բարեխառն լայնություններում Ց․ մեկ գիշերվա ընթացքում կարող է առաջացնել մինչև 0,1–0,3 մմ տեղումներ։
ՑՈՂԱՄԱՐԳ, գյուղ ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հվ․։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, ավտոմատ հեռախոսակայան, կինո, բուժկայան, անասնաբուժական տեղամաս։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (մ․ թ․ ա․ I հազարամյակ), գերեզմանոց։ Բնակիչների նախնիները եկել են Սվազի վիլայեթից, 1828–30-ին։
ՑՈՂԻ ԿԵՏ, այն ջերմաստիճանը, մինչև որը պետք է հովանա օդը կամ մեկ այլ գազ, որպեսզի դրանցում պարունակվող ջրային գոլորշին հասնի հագեցման վիճակի։ Ց․ կ–ին հասնելիս օդում կամ օդի հետ շփվող առարկաների վրա սկսվում է ջրային գոլորշու կոնդենսացումը (ցող է առաջանում)։ Ց․ կ․ օդի խոնավության հիմնական բնութագրերից է․ այն կարելի է հաշվել օդի ջերմաստիճանի և խոնավության արժեքներով կամ անմիջականորեն որոշել կոնդենսացման խոնավաչափով։ Եթե հարաբերական խոնավությունը փոքր է 100%-ից, ապա Ց․ կ․ միշտ ցածր է օդի փաստացի ջերմաստիճանից, ընդ որում այնքան ավելի ցածր՝ որքան քիչ է հարաբերական խոնավությունը։ Հագեցման ժամանակ, այսինքն՝ 100% հարաբերական խոնավության դեպքում, փաստացի ջերմաստիճանը համընկնում է Ց․ կ–ին։
ՑՈՂԻԿ (Drosera), ց ո ղ ա բ ու յ ս, ցողիկազգիների ընտանիքի միջատակեր բույսերի ցեղ։ Բազմամյա, հազվադեպ միամյա, սողացող կամ պալարանման կոճղարմատով և կլոր, երկարավուն տերևների վարդակով բույսեր են։ Տերևները պատված են կարմիր գլխիկներ ունեցող գեղձային մազիկներով։ Դրանցով բռնվում են տերևի վրա ընկած միջատները, իսկ գեղձերի արտադրած կպչուն հեղուկի պարունակած օրգ․ թթուները և մարսողական ֆերմենտները քայքայում են բռնված միջատի սպիտակուցները և լրացնում սննդանյութերի պակասը։ Ծաղիկները մեկական են կամ ողկույզներով։ Պտուղը տուփիկ է։ Հայտնի է մոտ 100 տեսակ՝ տարածված արևադարձային և բարեխառն գոտիներում: ՍՍՀՄ-ում կա 4 տեսակ․ Ց․ կլորատերև (D․ rotundifolia), դեղաբույս է, թունավոր, օգտագործվում է ժող․ բժշկության մեջ, Ց․ անգլիական (D․ anglica), Ց․ միջանկյալ (D․ intermedia), Ց․ հակառակ ձվաձև (D․ obovata)։
ՑՈՂՈՒՆ (caulis), բարձրակարգ բույսերի առանցքային օրգան, որը տերևների հետ կազմում է ընձյուղ։ Կատարում է միջնորդի դեր բույսի կլանող (արմատ) և ֆոտոսինթեզ կատարող (տերև) օրգանների միջև, մեծացնում բույսի ասիմիլյացիոն մակերեսը ճյուղերի և տերևների, ինչպես նաև ծաղիկների, պտուղների դասավորության կարգավորման շնորհիվ։ Կարող է մասնակցել ջրի և պաշարանյութերի կուտակմանը, ֆոտոսինթեզին։ Հենարանի դեր է կատարում բազմամյա ծառաբույսերի ողջ սաղարթի համար։ Ց–ի այն հատվածները, որոնցից աճում են կողքային օրգանները (ճյուղեր, տերևներ ևն), կոչվում են հանգույցներ, իսկ դրանց միջև գտնվող հատվածները՝ միջհանգույցներ։ Ց․ ըստ ձևի լինում է՝ գլանաձև (առավել տարածվածը), եռանիստ (բոշխ), քառանիստ (շրթնածաղկավորներ), բազմանիստ, տափակած (կռզի), ըստ դիրքի՝ կանգուն, պառկած, սողացող, մագլցող ևն, վերգետնյա և ստորգետնյա։ Ց–ի երկարությունը՝ 1–1,5 մմ-ից (քաղցրահամ