Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սովետական վերահսկողության միացյալ մարմին՝ Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով–ԲԳՏ ժողկոմատ (ԿՎՀ–ԲԳՏԺԿ)։ ՍՍՀՄ ԿԳԿ–ի նախագահությունը և ժողկոմսովետը 1923-ի սեպտ․ 6-ին ընդունեցին «ԲԴՏ վերակազմելու մասին» որոշում։ Գործելով որպես միացյալ մարմին՝ ԿՎՀ և ԲԳՏԺԿ միաժամանակ պահպանեցին իրենց ինքնուրույնությունը (ԿՎՀ՝ կուսակցական, իսկ ԲԳՏ՝ պետական վերահսկողության մարմիններ)։ Համապատասխանաբար վերակառուցվեցին վերահսկողության մարմինները հանրապետություններում, նահանգներում, մարզերում, օկրուգներում, գավառներում։ ՀամԿ(բ)Կ XVII համագումարը (1934) որոշում ընդունեց միացյալ մարմնի վերացման և ՀամԿ(բ)Կ ԿԿ առընթեր Կուսակցական վերահսկողության հանձնաժողով ու ժողկոմսովետին առընթեր Սովետական վերահսկողության հանձնաժողով ստեղծելու մասին (տես Պետական վերահսկողություն, ժողովրդական վերահսկողության

ՀՍՍՀ–ում ԲԳՏ կազմակերպվել է Հայ-հեղկոմի 1921-ի հունվ․ 4-ի դեկրետով։

Ա․ Լալայան

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏԻԱ, կապիտալիստական երկրներում բարձրորակ բանվորների փոքրաթիվ խումբ՝ կաշառված բուրժուազիայի կողմից գերշահույթի հաշվին՝ աշխատավարձի բարձրացման, պարգևատրումների և այլ արտոնությունների միջոցով։ Այն մոնոպոլիստական բուրժուազիայի սոցիալական հենարանն է, նրա գործակալը բանվորական շարժման մեջ, ռեֆորմիզմի և շովինիզմի կրողը։ Նրա գործունեությունը հատկապես ցայտուն է արտահայտվում ԱՄՆ–ի, Անգլիայի, ԳՖՀ-ի, Ճապոնիայի և մի շարք երկրների բանվորական շարժման մեջ։ Բ․ ա–ի ձևավորման տնտ․ հիմքը մոնոպոլիստական կապիտալի ստացած մոնոպոլ շահույթի փշրանքներն են։

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (1903-04), Հայաստանում մասսայական բանվորական շարժման առաջին քայլերը վերաբերում են XIX դ․ 90-ական թթ․ վերջերին, երբ կառուցվում էին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս և Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղիները։ 1900-03-ին Ռուսաստանում սկսված արդ․ ճգնաժամը խորացրել էր աշխատավորական մասսաների թշվառությունը, ուժեղացրել դասակարգային պայքարը։ Աշխատավորների տարերային ելույթները տեղ-տեղ սկսել էին քաղ․ բնույթ կրել։ Հարավի և Անդրկովկասի աճող հեղափոխական շարժումը իր մեջ ընդգրկել էր նաև Ալավերդու բանվորներին։ 1903-ի ապրիլի կեսերին Շամլուղի պղնձահանքերի բանվորները գործադուլ հայտարարեցին։ Գործադուլավորները բանվոր Լավրենտի Բիշախչևի ղեկավարությամբ պահանջեցին բարձրացնել աշխատավարձը, վերացնել տուգանքները, ծեծը, ստեղծել աշխատանքային բնականոն պայմաններ։ Գործադուլը, որը շարունակվեց նաև մայիսի սկզբներին, վերջացավ անհաջողությամբ։ Բանվորների պահանջները մերժվեցին։ Նրանցից ոմանք հեռացվեցին աշխատանքից։ Մինչև 1905-ը Հայաստանում տեղի ունեցած բանվորական ելույթներից էր նաև Ալեքսանդրապոլի բանվորների 1904-ի ապրիլյան գործադուլը։ Դեռևս 1902-ից Ալեքսանդրապոլում գործում էր ս–դ․ խմբակ, որը 1904-ին նախապատրաստելով Մայիսի 1-ի տոնակատարությունը, գործադուլի դուրս բերեց Ձիթողցյանների գործարանի, ճաշարանների և հյուրանոցների բանվորներին։ Ստեղծվեց 11 հոգուց բաղկացած բյուրո, որը մշակեց բանվորների պահանջները, դրանք չբավարարելու դեպքում՝ գործադուլ հայտարարելու պայմանով։ Այդ պահանջներից էին՝ կրճատել աշխատօրը, բարձրացնել աշխատավարձը, բարելավել բնակարանային պայմանները։ Բանվորների պահանջները մերժվեցին, ապրիլի 30-ին գումարվեց միտինգ, որտեղ ելույթներ ունեցան առաջավոր բանվորները, սոցիալ–դեմոկրատները։ Ցույցը ցրեցին կազակները։ Գործադուլի ղեկավարները ձերբակալվեցին, արգելվեց մայիսմեկյան ցույցը։ Հայաստանի բանվորական առաջին ելույթները վերջացան պարտությամբ։ Նրանց բնորոշ էր տարերայնությունը, շարժումը դեռևս չուներ փորձված ղեկավարներ։ Սակայն այդ ելույթները ուղի հարթեցին Հայաստանի բանվորների մասսայական, կազմակերպված շարժումների համար։

Գրկ․ Մելիք–Ցոլչյան Ե․, Չորս տարի Հայաստանի բանվորական շարժման պատմության․ 1903–1907, Ե․, 1924։ Մելիքյան Հ․ Ս․, Մարքսիստական կազմակերպությունները և հեղափոխական շարժումները Լոռում (1899–1908 թթ․)․ Ե․, 1957։ Ն և ր– ս ի ս յ ա ն Մ․ Գ․, Հայ ժողովրդի պատմություն (1900-1917), «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1955, № 5։ Հ.Մելիքյան

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, տես Երեկոյան կրթություն։

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Պաշտպանության խորհուրդ, համառուսաստանյան ԿԳԿ–ի 1918-ի նոյեմբերի 30-ի որոշմամբ կազմավորված պետական մարմին։ Այն սովետական պետության արտակարգ բարձրագույն մարմինն էր։ Կյանքի էր կոչված երկրում ներքին հակահեղափոխության և դրսից զինված միջամտության հետևանքով ստեղծված բացառիկ դժվարին իրադրությամբ։ Լիիրավ էր սովետական պետության պաշտպանության համար ուժեր և միջոցներ մոբիլիզացնելու հարցում։ Խորհրդի նախագահն էր Վ․ Ի․ Լենինը։ Նրա որոշումները պարտադիր էին բոլոր գերատեսչությունների, հիմնարկությունների և քաղաքացիների համար։ Վերահսկում էր Ռազմա-հեղափոխական խորհրդին և այլ զինվորական մարմինների։ 1920-ի ապրիլին Պաշտպանության խորհուրդը վերակազմվեց և անվանվեց Աշխատանքի և պաշտպանության խորհուրդ։

Ա․ Լալայան

«ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ», օրաթերթ, օրգան ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի և քաղխորհրդի։ Լույս է տեսել 1933–34-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ս․ Կուրտիկյան, Տ․ Խորունի։ Լուսաբանել է Երևանի արդ․ ձեռնարկությունների, նորակառույցների աշխատանքը, անդրադարձել քաղաքային տրանսպորտի, բուժհիմնարկների, ուս․ հաստատությունների, մշակույթի օջախների, քաղաքաշինության, «Բանվորական Երևան» թերթի գլխագիրը բնակչության կենցաղային սպասարկման խնդիրներին։ Տպագրել է գրական նյութեր, ֆելիետոններ։ Թերթին աշխատակցել են Դ․ Դեմիրճյանը, Վ․ Թոթովենցը, Վ․ Ալազանը, Գ․ Մահարին, Լեռ Կամսարը և ուրիշներ։ Տպագրել է Հ․ Շավարշի ծաղրանկարները։

Հ․ Ֆեչեքյան

«ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ», 1905-ի աշնանը մենշևիկների կողմից առաջ քաշված օպորտունիստական լոզունգ, որի նպատակն էր վերացնել Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական բանվորական կուսակցությունը։ Առաջ է քաշել մենշևիկյան ղեկավար Պ․ Բ․ Աքսելրոդը։ 1905–1907-ի հեղափոխության ժամանակ մենշևիկները չէին համարձակվում պրոպագանդել «Բ․ հ․»-ի գաղափարը, սակայն հեղափոխության պարտությունից հետո նրանք կրկին առաջին պլան մղեցին այն՝ մտադիր լինելով ստեղծել «լայն բանվորական կուսակցություն», որի Մեջ պետք է մտնեին սոցիալ–դեմոկրատները, էսեռները, անարխիստները և ուրիշներ։ Իրականում դա նշանակում էր ՌՍԴԲԿ լիկվիդացում, մանրբուրժուական կուսակցության ստեղծում։ 1907-ին, ՌՍԴԲԿ V (Լոնդոնյան) համագումարում բոլշևիկների առաջարկով «Բ․ հ․»-ի համար տարվող ագիտացիան, որպես վնասակար տեսակետ, դատապարտվեց։

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, հանրակրթական ուսումնական հաստատություն ՍՍՀՄ–ում։ Գործել է 1925–31-ին։ Նպատակն էր առանց արտադրությունից կտրելու բարձրացնել մեծահասակ բանվորների ընդհանուր մակարդակը և արտադրական որակավորումը, պատրաստել բանվորական կադրեր ղեկավար աշխատանքի համար։ Ուներ երկու բաժանմունք, հասարակական–տնտեսական (վարչատնտեսական, կոոպերատիվ, արհեստակցական շարժման և արհեստակցական աշխատանքի բաժիններով) և տեխնիկական (մեխանիկական, էլեկտրատեխնիկական, ջերմատեխնիկական և քիմիական բաժիններով)։ Ուսման տևողությունը առաջին բաժնում 2 տարի էր, երկրորդում՝ 3։ 1925-26 ուս․ տարում երկրի 6 բուհերում սովորում էր 1000, իսկ 1929-ին 53 բուհերում՝ 13 հզ․ ուսանող։ Մեծահասակների ուսուցման նոր տիպի հաստատությունների հանդես գալու կապակցությամբ 1931-ին Բ․ հ․ դադարեց գործելուց։ Տես նաև Բանվորական ֆակուլտետ։

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, պրոլետարական հեղափոխության ընթացքում, որոշակի պայմաններում, արտադրամիջոցները հանրայնացնելու, աշխատավորների կողմից էկոնոմիկայի հրամանատարական բարձունքներին տիրելու,