Գիտահետազոտական աշխատանքները կենտրոնացված են Դաքայի և Ռաջշահի համալսարաններում, ինչպես նաև Մայմանսինգհի գյուղատնտ․ համալսարանում։ Գործում է 20 մասնագիտացված գիտահետազոտական հիմնարկություն, այդ թվում ատոմային էներգիայի և գյուղատնտեսության մեջ ատոմային էներգիան կիրառելու հետազոտական երկու կենտրոն (երկուսն էլ Դաքայում)։ Գործում են գյուղատնտ․ ակադեմիա Կոմիլլայում (1958-ից), Ջուտի կենտրոնական ԳՀԻ Դաքայում՝ մասնաճյուղով Թեջգառնում, անասնապահության ԳՀԻ Կոմիլլայում, թեյի գիտահետազոտական կայան Սիլհետում, անտառային տնտեսության լաբորատորիա Չիտագոնգում։ Մարդու հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի ուղղությամբ հետազոտությունները կենտրոնացված են խոլերայի ԳՀԻ-ում, Բժշկության մեջ ռադիոակտիվ իզոտոպների կիրառման կենտրոնում և մալարիայի ԳՀԻ-ում (բոլորն էլ Դաքայում)։ 1948-ին Դաքայում ստեղծվել է ինժեներների ինստ՝․ ճշգրիտ և տեխ․ գիտությունների զարգացմանը նպաստող ընկերություն։ Դաքայում համալսարանին կից գործում են նաև տնտեսագիտական (1958-ից) և սոցիոլոգիական ընկերություններ (1957-ից)։
IX․ Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը
1973-ին Բ-ում լույս էր տեսնում 28 օրաթերթ (250 հզ․ ընդհանուր տպաքանակով), 46 շաբաթաթերթ (120 հզ․ ընդհանուր տպաքանակով)։ Առավել կարևոր թերթերն են՝ «Փիփըլ» («The People»), լույս է տեսնում 1969-ից, Ավամի լիգ կառավարող կուսակցության օրգանն է, «Մորնինգ նյուս» («Morning News»)՝ 1942-ից, «Բանգլադեշ օբսերվեր» (Bangladesh observer»)՝ 1949-ից։ Երեք թերթն էլ լույս են տեսնում անգլ․։ Բ-ի կոմկուսը բենգալերեն հրատարակում է «Եկատա» («Ekata») շաբաթաթերթը, 1970-ից։ Գործում է 3 ինֆորմացիոն գործակալություն՝ պետական բենգալական ինֆորմացիոն գործակալությունը, «Բանգլադեշ պրես ինտերնեյշնլ»-ը և մասնավոր «Իստերն Նյուս էյջենսի»-ն։ Դաքայում, Չիտագոնգում, Ռանգպուրում, Կհուլնայում, Ռադշահիում և Սիլվերում աշխատում են պետական ռադիոկայաններ։ Ռադիոհաղորդումները մեծ մասամբ կատարվում են բենգալերեն։ 1964-ից Դաքայում գործում է հեռուստատեսային կենտրոն։
X․ Գրականությունը
Բ-ի գրականությունը զարգանում է բենգալերենով՝ բենգալական գրականության հարուստ ավանդույթների հիման վրա։ XIX-XX դդ․ մահմեդական գրողների մոտ ի հայտ է եկել ոճական տեսակետից առանձնանալու ձգտում, նրանց ստեղծագործություններում զգալի տեղ են գրավում արաբ. և պարսկ․ պոեզիայի բառապաշարը և պատկերավորությունը, մահմեդականության ավանդույթների հետ կապված մոտիվները և սյուժեները։ Այդ ձգտումը առավել ցայտուն կերպով արտահայտվեց Միր Մուշարաֆ Հուսեյնի (1848-1911), Կոյկոբադի (1858-1952), Նոզրուլ Իսլամի (ծն․ 1899) և այլոց ստեղծագործություններում։ Բենգալական նոր գրականության մեջ գերակշռող են դարձել փիլիսոփայական խորհրդածությունները, սոցիալական և ազգային ազատագրական պայքարի մոտիվները։ Առավել հայտնի բանաստեղծներն են Գուլամ Մուստաֆան (1897–1966), Ռոուշան Յազդանին (1917–64), Ջասիմուդդինը (ծն․ 1903)՝ գյուղական կյանքի և գյուղի աշխատավորի երգիչը («Բրնձի դաշտ», «Ավազոտ կղզի», «Ասեղնագործած վերմակ», «Պադմայի ափը» և այլ ժողովածուներ), բանաստեղծուհի և հասարակական գործիչ Բեգում Աուֆիա Քամալը (ծն․ 1911)։ ժամանակակից գրելաոճով աչքի են ընկնում Էհսան Հաբիբի (ծն․ 1917), Աբդուլ Հուսեյնի (ծն․ 1921) և Շանաուլ Հոկի (ծն․ 1922) բանաստեղծությունները։ Հայտնի են Շամսուր Ռահմանի (ծն․ 1929), Հասան Հաֆիզուր Ռահմանի (ծն․ 1932), Ալ Մահմուդի (ծն․ 1936) սոցիալական բովանդակությամբ գործերը։ Արձակ ստեղծագործություններից հաջողված է Շոոկատ Օսմանի (ծն․ 1910) «Աղջկա ծիծաղը» վեպը, որի հերոսները չքավոր գյուղացիներ և ձկնորսներ են։ Սաեդ Վալիուլիի (մահ․ 1972) «Կարմիր ծածկոց», «Լաց եղի՝ր գետ, լաց եղի՝ր» և այլ վեպերի, ինչպես նաև Շամսուդդին Աբդուլ Կալամի պատմվածքների թեման բենգալական գյուղի կյանքն է։ Գրականագիտության մեջ զգալի ներդրում ունեն Շահիդուլլան (1885-1969), էնամուլ Հոկը (ծն․ 1906), Կագի Աբդուլ Մաննանը («Մահմեդական ավանդույթը բենգալական գրականության մեջ»), Անիսուզամանը («Բենգալական գրականությունը և մահմեդական միտքը»), Բենգալական ակադեմիայի գրական հետազոտությունների և հրատարակչական կենտրոնի դիրեկտոր Ահմադ Շարիֆը։
XI․ ճարտարապետությունը և կերպարվեստը
Բ-ի տարածքում պահպանված հնագույն ճարտ․ հուշարձանները վերաբերում են VII–XII դդ․։ Դա Պունդրանագարա (այժմ՝ Մահասթան) քաղաքի ամրություններն են, բուդդայական տաճարը Պահարպուրում՝ պատերի դարավանդաձև դասավորված որմնաքանդակներով (առասպելական կերպարներ, պարուհիներ, ակրոբատներ, կենդանիներ)։ VIII դ․ կառուցված այդ հուշարձանը նախատիպը եղավ Արևելյան Բենգալիայի մյուս նույնատիպ տաճարների Մայնամաթիում, Կոմիլլայում, Մահասթանում, ինչպես նաև Հարավ-Արևելյան Ասիայում և Ճավա կղզում։ Նախամահմեդական շրջանից պահպանվել են բուդդայական պանթեոնի աստվածությունները պատկերող քարե և բրոնզե քանդակներ։ Մահմեդական շրջանում Բ-ի արվեստի և ճարտարապետության մեջ ներթափանցեցին Միջին Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի գեղարվեստի ավանդույթները, ստեղծվեցին մզկիթներ, մեդրեսեներ, դամբարաններ։ Կառուցվեցին ֆորտեր (ամրոցային համալիրներ)՝ պալատներով, կառավարական և պաշտամունքային շինություններով (Նարայանգանջի ֆորտը, 1660)։ XVI-XVII դդ․ ծաղկման գագաթնակետին հասավ մանրանկարչությունը, որը ձևավորվեց գլխավորապես մողոլական դպրոցի ներգործությամբ։
Անգլ․ գաղութային տիրապետության շրջանում ճարտարապետության և կերպարվեստի մեջ մուտք գործեց եվրոպական ոճը․ քաղաքներում ստեղծվեցին երկաթուղային կայարաններ, քաղաքապետարաններ, առևտրական հիմնարկություններ՝ կառուցված գլխավորապես անգլ․ նոր դասական ոճով։ 1947-71-ին կառուցված նոր քաղաքները (Աբդուլհակիմ, Ն․ Կհաուր) ունեն կանոնավոր պլանավորում, կառուցապատված են ոչ բարձրահարկ տներով՝ թրծված աղյուսից։ Հասարակական շենքերի ճարտարապետական ոճը զուգորդվում է ավանդական ձևերի և ժամանակակից կոնստրուկցիաների ու նյութերի հետ (նոր մզկիթ Դաքայում, 1950)։
Կերպարվեստում եվրոպական տիպի ռեալիստական ուղղությունը գլխավորում է նկարիչ Զ․ Աբեդինը։ Նրա հետևորդների թվում են Ա․ Սաֆֆուդդինը, Կ․ Հասանը, որոնք իրենց գեղանկարչական և գրաֆիկական գործերում պատկերում են հասարակ մարդկանց կյանքը։ Ա․ Ռ․ Չուգտանին և ուրիշներ օգտագործում են մողոլական մանրանկարչության և հին հնդկական նկարչության ավանդույթները։ Նկարիչներ Մ․ Բաշիրը, Կ․ Չոուդհուրին, Հ․ Ռահմանը ընդօրինակում են արմ․ մոդեռնիզմը (այդ թվում աբստրակցիոնիզմը)։ Դեկորատիվ կիրառական արվեստներից տարածված է փայտագրությունը, փղոսկրյա իրերի պատրաստումը, բրուտագործությունը, եղեգնից պատրաստված իրերի արտադրությունը, ջուլհակությունը (Դաքայի միրկալի պատրաստումը, որը գալիս է դարերի խորքից)։
ԲԱՆԳԿՈԿ, Բանկոկ, Տաիլանդի մայրաքաղաքը։ Երկաթուղային, խճուղային և օդային ճանապարհների հանգույց է, Տաիլանդի հիմնական նավահանգիստը։ 2276,1 հզ․ բն․ (արվարձաններով, 1970)։ Երկրի քաղ․, տնտ․ և մշակութային կենտրոնն Է, ամենամեծ քաղաքը։ Բ․ կտրտված է բազմաթիվ ջրանցքներով։ Կենտրոնական մասում (հին քաղաքում) են գտնվում թագավորական պալատը, մինիստրությունները, տաճարները, վանքերը, ազգային գրադարանը, թատրոնը։ Հվ-արմ-ում գործարար և առևտրական շրջաններն են, բնակելի թաղամասերը։ Հս․ մասում հիմնականում արդ․ ձեռնարկություններն են։ Առանձնանում է չինական Սամպենգ բազմամարդ թաղամասը։ Մենամ-Չաո-Պրայա գետի վրա գոյացել է քաղաքի յուրատիպ շրջանը՝