Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ադյունաբերություն, պլաստմասսայե իրերի, տրանզիստորային ռադիոընդունիչների հավաքման և լուցկու արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը։

ԲԱՄԲԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, բուսաբուծության ճյուղ, արտադրում է բամբակի հումք տեքստիլ և արդյունաբերական այլ ճյուղերի համար։ 1 տ բամբակի հումքից ստացվում է 290–400 կգ բամբակաթել (դրանից կարելի է պատրաստել 3 հզ․ մ գործվածք) և 500–700 կգ սերմ։ Իսկ 1 տ սերմից ստացվում է 170–190 կգ ձեթ, 400–420 կգ քուսպ, 300–400 կգ բամբակակեղ, 30 կգ բամբակի աղվամազ (լինտ) են։ Գործվածքների արտադրության համար ծախսվող տեքստիլային թելերի մոտ 2/3-ը բամբակյա է։ Բ․ հայտնի է եղել դեռևս մ․ թ․ ա․ Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Միջին Ասիայի, Պերուի, Մեքսիկայի այժմյան տարածքում։ Եվրոպայում, հիմնականում Բալկաններում, բամբակենի սկսել են մշակել X–XI դդ․, մյուս երկրներում՝ ավելի ուշ։ ՍՍՀՄ բամբակագործական շրջաններն են՝ միջինասիական հանրապետությունները և Ադրբ․ ՍՍՀ։ 1972-ին ՍՍՀՄ–ում բամբակենու ցանքատարածությունը եղել է 2 մլն 770 հզ․ հա, համախառն բերքը՝ 7,1 մլն տ, մեկ հա միջին բերքատվությունը՝ 25,6 ց։ ՍՍՀՄ–ում բամբակենու մշակության հիմնական աշխատանքները մեքենայացված են։

Հայաստանում բամբակենին մշակվել է վաղ միջնադարում։ Ամենահին գրական աղբյուրը, որտեղ խոսվում է Բ-յան մասին, վերաբերում է VII դ․։ Անանիա Շիրակացին վկայում է, որ Փայտակարանում մշակվել է բամբակենի։ Բամբակենու մասին վկայություններ ունեն նաև Մխիթար Գոշը, Մովսես Կաղանկատվացին և ուրիշներ։ Սկսած XIX դ․ 2-րդ կեսից, բամբակի պահանջարկը մեծանալու կապակցությամբ, Հայաստանում ավելացավ բամբակի արտադրությունը։ 1870-ին Հայաստանում արտադրվել է 14 հզ․ 720 ց բամբակ։ Բ․ խիստ տուժեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և 1919-ին Հայաստանում բամբակենու ցանքատարածությունը հասավ 600 հա (1913-ին՝ 15,3 հզ․ հա)։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից և ձեռնարկած գործնական մի շարք միջոցառումներից հետո Բ․ վերականգնվեց։ 1932-ին բամբակենու ցանքատարածությունը եղել է 27,4 հզ․ հա, իսկ հետագայում, մինչև 1956-ը այն տատանվում էր 16–18 հզ․ հա սահմաններում։ 1956-ից բամբակենու մշակությունն աստիճանաբար կրճատվել է և փոխարինվել այլ կուլտուրաներով։ 1969-ից ՀՍՍՀ–ում բամբակենի չի մշակվում։ (Տես նաև Բամբակազտիչ արդյունաբերություն

Ս․ Կարապետյան

ԲԱՄԲԱԿԱԶՏԻՉ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, թեթև արդյունաբերության ենթաճյուղ։ Զբաղվում է բամբակե հումքի նախնական մշակմամբ․ ստացվում են բամբակե մանրաթել, բամբակի աղվամազ (լինտ) և սերմեր։ ՍՍՀՄ–ում Բ․ ա․ արագ թափով սկսեց զարգանալ նախապատերազմյան տարիներին։ Այդ ժամանակաշրջանում բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվեցին նոր, բարձր արտադրողական սարքերով։ Միջին Ասիայում և Անդրկովկասում մինչև 1941-ը կառուցվեց տեխնիկապես հագեցված 87 նոր բամբակազտիչ գործարան, 1940-ին զտվեց 3,5 անգամ ավելի բամբակե մանրաթել, քան 1913-ին, իսկ 1966-ին զտված բամբակե մանրաթելերի քանակը հասավ 1 մլն 900 հզ․ տ (1913-ին 125 հզ․ տ)։ 1945–50-ին Միջին Ասիայում և Անդրկովկասում, հատկապես Ադրբ․ ՍՍՀՄ–ում կառուցվեցին 9 նոր բամբակազտիչ գործարաններ։ 1950-ին ՍՍՀՄ–ում արտադրվել է 952 հզ․ տՇեղատառ տեքստ բամբակե մանրաթել։ Հայաստանում փոքր հզորությամբ բամբակազտիչ մասնավոր գործարաններ եղել են մինչև սովետական կարգերի հաստատումը։ Սովետական Հայաստանի կառավարությունը ազգայնացրեց դրանք և 1922-ին ՀՍՍՀ Հողժողկոմատին կից կազմակերպեց «Հայբամբակկոմը», որը 1923-ին վերակազմվեց «Գրախտի»։ 1924-ին Երևանում գործարկվեց առաջին մեքենայացված բամբակազտիչը՝ տարեկան 1200 փութ զտված բամբակի հզորությամբ, և հիմնադրվեց 2-րդ բամբակազտիչ գործարանը։ 1925-ին Ադրբեջանից և Թուրքմենիայից ստացված սարքավորումներով գործարկվեց Հոկտեմբերյանի (Սարդարապատի) բամբակազտիչը (ՀՍՍՀ 3 բամբակազտիչ գործարանների ընդհանուր հզորությունը տարեկան հասցվեց 52 հզ․ Փթի)։ 1923-ին կազմակերպվեց Ռուսհայկական բամբակամշակող ընկերություն, որի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ զտված բամբակի քանակը 1925-26-ին կազմեց 4319,6 տ՝ 1923–1924-ի 899,7 տ փոխարեն։ Հետագայում, 1956-ից սկսած, Հայաստանի գյուղատնտեսությունից աստիճանաբար հանվեց բամբակի մշակույթը, որը փոխարինվեց հանրապետության կլիմայական պայմանների համար առավել նպատակահարմար բերքատու կուլտուրաներով՝ խաղողի և պտղատու այգիներով ու խորդենու ցանքատարածություններով։ Այդ կապակցությամբ վերացվեց նաև Բ․ ա․ ՀՍՍՀ–ում։

Հ․ Պողոսյան

ԲԱՄԲԱԿԱՇԱՏ (մինչև 1935-ը՝ Մոլլա Բայազետ), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հարավարևմուտք, Հոկտեմբերյան–Նալբանդյան խճուղու վրա։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների, խորդենու մշակությամբ, անասնապահությամբ, մինչև 1967-ը զբաղվում էր նաև բամբակագործությամբ (այստեղից և գյուղի անվանումը)։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, ծննդատուն, մսուր-մանկապարտեզ, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավարներ։ Բամբակի բարձր բերք ստանալու համար կոլտնտեսության անդամներ Ա․ Գ․ Հարությունյանին, Հ․ Ա․ Բաբերյանին, Ռ․ Թ․ Մանուկյանին, Ա․ Վ․ Սիմոնյանին, Ա․ Ղ․ Խաչատրյանին, Հ․ Ա․ Խաչատրյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Գյուղը հիմնադրվել է 1842-ին։

ԲԱՄԲԱԿԱՎԱՆ (մինչև 1945-ը՝ Վերին Ղույլասար), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մինչև 1967-ը զբաղվում էր նաև բամբակագործությամբ (այստեղից և գյուղի անվանումը)։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, բուժկայան, կինոթատրոն։ Բնակիչների նախնիները 1829-ին եկել են Պարսկաստանից։

ԲԱՄԲԱԿԵ ԳՈՐԾՎԱԾՔ, բամբակե մանվածքից գործվածք։ Լինում են կենցաղային և տեխ․ (տես Տեխնիկական գործվածք)։ Տեսակների հիմնական մասը կենցաղային նշանակության գործվածքներ են։ Նայած մշակման ու դրվագման բնույթին, Բ․ գ–ները լինում են կոպիտ, սպիտակեցված, դաջովի, խայտաբղետ, հարթ ներկված մելանժի (տես Տեքստային գործվածք)։ Բ․ գներից առավել տարածված են միտկալը, բյազը և սատինը։