Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին կարելի է ասել միայն այն, ինչ պարունակում են աքսիոմաների մեջ։ Սրանով վերանում է աքսիոմաների և սահմանումների տարբերությունը, աքսիոմաները դիտվում են որպես ելակետային հասկացությունների անբացահայտ սահմանումներ։ Այս հիմքի վրա ծագած մեկնաբանության (կամ մոդելի) գաղափարը հնարավորություն է տալիս միմյանց հետ կապել մաթեմատիկայի տարբեր բաժիններ՝ որպես մեկ վերացական աքսիոմատիկ տեսության տարբեր մեկնաբանություններ։ Ձևական Ա․ մ–ի հետ են կապված նաև մի շարք ընդհանուր տրամաբանական բնույթի խնդիրներ, ինչպիսիք են՝ անհակասականությունը, անկախությունը, լրիվությունը։ Երրորդ փուլը ձևականացված Ա․ մ․ է։ Այն ծնունդ է առել Դ․ Հիլբերտի մաթ․ ապացուցման տեսությամբ, երբ ստեղծվում է ձևական լեզու, որը հնարավորություն է տալիս ցանկացած մաթ․ դրույթ ներկայացնել բանաձևի տեսքով։ Դրա հետևանքով քննարկվող մաթ․ տեսությունն իր բոլոր ելակետային հասկացություններով, աքսիոմաներով ու արտածման կանոններով ընդգրկվում է մեկ ձևական հաշվի մեջ։ Ապացուցման տեսությունը նպատակ ունի ապացուցել մաթեմատիկայի հիմքում ընկած այնպիսի աքսիոմատիկ տեսությունների անհակասականությունը, ինչպիսիք են թվաբանությունը և բազմությունների տեսությունը։ Այս ծրագրի անիրականացնելի լինելը պարզ դարձավ, երբ Կ․ Դյոդելը ապացուցեց (1931) քիչ թե շատ հարուստ անհակասական ձևական հաշիվների ոչ լրիվությունը։ Սա վկայում է Ա․ մ–ի կիրառման սահմանափակությունը։ Ներկայումս մաթ․ տեսությունների կառուցման ընթացքում Ա․ մ–ին զուգահեռ լայն կիրառություն ունի նաև գենետիկ (կամ կոնստրուկտիվ) մեթոդը։

Ս․ Ավետիսյան

ԱՔՍՈՆ ՌԵՖԼԵՔՍ, կեղծ ռեֆլեքս, ռեֆլեկտոր ռեակցիա, որն ի տարբերություն իսկական ռեֆլեքսի, տեղի է ունենում առանց կենտրոնական նյարդային համակարգի մասնակցության։ Ա․ ռ–ի ժամանակ ծայրամասային նյարդային վերջույթում ծագած գրգիռը կենտրոնական նյարդային թելիկի ճյուղավորման կետում անցնում է նյարդի մի ճյուղից մյուսը և առաջացնում ֆիզիոլոգիական որոշակի էֆեկտ։ Ա․ ռ․ է մաշկի գրգռումից ծայրամասային անոթների լայնացումը։ Արյան շրջանառության փոփոխություններ առաջացնող որոշ բուժական միջոցառումներ (մանանեխի ծեփուկներ ևն) իրականացվում են ո՛չ միայն իսկական ռեֆլեքսների, այլև մաշկի և ներքին օրգանների աքսոնառեֆլեկտորային կապերով։

Հ․ Բակչավաջյան

ԱՔՍՈՆՈՄԵՏՐԻԱ (<հուն․ a£ayv–առանցք և ․․․ մետրիա), տարածական մարմինները հարթության վրա զուգահեռ պրոյեկտմամբ պատկերելու եղանակ, երբ մարմնի հետ միասին հարթության վրա պրոյեկտվում է նաև կոորդինատական համակարգը, որին վերագրված է մարմինը։ Ավելի հաճախ օգտագործվում է այնպիսի Ա․, որի դեպքում հավասարաչափ փոխվում են կոորդինատական բոլոր հատվածները (ի զ ո մ և տ ր ի ա, գծ․ 1) կամ կոորդինատական երկու հատված (դ ի մ ե տ ր ի ա, գծ․ 2)։ Մարմնի աքսոնոմետրական պատկերումը հնարավորություն է տալիս լրիվ որոշելու նրա ձևն ու դիրքը կոորդինատական համակարգի նկատմամբ։ Տես նաև Գծագրական երկրաչափություն։

ԱՔՍՈՐ, քրեական պատժատեսակ, որի դեպքում դատապարտյալը որոշակի ժամկետով կամ անժամկետ հեռացվում է իր բնակության վայրից՝ պարտադիր վերաբնակեցվելով որոշակի վայրում։ Ըստ սովետական քրեական իրավունքի, Ա․ կարող է նշանակվել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ՝ 2–5 տարի ժամանակով։ Որպես լրացուցիչ պատիժ Ա․ կիրառվում է միայն օրենքում ՜հատկապես մատնանշված դեպքերում։ Ա․ չի տարածվում մինչև հանցագործության պահը 18 տարին չբոլորած անձանց, հղի և խնամքի տակ մինչև 8 տարեկան երեխաներ ունեցող կանանց նկատմամբ։

ԱՔՎԱԼԱՆԳ (<լատ․ aqua – ջուր և անգլ․ lung – թոք), ջրի տակ շնչելու մեխանիկական սարք՝ բաղկացած սեղմված օդով լի անոթից, դիմակից և դրանք միացնող առաձգական խողովակից։ Ստեղծել են 1943-ին ֆրանսիացիներ Ժ․ Ի․ Կուստոն և Պ․ Է․ Դանյանը։ Լայնորեն օգտագործվում է ստորջրյա սպորտի, փրկարար աշխատանքների և գիտական հետազոտությունների ժամանակ։ Ա–ի շնորհիվ ջրի տակ (40 մ խորությամբ) կարելի է մնալ մի քանի րոպեից մինչև մեկ ժամ և ավելի։ 40 մ–ից խոր սուզվել չի թույլատրվում, որովհետև ներշնչելիք օդում եղած սեղմված ազոտը առաջացնում է քնաբեր ազդեցություն։ 1973-ին Թբիլիսիում կայացած միջազգային մրցումներում Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ 19-ամյա Շավարշ Կարապետյանը (Երևան, ԴՕՍԱԱՖ) սահմանեց համաշխարհային նոր ռեկորդներ՝ ստորջրյա 800 մ լողատարածությունն անցնելով 7 ր 12,2 վրկ–ում, իսկ 400 մ՝ 3 ր 20,7 վրկ–ում։

Հ․ Փարսադանյան

ԱՔՎԱՄԱՐԻՆ (<լատ․ aqua marina – ծո– վաջուր), միներալ, բերիլի թափանցիկ տարբերակը։ Գույնը՝ կապտականաչ կամ երկնագույն։ Թանկարժեք քար Է։

ԱՔՎԱՊԼԱՆ (< լատ․ aqua – ջուր և pla– num – հարթություն), սպորտային լաստ, որով սպորտսմենը ջրում տեղաշարժվում է ինքնաշարժ նավակի ետևից։ Քարշումը կատարվում է 10–15 մ երկարությամբ լարով, որի մի ծայրը բռնած մարզիկը շարժման ընթացքում կատարում է մարմնամարզական վարժություններ։

ԱՔՎԱՏԻՆՏԱ (<իտալ․ acquatinta, acquaforte – օֆորտ և tinto – գունավորված, երանգավորված), փորագրության տեսակ, որը կատարվում է ասֆալտի կամ բևեկնախեժի փոշով ծածկված մետաղե փորագրատախտակը թթվով մշակելու՝ կերագծելու (ժանտանյութելու) եղանակով։ Ստեղծվում են երանգավորված գծանկարի Էֆեկտներ, կիրառվում է շտրիխային օֆորտի զուգակցմամբ՝ հարստացնելով նրա տոնային և ֆակտուրային նրբերանգները։ Կան նաև առանց օֆորտային շտրիխների «մաքուր» Ա–ի օրինակներ (Ֆ․ Գոյայի «Կապրիչոս» գրաֆիկական նկարաշարի առանձին թերթերը)։

ԱՔՎԱՐԻՈՒՄ ( <լատ․ aquarium, aqua– ջուր), անոթ ջրային կենդանիների և բույսերի պահպանման, բազմացման ու ցուցադրման համար։ Ըստ կենդանիների ու բույսերի տեսակի ու չափերի, Ա–ի ձևն ու չափերը ևս տարբեր են։ Տնային Ա–ները լինում են մետաղյա հիմնակմախքով և ապակյա պատերով կամ ամբողջովին ապակյա, երբեմն՝ օրգ․ ապակուց։ Ձկների Ա–ի ջուրը պետք է ունենա որոշակի աղային բաղադրություն և անընդհատ հագեցվի թթվածնով, դրա համար Ա–ում տեղավորում են ջրային բույսեր և օրական 10 – 12ժ լուսավորում։ Որպես բնահող լավ է օգտագործել գետային գորշ, լվացած ավազը։ Աքվարիումային ձկներից ամենատարածվածը ոսկե ձկնիկն է (Carassus auratus), որից Չինաստանում և ճապոնիայում ստացել են դեկորատիվ ձկների շատ տեսակներ։ Դիտական նպատակներով, ցուցադրումների համար օգտագործում են խոշոր Ա–ներ, մեկուսացված ծովային հատվածներ, որտեղ պահվում են ծովերում և քաղցրահամ ջրերում ապրող կենդանական աշխարհի և բուսականության ներկայացուցիչներ։