Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նկարները («Ավետումն», «Ոտնլվա», «Քրիստոսի չարչարանքը», «Ծառզարդար», «Դժոխքի ավերումը», «Համբարձում», «Հոգեգալուստն» են)։ Ավետման պատկերի դարձերեսում նկարչուհին թողել է իր մակագրությունը։ Ա․ Գևորգյան

ԱՐՈՒԹ Գաբրիել (իսկական ազգանունը՝ Արուչյան, Արուչև, ծն․ 28․ 9․ 1909, Նոր Նախիջևան), ֆրանսիական դրամատուրգ, ռեժիսոր, ազգությամբ՝ հայ։ Սովորել է Նոր Նախիջևանի ռուս, դպրոցում։ 1919-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան, 1920-ին գաղթել արտասահման։ 1921-ից ապրում է Ֆրանսիայում։ Գրել է պիեսներ, վեպեր, պատմվածքներ։ 1942-ին հրատարակել է «Հրաշքի սարսափը» (բեմ․ 1943)։ Ա–ին մեծ հռչակ է բերել «Պոլին կամ ծովային փրփուրը» պիեսի բեմադրությունը (1948)։ Բեմադրել է նաև իր «Գոգ և Մագոգ» պիեսը, Ֆ․ Մ․ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ը։ 1966-ին գրել է «Այդ անօրինակ կենդանին» պիեսը (ըստ Չեխովի), որը բեմադրվել է Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի թատրոններում։

ԱՐՈՒՃ (XVIII դարից մինչև 1970-ը՝ Թալիշ ), գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Արագածի հարավային ստորոտին, շրջկենտրոնից 23 կմ արևմուտք։ Այգեպտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, ծննդատուն, ենթաշրջանային անասնաբուժական կետ, օդերևութաբանական կայան։ Ա․ հնագույն բնակավայր է։ V դ․ եղել է արքունի զորքերի ձմեռային կայան, իսկ հայոց կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը (661–682) դարձրել է աթոռանիստ։

Ա–ի տաճարը (Ս․ Գրիգոր եկեղեցի) հայկ․ ճարտարապետության նշանավոր կոթողներից է։ Շինարարական արձանագրության և մատենագրական վկայությունների (Ղևոնդ, Հովհաննես Դրասխանա– կերտցի, Ստեփանոս Տարոնեցի) համաձայն կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը VII դ․ 60-ական թթ․։ Գմբեթավոր դահլիճը հորինվածքի հայկ․ խոշոր (16,95 մ– 34,6 մ) հուշարձան է։ Աչքի է ընկնում հանդիսավոր, ամբողջական ներքին տարածությամբ՝ պսակված որմնամույթերին ու առագաստներին հենվող գմբեթով (չի պահպանվել)։ Մուտքերը հվ․, արմ․ և հս․ կողմերից են։ Արլ․ ճակատը ջլատում են երկու խոր, կտրվածքում եռանկյունաձև խորշեր։ Քիվերի զարդաքանդակը, ինչպես Զվարթնոցում, հյուսածո է։ Տաճարը ներսից սվաղված է և պատած VII դ․ որմնանկարներով (այժմ՝ խիստ վնասված), որոնք ներկայացնում են Համբարձման տեսարանը։ Ավագ խորանի գմբեթարդում, մոտ 7 մ բարձրությամբ, պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանը երկու մասի է բաժանում ականթի թփերից, վարդյակներից, պտուղներից (խաղող, նուռ ևն) միահյուսված՝ մոտ 1 մ լայնությամբ զարդագոտին, որ բոլորապատում է աբսիդը։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփաննոս։ Ներքևում, հս․ կողմում, պատի վրա պատկերված են գրքերը ձեռքերին վեց առաքյալներ, մյուս վեցը, հավանաբար, պետք է որ տեղադրված լինեին աբսիդի հակառակ կողմում։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հվ–արլ․ կողմում, բացվել է 1948–51-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արլ․։ Ա–ում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIII դ․) և այլ հուշարձանների մնացորդներ։

Գրկ․ Հարությունյան Վ․, 7-րդ դա– րի աշխարհիկ ճարտարապետության մի նոր հուշարձան, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1953, № 8, Арутюнян В․ М․, По поводу датировки храма в Аруче, Е․, 1946, Дурново Л․ А․, Краткая история древнеармянской живописи, Е․, 1957,

Վ․ Հարությունյան

ԱՐՈՒՅՐ, պղնձի և ցինկի (մինչև 50%) համաձուլվածք, հաճախ այլ տարրերի հավելումով։ Լեգիրող բաղադրամասերն են Al, Si, Pb, Mn, Տո ևն։ Ունի մեխանիկական և տեխնոլոգիական լավ հատկություններ, հեշտությամբ մշակվում է ճնշմամբ, ենթարկվում ձևավոր ձուլման։ Ա․ կիրառվում է նավաշինության, ինքնաթիռաշինության և սարքաշինության մեջ։ Ա–ով պատում են պողպատե առարկաները՝ կոռոզիայից պաշտպանելու, նիկելապատումից և անագապատումից առաջ մակերևույթին ենթաշերտ ստեղծելու նպա– տակով։

ԱՐՈՒՍ (АРУС – армянский ускоритель), Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Արագացված մասնիկների առավելագույն էներգիան 6 մլրդ․ էվ է, հոսանքը՝ 10 մա։ Փորձարարական աշխատանքները կատարվում են երեք Υ երկու е- և սինքրոտրոնային երկու դուրս բերված փնջերում, ինչպես նաև ներքին էլեկտրոնային փնջում։ Տես նաև Արագացուցիչներ։


ԱՐՈՒՍՅԱԿ, Վեներա մոլորակի հայկական անվանումը։ Հայ մատենագրության մեջ գործածվել են նաև Լուսաբեր, Ցայգաստղ, Գիշերավար անվանումները։


ԱՐՈՒՏՉՅԱՆ Միքայել Ավետի [6(18)․ 7․ 1897, Շուշի – 9․6․1961, Մոսկվա], հայ նկարիչ։ Սովետահայ բեմանկարչության հիմնադիրներիդ։ ՀՍՍՀ ժող․ նկարիչ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1916-ին ավարտել է Բաքվի արական գիմնազիան, 1919-ին՝ Սարատովի ԲԳՏԱ (Բարձրագույն գեղարվեստական տեխնիկական ար– վեստանոցներ)։ Առաջին բեմական ձևավորումը՝ «Փաստաբան Պատլեն» (1919), կատարել է տեղի Սանփրայի թատրոնում։ 1919–20-ին ծառայել է Դայի հեծյալ կորպուսում։ 1921–23-ին սովորել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1924–25-ին՝ Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում։ 1925-ին տեղափոխվել է Սովետական Հայաստան։ Ա․ ձևավորել է շուրջ 100 ներկայացում, գրքեր ու կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն։ Գրաֆիկական բնորոշ աշխատանքներից են Դ․ Ցակուլովի (1930) և Հ․ Կոջոյանի (1931) դիմանկարները, Դ․ Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1927), Սերվանտեսի «Դոն Կիխոտ» գրքերի նկարազարդումները, «Ֆաշիզմի դեմքը» (1942) նկարաշարը (բո–