քաղցր։ Պտղաբույլը (մինչև 300 պտուղ) կշռում է մոտ 50 կգ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված ձևով։ Մի քանի տեսակների տերևապատյաններից ստանում են թել։ Հայտնի է մոտ 80 տեսակ։ Մշակվում են դրախտային (M․ paradisiaca), բրամինի (M․ sapientum), թզուկ (M․ cavendishii) տեսակները։ Աճում է Աֆրիկայի, Ասիայի և Ավստրալիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Տարածված է նաև Բրազիլիայում, Հնդկաստանում, Կենտրոնական Ամերիկայում։ ՍՍՀՄ-ում Սև ծովի կովկասյան և Ղրիմի ափերին աճեցվում է ճապոնական կամ դեկորատիվ Բ․ (M․ basjoo), որպես դեկորատիվ բույս։
ԲԱՆԱՆՑ, Բանանոց, Բայան, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՀ Դաշքեսանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս-արևելք։ Կոլտնտեսությունը զբաղվում է այգեգործությամբ, գինեգործությամբ («Բանանց» գինի), անասնապահությամբ, դաշտավարությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կինո։ Գյուղի տերիտորիայում պահպանվել է Ս. Լուսավորիչ եկեղեցին (1863)։ Հնում հայտնի է եղել դարբնոցներով և հանդիսացել է երկաթագործության կենտրոն Գանձակի գավառում։
ԲԱՆԱՍԱՑ, ասացող, ժողովրդական բանահյուսության նմուշները պահպանող և վերապատմող անհատ։ Առանձին ժանրերի դեպքում ունի նեղ անվանումներ՝ հեքիաթասաց, վիպասաց, առակախոս, երգասաց ևն։ Բանահյուսական երկերը, լինելով «անանուն» հեղինակների գործեր, բերանացի ավանդվելով, տարբեր Բ-ների կողմից ենթարկվում են փոփոխության, և ըստ այդմ էլ առաջ են գալիս միևնույն երկի փոփոխակներ կամ տարբերակներ։ Տարբերակների ձևն ու բովանդակությունը զգալի չափով պայմանավորված են Բ-ի ազգային և սոցիալական պատկանելությամբ, ասել-պատմելու ձիրքով։
ԲԱՆԱՍԵՐ, լեզվի և գրականության հարցերով զբաղվող մասնագետ։ Տերմինը ծագել է բան արմատից, որը նշանակում է բառ, խոսք, ստեղծագործություն։ Համազոր է միջազգային ֆիլոլոգ (բանասեր) բառին։ Այստեղից էլ՝ բանասիրություն տերմինը։
«ԲԱՆԱՍԵՐ», քաղաքական, գրական և առևտրական տասնօրյա թերթ (վիմատիպ)։ Լույս է տեսել 1848-49-ին, Մադրասում։ Խմբագիր՝ Ս․ Հովհաննես։ Արտացոլել է հնդկահայ գաղութների հասարակական կյանքը և գրավել առաջադիմական դիրք՝ աշխարհիկ ու հոգևոր պետերի առանձնաշնորհումների դեմ պայքարելու տեսակետից․ քննադատել է հնդկաբնակ ազգային վարչությունները՝ ի շահ աղքատ և իրավազուրկ մարդկանց։ «Բ․» համարձակ ելույթներ է ունեցել պահպանողական «Արշալույս արարատյան» թերթի դեմ։ Թերթի լեզուն եղել է գրաբարը, տպագրել է առևտրական լուրեր և տեղեկություններ, եկեղեցական-կրոնական և աշխարհիկ կյանքին վերաբերող այլևայլ հոդվածներ։
«ԲԱՆԱՍԵՐ», պարբերագիրք-ժողովածու։ Լույս է տեսել 1851-52-ին և 1859-ին (մեկ համար), Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Մ․ Հիսարյան։ Հրատարակվել է «Ամսական տետր ազգային, բանասիրական և քաղաքական» ենթավերնագրով, երկու հատորով։ Ունեցել է ներածություն, վերջաբան և հրատարակված նյութի ցանկ։ Պարբերագիրքը լույս է տեսել աշխարհաբարով։ Տպագրել է պատմաբանասիրական, մանկավարժական, մատենագիտական, հայրենագիտական, հայագիտական, գրաքննադատական, կրոնա-բարոյական հոդվածներ, նյութեր՝ հայ ժողովրդական բանահյուսությունից, գրական ստեղծագործություններ, թարգմանություններ։ «Բ․»-ում հրատարակվել է նաև Մ․ Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը։ «Բ․»-ի բոլոր նյութերը հիմնականում հեղինակել ու խմբագրել է խմբագիրը։
«ԲԱՆԱՍԵՐ», հայագիտական հանդես։ Հրատարակվել է 1899-1907-ին, Փարիզում։ Մինչև 1902-ը՝ եռամսյա, ապա՝ ամսաթերթ, 1906-ից՝ կրկին եռամսյա։ Խմբագիր-տնօրեն՝ Կ․ Բասմաջյան։ «Բ․»-ի առաջին շրջանին բնորոշ էր բանասիրական, հայագիտական թեքումը։ Հնախոսական, մատենագրական, քննական, ազգագրական, բանասիրական և այլ բաժիններում տպագրվել են Կ․ Բասմաջյանի, Գ․ Խալաթյանցի, Ֆ․ Կոնիբերի, Ա․ Կարրիերի, Հ․ Աճառյանի, Ն․ Բյուզանդացու, Մ․ Դավիթ-Բեկի, Բ․ Կյուլեսերյանի, Գ․ Նեմցեի և նշանավոր այլ հայագետների ուսումնասիրություններն ու հոդվածները։ 1902-ից մեծ տեղ է հատկացրել հայ և օտար գրականությանը՝ տպագրելով Պ․ Պռոշյանի, Ա․ Ծատուրյանի, Հ․ Մառքի, Հ․ Ալյանաքի, Վ․ Հյուգոյի, Հ․ Հայնեի, Վ․ Սարդուի, Լ․ Պալմերի և այլոց ստեղծագործությունները։ «Բ․»-ի էջերում տեղ են գտել նաև Հ․ Տեր-Աստվածատրյանի, Գ․ Բալասանյանի, Գ․ Չալխուշյանի գրականագիտական հոդվածները։ Հանդեսն անդրադարձել է ազգային-հասարակական խնդիրներին, տպագրել տնտեսագիտական, արվեստագիտական հոդվածներ, տեսություններ։ «Բ․»-ի հրատարակությամբ, առանձին գրքերով լույս են ընծայվել հայագիտական, արևելագիտական աշխատություններ և գեղարվեստական գործեր։ Դրանց մի մասը նախապես հրապարակվել են «Բ․»-ի տարբեր պրակներում կամ հատվածաբար (Ա․ Սեյս, «Քետացիք կամ մոռացված կայսրության մը պատմությունը», Բ․ Խալաթյանց, «Իրանի հերոսները հայ ժողովրդի մեջ», Մ․ Դավիթ-Բեկ, «Բաղդատական քերականության ծագումը և օգուտները»)։
ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ֆիլոլոգիա (<հուն․ φιλέω – սիրում եմ, λόgος; – բան․ խոսք), գեղարվեստական գրականության և լեզվի ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունների համակարգը։ Բ-յան մեջ մտնում են գրականագիտությունը, լեզվաբանությունը և բանագիտությունը՝ իրենց բոլոր բաժիններով և ենթաբաժիններով (գրականության տեսություն, գրականության պատմություն, գրական քննադատություն, բնագրագիտություն, ընդհանուր և պատմա-համեմատական լեզվաբանություն, հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն ևն)։ Ընդհանրություններով հանդերձ, այդ բաժիններից ամեն մեկն ունի իր յուրահատուկ խնդիրներն ու քննարկվող հարցերի շրջանակը։ Բ-յան պատմական զարգացման ընթացքում առաջանում են նորանոր գիտական ճյուղեր, տեղի է ունենում մասնագիտացման անընդհատ խորացում։ Նեղ առումով Բ․ հասկացվում է իբրև գրականագիտական և լեզվաբանական աշխատանքի այնպիսի տեսակ, որն զբաղվում է գերազանցապես փաստական նյութի հավաքումով ու նկարագրությամբ, տեքստաբանական ճշտումներով։
ԲԱՆԱՍՏԵՂԾ, նախնական իմաստով՝ ստեղծագործական ձիրքով օժտված անհատ, ավելի նեղ և տարածում գտած իմաստով՝ չափածո ստեղծագործող։ Բառացի նշանակում է բան (խոսք, բառ) ստեղծող (հոմանիշ է միջազգային պոետ տերմինին)։ Մինչև XX դ․ սկիզբը հաճախ Բ․, պոետ էին անվանում առհասարակ գեղարվեստական երկեր գրողներին (այդ թվում և արձակագիրներին ու դրամատուրգներին)։ Ներկայումս ընդունված է Բ․ կոչել միայն նրան, ով գրում է չափածո գործեր (քնարական բանաստեղծություն, պոեմ, բալլադ ևն)։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ, գրական-գեղարվեստական ստեղծագործության տեսակ։ Հայերենում գործ է ածվում մի քանի իմաստով։ Ամենից տարածված ըմբռնմամբ՝ քնարական ոչ մեծ ծավալի գործ, որը բացահայտում է զգացմունք կամ ապրում, տպավորություն կամ խոհ։ Բ-յան կառուցվածքի և ներքին բովանդակության բազմազանությունից ձևավորվել են նրա մի շարք տեսակներ՝ գազել, բեյթ, սոնետ, քառյակ, ստանս, տրիոլետ ևն։ Անցյալում, երբեմն նաև այսօր, Բ․ ասելով հասկացվել են առհասարակ