Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ (Շեքսպիրի բացասական գնահատականը «Շեքսպիրի և դրամայի մասին» հոդվածում, 1903–04)։

Տ–ի անհաշտելի կոնֆլիկտը տիրող իրականության և ըմբռնումների, սեփական ընտանիքի անդամների հետ նրան, ի վերջո, ստիպեց գաղտնի հեռանալ Ցասնայա Պոլյանայից։ Այդ փախուստի ճանապարհին էլ նա Աստապովո կայարանում հիվանդացավ ու վախճանվեց։

Տ–ի ստեղծագործությունը դեռ գրողի կենդանության ժամանակ ձեռք բերեց համաշխարհային պատմ․ արժեք։ «Նրա համաշխարհային նշանակությունը, իբրև գեղարվեստագետի, նրա համաշխարհային հռչակը, իբրև մտածողի և քարոզչի, թե մեկը և թե մյուսը յուրովի արտացոլում է ռուսական հեղափոխության համաշխարհային նշանակությունը»,– գրել է Վ․ Ի․ Լենինը, ցույց տալով, որ նրա երկերը հենց դրա շնորհիվ դարձան «առաջընթաց քայլ ամբողջ մարդկության գեղարվեստական զարգացման մեջ (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 20, էջ 22)։

Տոլստոյական ավանդույթները վիթխարի դեր են խաղացել ռուս դասական և սովետական գրկ-յան հետագա ողջ զարգացման մեջ՝ Ա․ Չեխովից և Մ․ Գորկուց մինչև Ա․ Ֆադեև ու Մ․ Շոլոխով, մինչև ժամանակակից խոշորագույն հեղինակները։ Տ–ի վիթխարի նշանակության, նրանից կրած կենարար ազդեցության մասին խոսել են Գի դը Մոպասանն ու Ա․ Ֆրանսը, Ռ․ Ռոլանն ու Թ․ Մանը, P․ Շոուն և Ջ․ Գոլսուորդին, Ս․ Ցվայգն ու Գ․ Հաուպտմանը, Է․ Հեմինգուեյը և շատ ուրիշ արվեստագետներ։ Դեռևս Տ–ի կենդանության օրոք Մ․ Գորկին նրա ստեղծագործությունը գնահատել է «իբրև հանրագումար այն ամենի, ինչ վերապրել է ռուս հասարակությունը ամբողջ XIX դ․ ընթացքում» և ավելացրել է․ «Տոլստոյը խորապես ազգային է, նա ապշեցուցիչ լրիվությամբ մարմնավորում է իր հոգում ռուսական բարդ հոգեբանության բոլոր առանձնահատկությունները․․․ Տոլստոյը մի ամբողջ աշխարհ է» (Горький М․, История русской литературы, М․, 1939, с․ 245– 46)։

Տ–ի բազմակողմանի կապերը հայ գրկ–յան հետ սկսվել են անցյալ դարի 80-ական թթ․, երբ հայկ. մամուլում, ապա նաև առանձին գրքերով երևան են եկել նրա գործերի թարգմանությունները։ Գեղարվեստ․ երկերի հետ միասին մեծ ուշադրության են արժանացել նաև Տ–ի հրապարակախոսական հոդվածները, որոնց մեջ արծարծված են հասարակական կյանքի ու բարոյականության սուր, հրատապ հարցեր։ Հայ մամուլում հրապարակվել են բազմակիվ նյութեր նրա ստեղծագործության, կյանքի և անձնավորության վերաբերյալ։ Ս․ Շահումյանը և Ս․ Սպանդարյանը իրենց հոդվածներում լենինյան դիրքերից տվել են Տ–ի ստեղծագործության և աշխարհայացքի խոր բնութագիրը, մերժել լիբերալբուրժ․ մամուլի փորձերը՝ իդեալականացնելու նրա ուսմունքի հետադիմական կողմերը, նրան ներկայացնելու իբրև «կյանքի ուսուցիչ»։

1910-ական թթ․ Տ–ի մասին հոդվածներով հանդես են եկել նաև Հ․ Թումանյանը, Ա․ Շիրվանզադեն, Վ․ Տերյանը, Հ․ Սուրխաթյանը և ուրիշներ։ Ըստ Թումանյանի՝ Տ․ «․․․ հանդիսանում էր իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժը, որ կարող էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը․․․» (Թ ու մ ա ն յան Հ․, Երկ․ Ժող․, հ․ 4, 1951, էջ 154)։ Իսկ Վ․ Տերյանը, որը մասնակցել է Տ–ի թաղմանը, նշել է, որ մեծ գրողը «ամբողջ աշխարհին, բոլոր մարդկությանն է պատկանում» (Տերյան Վ․, Երկ․ ժող․, հ․ 3, 1975, էջ 22)։

Ետհոկտեմբերյան տարիներին, հատկապես մեծ գրողի հոբելյանների առիթով, հայ մամուլում տպագրվել են բազմաթիվ հոդվածներ՝ Տ–ի ստեղծագործության գեղարվեստ․ արժեքի գնահատականներով։ Ս․ Զորյանը իր հոդվածներից մեկում գրել է․ «Լև Տոլստոյն իրոք մի արտակարգ հսկա է և մնում է չգերազանցված։ Վիպական արվեստի մեջ ոչ միայն ռուս գրողները, այլև, իմ խորին համոզումով, աշխարհի գրողներից և ոչ մեկը չի կարող հավասարվել նրան՝ իր ընդգրկումով, իր խորությամբ, իր ճշմարտաշունչ արվեստով» (Զ ո ր յ ա ն Ս․, Երկ․ ժող․, հ․ 10, 1964, էջ 390)։

Առանձին գրքերով և ժող–ներով բազմիցս լույս են տեսել Տ–ի գրեթե բոլոր հիմնական գեղարվեստ. երկերի հայերեն թարգմանությունները։ Այդ գործին մասնակցել են շատ հայ գրողներ ու թարգմանիչներ՝ Պ․ Պռոշյանը («Մանկություն և պատանեկություն», «Կովկասի գերին»), Տ․ Հովհաննիսյանը («Հարություն»), Ե․Օտյանը («Աննա Կարենինա»՝ ֆրանսերենից), Է․ Ամատունին («Պատերազմ և խաղաղություն»՝ ֆրանսերենից), Վ․ Տեր–Առաքելյանը («Աննա Կարենինա»), Ս․ Զորյանը («Պատերազմ և խաղաղություն», «Կազակներ», «Սևաստոպոլյան պատմվածքներ») և ուրիշներ։ Տ–ի «Կենդանի դիակ» դրաման մի քանի անգամ բեմադրվել է հայկ․ թատրոններում։

Տ․ նամակակցել է Ատրպետի հետ։ Գ․ Բաշինջաղյանը 1916-ին նկարել է նրան («Լև Տոլստոյը Ցասնայա Պոլյանայում»), իսկ Վ․ Սուրենյանցը՝ Հաջի–Մուրադին (ըստ Տոլստոյի համանուն վեպի)։

Տ–ի երկերը կինոնկարահանվել են թե′ գրողի հայրենիքում, թե′ արտասահմանում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա, Իտալիա, Հունգարիա, Չեխոսլովակիա ևն)։ Սովետական շրջանում էկրանացվել են «Կենդանի դիակ» (1952), «Հարություն» (1960–62), «Պատերազմ և խաղաղություն» (1966–67), «Աննա Կարենինա» (1968) և այլ գործեր։

Տ–ի տուն–թանգարաններ կան Ցասնայա Պոլյանայում, Մոսկվայում, պետ․ թանգարան՝ Մոսկվայում, թանգարան՝ Լև Տոլստոյ (նախկին Աստապովո) կայարանում և այլուր։

Երկ․ Полн․ собр․ соч․, т․ 1–90, М․–Л․, 1928-58; Собр․ соч․, т․ 1-20-․․․, М․, 1978-1984-․․․; Ընտ․ երկ․, հ․ 1-6, Ե․-Մ․, 1935-40։ Երկ․ ժող․, հ․ 1-10, Ե․, 1948-50։ Երկ․, Ե․, 1982։

Գրկ․ Լ ե ն ի ն Վ․ Ի․, Լև Տոլստոյ, Ե․, 1979։ Շ ա հ ու մ յ ա ն Ս․, Ս պ ա ն դ ա ր յ ա ն Ս․, Լև Տոլստոյի մասին, Ե․, 1953։ Ա ր ե շ յ ա ն Ս․, Լև Տոլստոյ, Ե․, 1960։ Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն Ռ․, Լև Տոլստոյը և հայ գրական կյանքը, Ե․, 1964։ Э й х е н б а у м Б․ М․, Л․ Толстой, кн․ 1–2, М,–Л․, 1928– 1931; Ն ու յ ն ի, Л․ Толстой․ Семидесятые годы, Л․, 1960; Б ы ч к о в С․ П․, Л․ Н․ Толстой․ Очерк творчества, М․, 1954; Г у с е в Н․ Н․, Л․ Н․ Толстой․ Материалы к биографии (в четырех книгах), М․, 1954–70; Ն ու յ ն ի, Летопись жизни и творчества Л․ Н․ Толстого [т․ 1–2], М․, 1958–60; М о т ы л е в а Т․ Д․, О мировом значении Л․ Н․ Толстого, М․, 1957; М ы ш к о в с к а я Л․ М․, Мастерство Л․ Н․ Толстого, М․, 1958; Л․ Н․ Толстой в русской критике, 3 изд․, М․, 1960; Г у д з и й Н․ К․, Лев Толстой, З изд․, перераб․ и доп․, М․, 1960; Ш к л о в с к и й В․ Б․, Лев Толстой, 2 испр․ изд․, М․, 1967; Б у р с о в Б․ И․, Л․ Н․ Толстой, Семинарий, Л․, 1963; Л а к ш и н В. Я․, Толстой и Чехов, 2 испр․ изд․, М․, 1975; Л о м у н о в К․ Н․, Лев Толстой в современном мире, М․, 1975; Ն ու յ ն ի, Ленин читает Толстого, 3 изд․, М․, 1980; Х р а п ч е н к о М․ Б․, Лев Толстой как художник, 4 изд․, М․, 1978; М а к о в и ц к и й Д․ П․, У Толстого, Яснополянские записки․ 1904 – 1910, т․ 1–4, М․, 1979․ Է․Ջրբաշյան

ՏՈԼՍՏՈՅ Ֆեոդոր Պետրովիչ (1783-1873), ռուս քանդակագործ, նկարիչ։ Հաճախել է (1804-ից) Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, որտեղ և դասավանդել է 1825–28-ին․ պրոֆեսոր (1842-ից), պատվավոր անդամ (1809-ից), վիցեպրեզիդենտ (1828–59) և պրեզիդենտի ընկեր (տեղակալ, 1859–68)։ Տ–ի նրբագեղ, անտիկ արվեստի բանաստեղծականությամբ տոգորված աշխատանքներում կլասիցիզմի սկզբունքները դրսևորվել են նոր, ռոմանտիկական մեկնաբանությամբ (Հոմերոսի «Ոդիսականի» տեսարաններով հարթաքանդակներ, մոմ, 1810, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Ց–ի առավել նշանակալից աշխատանքը 1812-ի հայրենական պատերազմին և ռուս բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին նվիրված 21 մեդալիոնն է (մոմ, 1814–36, Ռուս, թանգարան, Լենինգրադ, գիպս, Տրետյակովյան պատկերասրահ և այլուր)։ Պատկերազարդել է Ի․ Ֆ․ Բոգդանովիչի «Դուշենկա»-ն (1820– 1833, Տրետյակովյան պատկերասրահ, հրտ․ 1850), ստեղծել «ինտերիերների գեղանկարներ» ժանրի նկարներ, նատյուրմորտներ։

Ֆ․ Պ․ Տոլստոյ․ «Ուլիսը ստանում է Պենելոպեի փեսացուներին*, բարձրաքանդակ, գալվանապլաստիկա (Ռուսական թանգարան, Լենինգրադ) ՏՈԼՍՏՈՎ Սերգեյ Պավլովիչ (1907-1976), սովետական ազգագրագետ, հնագետ, պատմաբան– արևելագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1953)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։