Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սառնամանիքներից, 20 սմ ձյան շերտի տակ դիմանում է մինչև –20°C, իսկ 30–60 սմ ձյան շերտի տակ՝ –40°Շ–ին։ Գարնանացան Ց–ի ծիլերը դիմանում են –13°C սառնամանիքներին, իսկ թփակալման փուլում՝ –8–9°C, ծաղկման ու հատիկալիցքի փուլում՝ –1–2°C սառնամանիքի պայմաններում վնասվում է։ ՀՍՍՀ–ում աշնանացան Ց–ի վեգետացիայի տևողությունը Արարատյան դաշտում 260–270 օր է, Սիսիանում՝ 300 օր, Վարդենիսում՝ 310–315 օր, գարնանացան Ց–ինը՝ Սիսիանում՝ 117 –120 օր, Վարդենիսում՝ 122–128 օր։ Ց․ պահանջկոտ է խոնավության և պարարտանյութերի նկատմամբ։

Ց․ կարևորագույն պարենային կուլտուրա է։ Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեշ։ Ց–ից ստանում են նաև սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ ևն։ Հատիկը, աղացման թավւոնները արժեքավոր կեր են, հումք են համակցված կերերի համար։ Ց․ սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է սպիտակուցներ (10–25%), ածխաջրեր (60–64%), ճարպեր (շուրջ 2%), թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, հանքային նյութեր։

Ց․ հնագույն կուլտուրա է։ Այն հայտնի էր Առաջավոր Ասիայում (Իրաք, Սիրիա, Իրան) և Թուրքմենիայում մ․ թ․ 6–7 հզ․ տարի, Եգիպտոսում՝ 4 հզ․ տարի առաջ, Չինաստանում սկսել են մշակել մ․ թ․ 3 հզ․ տարի առաջ։ Անդրկովկասում Ց․ հայտնի էր մ․ թ․ 5–4 հզ․ տարի առաջ։ Ամերիկա է տարվել XVII դ․։ 1939–41-ին ՀՍՍՀ–ում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է հացահատիկի ածխացած հատիկներ։ Մ․ Գ․ Թումանյանի ուսումնասիրություններից պարզվել է, որ դրանք Ց–ի հատիկներ են և որ 2,5 հզ․ տարի առաջ այս տարածքում մշակվել է մերկհատիկ Ց. (Т․ aestivum), որը մինչև այժմ էլ մշակվում է Արարատյան դաշտում։

1978-ին Ց–ի համաշխարհային ցանքատարածությունը (առավելապես ՍՍՀՄ, Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Կանադա) 232 մլն հա էր, միջին բերքատվությունը՝ 19 ց/հա։ ՄՍՀՄ–ում 1980-ին Ց–ի ցանքատարածությունը 61,5 մլն հա էր, միջին բերքատվությունը, աշնանացան Ց-ինը` 22,1 ց/հա (առաջավոր տնտեսություններում՝ մինչև 10ց/հա), գարնանացանինը՝ 12,4 ց/հա։ ՀՍՍՀ–ում մշակվում է շուրջ 100 հզ․ հա։

1980-ին ՍՍՀՄ–ում շրջանացվել են աշնանացան փափուկ Ց–ի Բեզոստայա 1 և Միրոնովսկայա 808 սորտերը (աշնանացան Ց–ի ցանքատարածության շուրջ 75%–ը)։ Սրանք մշակվում են նաև Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, ԳԴՀ–ում, Չեխոսլովակիայումն այլուր։ Զգալի տարածություն են զբաղեցնում փափուկ Ց–ի Իլյիչյովկա, Միրոնովսկայա յուբիլեյնայա, Կավկազ, Ռոստովչանկա, Օդեսկայա 51, Պրիբոյ, Դնեպրովսկայա 521, Կրասնոդարսկայա 39, Պոլեսկայա 70, կարծր Ց–ի Նովոմիչուրինկո, Օդեսկայա յուբիլեյնայա սորտերը։

1970-ական թթ․ արտադրության մեջ ներդրվեց նոր պարենային կուլտուրա՝ Տրիտիկալեն (Triticale), որն ստացվել է Ց–ի և աշորայի խաչաձևումից, որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են։

ՀՍՍՀ–ում շրջանացված են աշնանացան Ց–ի Բեզոստայա 1, Միրոնովսկայա 808, Կանգուն 20, Սպիտակահատ տեղական, Ինտենսիվնայա, էրիտրոսպերմում 127, Օդեսկայա 75, գարնանացան Ց–ի Գալգալոս, Նոր կունդիկ, Մետտե ցերրոս և Շիրակի 1 սորտերը։

Գրկ․ Մ ա թ և ո ս յ ա ն Ա․, Բուսաբուծություն, 2 վերամշկ․ և վերափոխված հրտ․, Ե․, 1977; Т у м а н я н М․ Г․, Избр․ труды, Е․, 1957; Пшеница в СССР, под ред․ П․ М․ Жуковского, М․–Д․, 1957; В а в и л о в Н․ И․, Мировые ресурсы сортов хлебных злаков, зерновых, бобовых, льна и их использование в селекции․ Пшеница, М․–Д․, 1964; Ж у к о в с к и й П- М․, Культурные растения и их сородичи, 3 перераб․ и доп․ изд․, Д․, 1971․ Ա․ Մաթևոսյան

ՑՎԱՅԳ (Zweig) Առնոլդ (1887–1968), գերմանացի գրող, հասարակական գործիչ (ԳԴՀ)։ ժող․ պալատի դեպուտատ (1949–67)։ Արվեստների գերմ․ ակադեմիայի պրեզիդենտ (1950–53)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) մասնակից։ 1933-ից հետո ապրել է տարագրության մեջ։ 1948-ին վերադարձել է Բեռլին (ԳԴՀ)։ Ց–ին առաջին հաջողությունը բերել են «Գրառումներ Կլոպֆեր ընտանիքի մասին»(1911) վիպակը, «Նովելներ Կլավդիայի մասին» (1912) վեպը և «Ծիսական սպանություն Հունգարիայում» (1914, Հ․ Կլայստի անվ․ մրցանակ, 1915) դրաման։ 1927-ին հրատարակված «Վեճ ենթասպա Գրիշայի շուրջը» վեպը հիմք հանդիսացավ առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող «Սպիտակամորթ մարդկանց մեծ պատերազմը» էպիկական շարքի համար, որի վրա նա աշխատել է ամբողջ կյանքում։ Շարքն ընդգրկում է «ժամանակը հասունացել է» (1957), «1914 թվականի երիտասարդ կինը» (1931), «Դաստիարակություն Վերդենի մոտ» (1935), «Անդորր» (1954), «Գահ բարձրացնելը» (1937) և «Սառույցը շարժվեց» (անավարտ) վեպերը։ Նշանակալի է «Վանդսբեկյան կացին» (հրտ․ 1943, իվրիտերեն, թրգմ․ գերմ․ ձեռագրից) վեպը, որի գլխ․ թեման հիտլերյան վարչակարգի բարոյական անկումկ ու ֆաշիզմի համար ճանապարհ բացած մանրբուրժ․ տարրերի մերկացումն է։ «Երազանքը թանկ է» (1962) վեպում Ց․ բացահայտել է ֆաշիզմի տարիներին կատարվածի համար գերմանացի մտավորականի կողմից սեփական պատասխանատվության գիտակցման դժվարին պրոցեսը։ ԳԴՀ–ի ազգ․ մրցանակ (1950), «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1958)։

ՑՎԱՅԳ (Zweig) Ստեֆան (28․11․1881, Վիեննա – 22․2․1942, Պեարոպոլիս, Բրազիլիա), ավստրիացի գրող։ Ռոմանագիտություն ու գերմանագիտություն է ուսումնասիրել Վիեննայի և Բեռլինի համալսարաններում։ Շատ է ճանապարհորդել։ 1928-ին այցելել է ՍՄՀՄ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին ունեցել է պացիֆիստական դիրքորոշում։ 1934-ից ապրել է տարագրության մեջ (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Բրազիլի ա)։ Չդիմանալով հայրենիքի կարոտին, մոլեգնող պատերազմի դեմ-հանդիման հույսը կորցրած՝ ինքնասպան է եղել։

«Առաջին ապրումները» (1911), «Ամոկ» (1922), «Զգացմունքների խռովք» (1927) նովելների ժողովածուներում դրսևորել է հոգեբանության գաղտնարանները թափանցելու ձգտում՝ պատկերելով հերոսների անձնական կյանքի բարդ բախումներր։ Իր կոլորիտով նովելներին մոտ է «Սրտի անհամբերություն» (1939) վեպը։ Ց–ի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում կենսագրական վեպերը, Էսսեները, ակնարկները։ Նրա վիպականացված կենսագրությունները (Ստենդալ, Լ․ Տոլստոյ, Զ․ Ֆրեյդ, Ֆ․ Նիցշե), որտեղ թեև փաստերը միշտ չեն ճշգրիտ, հաճախ էլ ազատակամորեն է մեկնվում պատմական անձի կյանքն ու գործը, գրավում են քննադատական մտածողության պատկերավորությամբ, պատմ․ կոլորիտ ստեղծելու և ստեղծագործող անհատի հոգեբանության մեջ թափանցելու կարողությամբ․ է․ Վերհառնի (1917), Ռ․ Ռոլանի (1921) մասին Էսսեները, «Աշխարհը կառուցողները» (1920–28) կենսագրությունների շարքը։ Ց․ մոտ երեսուն տարի աշխատել է Օ․ Բալզակի կենսագրության վրա (հրտ․ 1946)։ Ց–ի հումանիստական հայացքների վերացականությունը հատկապես նկատելի է նրա «Երեկվա աշխարհը» (հրտ․ 1944) հուշերի գրքում և «Հանդիպումներ մարդկանց, գրքերի, քաղաքների հետ» (1937) ճառերի, էսսեների, քննադատական ելույթների ժողովածուում։ «Մագելան» (1938) և «Ամերիգո» (հրտ․ 1942, հայ․ հրտ․ 1962) վեպերում մարդկային հանճարի խիզախումների նկատմամբ Ց–ի հավատի վերջին բռնկումներն արդեն անկարող էին մեղմացնել նրա ստեղծագործության և աշխարհայացքի մեջ վաղուց ի վեր հասունացող ճըգնաժամը։

Երկ Ընտ․ նովելներ, Ե․, 1942։ 24 ժամ մի կնոջ կյանքից, Ե․, 1944։ Մարդկության աստեղային ժամերը, Ե․, 1974։ Собр․ соч․, т․ 1–4, пер․ с нем․, М․, 1982 – 1984։

ՑՎԵՏ Միխայիլ Աեմյոնովիչ (1872–1919), ռուս բուսաբան–ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս։ Ավարտել է ժնևի համալսարանը (1893)։ 1908-ից բուսաբանություն է դասավանդել Վարշավայի համալսարանում, 1908-ից՝ պոլիտեխնիկական ինստ–ում, 1917-ից՝ Յուրևի (այժմ՝ Տարտու), 1918-ից՝ Վորոնեժի համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի պլաստիդների և պիգմենտների ուսումնասիրմանը և դրանց հետազոտության մեթոդների մշակմանը։ Կարևոր նշանակություն ունի տարբեր կլանիչներով (ադսորբենտներ) հետազոտվող խառնուրդի բաղադրիչների ընտրողական կլանման վրա հիմնված նյութերի բաժանման Ց–ի մեթոդը (1903)։ Այդ մեթոդով մաքուր ձևով առանձնացրել է a, b և с քլորոֆիլները և քսանտոֆիլի որոշ իզոմերներ։ Ց–ի հայտնագործությունը հիմք է հանդիսացել քրոմատագրաֆիայի մի շարք նոր ուղղությունների ստեղծման համար։