և Թիֆլիսի կոմիտեների։ Լույս է տեսել 1917-18-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ` Ս․ Խանոյան, Ա․ Մռավյան։ Մերկացրել է ժամանակավոր կառավարության հակահեղափոխական քաղաքականությունը, բացատրել բոլշևիկների կուսակցության նպատակները, պահանջել իշխանությունը հանձնել բանվորներին, գյուղացիներին և զինվորներին, կոչ արել տապալելու ժամանակավոր բուրժուական կառավարությունը։ Հեղափոխության հաղթանակից և սովետական իշխանության հաստատումից հետո հայ աշխատավորներին է հասցրել սովետական պետության դեկրետները, Վ․ Ի․ Լենինի ճառերն ու հոդվածները՝ հողի, խաղաղության ու հաշտության վերաբերյալ։ Լայն տեղ է հատկացրել Հայաստանի և Անդրկովկասի հայաբնակ վայրերի աշխատավորության կյանքի և կոմունիստական կազմակերպությունների պայքարի լուսաբանմանը։ Պայքարել է դաշնակցության հակահեղափոխական քաղաքականության դեմ, ունեցել է «Լրատու», «Կուսակցական կյանք» բաժիններ՝ նվիրված Ռուսաստանի, Անդրկովկասի և արտասահմանի հեղափոխական գործունեությանը։ Աշխատակցել են՝ Ս․ Շահումյանը, Ա․ Միկոյանը, Ա․ Մռավյանը, Ա․ Ամիրյանը, Ա. Կարինյանը, Սիմակը և ուրիշներ։
«ԲԱՆՎՈՐԻ ՁԱՅՆԸ», պարբերաթերթ, ՌՍԴԲԿ Բաքվի կազմակերպության օրգան։ Լույս է տեսել 1906-ին, Բաքվում։ Խմբագիր՝ Ս․ Կասյան։ Թերթը մերկացրել է ցարական կառավարության քաղաքականությունը, քննադատել բուրժուական նացիոնալիստներին, նպաստել բանվորների դասակարգային գիտակցության բարձրացմանը։ Պարզաբանել է ՌՍԴԲԿ–ի ծրագիրը, որը լիովին համապատասխանում էր ճնշված ազգությունների ազատագրական ձգտումներին, պրոպագանդել հեղափոխական մարքսիզմը, լուսաբանել կոմունիստական կուսակցության դերը հեղափոխության մեջ։ Ուներ լրատու բաժին, որտեղ տպագրվում էր ինֆորմացիա Անդրկովկասի, Ռուսաստանի և արտասահմանի բանվոր դասակարգի հեղափոխական գործունեության մասին։
ԲԱՆՎՈՐՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՄԻՐԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ, 1917-ից մինչև 1936-ի՝ ՍՍՀՄ սահմանադրության ընդունումը պետական իշխանության ներկայացուցչական մարմիններ՝ կենտրոնում և տեղերում։ Սովետների համառուսաստանյան II համագումարը 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին հռչակեց, որ տեղերում ամբողջ իշխանությունը անցնում է բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետներին։ 1918-ի հունվարի 15 (28)-ին բանվորա-գյուղացիական կարմիր բանակի կազմավորման կապակցությամբ նրանք կոչվեցին՝ Բ․, գ․ և կ․ դ․ ս․։ Սովետներում ընտրությունները կատարվում էին բաց քվեարկությամբ, բարձրագույն օրգանների ընտրությունները բազմաստիճան էին։ 1936-ին, ՍՍՀՄ նոր սահմանադրության ընդունումից հետո, Բ․, գ․ և կ․ դ․ ս․ վերանվանվեցին Աշխատավորների դեպուտատների սովետներ։
ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ, 1905-07-ի ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բանվոր դասակարգի մասսայական քաղաքական կազմակերպություններ։ Առաջանալով իբրև բանվորների հեղափոխական ստեղծագործություն՝ սովետները տնտ․ ու քաղ․ գործադուլները ղեկավարող օրգանից վերածվեցին ապստամբության նախապատրաստման օրգանի՝ միաժամանակ հանդիսանալով նոր իշխանության սաղմ։ Սովետները հրատարակում էին որոշումներ, կարգադրություններ, սեփական նախաձեռնությամբ տեղերում մտցնում ութժամյա աշխատանքային օր, սահմանում դեմոկրատական ազատություններ։ Առաջին Բ․ դ․ ս․ ստեղծվել են Լուզանսկում (փետրվար, 1905) ն Իվանովո-Վոզնեսենսկում (մայիս, 1905)։ Բ․ դ․ ս․ լայնորեն տարածվեցին հեղափոխության վերելքի ժամանակաշրջանում (1905-ի հոկտեմբեր-դեկտեմբեր)՝ Պետերբուրգում, Մոսկվայում, Կոստրոմայում, Օդեսայում և այլ քաղաքներում։ Հայաստանում այդ շրջանում սովետներ չեն եղել, նրանց դերը կատարել են գործադուլային կոմիտեները։ Հեղափոխության պարտությունից հետո սովետները դադարեցին գործելուց։ 1905-ի սովետները նախատիպ ծառայեցին 1917-ին մեր երկրում հաստատված սովետական իշխանության համար։
ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ, մասսայական քաղաքական ընտրովի կազմակերպություններ։ Առաջացել են Ռուսաստանում, Փետրվարյան հեղափոխության (1917) ժամանակաշրջանում։ Որոշ ժամանակ գործել են անջատ, խոշոր քաղաքներում մեծ մասամբ միավորվել են՝ կազմելով միասնական սովետներ։ Բ․ և զ․ դ․ ս․ առաջինն ստեղծվեցին Պետրոգրադում, 1917-ի փետր․ 27 (մարտի 12)-ին։ Կարճ ժամանակում երկրում առաջացավ սովետների խիտ ցանց, ստեղծվեց նրանց միասնական համակարգ՝ նահանգային, մարզային (երկրային) և համառուսաստանյան կենտրոններով։ Հանձին սովետների Վ․ Ի․ Լենինը բացահայտեց պրոլետարիատի դիկտատուրայի պետական ձևը։ 1917-ի ապրիլին նա առաջ քաշեց «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգը։ Հեղափոխության զարգացման առաջին փուլում (1917-ի մարտ–հունիս), երկիշխանության շրջանում, այն նշանակում էր խաղաղ ճանապարհով երկիշխանության վերացում և սովետների մենիշխանության հաստատում։ Հուլիսյան դեպքերից հետո բոլշևիկները այդ լոզունգը հանեցին՝ նախապատրաստվելով զինված ապստամբության։ Կոռնիլովշչինայի ջախջախումից հետո բոլշևիկները այն նորից առաջին պլան մղեցին, որը նշանակում էր արդեն զինված ապստամբության միջոցով պրոլետարիատի դիկտատուրայի հաստատում։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո սովետները հանդիսացան պետ․ իշխանության քաղաքական հիմքը։ Սովետական իշխանության հաղթարշավի ժամանակ նրանց միաձուլվեցին գյուղացիական դեպուտատների սովետները։
Անդրկովկասում Փետրվարյան հեղափոխությունը հիմնականում նույն ընթացքն ու հետևանքներն է ունեցել, ինչ կենտրոնական Ռուսաստանում։ Հեղափոխական բանվորների և զինվորների հարվածների տակ երկրամասում տապալվել է ցարական ռեժիմը։ Քաղաքներում, զորամասերում և գյուղերում ստեղծվել են բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետներ։ Անդրկովկասի Բ․ և զ․ դ․ ս–ի մեջ իր հեղափոխական գործունեությամբ ուրույն տեղ ունի Բաքվի սովետը, այն ձևավորվել է 1917-ի մարտի 7(20)-ի գիշերը, իբրև բանվորների դեպուտատների սովետ։ Նրա կազմի մեջ մտնում էր 52 դեպուտատ՝ ընտրված 52 հզ․ բանվորների ու զինվորների կողմից։ Հեռակա կարգով Բաքվի սովետի նախագահ ընտրվեց Ս․ Գ․ Շահումյանը։ Նույն օրը Բաքվում ստեղծվեց զինվորական դեպուտատների սովետ։ Բանվորների դեպուտատների Բաքվի սովետի գործադիր կոմիտեն մարտի 8-ին ընդունեց կոչ ուղղված բնակչությանը՝ Բաքվի սովետը հայտարարելով «Բաքվի պրոլետարիատի կամքի և կարծիքի միակ իրական արտահայտիչը»։ Սակայն ինչպես երկրի կենտրոնում, այնպես էլ Բաքվում սովետներում մեծամասնություն էին կազմում մենշևիկները, էսեռները և բուրժուանացիոնալիստական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք և զավթեցին սովետների ղեկավարությունը։ 1917-ի ապրիլին, Բաքվի սովետի վերընտրության ժամանակ, բոլշեվիկյան ֆրակցիան ստացավ մոտ 3 անգամ ավելի տեղ, քան նախորդ ընտրություններին։ Մայիսի 10-ի նիստում, Բաքվի Բ․ և զ․ դ․ ս․ միավորվեցին։ Սովետները 1917-ի մայիսի 22 (հունիսի 4)-ին ընդունեցին Պ․ Ա․ Ջափարիձեի կողմից առաջ քաշված կոլեկտիվ պայմանագրի հիմնական դրույթները, նավթարդյունաբերության մեջ աշխատող բոլոր բանվորների