Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(գտնված Դվինում, Օշականում, Ողջաբերդում, Գեղամա լեռների «Ուղտի ակունք» կոչված տեղամասում, Հովհաննավանքում) նույնպես կանգնեցվում էին պատվանդանների (հիմնականում աստիճանաձև) վրա։ Գլանաձև, բազմանիստ կամ փնջաձև սյուները պսակվում էին խոյակներով, որոնք կրում էին քրիստոնեության խորհրդանշանը՝ խաչը։ VI–VII դդ․ խաչը պրոպագանդող մոնումենտալ հուշարձանները փոխարինել են փայտակերտ խաչերին, որպիսիք Հայաստանում և Վրաստանում կանգնեցվում էին քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում։ Քարակերտ «թևավոր» խաչերը նշանավորում են հայկ․ խաչքարերի զարգացման վաղագույն փուլը։ Դամբարանների ճարտ–յան ավանդույթները գալիս են վաղնջական՝ նախնադարյան համայնատիրական, Արարատյան թագավորության և հելլենիզմի ժամանակներից։ Դրա հետ մեկտեղ դամբարանների ճարտ․ աղերսներ ունի նույն դարաշրջանի վաղ սիրիական և փոքրասիական վկայարանների ճարտ–յան հետ։ Վաղագույններից են Արշակունիների դամբարանը՝ Աղցում (IV դ․) և Գրիգորիսինը (489)՝ Ամարասի վանքում (Արցախ)։ Այդ դամբարաններից առաջինի տապանատունը ստորգետնյա է (հավանաբար ունեցել է նաև վերգետնյա հարկ), իսկ երկրորդինը տեղավորված է հին եկեղեցու (հետագայում վերակառուցված) ավագ խորանի տակ։ Նույնպիսի տեղադրություն ունեն Հռիփսիմե և Գայանե կույսերին վերագրվող դամբարանները VII դ․ կառուցված նույնանուն տաճարներում։ Զովունիի դամբարանը (V դ․) տեղավորված է Ս․ Վարդան փոքրաչափ մատուռի հվ․ պատին կից։ VI–VII դդ․ մահարձանների ճարտ․ ներկայանում է Օձունի և Աղուդիի բարձրարվեստ հուշարձաններով, որոնք, ունենալով հորինվածքային որոշ ընդհանրություն, իրենց մանրամասներով էապես տարբեր են։

IV–VII դդ․ ճարտ․–գեղարվեստական արտահայտչամիջոցները համահնչյուն են օգտագործված շինանյութին (բնական քար), դարաշրջանի ճարտ–յան իշխող սկզբունքներին, գեղագիտական պատկերացումներին ու հորինվածքային լուծումներին։ Կերպարների մեկնաբանման հիմքում ընկած են եղել հատակագծային և ծավալատարածական փոխկապված լուծումները, ծավալների ու ճակատների պարզ վեհությունը, հավասարակշռությունը, համամասնական ներդաշնակությունն ու արխիտեկտոնիկան ճշմարտացի միջոցներով արտահայտելու միտումը։ Հարթ պատի բազմերանգ քարերով շարվածքը, որ կառուցվածքայինից բացի ուներ նաև գեղարվեստական նշանակություն, տվյալ ժամանակաշրջանի ճարտ–յան հիմնական հատկանիշներից է։ Շենքի արտաքին և ներքին պարզությանը հասնելու ձգտումով է պայմանավորվել հարդարման միջոցների զուսպ կիրառումը։ Դրանք կոչված էին ծառայելու շենքի առանձին դրվագների՝ դռների և լուսամուտների բացվածքների ընդգծմանը, պատերի որոշ հատվածների պլաստիկական հարըստացմանը, ճակատների հարթությունների պսակմանը։ Նախասիրված էր դըռ–

Հայկական միջնադարյան եկեղեցիների հատակագծեր

  1. Ս․ Էջմիածին, 301–303 թթ․ (վերակառուցվել է 484 թ․, XVII դ․)
  2. Բագարան․ Ս․ Թեոդորոս, 624–631 թ․
  3. Մաստարա․ Ս․ Հովհաննես, VI դ․
  4. Էջմիածին․ Ս․ Հռիփսիմե, 618 թ․
  5. Աղթամար․ Ս․ Խաչ, 915–921 թթ․
  6. Երերույքի բազիլիկա, IV–V դդ․
  7. Թալին․ Ս․ Աստվածածին (Կաթողիկե), VII դ․
  8. Պտղավանք․ VI –VII դդ․
  9. Տաթև․ Ս Պողոս–Պետրոս 895-906 թթ․
  10. Անի․ Ս․ Աստվածածին (Մայր տաճար), 989 – 1001 թթ.
  11. Փարպի․ Ս․ Թարգմանչաց, VII դ․
  12. Աշտարակ․ Ս․ Կարմրավոր, VII դ․
  13. Թալին․ «Ներսեհաշեն» («Թալինի փոքր եկեղեցի»), VII դ․
  14. Գնդեվանք, 936 թ․
  15. Անի. Ս․ Առաքելոց, 1004–1031 թթ․
  16. Եղվարդ․ Ս․ Զորավար, 661–685 թթ․
  17. Անի․ Ս․ Փրկիչ, 1036 թ․
  18. Անի․ «Հովվի եկեղեցի», XI դ․
  19. Խծկոնք․ Ս․ Սարգիս, 1027 թ․
  20. Անի, Ս. Գրիգոր Լուսավորիչ («Գագկաշեն»), 1001-1010 թթ.