Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պարթև Ա-ի կրտսեր ճյուղի արքայացանկը

Արտավան III (մոտ 12 - մոտ 38), Քինամ (37), Գոտարզ II (մոտ 38 - 51), Վարդան I (39 - 47/48) (բռնի գահակից), Վոնոն II (51), Վաղարշ I (51/52-79/80), Բակուր II (78 - 115/116) (բռնի գահակից), Արտավան IV (80 -81), Խոսրով (109 - 128/129) (բռնի գահակից), Վաղարշ II (105/106-147), Պարթամասատ (116/117), Միհրդատ IV (128/129 - 147), Վաղարշ III (147/148 - 192), Վաղարշ IV (191/192 - 207/208), Վաղարշ V (207/208 - 222/223), Արտավան V (մոտ 209 - 224) (բռնի գահակից)։

Պարթևական թագավորների ժամանակագրությունը դեռևս վիճելի է։

Գրկ․ Debevoise N․ С․, A Political history of Parthia, Chicago, 1938; Parker R․ A․, Dobberstein W․ H․, Babylonian chronology 626 В․ C․–A․ D․ 75, [3 ed․], Providence, [1969]․

ԱՐՇԱՄ (հուն․ Άρσάμης) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Ծոփքի և Կոմագենեի միացյալ հայկական պետության թագավոր (մ․ թ․ ա․ շուրջ 240-220)։ Սամոս կամ Սամես թագավորի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։ Հույն պատմիչ Պոլիենոսը (II դ․) հայտնում է, որ մ․ թ․ ա․ 230-ին Սելևկոս II Կալինիկոսի դեմ ապստամբած եղբայրը՝ Անտիոքոս Հիերաքսը, ապաստանել է բարեկամ հայ թագավոր Ա–ի մոտ։ Ենթադրվում է, որ Ա․ վարել է հարևան Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն։ Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Ա․ կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։ Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Ա․ կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։

Գրկ․ Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀԱԱՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, № 3։

Հ․ ժամկոչյան․

ԱՐՇԱՄԱՇԱՏ, Արսամասատ, քաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում, Անձիտ կամ Բալահովիտ գավառում։ Կառուցել է Ծոփքի և Կոմագենեի թագավոր Արշամը։ Ա․ Ծոփքի թագավորության մայրաքաղաքներից էր։ Մ․ թ․ ա․ II-I դդ․ եղել է առևտրի ու արհեստագործության հայտնի կենտրոն։ Մ․ թ․ ա․ I դ․ ավերվել է, ամայացել։ Միջին դարերում այն սովորական ավան էր, և հայերն այն անվանում էին Աշմուշատ (արաբական աղբյուրներում՝ Շիմշատ)։ Այժմ հազիվ են նշմարվում Ա–ի ավերակները։

Թ. Հակոբյան

ԱՐՇԱՄՈՒՆԻՔ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, ավելի քան 2000 կմ² տարածությամբ։ Գտնվում էր Բյուրակն (Բինգյոլսու) գետի հովտում և Գինեկ գետի ակունքներն ընդգրկող շրջանում,Տարոնից հս–արմ․։ Գավառը Մանդակունի նախարարական տոհմի հայրենական տիրույթն էր։ Ա․ հիշատակվում է Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ում, VII դ․ «Աշխարհացոյց»-ում։

«ԱՐՇԱՎ», գրական-գեղարվեստական, հասարակական- քննադատական հանդես։ Տպագրվել է 1932-41-ին, Թբիլիսիում (1941-ին լույս է տեսել «Գրական հանդես» անունով)։ Խմբագիրներ՝ Վ․ Ատրյան, Մ․ Փիլթակյան, Ռ․ Աղաբաբյան։ Սկզբում եղել է Վրաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի Հայկական սեկցիայի, ապա Վրաստանի խորհրդային գրողների միության օրգանը։ «Ա․» տպագրել է գրական-քննադատական հոդվածներ, արձագանքել կուսակցության ու կառավարության որոշումներին՝ գրականության և արվեստի վերաբերյալ, իր շուրջն է համախմբել Վրաստանի հայ գրողներին։ Աշխատակցել են Հ․ Հակոբյանը, Ս․ Զորյանը, Ռ․ Զարյանը, Վ․ Ատրյանը, Մ․ Դավթյանը, Հ․ Սուրխաթյանը, Լ․ Մելիքսեթ-Բեկը, Մ․ Պետրոսյանը, Ծ․ Թորգոմյանը, Մ․ Դարբինյանը, Բ․ Սեյրանյանը և ուրիշներ։ Թարգմանաբար հրատարակել է հատվածներ վրաց․, ադրբ․, ռուս, և սովետական այլ ժողովուրդների գրականություններից։

Ա․ Ավագյան

ԱՐՇԱՎԱՆ, Արշընի, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի գավառում։ 1896-ին ուներ 30 տուն բնակիչ՝ հայեր։ Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Բանուկ ճանապարհով կապված էր էրզրում քաղաքի հետ։ Կար հայկ․ եկեղեցի (Ս․ Մինաս)։ Ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների զգալի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը ապաստան գտել Արևելյան Հայաստանում։

Ս․ ՄելիքԲախշյան

ԱՐՇԱՐՈՒՆԻ Արշալույս Միքայելի [ծն․ 17(29)․ 11․ 1896, Կաղզվան], հայ սովետական գրականագետ, բանասեր։ Պրոֆեսոր (1929), ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1960)։ Խմբագրել է «Կոմունիստ» (1920-21) և «Պրոլետար» (1921) բոլշևիկյան պարբերականները Ալեքսանդրապոլում։ Մասնակցել է ռուս առաջին «Գրական հանրագիտարան»-ի հիմնադրմանն ու խմբագրմանը՝ Ա․ Լունաչարսկու, Վ․ Ֆրիչեի, Ն․ Մառի հետ։ Դասավանդել է և եղել ամբիոնի վարիչ Մոսկվայի պետ-համալսարանում ու այլ բուհերում (1928-ից), դասախոսել է Երևանի թատերական ինստ–ում։ Գրել է «Մոսկվայի համալսարանը ու հայ առաջավոր ինտելիգենցիան» (1955), «Հայ թատերագիտական մտքի պատմությունից» (1956), «Հայ ժողովրդական թատերախաղեր» (1961) ուսումնասիրությունները։ Ռուսերենի է թարգմանել Գ․ Սունդուկյանի, Ա․ Շիրվանզադեի, Նար-Դոսի, Հ․ Քոչարի մի շարք երկեր։ Զբաղվել է նաև սովետական Արևելքի ժողովուրդների գրականության և ժող․ բանահյուսության հարցերով։ Գրել է ուսումնասիրություններ Արևելքի կրոնական շարժումների մասին («Բեխաիզմ», 1930, ռուս․, «Բաբիզմ», 1931, ռուս, ևն)։

Երկ․ Հանդիպումներ անցյալի հետ, Ե․,1960։ Մոսկվայի հայ մամուլը, Ե․, 1971։

ԱՐՇԱՐՈՒՆԻՔ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Տարածվում էր Երասխի (Արաքս) ձախ ափին։ Հյուսիսից սահմանակցում էր Վանանդ և Շիրակ գավառներին։ Հայ մատենագրության մեջ հիշվում է նաև Արշարունիս, Արշակունիս, Արշունիք, Աշարունիս, Աշորնյաց ձոր և այլ ձևերով։ Միջին դարերում անվանվել է Աշորնեք (վրաց․ Աշորնիա)։ Ա․ հայ Արշակունիների տիրույթն էր, բայց Տրդատ Բ թագավորը (217-252) նվիրել է Արշավիր Կամսարականին, որն իր անունով գավառը կոչել է Արշարունիք (մինչ այդ, ըստ Մովսես Խորենացու, կոչվել է Երասխաձոր)։ Ա․ դարձել է Կամսարականների ժառանգական կալվածքը։ Արշակ Բ թագավորը, խլելով այն Կամսարականներից, միացրել է արքունի տիրույթներին, իսկ Պապ թագավորը վերադարձրել է Կամսարականներին։ Աշոտ Մսակեր Բագրատունին IX դ․ սկզբին Ա․ Շիրակ գավառի հետ միասին գնել է Կամսարականներից և իր ապարանքը Դարոյնքից տեղափոխել այնտեղ։ Շիրակի ու Վանանդի հետ Ա․ դարձել է Բագրատունիների կենտրոնական տիրույթը։ 863-ին ամիրա Ջահաֆը մեծաթիվ զորքով մտել է Ա․, որտեղ Հայոց զորքը պարտության է մատնել նրան։ Աշոտ Բ Երկաթի ժամանակ Ա-ին տիրացել է նրա հակաթոռ Աշոտ Շապուհյանը, որը, սակայն, առաջինի կողմից վռնդվել է գավառից և ստիպված հաստատվել Դվինում։ 1048-ին սելջուկները նվաճել են Ա․, հրի ու սրի մատնել գավառը, կոտորել բնակչությանը։ XII դ․ սկզբին Ա․ նվաճել են Շահ-ի-Արմենները, իսկ XIII դ․ սկզբին գրավել են Զաքարյանները։ Ա․ կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։ Ա–ում էին Երվանդաշատ, Երվանդակերտ և Բագարան քաղաքները, Արտագերս և Կապույտ բերդերը, Կապույտ քար և Կամրջաձոր վանքերը։

Գրկ․ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։

ԱՐՇԱՐՈՒՆՅԱՑ ԴՊՐՈՑՆԵՐ, գործել են V-XIV դարերում, Այրարատ նահանգի Արշարունիք գավառում։ Հնագույնը հիմնադրվել է V դ․ վերջին, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտ Թաթուլի ջանքերով։ Այդտեղ հիմնականում զբաղվում էին գրչության արվեստով, ուսումնասիրում աստվածաբանություն և փիլիսոփայություն։ X դ․ աչքի են ընկել Վարդկա վանքի դպրոցը՝ առաջնորդ Վարդիկ հոր անունով և Կամրջաձոր վանքի դպրոցը