Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՔԵՐԻՆ (Acerina cernua), պերկեսանմանների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը` 10–20 սմ (երբեմն՝ 30 սմ), քաշը` 20–50 գ, դունչը՝ բութ։ Մեջքը և կողքերը դեղնականաչավուն են։ Կուրծքը և փորը զուրկ են թեփուկներից։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում։ Ապրում է մեծ մասամբ լճերում, գետերում, երբեմն աղի ջրերում։ Ձվադրում է ապրիլ–հունիս ամիսներին, ավազոտ, քարքարոտ տիղմում։ Սնվում է մանր ձըկներով, միջատներով, որդերով, ձկնկիթով։

Ռ․ Հյուսյան


ԱՔԹԱՐՏԱՆ Վիրջիլ Հրանտի (ծն․ 19․ 9․ 1921, Ջորջու, Ռումինիա), հայազգի ռումինական ինժեներ, արտադրության կազմակերպիչ։ Ավարտել է Բուխարեստի պոլիտեխնիկական ինստիտուտը (1944)։ Եղել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության Բրաշովի տրակտորի գործարանի գլխավոր դիրեկտոր (1954–58), մեքենաշինական արդյունաբերության մինիստրի առաջին տեղակալ (1958–69), պլանավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (1969–73)։ 1973-ից՝ մեքենաշինական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության մինիստր։


ԱՔԻԼԼԵՍ, Ա ք ի լ և ս (Αχιλλεύς), Հոմերոսի «Իլիական»-ի հերոսներից, Տրոյական պատերազմի մասնակիցներից քաջագույնը, որդին Պելևս արքայի և Թետիս աստվածուհու։ Ըստ հին հուն. դիցաբանության, մայրը մանուկ Ա–ին լողացրել է Ստիքս գետի սրբազան ջրերի մեջ՝ անխոցելի, անմահ դարձնելու համար։ Չի թրջվել միայն գարշապարը, որտեղից բռնել է Թետիսը։ Տրոյական պատերազմում Ա․ բազմաթիվ սխրագործություններ է կատարել։ Նրան սպանել է Պարիսը՝ խոցելով գարշապարը։ Այստեղից էլ՝ «աքիլլեսյան գարշապար» արտահայտությունը, որ գործածվում է խոցելի տեղ իմաստով։


ԱՔԻՄՅԱՆ Գևորգ (1829, Թիֆլիս – 1911, Թիֆլիս), հայ հասարակական գործիչ, թարգմանիչ։ 1838–43-ին սովորել է տեղի գիշերօթիկ դպրոցում, Լազարյան ճեմարանում (1844–46) և Դորպատի համալսարանի բնագիտության բաժնում (1848–52)։ Դորպատ է տարել Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ձեռագիրը, մասսայականացրել ուսանողների շրջանում, իսկ 1858-ին Հովսեփ Փոնդոյանի հետ հրատարակել Թիֆլիսում։ Պաշտոնավարել է Թիֆլիսի փոստ-հեռագրատանը, եղել Ներսիսյան դպրոցի հոգաբարձու։ Հայերենի է թարգմանել գերմ․ մանկ. գրականության նմուշներ։


ԱՔԻՍ, ծ մ ու կ (Mustela nivalis), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։ Մարմինը բարակ է, ճկուն, երկարությունը՝ 13–26 սմ, պոչը՝ 2–8 սմ։ Հս․ շրջաններում բնակվողները մանր են, հվ–ում՝ խոշոր։ Գլուխը փոքր է, ականջները՝ կարճ, կլորավուն, դունչը՝ փոքր, բութ։ Մորթին՝ խիտ ու կարճ մազերով՝ ձմռանը սպիտակ, ամռանը մեջքը՝ գորշ-դեղնավուն, փորը՝ սպիտակ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, ՍՍՀՄ–ում։ Ապրում են անտառներում, անապատներում, լեռներում, ինչպես նաև բնակավայրերի մոտ (գոմերում, թռչնանոցներում)։ Հայկական բարձրավանդակում Ա․ տարածված է կրծողներով հարուստ շրջաններում։ Ունենում է 3–9 ձագ։ Սնվում է կրծողներով և մեծ օգուտ տալիս գյուղատնտեսությանը։

Ա․ Պողոսյան


ԱՔԼՈՐԱԲԲՈՒԿ (Rhinanthus), խլածաղկազգիների ընտանիքի միամյա կիսամակաբույծ բույս։ Ծաղիկները երկշուրթ են, դեղին։ Տերևները հակադիր են, սղոցաեզր։ Հայտնի է մոտ 100 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ՍՍՀՄ–ում։ Հայաստանում հանդիպում է 5 տեսակ։ Աճում է մարգագետիններում, անտառներում, անտառատափաստաններում։ Ա–ի արմատները կպչում են հարևան բույսերի արմատներին և մեծ վնաս հասցնում նրանց։ Ա․ պարունակում է թունավոր գլյուկոզիդ՝ ռինանտին։

Թ․ Ծատուրյան


ԱՔՈՐԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին, Ալավերդի–Կիրովական խճուղու վրա, շրջկենտրոնից 3 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի հանրակրթական և երեկոյան միջնակարգ դպրոցներ, ակումբ, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք՝ հեռախոսակայանով, բուժկայան, անասնաբուժական կայան։ Գյուղի տարածքում պահպանվել են XIIIդ․ կառուցված Ս․ Գևորգ և Բդավոր եկեղեցիները, խաչքարեր, մատուռ, գերեզմանատուն։


ԱՔՍԵԼԵՐՈՄԵՏՐ (<լատ․ accelero–արագացնում եմ և ․․․ մետր), արագացումը չափելու սարք։ Օգտագործվում է մեքենաների և նրանց մասերի թրթռումները կամ շարժումները հետազոտելիս, տիեզերագնացության մեջ, ավիացիայում, տրանսպորտում և այլուր։ Ըստ շարժման տեսակի Ա–երը լինում են գծային և անկյունային, ըստ գործողության սկզբունքի՝ մեխանիկական, էլեկտրամեխանիկական, ըստ նշանակման՝ մշտական գործող և առավելագույն։ Գծային (ազատության 1 աստիճանով) մեխանիկական Ա–ում արագացումը ընկալում է ճոճանակը, էլեկտրամեխանիկական Ա–ում՝ տենզոտվիչը, առավելագույն Ա–ում՝ ճոճանակը կամ պիոզոէլեկտրական տվիչը։ Առավելագույն Ա–ով կարելի է չափել 1 սմ/վրկ2-ից մինչև 30 կմ/վրկ2 (0,001-ից մինչև 3000 g, որտեղ g-ն ազատ անկման արագացումն է) արագացումներ։ Գրանցող հարմարանքով Ա․ կոչվում է աքսելերոգրաֆ։․

ԱՔՍԵԼՐՈԴ Պավել Բորիսովիչ (1850– 1928), սոցիալ–դեմոկրատ, մենշևիկյան կուսակցության պարագլուխներից։ 1870-ական թթ․ նարոդնիկ։ 1883-ից «Աշխատանքի ազատագրություն» խմբի անդամ։ 1900-ից եղել է «Իսկրա» թերթի խմբագրության կազմում։ Դեռ 1883–1903-ի նրա մի շարք աշխատություններում գյուղացիության և լիբերալ բուրժուազիայի դերի գնահատման հարցում զգացվում էին մենշևիզմի սաղմերը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո (1903) Ա․ մենշևիկների պարագլուխներից և տեսաբաններից էր։ II Ինտերնացիոնալի ակտիվ գործիչներից, հանդես էր գալիս ռեֆորմիստական տեսակետներով, իսկ ռեակցիայի տարիներին լիկվիդատորության գաղափարախոսն էր։ 1917-ին պաշտպանում էր ժամանակավոր կառավարությունը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հեռացավ Ռուսաստանից և դարձավ սովետական իշխանության կատաղի հակառակորդ։


ԱՔՍԵՆՏՈՎԻՉ Թեոդոր Թեոդորի (1859, Բրաշով, Տրանսիլվանիա – 26․8․1938), լեհական նկարիչ, մանկավարժ, ծագումով հայ։ Ավարտել է Լվովի ռեալական գիմնազիան և պոլիտեխնիկական ինստ–ը, 1878–82-ին՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիան։ 1882–93-ին ապրել է Փարիզում, կատարելագործել իր արվեստը։ 1890-ին մասնակցել է Փարիզի գեղարվեստի ազգային ընկերության 1-ին ցուցահանդեսին, ընտրվել ընկերության անդամ։ 1895-ից եղել է Կրակովի գեղարվեստի դպրոցի նկարչության ամբիոնի վարիչը, այն ակադեմիա դառնալուց հետո՝