Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բ, հայերեն այբուբենի երկրորդ տառը, բաղաձայն։ Անունն է «բեն>։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից՝ Բ։ Հորիզոնական նուրբով երկարին են միացել կարճը՝ վերին ծայրից, լայնը՝ մեջտեղից՝ Բ։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանել է իր գծագրական յուրահատկությունը։

Գրչագիր Բ (V–XIII դդ․) սկզբից ևեթ ստեղծվել է որպես գրչության գիր։ Գրվում է երկու տողագծերի միջև, ուղղաձիգ գծերը միանում են ուղիղ նուրբով՝ Բ։ Դյուրագիծ է, գրվում է և՝ ուղղահայաց, և՝ աջ թեքված՝ բ։ Գործածվում է խոշոր, միջին և մանր չափերով։ Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագրի, որն օգտագործվում է նաև այսօր, հիմնականում՝ վերնագրերում։

Երկաթագիր Բ ստեղծվել է գրչագրի հենքից, միայն երկար և կարճ գծերը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբով՝ Բ։ Գրվում է երկու տողագծերի միջև մյուս գրերին հավասար, խոշոր և միջակ չափերով։ Որպես գլխագիր գրվելիս՝ հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ծայրը բարակում է, երբեմն լայնը հեռանում է իր տեղից՝ ձգվող նուրբի ուղղությամբ՝ Բ։ Գործածվել է որպես գրչության (V–VII դդ․) և վիմագրության (V դ․ մինչև այսօր) գիր։

Բոլորգիր կամ բոլորակ գիր Բ ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է նույնպես երեք ուղղաձիգներից և երկու հորիզոնական նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը, որով կազմվում է բոլորակը, նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը իջնում տողագծից ցած։ Տողից ցած է նաև լայնը, որը հետագայում արագագրության հետևանքով չի գրվել և մնացել է միայն նուրբը՝ բ։ Դյուրագիծ է, գրվում է ուղղաձիգ և աջ թեքված, խոշոր, միջակ, մանր և մանրագույն չափերով։ XII–XIII դդ․ դարձել է գրչության հիմնական, իսկ XVI դ․ միաժամանակ նաև՝ տպագրության գիր։

Շղագիր Բ նույն բոլորգիրն է, միայն առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել V–XII դդ․, մասսայականացել՝ XVI դ․։ Շղագիր Բ–ից արագությամբ առաջ է եկել նոտրգիր թ, որը գործածվում է նաև այսօր։

Բ նշանագրում է հայերենի բ բաղաձայնը, որը շրթնային ձայնեղ հնչյուն է և արտաբերվում է շրթունքների հպումով ստեղծված փակվածքի պայթյունով։ Արևելահայ գրական լեզվում բառամիջում ա բառավերջում երբեմն խլանում է՝ դառնալով փ (համբույր>համփույր, նուրբ> նուրփ), պ (աղբյուր>ախպյուր, աղբ>ախպ), արևմտահայ գրականում անխտիր շնչեղանում ու արտասանվում է իբրև թավ փ (բերել>փերել, բերան>փերան), իսկ բարբառներում կրում բազմատեսակ փոփոխություններ (բան, փան, բ’ան, պան, պէն ևն)։ Բ նշանակել է երկու և երկրորդ, բյուրի նշանով (բ)՝ 20000։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է թվային և թվային կար– գի արժեքներով։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Բ դասարան = երկրորդ դասարան, մասն Բ = մասն երկրորդ ևն)։

Բաադե (Baade) Վալտեր (24․ 3․ 1893, Շրյոտինգհաուզեն – 25․ 6․ 1960, Գյոթինգեն), աստղաֆիզիկոս։ Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (1919)։ 1919–1931-ին աշխատել է Բերգեդորֆի (Համբուրգ) աստղադիտարանում, որից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և մինչև 1958-ը աշխատել Մաունտ Վիլսոնի ու Մաունտ Պալոմարի աստղադիտարաններում։ Զբաղվել է գիսավորների, մոլորակների, աստղերի, գերնորերի և գալակտիկաների ուսումնասիրությամբ։ Բ․ մոտագույն գալակտիկաների կենտրոնական մասերը տարրալուծել է առանձին աստղերի և բացահայտել Նրանց աստղային բնակչության կազմի ու պայծառ աստղերի մի շարք ֆիզիկական առանձնահատկությունները։ Այս ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին նրան հաստատելու աստղային երկու տիպի բնակչության (որոնք այժմ կոչվում են Բ–ի I և II տիպի բնակչություններ) գոյության փաստը։ Բ․ գտել է արտագալակտիկ հեռավորությունների սանդղակի սխալը և շտկել այն։ Ռ․ Մինկովսկու հետ նա առաջինն է կատարել մի շարք հզոր տիեզերական ռադիոաղբյուրների նույնացումը գալակտիկաների հետ։