Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Արտկունք, Արտքունք, գյուղ Արևմտյան Հայաստանի Խիանք գավառում։ XIX դ․ վերջին ուներ մոտ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Թովմաս)։ Շրջակայքում կային հին ամրոցի ավերակներ։ 1895-ին թուրքերը ավերել են Ա․, իսկ 1915-ին բռնությամբ տեղահանել հայ բնակիչներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

Թ․ Հակոբյան

«Արտհաշաստրա» (սանսկրիտ․, բառացի՝ գիտություն գործնական կյանքի, օգուտի մասին), հին հնդկական քննախոսություն, պետական կառավարման դրույթների ժողովածու։ Հեղինակը համարվում է Կաուտիլիեն (մ․ թ․ ա․ IV դ․), սակայն նա, հավանաբար, եղել է սոսկ «Ա․»-ի հիմնադիրը։ «Ա․» հետագայում, մինչև մ․ թ․ II–III դդ․, վերամշակվել և լրացվել է։ Հին Հնդկաստանի հասարակական հարաբերությունների, տնտեսության և քաղ․ հաստատությունների ուսումնասիրության կարևորագույն աղբյուր է։

Արտմանե Վիյա (իսկական անունը՝ Ալիդա Ֆրիցևնա, ծն․ 21․ 8․ 1929), լատիշ դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1969)։ 1949-ին ավարտել է Ռայնիսի անվ․ գեղարվեստական թատրոնին կից ստուդիան (Ռիգա)։ Նկարահանվում է կինոյում։ Լավագույն կինոդերակատարումներն են՝ Դացե («Կարապաերամ ամպերից այն կողմ», 1957), Սոնյա («Հարազատ արյուն», 1964), Նա («Ոչ ոք չէր ուզում մեռնել», 1966), Քրիստինա («էդգարը և Քրիստինան», 1967)։

Արտյոմ (իսկական ազգանունը՝ Սերգեև) Ֆեոդոր Անդրեևիչ [7(19)․ 3․ 1883, գ․ Գլեբովո, Կուրսկի նահանգ –24․ 7․ 1921], պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1901-ից։ 1905-ին Խարկովում ղեկավարել է զինված ապստամբությունը։ 1906-ին ձերբակալվել է, սակայն շուտով փախել։ 1907-ին ձերբակալվել է և դատապարտվել ցմահ աքսորի՝ Սիբիր։ 1910-ին փախել է աքսորավայրից և Կորեայի ու Չինաստանի վրայով հասել Ավստրալիա (1911), որտեղ բեռնակիր և բատրակ է եղել ֆերմաներում։ 1917-ի մարտին վերադարձել է Ռուսաստան։ Ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ 1917-ից բոլշևիկյան կուսակցության ԿԿ–ի անդամ էր, 1918-ին եղել է Դոնեցկ–Կրիվոյ ռոգյան սովետական հանրապետության ժողկոմսովետի նախագահը, Ուկրաինայի Կ(բ)Կ Կենտկոմի անդամ։ 1920-ին ՌԿ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի քարտուղարն էր։ Զոհվել է աերովագոնի փորձարկման ժամանակ։

Արտյոմի կզղի, գտնվում է Կասպից ծովում, Բաքվից 50 կմ հյուսիս–արևելք։ Արհեստական հողաթմբով միացած է Ապշերոնի թերակղզուն (1941)։ Տարածությունը՝ մոտ 10 կմ²։ Ունի տեկտոնական ծագում, ցածրադիր մակերևույթ և ծովային դարավանդներ։ Հարուստ է նավթով։ Նավթահանքերը կոչվում են հեղափոխական Արտյոմի անունով։ Ա․ կ–ում է Արտյոմ–կղզի ավանը, որը մտնում է Բաքու քաղաքի շրջագծի մեջ։

Արտյուխին Յուրի Պետրովիչ (ծն․ 4․5․ 1930, գ․ Պերշուտինո, Կլինի շրջան, Մոսկվայի մարզ), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, ինժեներ–փոխգնդապետ, Սովետական Միության հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Ժուկովսկու անվ․ ռազմա–օդային ինժեներական ակադեմիան (1958)։ ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատի անդամ է 1963-ից։ 1974-ի հուլիսի 3–19-ը Պ․ Ռ․ Պուպովիչի հետ, որպես բորտ–ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–14» տիեզերանավով։ 1974-ի հուլիսի 5-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–3» ուղեծրային գիտակայանին և շարունակել թռիչքը։

Արտոբոլևսկի Իվան Իվանովիչ [ծն․ 26․9 (9․ 10)․ 1905, Մոսկվա], մեքենաների և մեխանիզմների տեսության բնագավառի սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիան (1926)։ Մշակել է հարթ և տարածական, ինչպես նաև բարդ բազմօղակ մեխանիզմների անալիզի և սինթեզի նոր մեթոդներ։ 1966-ից Համամիութենական «Գիտելիք» ընկերության նախագահն է։ ՍՍՀՄ ԳԱ Պ․ Չեբիշևի անվ․ մրցանակի դափնեկիր (1946)։ Պարգևատրվել է Ժոլիո–Կյուրիի անվ․ միջազգային արծաթե (1959) և Ջեմս–Ուատտի անվ․ միջազգային ոսկե (1967) մեդալներով։

Արտոնագիր, պատենտ, 1․ վկայական, որը հավաստում է նրա տիրոջ բացառիկ իրավունքները տվյալ գյուտի նկատմամբ։ ՍՍՀՄ–ում գյուտարարը իր հայեցողությամբ կարող է ստանալ Ա․ կամ հեղինակային վկայագիր։ Ա․ տրվում է 15 տարի ժամանակով։ 2․ Առևտրով կամ արհեստագործությամբ զբաղվելու իրավունք տվող փաստաթուղթ։

Արտոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մուշ գավառում, Մեղրագետի հովտում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։ Ուներ եկեղեցի և վարժարան։ Ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Արտոս, լեռ Վանա լճի և Տիգրիս գետի ջրբաժանում։ Պայտաձև է, ուռուցիկ կողմով դեպի հս-արմ․։ Պատկանում է Հայկական Տավրոս ծալքաբեկորային լեռնահամակարգին։ Կազմված է պալեոզոյան բյուրեղացած ապարներից։ Արտաքին լանջերը մեղմաթեք են, հս–ում ձուլվում են Ոստանի հովտին։ Առավել բարձր կենտրոնական մասը (մոտ 3850 մ) վեր է խոյանում գահավեժ ժայռերով։ Ստորին լանջերը զառիթափ են, խ՛իստ մասնատված։ Բարձրադիր մասերում հանդիպում են հավերժական ձյան շերտեր։ Կլիման ստորոտում մեղմ է, գագաթնային գոտում՝ խիստ։ Լանջերին աճում է լեռնատափաստանային և ենթալպյան բուսականություն։

Արտույտներ (Alaudidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։ Փոքրամարմին են (երկարությունը մինչև 20 սմ)։ Մեջքը խայտաբղետ է, փորը՝ բաց գունավորված։ Քուջի և կրծքի վրա հաճախ բծեր են լինում։ Ոտքերը կարճ են՝ հարմարված գետնին քայլելու համար։ Թևերը երկար են, լայն։ էգը և արուն արտաքինից չեն տարբերվում։ Հայտնի է 78 տեսակ, տարածված հիմնականում Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, մեկական տեսակ՝ Ամերիկայում և Ավստրալիայում։ Հայկական լեռնաշխարհում հանդիպում է 7 տեսակ՝ եղջերավոր, փուփուլավոր, երկպտավոր, փոքր, մոխրագույն, անտառային և դաշտային։ Բնակվում են բաց տարածություններում, թփուտներում, անտառի բացատներում, հարթավայրերում ու լեռներում։ Արագաթռիչ են և արագավազ։ Բնադրում են գետնին։ Սնվում են հացահատիկների և մոլախոտերի սերմերով, միջատներով։ Ա–ի որոշ տեսակներն ունեն հաճելի հնչեղ ձայն։

Գ․ Մանուչարյան

Արտունջ (ն․ Արտանիշ), գետ Սևանի ավազանում։ Սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի Քաշաթաղ գագաթից, թափվում Արտանիշի խորշը։ Երկարությունը 8 կմ է, ավազանը՝ 19 կմ², տարեկան միջին ծախսը՝ 0,07 մ³/վրկ։ Սնուցումը մթնոլորտային տեղումներով է, վարարումները՝ մայիս–հունիսին։ Ա–ի ավազանում շատ են հեղեղատները։