Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծի, մարդ–մարդու), արմատահնչյունների փոփոխությամբ (տուն–տան) ու մասնիկների ավելացումով, կրկնությամբ, սպասարկու բառերի հարադրումով ևն։ Բ–յան ենթարկված բառերն ունենում են համադրական և վերլուծական կազմություն։ Բ․որպես քերականական ձևակազմություն տարբերվում է բառակազմությունից և ուսումնասիրվում է քերականության ձևաբանության բաժնում։

Գրկ․ Ղափանցյան Դ․, Ընդհանուր լեզվաբանություն, հ․ 1, Ե․, 1939։ Աղայան է․, Լեզվաբանության ներածություն, 3 հրտ․, Ե․, 1967։ Реформатский А․А․, Введение в языковедение, М․, 1967; Зализняк А․ А․, Русское именное словоизменение, М․, 1967; Блумфилд Л․, Язык, пер․ с англ․, М․, 1968․

Ա․ Աբրահամյան

ԲԱՌՆ (անգլ․ barn, փոքր թիրախի հեգնական անվանումը), ատոմային, միջուկային և տարրական մասնիկների փոխազդեցությունների էֆեկտիվ լայնական կարվածքի միավոր։ 1 Բ․ = 10-24 սմ2։ Օգտագործվում են նաև միլիբառն (10-27 սմ2), միկրոբառն (10-30 սմ2), նանոբառն (10-33 սմ2), մեգաբառն (10-18 սմ2) միավորները։

ԲԱՌՆԱՈՒԹԻ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևելք։ Բնակվում են հայեր և վրացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ , անասնապահությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ և վրաց․ տարրական դպրոցներ, ակումբ–կինո, սղոցարան, բուժկայան։ Հիմնադրվել է 1878-ին։ Հայերը եկել են Տրապիզոնի շրջանից, 1903-ին։

ԲԱՌՆԱՈՒԼ, քաղաք, ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասի կենտրոնը, Օբ գետի ձախ ափին։ Երկաթուղային հանգույց և գետային նավահանգիստ է։ 439 հզ․ բն․ (1970)։ Բ–ի մեքենաշինական գործարաններում արտադրվում են էլեկտրակայանների շոգեկաթսաներ, դիզելային շարժիչներ, մետաղահատ հաստոցներ, մեխանիկական մամլիչներ։ Զարգացած է քիմիական, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ Գործում են պոլիտեխնիկական, բժշկական, մանկավարժական, գյուղատնտեսական ինստ–ներ, միջնակարգ մասնագիտական 12 ուս․ հաստատություն, դրամատիկական և երաժշտական կոմեդիայի թատրոններ, հայրենագիտական թանգարան։ Բ․ հիմնադրել է արդյունաբերող Ա․ Դեմիդովը 1730-ին։

ԲԱՌՆԵՏ Բորիս Վասիլևիչ [5(18)․ 6․1902, Մոսկվա - 8․ 1․ 1965, Ռիգա], սովետական կինոռեժիսոր և դերասան։ ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ (1935)։ ՈւՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1951)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Կինոյում սկսել է աշխատել1924-ից որպես դերասան, 1927-ից՝ ռեժիսոր։ Բ–ի առաջին՝ «Ծայրամաս» (1933) հնչուն ֆիլմը ռեժիսորի և սովետական կինոարվեստի նվաճումներից է։ Նրա հետագա կինոնկարներից են՝ «Հետախույզի սխրագործությունը» (1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ 1948), «Շռայլ ամառ» (1951), «Պոետ» (1957), «Աննուշկա» (1959), «Ալյոնկա» (1962)։

ԲԱՌՆՈՎԻ Վասիլի Զաքարի [22․5(3․6)․1856, գ․ Կոդա, Թիֆլիսի մոտ - 4․ 11․1934, Թբիլիսի], վրացի գրող։ Առաջին գիրքը («Իսանիի արշալույսը») տպագրվել է 1901-ին։ «Հանգած ջահ» (1913), «Մեծ Մոուրավի» (1925), «Արմազիի անկումը» (1925) պատմավեպերում պատկերել է վրաց ժողովրդի ազատագրական պայքարը օտար նվաճողների դեմ։ Շարունակել է XIX դ․ վրաց․ քննադատական ռեալիզմի ավանդույթները («Օձի հաղթանակը», 1919, «Հարսնացուի գոտին»,1920)։ Գյուղական կյանքն է պատկերել «Ծուռ տանձենին» (1903), «Անանոյի բախտը» (1923) պատմվածքներում։ Ստեղծագործություններն աչքի են ընկնում պատմական հարուստ տվյալներով, մարդուներաշխարհի գունեղ վերարտադրությամբ, կուռ կառուցվածքով։
Երկ․ ձ ձ 6 б со 8 о 3-» ЬА-дСЮՅծշձ՚ցըօօ, (?)• 1-10/ օծ․, 1961-64; Իսանիի արշալույսը, «Վրացական պատմվածքներ», Ե․, 1955։ Օձի հաղթանակը, <Վրաց գրականության ընտիր էջեր», Ե․, 1961։

ԲԱՌՈՈՒ (Barrow), հրվանդան։ Ալյասկայի հյուսիսային ծայրակետը (հս․ լայնության 71°23՝ և արմ․ երկայնության 156°12՝)։

ԲԱՌՈՒՅԹ, բառային մակարդակում լեզվի կառուցվածքային տարր, որը քննվում է իրար հետ փոխկապակցված և հարաբերակցված ձևերի ու նշանակությունների ամբողջության մեջ։ Իբրև գիտական անվանում օգտագործվում է տարբեր իմաստներով։ Բ․ ասելով հիմնականում հասկացվում է բառն իր բոլոր բառական հատկանիշներով, երբ այն վերցվում է որպես բառապաշարի ինքնուրույն միավոր։ Բ–ի միջոցով որոշակի տարբերություն է դրվում լեզվի կառուցվածքային (բառական) միավորի և խոսքի մեջ ձևափոխությամբ հանդես եկող բառի՝ բառաձևի միջև։ Մարմնում, մարմնով, մարմիններ, մարմիններից ևն, կառուցում եմ, կառուցեմ, կառուցեցի, կառոցիր ևն բառաձևերը, օրինակ, բառային մակարդակում առանձին միավորներ չեն, այլ մարմին և կառուցել Բ–ների քերականական տարբեր ձևափոխումները։ Մասնագիտական գրականության մեջ Բ․ հազվադեպ գործածվում է որպես ընդհանուր անվանում բառակազմական բոլոր տեսակի ձևույթների համար։ Բ․ անվանումով երբեմն հասկանում են նաև քերականորեն միևնույն արժեքն ունեցող բառերի քերականական վերացարկումները՝ ըստ կաղապարների և դիտում նույն բառի բառափոխական ձևերի ամբողջության մեջ։

Ա․ Աբրահամյան

ԲԱՍ (իտալ․ basso կամ ֆրանս․ basse, բառացի՝ ցածր), 1․ տղամարդու երգչական ամենացածր ձայն։ Տարբերակում են՝բարձր կամ երգուն Բ․ և ցածր կամ խոր Բ․(իտալ․ basso profundo), օպերային պրակտիկայում նաև՝ բնութագրային, կատակերգական Բ․։ 2․ Երգչախմբում կամ վոկալ անսամբլում՝ երգամաս, ստորաբաժանում են առաջին (նրանց դերերգը կատարում են բարիտոնները) և երկրորդ Բ–եր։ 3․ Բազմաձայն երաժշտական հյուսվածքում ամենացածր ձայնը։ Տես նաև Գեներալ–բաս։ 4․ Պղնձյա փողավոր երաժշտական գործիք (սաքսհոռն գործիքների ընտանիքից), կիրառվում է փողային նվագախմբում։ 5․ Երաժշտական մի շարք գործիքների տարատեսակ (Բ․ կլարնետ, Բ․սաքսոֆոն, բալալայկա–Բ․ ևն)։ 6․ Ընդհանրապես ցածր ռեգիստրի գործիքներ՝ կոնտրաբաս, բասոլյա (ժող․ թավջութակ Ուկրաինայում), բասետլյա (նույնը՝ Բելոռուսիայում)։

ԲԱՍԱՆԳՈՎ Բահաթր Բադմաևիչ, Գաշութա Բահաթր (1911, Պեկերտա ավան - 1944), կալմիկ սովետական գրող։ Տպագրվել է 1928-ից։ 1931-ին գրել է «Անցած տարիների ճշմարտությունը» վիպակը։ Հեղինակն է «Չուչե», «Ուշացած հարուստը», «Երգ մոր մասին» պիեսների։ Լավագույն ստեղծագործությունը «Բուլգուն» վիպակն է, ուր պատկերել է մինչհեղափոխական շրջանի կալմիկուհու ծանր վիճակը։ Կազմել է ընդարձակ «Ռուս–կալմիկերեն բառարան»-ը (1940)։

ԲԱՍԱՐԳԵՉԱՐ, Հայկական ՍՍՀ Վարդենիս քաղաքատիպ ավանի նախկին (մինչև 1969-ը) անվանումը։

ԲԱՍԱՐԳԵՉԱՐԻ ՇՐՋԱՆ, Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանի նախկին (մինչև 1969-ը) անվանումը։

ԲԱՍԵՆ, Բասեան, Բասեանք (հուն․(φαςιανοί), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Անունն ունի տոհմա–ցեղային ծագում, փասիաններ կամ բասիաններ ցեղախումբը հիշատակում է դեռևս Քսենոփոնը։ Ըստ «Աշխարհացոյց»-ի, Բ․ Մեծ Հայքի առաջին գավառն էր։ Գտնվում էր Երասխի վերին հոսանքի շրջանում (տես Բասենի դաշտ)։ Հայ մատենագրության մեջ հանդիպում է «Հովիտ մեծ», «Քաջ ընդարձակ հովիտն» կամ «Ընդարձակ դաշտն» անվանումներով։ Արտաշեսյանների օրոք Բ–ի մեջ են մտել նաև Վանանդ, Հավնունիք և Աբեղյանք գավառները (բնա–աշխարհագրական այդ շրջանը կազմում է Թուրքիայի Բասենլար սանջակը)։ Այդ գավառները, որպես առանձին իշխանական կամ նախարարական տիրույթներ, Բ–ից անջատվել են Հայոց Արշակունի առաջին թագավորների ժամանակ։ Բաժանվում է Վերին կամ Փոքր և Ստորին կամ Ներքին Բ–ների։ Վերին Բ․ Կարգաբազարի լեռներից տարածվում է մինչև Մուրցի և Երասխի գետախառնունքը։ Այստեղ է գտնվում Հովվի յոթնակամար կամուրջը (թուրքերեն՝ Չոբան քեոփրուսի), որի կառուցումը վերագրվում է Վաղարշ Բ Արշակունուն (II դ․)։ Ստորին Բ․ տարածվում է մինչև Սողանլու լեռները։ Բ․ արգավանդահող է, խոտավետ, հացաբույսերով ու ընդեղենով հարուստ։ Ստորին Բ–ի հյուսիսային մասը ծածկված է մայրի անտառներով։ Վերին Բ․ ծառազուրկ է։ Կարգաբազարի լեռներից բխող սառնորակ ու անուշահամ աղբյուրները միանալով Գուռնիճ գյուղի հովտում՝ թափվում են Երասխի Մուրց վտակը։ Այդ աղբյուրները հայերն անվանում էին Աղբերականք կամ Արծաթ–աղբերք։ Համանուն դաշտով հոսող դրանց ջրերը օգտագործվում էին խմելու, ոռոգելու, ջրաղացներ աշխատեցնելու համար։ Աղբերականց դաշտում կոնաձև բարձրանում են Ծիրանյաց (Ծիրանիք, Ծիրանիս) և Այգորդ գեղատեսիլ լեռները