Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարմնավորումը, մելոդիկ հարստությունը և օպերային դրամատուրգիայի կանոնների լավ իմացությունը արժանի հաջողություն բերեցին «Արծվաբերդ»-ին։ Այն ներկայացվել է Սվերդլովսկում (1964), Դոնեցկում (1965), Մոսկվայում՝ կենտրոնական հեռուստատեսությամբ (1966), Կազանում (1973)։ Բ-ի երկրորդ օպերան («Պաղտասար աղբար») մնաց անավարտ։

Բաբաև (Բաբայան) Աշոտ (Արշավիր) Գրիգորի (21․11․1920, Աշխաբադ), հայ սովետական երկրաբան, երկրաբանական–հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուզբ․ ՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ թղթանդամ (1974)։ ԱՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստ–ը (1947, Բաքու)։ Մասնակցել է 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին։ Երկար տարիներ գըլխավորել է Ուզբ․ ՍՍՀ–ում նավթի և գազի հանքերի որոնման աշխատանքները։ 1967–69-ին եղել է Եգիպտոսում նավթագազաորոնման սովետական մասնագետների խմբի ղեկավարը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Բաբաև Նաբի Խազրի, Բաբաև Նաբի Ալեքպեր օղլի (ծն․ 10․12 1924, գ․ խրդալան, Ադրբեջանական ԱՍՀ), ադրբեջանցի սովետական բանաստեղծ։ Ավարտել է Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ-ը։ Տպագրվել է 1944-ից։ «Ծաղկող երազանքներ» (1950), «Լեռնային արև» (1957), «Հայրենիք և օտարություն» (1958), «Կաղնին ժայռի վրա» (1959) բանաստեղծությունների ժողովածուներում արտահայտել է խաղաղության համար մղվող պայքարի, ժողովուրդների բարեկամության և հայրենասիրության գաղափարներ։ Թարգմանել է Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի երկերից։

Բաբալյան Արուս Գրիգորի [ծն․ 12(25)․ 6․ 1893, Թիֆլիս], հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1954)։ 1921-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, ապա հրավիրվել Երևան և մասնակցել կոնսերվատորիայի հիմնադրմանը, եղել մեներգեցողության առաջին ուսուցչուհին, միաժամանակ հանդես եկել համերգներով։ 1930–35-ին եղել է Թբիլիսիի Կ․ Մարջանիշվիլու անվ․ վրացական թատրոնի կոնցերտմայստերը, 1927–36-ին՝ Ս․ Շահումյանի անվ․ հայկական դրամատիկական թատրոնի երաժշտական մասի ղեկավարը։ 1947–54-ին դասավանդել է Լենինականի Կարա–Մուրզայի անվ․ երաժշտական ուսումնարանում։ Գրել է Բիչեր Սթոուի» «Քեռի Թոմասի խրճիթը», «Բոռ» (ըստ է․ Վոյնիչի), Դ․ Գեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացումների երաժշտությունը։ Բաբախանյան Առաքել (1860–1932), հայ պատմաբան, գրող, տես Լեո:

Բաբախանյան Սիսակ Հակոբի (Նիկոլայ Բաբախան) (1892–1936), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ։ Պրոֆեսոր։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Սովորել է Երևանի և Բաքվի գիմնազիաներում, ապա՝ Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստ–ում։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ (1917) մասնակցել է Նիկոլայ II-ի ձերբակալմանը, Հուլիսյան օրերին՝ մայրաքաղաքի կայազորի հուզումներին։ 1917-ի հոկտ․ 25-ին Բ․ գտնվում էր Ձմեռային պալատը գրոհողների շարքերում։ Նոյեմբերին նշանակվել է Կենտրոնական շրջանների տրանսպորտի կոմիսար։ 1918-ի ապրիլին ընտրվել է ՌԿ(բ)Կ Մոսկվայի Կրասնայա Պրեսնյայի շրջկոմի քարտուղար։ 1919-ի մայիսին սովետական հանրապետության լիազոր–ներկայացուցիչն էր Հյուսիսային Կովկասում և Ղրիմում։ Հունիսին, սպիտակգվարդիականների կողմից Ղրիմը գրավելուց հետո, եղել է Ղրիմի ընդհատակյա մարզային կոմիտեի քարտուղար, ապա՝ ընդհատակյա ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ։ Բ-ի ղեկավարությամբ Ղրիմի անտառներում կազմակերպվել է «Կանաչներ» պարտիզանական բանակը։ 1920-ին Մոսկվայում ՌԿ(բ)Կ: Կենտկոմին զեկուցել է Ղրիմի ընդհատակյա կոմիտեի աշխատանքների մասին, հանդիպել Վ․ Ի․ Լենինի հետ։ 1921 –24-ին սովորել է Կարմիր պրոֆեսուրայում, ավարտելուց հետո աշխատել է պետական պլանավորման մարմիններում, եղել է ՍՍՀՄ Աշխատանքի ն պաշտպանության խորհրդի գիտական բաժնի պետ։

Բաբախող հոսանք, մեծությամբ փոփոխական, ուղղությամբ հաստատուն էլեկտրական հոսանք։ Առաջանում է փոփոխական հոսանքը հաստատունի փոխարկելիս։ Բ․ հ․ կարելի է ներկայացնել որպես հաստատուն բաղադրիչի և տարբեր հաճախականության սինուսոիդալ հոսանքների գումար։ Բ․ հ–ի միջին արժեքը բաբախման պարբերության ընթացքում հավասար է հաստատուն բաղադրիչին։ Բ․ հ–ից փոփոխական բաղադրիչների անջատումն ու բաբախման հարթեցումը կատարվում է էլեկտրական զտիչներով։

Բաբայան Աղվան Նահապետի [ծն․ 10․ 4․ 1919, գ․ Թառաթումբ (այժմ՝ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)], Սովետական Միության հերոս (24․ 3․ 1945), ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին մասնակցել է Բելայա–Ցերկով ու Օստյոր քազաքների (Ուկրաինա) պաշտպանությանը և գերվել վիրավոր վիճակում։ Երկու ամիս հետո փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել կարմիր բանակի զորամասերին։ 1943–44-ին մասնակցել է Դոնբասի, Ղրիմի ազատագրմանը, 1945-ին՝ Քյոնիգսբերգի գրավմանը։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է Մեաստոպոլի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Բաբայան Արաքսի Թովմասի (ծն․ 5․ 5․ 1906, Երևան), հայ սովետական քիմիկոս։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթանդամ՝ 1956)։ ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական (1929) և պոլիտեխնիկական ինստ–ի քիմիական (1937) ֆակուլտետները։ Աշխատել է Երևանի անասնաբուժական–անասնաբուծական ինստ–ում, եղել օրգ․ քիմիայի ամբիոնի վարիչ (1942–56)։ Այժմ աշխատում է ՀԱԱՀ ԳԱ քիմիայի ԳՀԻ–ում որպես ամինոմիացությունների լաբորատորիայի վարիչ։ Զբաղվում է ամինների և չորրորդային ամոնիումային միացությունների հետազոտությամբ։ Սկզբնական շրջանի աշխատանքների արդյունքը եղավ Հոֆմանի ռեակցիայի գործնական կիրառության հնարավորության հայտնաբերումը։ Բ․ պարզաբանել է բազմահալոգենալկիլ խումբ պարունակող չորրորդային ամոնիումային աղերի ջրահիմնային ճեղքման ռեակցիայի մեխանիզմը, տվել չհագեցած խմբեր պարունակող համապատասխան աղերի վերախմբավորման–ճեղքման ռեակցիաները, որոնք կարող են օգտագործվել կետոնների, կարբոնաթթուների էսթերների և էնամինների սինթեզի համար։ Եղել է ՀՍՍՀ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Բաբայան (Քարբոնել–Բաբայան) Արմինիա (Արմենուհի) Ավետիքի (8․ 6․ 1876, Վիեննա – 11․4․ 1971, Փարիզ), հայ նկարչուհի։ Մ․ Բաբայանի քույրը։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թիֆլիսում, ապա՝ Դրեզդենում։ Ավելի ուշ հաստատվել է Փարիզում, սովորել ժուլիան ակադեմիայում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1926, 1928, 1929 և 1931)։ Հեղինակ է դիմանկարների («Լուի Լալուա», 1926,