վերանայում (երաժշտական խմբագիրներ՝ Ա․ Շահվերդյան և Լ․ Խոջա–Էյնաթյան), որով փաստորեն ստեղծվել է օպերայի մի նոր խմբագրություն։ Դա է, որ բեմադրվել է Երևանում, երեք անգամ․ 1945-ին՝ դիրիժոր՝ Մ․ Թավրիզյան, ռեժիսոր՝ Ա․ Գուլակյան, նկարիչ՝ Պ․ Անանյան, 1956-ին՝ դիրիժոր՝ Ս․ Չարեքյան, ռեժիսոր՝ Վ․ Վարդանյան, նկարիչներ՝ Ա․ Միրզոյան և Ա․ Շաքարյան և 1971-ին՝ դիրիժոր՝ Օ․ Դուրյան, ռեժիսոր՝ Ն․ Սարգսյան, նկարիչ՝ Ռ․ Նալբանդյան։ Ներկայացումներին մասնակցել են՝ Պ․ Լիսիցյանը, Շ․ Տալյանը և Մ․ Երկաթը (Արշակ), Հ․ Դանիելյանը և Գ․ Գասպարյանը (Օլիմպիա), Տ․ Սազանդարյանը (Փառանձեմ) և ուրիշներ։ Առաջին բեմադրության մասնակիցներ Ա․ Գուլակյանը, Մ․ Թավրիզյանը և Շ․ Տալյանը արժանացել են ՍՍՀՄ՝ պետ․ մրցանակի (1946)։ Գրկ․ Թահմիզյան Ն․, Տիգրան Չուխաճյանի և նրա «Արշակ Բ» օպերայի մասին, «ՍԱ», 1971, №5։ Ստեփանյան Գ․, «Արշակ Բ» օպերայի ստեղծագործական պատմության մի քանի հարցեր, «Լրաբեր», Ե․, 1972, № 8։ Тигранов Г․, Армянский музыкальный театр, т․ 1, Е․, 1956․
ԱՐՇԱԿ Գ (ծն․ թ․ անհտ․– մոտ 390), Հայոց թագավոր 378-ից։ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բազմեցրել է մանկահասակ Ա–ին՝ դառնալով նրա խնա– մակալը։ Ա–ի կրասեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Ա–ի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Ա–ին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկ․ զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384-ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384-ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Ա․ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385-ին Ա․ ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ II Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387-ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Ա․, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։ Գրկ․ Փավստոս Բուզանդ․ Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 2, մաս 1, Ե․, 1957։
«ԱՐՇԱԿ ԵՎ ՇԱՊՈՒՀ», ժողովրդական ավանդազրույց, ըստ որի Պարսից Շապուհ II Սասանյան թագավորը զրադաշտականության ամենանվիրական երդումով (արքայական վարազագիր մատանով կնքած աղի առաքում) խաբեությամբ գերել է Արշակ Բ-ին։ Հավատարմությունը փորձելու համար Շապուհը վհուկների ու աստղահմաների խորհրդով իբր հրամայել է Հայաստանից երկու ուղտաբեռ հող բերել, փռել իր ճեմասրահի հատակի կես մասի վրա և Արշակի հետ զբոսնել այնտեղ։ Շապուհի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայոց թագավորը մերժել Պարսից հետ բարեկամություն հաստատելու առաջարկները և երեք տասնամյակ պատերազմել իր դեմ, Արշակը պարսկ․ հողի վրա մեղանչել և ներում է խնդրել, իսկ հայկ․ հողի վրա ըմբոստացել․ «Հեռու ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը․․․» (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Դպր․, գլ․ ԾԴ)։ Ըստ զրույցի վերջաբանի, Արշակի պալատական ներքինի Դրաստամատը մեծամեծ քաջություններ գործելով քուշանական ցեղերի դեմ Պարսից պատերազմներում, հրաժարվել է ամեն տեսակի պարգևներից և Շապուհից իրավունք խնդրել՝ մի օրով Խուժաստանի Անհուշ բերդում այցելել Արշակին։ Բացառիկ առանձնաշնորհումով (Անհուշի բանտարկյալներին այցելելը խստորեն արգելվել է) Դրաստամատը տեսակցել է Արշակին, արձակել նրա կապանքները, զգեցրել արքայավայել և կազմակերպել պատվո ճոխ խնջույք, որի ժամանակ անձնասպան են եղել թե՛ Արշակը, թե՛ Դրաստամատը։
Գրկ․ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
ԱՐՇԱԿԱՎԱՆ, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում։ Հիմնադրել է Արշակ Բ 350-ական թթ․ վերջերին, երբ Հայաստանի քաղաքական դրությունը չափազանց լարված էր։ Արշակ Բ կենտրոնացած ուժեղ պետություն ստեղծելու միջոցներից մեկը համարեց իր անունը կրող նոր քաղաքի հիմնադրումը, որը նախարարների դեմ մղվող պայքարում պետք է դառնար նրա հենարանը։ Ա․ կառուցվեց Թավրիզ–Դարոյնք–Կարին ճանապարհի վրա, ընդարձակ գետահովտում։ Արքայական հատուկ հրովարտակով այնտեղ բնակվելու իրավունք (զանազան արտոնություններով հանդերձ) տրվում էր նաև տերերի մոտից փախած «ծառաներին», հարստահարվող պարտապաններին ու բոլոր նրանց, ովքեր ենթակա էին հալածանքի։ Ըստ հայ պատմագիրների, կարճ ժամանակամիջոցում Ա․ դարձել է խոշոր ու բազմամարդ քաղաք՝ գրավելով ընդարձակ տարածություն։ Արշակի այդ միջոցառումներից դժգոհ նախարարները, Պարսկաստանի օգնությամբ միացյալ զորքերով հարձակվելով Ա–ի վրա, կոտորել են նրա բնակիչների մեծ մասին և քաղաքը հիմնահատակ ավերել, որից հետո Ա․ այլևս չի վերականգնվել։
Գրկ․ Ալիշան Ղ․, Այրարատ, Վետ․, 1890։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 2․ մաս 1, Ե․, 1957։
ԱՐՇԱԿՅԱՆ Գևորգ Լիպարիտի (ծն․ 20․ 2․ 1928, Արմավիր, Կրասնոդարի երկրամաս), հայ սովետական գրող, դրամատուրգ։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Առաջին պատմվածքը՝ «Իմ հարևանուհին», լույս է տեսել 1957-ին, առաջին վիպակը՝ «Թրա– շուշաններ»՝ 1963-ին։ Գրել է հայ ֆիզիկոսների կյանքը պատկերող «Սև ու սպիտակ կարապներ» (1966) վիպակը։ Երևանի դրամատիկական թատրոնում 1969-ին բեմադրվել է Ա–ի «Այս աշխարհի փոքրերը» պիեսը։ «Դաղձի բույրը» (1972) վեպը պատկերում է մեծ քաղաքի մարդկային փոխհարաբերությունները, նոր սերնդի աշխարհընկալումը, երազանքները։
ԱՐՇԱԿՅԱՆ Հերանուշ (28․ 7․ 1887, Կ․ Պոլիս – 27․ 3․ 1905), հայ բանաստեղծուհի։ Սովորել է Մաքրիգյուղի Քույրերի և Պեշիկթաշի Մարրուհլա վարժարաններում (1899–1902)։ Քնարաշունչ բանաստեղծություններում արտահայտել է հասարակական թախծոտ տրամադրություններ («Լրում», «Երկու ճամփաները», «Հույս», «Ղարիպը», «Լացին գիշերը», «Մահվան մոտ» ևն)։ Մահացել է թոքախտից։ Երկ․ Հոգիներուն արցունքը, Ե․, 1956։
Գբկ․ Հակոբյան Ա․, Հերանուշ Արշակյան, Վնն․, 1922։
ԱՐՇԱԿՈՒՆԻ Սուրեն Անդրեասի [27․06․ 1901, Մանգլիս (այժմ՝ ՎՍՍՀ Թեթրի Ծղարոյի շրջան) – 1939], կուսակցական-պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ա․ Թիֆլիսի Երիտասարդ սոցիալիստ ինտերնացիոնալիստների «Սպարտակ» կազմակերպության հիմնադիրներից է։ 1919–20-ին ղեկավարել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի հրատարակչական աշխատանքները։ 1920-ի մայիսին ընտրվել է Հայաստանի կոմունիստական բանվորա–գյուղացիական երիտասարդության կազմակերպության կազմբյուրոյի անդամ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է պետական անվտանգության օրգաններում (Ալեքսանդրապոլի արտակարգ հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստանում բանդիտիզմի դեմ պայքա– րող հատուկ բաժնի, սահմանապահ զորամասերի, հակահետախուզական բաժնի պետ)։ 1933–34-ին եղել է Արևելա–Սիբիրական երկրամասի պետքաղվարչության, 1934–36-ին՝ «Դալստրոյի» (հեռավոր հյուսիսի շինարարության գլխավոր վարչություն) պետի տեղակալ, ապա՝ պետ։