Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաբայան Մարգարիտա Ավետիքի [24․ 12․ 1874, Գոթա (Գերմանիա) – 18․ 10․ 1968, Փարիզ], հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցոսոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ․ Իպպոլիտով–Իվանովից, Կ․ Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ․ Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է Փարիզում՝ Պոլին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ։ 1901-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։ 1904-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում։ Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, XIX դ․ եվրոպական, ռուս․, հայկ․ դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում։ Կոմիտասի և Ա․ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ–դասախոսություններով։ 1911-ին Փարիզում բացել է մեներգեցողության վարժարան (1951-ին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին)։ Եղել է Կոլոնն–Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միությանն Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին։ 1895-ին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906-ին և 1914-ին Փարիզում մասնակցել նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար (տես «ժամանակակիցները Կոմիտասի մասին» ժող․, Ե․, 1960)։

Բաբայան (Լալուա–Բաբայան) Շուշանիկ Ավետիքի [19(31)․ 5․ 1879, Թիֆլիս – 28․ 1․ 1952, Փարիզ], հայ դաշնակահարուհի։ Մ․ Բաբայանի քույրը։ 1886-1886-ին ընդունվել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, աշակերտել Մ․ Զ․ Գաբաևային։ 1904-ից մշտապես բնակվել է Փարիզում, կատարելագործվել Վանդա Լանդովսկայի մոտ, զբաղվել մանկավարժական աշխատանքով։ Հանդես է եկել հատկապես հայկ․ դաշնամուրային երկերի կատարումով։

Բաբայան Ռաֆայել Պետրոսի (ծն․ 11․8․ 1927, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀԱԱՀ վաստակավոր նկարիչ (1966)։ ԱՄԿԿ անդամ 1970-ից։ 1953-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-բեմադրող։ Լավագույն աշխատանքներից են․ գեղարվեստական՝ «Ոսկե ցլիկը» (1954), «Սիրտը երգում է» (1957), «Մարտիրոս Սարյան» (1965), «Եռանկյունի» (1966), «Սարոյան եղբայրներ» (1967), մուլտիպլիկացիոն՝ «Շերտավոր վագրեր» (1967), «Պույ–պույ մուկիկը» (1970) կինոնկարների ձևավորումները։ 1962-ին «Փառքի օղակներ» կինոնկարի ձևավորման համար արժանացել է Համաշխարհային կինոասոցիացիայի 5-րդ կոնգրեսի դիպլոմին, իսկ 1970-ին՝ ՀՍՍՀ պետական մրցանակի՝ «Սարոյան եղբայրներ» կինոնկարի համար։

Բաբայան Ռաֆայել Սուրենի (ծն․ 27․ 12․ 1927, Դիլիջան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1968-ից։ 1955-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ը։ Աշխատում է հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում։ Լավագույն աշխատանքներից են Ն․ Գիլիենի (1956), Լոնգֆելլոյի (1958), Ա․ Իսահակյանի (1959–64), Հ․ Թումանյանի (1969) ստեղծագործությունների մոտիվներով կատարած գրաֆիկական գործերը։ «Հայֆիլմ» կինոստուդիայում ձևավորել է «Բարև, ես եմ» (1965), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969), «Անցյալի արձագանքները» (1970), «Տղամարդիկ» (1972) կինոնկարները։

Բաբայան Սոֆյա (1855, Թիֆլիս – 1940), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։ Տեղի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է Գերմանիայի Գոթա քաղաքի Մանկապարտիզպանուհիների և ուսուցչուհիների սեմինարիայում (1874), կատարելագործվել Վիեննայում։ 1877-ին Թիֆլիսում հիմնել է ընտանեկան մանկապարտեզ։ 1880-ին ամուսնու՝ բժիշկ և մանկավարժ Ա․ Բաբայանի մասնակցությամբ ստեղծել է Ֆրեոբելյան ընկերությունը, որը 1882-ի մայիսի 14-ին Թիֆլիսում բացել է հայկ․ առաջին ժող․ մանկապարտեզը (Զրկինենց եկեղեցուն կից շենքում)։ Բ․ երեխայի դաստիարակության գործում կարևորել է ընտանիքի դերը, համարելով այն ուրույն հասարակական միջավայր, ուր սկզբնավորվում է երեխայի համակողմանի զարգացումը։

Բաբայան (<սեմական bab – դարպաս, դուռ), ռազմական հնագույն պաշարողական մեքենա՝ բերդ–ամրոցների և քաղաքների պարիսպներ, դարպասներ ու աշտարակներ քանդելու, խորտակելու համար։ Եղել է քառանիվ կամ վեցանիվ սայլ՝ քթամասի սուր ելուստով և առաջամասի փոքրիկ աշտարակով։ Վերջինիս շղթաներով ամրացվել է վիթխարի, ճոճվող գերան՝ առջևի մասում խոյաձև, մետաղապատ գլխով (երբեմն գերանին փոխարինել է բարակ ու երկար, նիզականման գործիք)։ Սպասարկող ռազմիկների պաշտպանության համար Բ․ ծածկվել է թրջած թաղիքով կամ եզան կաշվով, երբեմն՝ նաև կավի շերտով։ Բ․ մոտեցնելով պարսպին (կամ դարպասին)՝ ռազմիկները շղթաներից ձգելով՝ ետ են քաշել գերանը ու բաց թողել, որը հսկայական ուժով հարվածել է ու անցք առաջացրել, որով ներխուժել է հետևակը։ Բ–ի դեմ պայքարել են կրակով՝ հրդեհելով ծածկը և նետահարելով նրա տակ թաքնված զինվորներին։ Ծանրաշարժ լինելու պատճառով Բ․ հիմնականում պատրաստվել է տեղում և ունեցել մեծ անձնակազմ։

Բաբաջանյան, գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանի լեռնաշղթայի հարավ–արևելյան լանջին, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի և ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

Բաբաջանյան Առնո Հարությունի (ծն․ 22․ 1․ 1921, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր, դաշնակահար։ ՍՄՀՄ ժող․ արտիստ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ 1929-ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը։ Ինը տարեկանում գրել է «Պիոներական քայլերգ»-ը, որ հրատարակվել է Ե․ Չարենցի աջակցությամբ։ 1947-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Վ․ Տալյանի