Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստացված նախնական տվյալներ կան նաև քվարկ-գլուոնային ավելի բարդ համակարգերի գոյության վերաբերյալ։ Ք. ք-ի տեսական արդյունքները հանգեցրել են այն եզրակացությանը, որ, ֆիզիկ. վակուումի բնութագրերից ելնելով, կարելի է հասկանալ քվարկների և գլուոնների «ազատազրկման» մեխանիզմը և նույնիսկ վերարտադրել հադրոնների զանգվածները և ֆիզիկ. ուրիշ հատկություններ։ Ա Խոջամիրյան

ՔՎԱՆՏԱՑՈՒՄ, միկրոօբյեկտների վիճակը բնութագրող որոշ ֆիզիկ. մեծությունների՝ ընդհատուն արժեքներ ստանալը։ Այսպես, ընդհատուն արժեքներ է ընդունում ատոմի էներգիան, քվանտացած է միկրոօբյեկտների շարժման քանակի մոմենտը (ուղեծրային, սպինային և լրիվ): Ֆիզիկ. մեծությունների ընդհատունության գաղափարն առաջինը մուծել է Մ. Պլանկը, 1900-ին՝ սև ճառագայթման պրոբլեմն ուսումնասիրելիս։ Հետագայում Ք-ման գաղափարը զարգացրել են Ա. Էյնշտեյնը և ուրիշներ։ Ք. ասելով, հասկանում են նաև անցում դասական գաղափարներից միկրոաշխարհի համապատասխան գաղափարներին։

Է. Չուբարյան

ՔՎԱՆՏԱՑՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ, ֆիզիկայում կիրառվող մեթոդ՝ մեծ թվով նույնանման մասնիկներից բաղկացած համակարգերի ուսումնասիրման համար։ Այդպիսի համակարգերի վարքը նկարագրելու համար օգտվում են այսպես կոչված լրացման թվերի պատկերացումից, ըստ որի փոփոխականները ոչ թե կոորդինատներն են, այլ տարբեր վիճակներում գտնվող մասնիկների թիվը։ Ք. ե. հարմար մաթ. ապարատ է հատկապես այն դեպքերում, երբ մասնիկների թիվը յուրաքանչյուր քվանտային վիճակում, ինչպես նաև ամբողջ համակարգում, չի պահպանվում։ Երկրորդային քվանտացման մեթոդը լայնորեն կիրառվում է ճառագայթման քվանտային տեսության մեջ, քվանտային էլեկտրադինամիկայում և դաշտերի քվանտային տեսության մեջ։ Այս մեթոդը հանգեցնում է մասնիկային պատկերի, երբ դաշտի էներգիան և իմպուլսը հավասար են առանձին մասնիկների էներգիաների և իմպուլսների գումարին։ Համակարգի ալիքային ֆունկցիան կախված է ու լրացման թվերից, ուստի օպերատորներն ազդում են լրացման թվերից կախված ֆունկցիաների վրա։ Այդ օպերատորների ազդեցությունն ալիքային ֆունկցիայի վրա հանգեցնում է կամ մասնիկի ծնմանը (ծնման â+ օպերատոր) կամ ոչնչացմանը (ոչնչացման а օպերատոր): â+ և â օպերատորների կոմուտացման առնչությունները պայմանավորված են նրանով, թե համակարգը կազմող մասնիկները որ վիճակագրությանն են ենթարկվում՝ Բոզե-Էյնշտեյնի, թե՞ Ֆերմի-Դիրակի։ Ֆերմի-մասնիկների դեպքում յուրաքանչյուր քվանտային վիճակում չի կարող գտնվել մեկից ավելի մասնիկ, այնինչ բոզե-մասնիկների դեպքում դրանց թիվն անսահմանափակ է։ Երկրորդային քվանտացման մեթոդն առաջարկել է Պ. Դիրակը (1927), հետագայում զարգացրել է Վ. Ա. Ֆոկը (1932):

Գրկ. Ахиезер А. И., Берестецкий В. Б., Квантовая электродинамика, 3 изд., М., 1969; Займан Дж., Современная квантовая теория, [пер. с англ.], М., 1971.

Է. Չուբարյան

ՔՎԱՆՏԱՑՈՒՄ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ-ԺԱՄԱՆԱԿԻ, դաշտի քվանտային տեսության՝ վերջավոր նվազագույն հեռավորությունների և ժամանակահատվածների գոյության վարկածի վրա հիմնված ընդհանրացումների ընդհանուր անվանումը։ Այդպիսի ընդհանրացումների նպատակն է կառուցել հակասություններից զերծ մի տեսություն, որում ֆիզիկ. բոլոր մեծությունները լինեն վերջավոր։ Տարածության և ժամանակի մասին արդի պատկերացումները ֆիզիկայում հիմնված են մակրոսկոպիկ օբյեկտների, մեծ հեռավորությունների և ժամանակահատվածների ուսումնասիրության վրա։ Այդ պատկերացումներն անցել են նաև միկրոօբյեկտների տիրույթը։ Սակայն, տարրական մասնիկների տեսության մեջ ծագող մի շարք դժվարություններ հանգեցնում են այն մտքին, որ մեր պատկերացումները միկրոաշխարհի բնութագրական տարածությունների և ժամանակամիջոցների համար վերանայման կարիք են զգում։ Առաջարկված են տարածաժամանակային պատկերացումների մի քանի տարբերակներ։ Սակայն, բոլոր ձևակերպումներում էլ տեսության մեջ ներմուծվում են մի նոր ունիվերսալ հաստատուն՝ ֆունդամենտալ (նվազագույն) երկարությունը (l) և դրան համապատասխան ֆունդամենտալ ժամանակը (t=l/c, c-ն լույսի արագությունն է): Այս հաստատումների ներմուծումը նշանակում է, որ հեռավորությունների չափումը հնարավոր է l-ի, իսկ ժամանակինը՝ l/с կարգի ճշտությամբ։ Մեծ հեռավորությունների և ժամանակահատվածների դեպքում ֆունդամենտալ երկարությունը կարելի է համարել անվերջ փոքր, այդ իսկ պատճառով տարածաժամանակային երկրաչափությունը դառնում է սովորական։ Սակայն փոքր հեռավորությունների դեպքում 1 ֆունդամենտալ երկարության ներմուծումն արգելում է λ < 1 երկարությամբ ալիքների գոյությունը։ Դա նշանակում է, որ չեն կարող գոյություն ունենալ անվերջ մեծ հաճախականության (ω < 2πc/l) և էներգիայի քվանտներ։ Տեսության այլ տարբերակներում կոորդինատները և ժամանակը դիտվում են որպես չկոմուտացվող օպերատորներ։ Գոյություն ունեցող տարբերակներից ոչ մեկում ժամանակի և տարածության քվանտացումը չի կարելի համարել ավարտված։ Տարրական մասնիկների տեսության վերջին հաջողությունները ժամանակի և տարածության մասին սովորական պատկերացումների շրջանակներում էապես թուլացրել են ֆիզիկոսների հետաքրքրությունը միկրոօբյեկտների համար երկրաչափության վերանայման նկատմամբ։

ՔՎԱՆՏԻՖԻԿԱՑՈՒՄ, 1. քվանտորի կիրառումը տրամաբանական բանաձևի նկատմամբ։ 2. Տրամաբանական գործողություն, որի միջոցով ճշգրտվում են տրամաբանական դատողության մեջ մասնակցող գաղափարների միջև փոխհարաբերությունները. օրինակ, ելնելով «Բոլոր ձկները կենդանիներ են» դատողությունից՝ Ք-ման միջոցով կարելի է ստանալ մի նոր դատողություն՝ «Բոլոր ձկները կազմում են կենդանիների մի մասը»:

ՔՎԱՆՏՈՐ (< լատ. quantum), ընդհանրության կամ գոյության հատուկ նշան պրեդիկատների տրամաբանության մեջ, երբեմն՝ այդ նշանով արտահայտվող տրամաբանական գործողությունը։ Հիմնական Ք-ներն են՝ ընդհանրության Ք. (նշանակվում է ∀ սիմվոլով) և գոյության Ք. (նշանակվում է ∃ սիմվոլով): Ի. Զասլավսկի

ՔՎԱՏԵՐՆԻՈՆՆԵՐ (< լատ. quaterni - չորսական), թվերի համակարգ։ Առաջարկել է անգլ. գիտնական Ու. Համիլտոնը (1843): Ք. ծագել են, երբ փորձեր էին արվում գտնել ավելի ընդհանուր թվային համակարգեր, քան կոմպլեքս թվերը։ Սակայն այդ որոնումները հանգեցրին այն պնդմանը, որ երեք և ավելի մեծ չափանի տարածություններում չի կարելի կառուցել այնպիսի թվային համակարգ, որտեղ հանրահաշվական գործողությունները պահպանեն իրական կամ կոմպլեքս թվերի գումարման և բազմապատկման բոլոր հատկությունները։ Բայց բազմապատկման տեղափոխական հատկությունից հրաժարվելու դեպքում քառաչափ տարածության կետերից կարելի է կառուցել թվային համակարգ, որի թվերն էլ հենց կոչվում են Ք.։ Դրանք ներկայացվում են որպես 1, i, j, k «բազիսային միավորների» գծային կոմբինացիա՝X=x0l + x1i + x2j + x3k,որտեղ x0, x1, x2, x3-ները իրական թվեր են։ Ք-ի հետ գործողությունները սահմանվում են այնպես, ինչպես 1, i, j, k-երի նկատմամբ բազմանդամների դեպքում (բացառյալ բազմապատկման տեղափոխական օրենքը): 1-ը խաղում է սովորական միավորի դեր և Ք~ի գրության մեջ կարող է բաց թողնվել.X=x0 + x1i + x2j + x3k: (*)(*)-ում տարբերում են x0 սկալյար մասը և V=x1i + x2j + x3k վեկտորական մասը, ուստի կարելի է գրել X = x0 + V: Եթե x0 = 0, ապա V քվատերնիոնը կոչվում է վեկտոր և կարող է նույնացվել սովորական եռաչափ տարածության վեկտորի հետ։ Ք., որ մտահղացվել էին որպես թվի գաղափարի ընդհանրացում, կիրառություններ գտան էլեկտրադինամիկայում և մեխանիկայում, սակայն գիտության մեջ չխաղացին նշանակալից դեր, ինչպես կոմպլեքս թվերը, և դուրս մղվեցին արդի վեկտորական հաշվի կողմից։

ՔՎԱՏԵՐՈՆ (Quateronum), պարաբուտօքսիբենզոլական թթվի α-β-երկմեթիլ-երկմեթիլամինապրոպիլային էսթերի յոդէթիլատ, հակաացետիլխոլինային (խոլինոլիտիկ) դեղանյութ, արտասովոր ուժգնությամբ հակազդում է