Ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Բենգալիայում ազատագրական շարժումը ուժեղացավ հատկապես առաջին համաշխարհային պատերազմից և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Միաժամանակ անգլ․ գաղութատերերը 1930-ական թթ․ սկսած հրահրում էին տարաձայնություններ և երկպառակություններ երկու կրոնական համայնքների՝ մահմեդականների և հնդիկների միջև։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իմպերիալիզմի գաղութային սիստեմի կործանման և հարավ-ասիական ենթամայրցամաքում ազգային-ազատագրական շարժման բուռն վերելքի պայմաններում անգլ․ իմպերիալիզմը ստիպված էր հեռանալ Հնդկաստանից։ 1947-ի հունիսի 3-ի դեկլարացիայով նախկին Բրիտանական Հնդկաստանի տարածքում կրոնական հատկանիշի հիման վրա ստեղծվեց 2 դոմինիոն՝ Հնդկական Միությունը և Պակիստանը։ Արևելյան Բենգալիան, որտեղ գերակշռում էին մահմեդականները, մտավ Պակիստանի մեջ և կոչվեց Արևելյան Պակիստան (Պակիստանի բնակչության 54,2%-ը)։ Նորաստեղծ պետության մեջ հենց սկզբից իշխող դիրք գրավեց արևմտապակիստանյան բուրժուակալվածատիրական վերնախավը, իսկ Արևելյան Պակիստանը վերածվեց Արևմտյան Պակիստանի հումքային կցորդի, սպառման շուկայի և օտարերկրյա վալյուտայի ստացման աղբյուրի։ Այդ անիրավահավասարությունը պատճառ դարձավ ազգային շարժման, որի նպատակն սկզբում միացյալ Պակիստանի շրջանակներում Արևելյան Պակիստանի լիակատար քաղ․ և տնտ․ ինքնավարությունն էր, ապա՝ անկախ Բ-ի ստեղծումը։ 1970-ի դեկտեմբերին, Ազգային ժողովի ընդհանուր ընտրություններում բենգալական ազգային Ավամի լիգ (Ժողովրդական լիգա) կուսակցությունը, որին գլխավորում էին շեյխ Մուջիբուր Ռահմանը, ստացավ Արևելյան Պակիստանին հատկացված 162 տեղից 160-ը (Ազգային ժողովում կար ընդամենը 300 դեպուտատ)։ Դրանով նա ձեռք բերեց նույնիսկ համապակիստանյան կառավարություն կազմելու իրավունք։ Սակայն Պակիստանի կառավարող շրջանները հրաժարվեցին Ազգային ժողովի օրինականորեն ընտրված մեծամասնությանը հանձնել իշխանությունը և լիակատար ինքնուրույնություն ընձեռել Արևելյան Բենգալիային։ Ի պատասխան դրան բենգալական ազգային շարժումը սկսեց համընդհանուր գործադուլ, որը 1971-ի մարտին վերաճեց քաղաքացիական անհնազանդության կամպանիայի։ Մարտի 16-25-ին Դաքայում տեղի ունեցան Մ․ Ռահմանի բանակցությունները Պակիստանի պրեզիդենտ Ա․ Մ․ Յահյա խանի հետ՝ քաղաքացիական կառավարություն կազմելու և նոր սահմանադրության բնույթի շուրջը։ Սակայն մարտի 25-ին Յահյա խանը ընդհատեց բանակցությունները, Ռահմանը ձերբակալվեց, ժողովրդական լիգան հայտարարվեց օրենքից դուրս, արգելվեց քաղ․ կուսակցությունների գործունեությունը։ Պակիստանի ռազմ. վարչակարգը ձեռնամուխ եղավ բռնությունների և տեռորի՝ նպատակադրելով ճնշել արևելաբենգալական ժողովրդի ազատագրական պայքարը։ Ժող․ լիգան և մյուս քաղ․ կուսակցություններն ու կազմակերպությունները ստեղծեցին պարտիզանական ջոկատներ («մուքտի բահինի»), որոնք, օժանդակություն ստանալով Հնդկաստանից, պայքար ծավալեցին ռազմ. վարչակարգի դեմ՝ անկախ Բ-ի նշանաբանով։ 1971-ի մարտի 26-ին հռչակվեց Բ-ի Հանրապետությունը, իսկ ապրիլի 13-ին ժողովրդական լիգայի հալածանքից խույս տված ղեկավարները կազմեցին կառավարություն։ Արևելյան Բենգալիայի ազատագրական շարժումը պաշտպանեց Հնդկաստանը։ 1971-ի դեկտ․ 3-ին ռազմ. գործողություններ սկսվեցին Պակիստանի և Հնդկաստանի միջև, «մուքտի բահինիի» ջոկատները գործում էին հնդ․ զորքերի հետ։
Բ-ի ժողովրդի պայքարը, որ վայելում էր Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների աջակցությունը, ավարտվեց լիակատար հաղթանակով։ 1971-ի դեկտ․ 16-ին Բ-ում գործող արևմտապակիստանյան բանակը կապիտուլյացիայի ենթարկվեց։ Դեկտ․ 22-ին նոր հանրապետության մայրաքաղաք Դաքա ժամանեց Բ-ի կառավարությունը, որը մինչ այդ գտնվում էր Հնդկաստանում։ 1972-ի հունվ․ 10-ին Դաքա վերադարձավ շեյխ Մ․ Ռահմանը, որը գլխավորեց Բ-ի կառավարությունը՝ կազմված ժողովրդական լիգա կուսակցության անդամներից։
1972-ի մարտին որոշում ընդունվեց մասնավոր բանկերի ապահովագրական ընկերությունների, ջուտի, տեքստիլ, շաքարի գործարանների և մի շարք այլ արդ․ ձեռնարկությունների ազգայնացման, ինչպես և ջուտի (հիմնական արտահանվող ապրանքի) արտաքին առևտրի նկատմամբ պետ․ վերահսկողություն սահմանելու մասին, սկսվեց ագրարային ռեֆորմը։ Միջոցներ հատկացվեցին Հնդկաստանից վերադարձող փախստականներին։ 1973-ի մարտին տեղի ունեցան Բ-ի պառլամենտի առաջին ընտրությունները։ Ժողովրդական լիգան հավաքեց ընտրողների քվեների 73%-ը և ապահովեց հաղթանակը պառլամենտում։ Բ․ հանդես է գալիս ռազմ. խմբավորումներին չմասնակցելու, չեզոքության, անկախության, խաղաղ գոյակցության, ժողովուրդների բարեկամության քաղաքականությամբ։ Բ․ ՄԱԿ-ի անդամ դարձավ 1974-ին։ Հաջողությամբ են զարգանում Բ-ի բարեկամական հարաբերությունները Սովետական Միության, սոցիալիստական մյուս երկրների, ինչպես նաև Հնդկաստանի հետ։ 1972-ի հունվ․ 25-ին ՍՍՀՄ-ը պաշտոնապես ճանաչեց Բանգլադեշի ժողովրդական Հանրապետությունը։ 1972-ի մարտին ՍՍՀՄ ժամանեց Մ․ Ռահմանը։ Մարտի 3-ին ստորագրվեց ԱՍՀՄ-ի և Բանգլադեշի ժողովրդական Հանրապետության համատեղ դեկլարացիա, որին հետևեցին առևտրի, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցելու վերաբերյալ համաձայնագրերը։ ՍՍՀՄ-ը մեքենաներ և սարքավորում գնելու համար Բ-ին տրամադրեց 50 մլն դոլարի վարկ և օժանդակում է կառուցել ժողովրդատնտ․ կարևորություն ունեցող մի շարք օբյեկտներ։
1975-ի օգոստ․ 15-ին Բ-ում կատարվեց պետական հեղաշրջում․ Մ․ Ռահմանը և նրա մի շարք բարձրաստիճան կողմնակիցներ սպանվեցին, պրեզիդենտ դարձավ Քանդաքար Մուշտակ Ահմեդը։
V․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները
Բանգլադեշի կոմունիստական կուսակցություն (մինչև Բ-ի կազմավորումը՝ Արևելյան Պակիստանի ԿԿ)։ Կազմավորվել է 1948-ին, 1954-71-ին արգելված էր, գործել է ընդհատակում։ Ավամի լիգ (ժողովրդական լիգա)։ Հիմնվել է 1949-ին։ Կառավարող կուսակցություն է, արտահայտում է ազգային բուրժուազիայի, մտավորականության, արհեստավորների շահերը։ Ազգային ժողովրդական կուսակցություն։ Հիմնվել է 1957-ին։ 1967-ին պառակտվել է երկու ինքնուրույն ֆրակցիաների․ մեկը (ղեկավար՝ պրոֆ․ Մուզաֆֆեր) հանդես է գալիս հօգուտ բոլոր դեմոկրատական ուժերի դաշինքի և դատապարտում մաոականների պառակտիչ գործունեությունը, իսկ մյուսը ծայրահեղ ձախ խմբավորում է (ղեկավար՝ Ա․ Բհաշանի)։ Ազգային սոցիալիստական կուսակցություն, ստեղծվել է 1972-ին։ Ազգայնական կուսակցություն է, օպոզիցիոն դիրք ունի Ավամի լիգի նկատմամբ։ Հիմնական արհմիություններն են՝ Ազգային բանվորական լիգան և Բանգլադեշի արհմիութենական կենտրոնը, Բանգլադեշի ուսանողների միությունը, Բանգլադեշի ուսանողական լիգան։
VI․ Տնտեսա-աշխարհագրական ակնարկ
Մինչև 1947-ը տնտեսության ձևավորումը ներկայիս Բ-ի տարածքում անխզելիորեն կապված էր Հնդկաստանի խոշորագույն նահանգներից մեկի՝ Բենգալիայի տնտ․ զարգացման հետ։ Անգլ․ գաղութատիրության շրջանում Բենգալիայի արլ․ շրջանները ջուտի և բրնձի արտադրության նեղ մասնագիտացմամբ դարձել էին Կալկաթայի արդ․ շրջանի ագրարային կցորդը։ Պակիստանի կազմում (1947–71) Արևելյան Բենգալիայի ժող․ տնտեսության այդ մասնագիտացումն ավելի խորացավ, չնայած թեթև արդյունաբերության մի քանի նոր ճյուղերի ստեղծմանը։ Բ-ի ժողովրդական տնտեսության գլխավոր ճյուղը