Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերյան սոցիալիստական հեղափոխության ազդեցությամբ Բավարիայում ծավալված դասակարգային պայքարը մեղմելու նպատակով՝ «անկախ սոցիալ–դեմոկրատները» Է․ Տոլլերի գլխավորությամբ 1919-ի ապրիլի 7-ին այնտեղ անվանապես սովետական հանրապետություն հռչակեցին։ Ապրիլի 13-ին Մյունխենի բանվորները տապալեցին այն։ Նույն օրը Մյունխենում ստեղծվեց իսկական սովետական հանրապետություն, որը գլխավորում էին կոմունիստները (Ե․ Լևինե և ուրիշներ) հանրապետության գերագույն մարմնի՝ Գործողության կոմիտեի և Գործադիր խորհրդի մեջ մտան նաև «անկախ սոցիալ–դեմոկրատները»։ ԲՍՀ կառավարությունը ձեռնարկություններում՝ մտցրեց բանվորական վերահսկողություն, ձեռնամուխ եղավ բուրժուազիայի զինաթափմանը, ազգայնացրեց բանկերը, կազմակերպեց կարմիր բանակ, ստեղծեց արտակարգ հանձնաժողով՝ հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Սակայն բավարական կոմունիստները անհապաղ միջոցներ չձեռնարկեցին չքավոր և միջակ գյուղացիության դրությունը բարելավելու, բանվոր դասակարգի ու գյուղացիության դաշինքը հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև անվճռական եղան ներքին հակահեղափոխության դեմ պայքարում։ Հանրապետությանը մեծ վնաս հասցրեց նաև «անկախ սոցիալ–դեմոկրատների» կազմալուծիչ գործունեությունը, որի պատճառով ապրիլի 27-ին կոմունիստները դուրս եկան կառավարությունից։ ԲՍՀ տապալվեց գերմ․ կենտրոնական կառավարության կողմից, որի գլուխ էին կանգնած աջ սոցիալ–դեմոկրատերը (Էբերտ, Շեյդեման և ուրիշներ)։


ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՈՒՆՔԻ ՕՐԵՆՔ, ավանդական տրամաբանության մեջ մտածողության չորս հիմնական օրենքներից մեկը, ըստ որի յուրաքանչյուր դատողություն, բացի աքսիոմաներից ու սահմանումներից, հավաստի լինելու համարպետք է ունենա սկզբունքորեն ձևակերպելի բավարար հիմունք, այսինքն՝ այլ դատողություններ (կամ դատողություն), որոնք ինքնին վերցրած ճշմարիտ են և որոնցից տրամաբանորեն (դեդուկտիվ կերպով) բխում է տվյալ դատողությունը։ Բ․հ․ օ․ առաջին անգամ որոշակիորեն ձևակերպել է Լայբնիցը, թեև դրա ընդհանուր գաղափարը եղել է և նախորդ շրջանի մի շարք մտածողների մոտ։ Լայբնիցը (և այլ հեղինակներ) այդ օրենքը դիտել է իբրև՝ գոյի, և՝ մտածողության օրենք (չի տարբերակել երևույթի ռեալ պատճառը և մտքի տրամաբանական հիմունքը), և միայն հետագայում այն սկսել է դիտվել որպես սոսկ մտածողության օրենք։ Այդ առումով Բ․ հ․ о․, ընդհանուր առմամբ լինելով պատճառականության օրենքի արտացոլում մտածողության մեջ, չի նույնանում նրա հետ։ Դա երևում է թեկուզ նրանից, որ աշխարհում յուրաքանչյուր երևույթ, այդ թվում և յուրաքանչյուր միտք, ունի իր պատճառը, որ միշտ էլ բավարար է, մինչդեռ ոչ ամեն միտք է, որ ունի իր բավարար հիմունքը, ճշմարիտ մտքերն ունեն, իսկ կեղծ մտքերը չունեն այն։ Միաժամանակ պետք է նշել, որ Բ․ հ․ օ․խիստ ընդհանուր բնույթ ունի և ժամանակակից ըմբռնմամբ, խստիվ ասած, չի կարող դիտվել իբրև տրամաբանական հատուկ օրենք, այն բացառապես բովանդակային է և ձևականացման չի ենթարկվում։ Բ․ հ․ օ․ մնում է որպես մտածողության ապացուցականության, հիմնավորվածության ամենաընդհանուր պահանջ (տես նաև Ապացուցում)։
Վ․ Բաղդասարյան


ԲԱՎԱՐԻԱ (Bayern), երկրամաս, վարչական միավոր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, Դանուբի ավազանում։ Տարածությունը՝ 70, 6 կմ2։ Բնակչությունը՝ 10, 5 մլն (1969)։ Վարչական կենտրոնը Մյունխենն է։ Բ․ ԳՖՀ–ի ամենաբարձրադիր շրջանն է (Ցուգշպիտցե լեռը՝ 2963 մ)։ Ունի գետային խիտ ցանց։ Հարուստ է անտառներով և լեռնային մարգագետիններով։ Բ․ ինդուստրիալ–գյուղատնտեսական շրջան է։ Այդտեղ է ԳՖՀ–ում 1-ին ատոմային էլեկտրակայանը։ Զարգացած է նավթավերամշակման և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Տալիս է ԳՖՀ–ի ալյումինի արտադրության 1/3-ը։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, ինքնաթիռաշինությունը, ճշգրիտ մեխանիկան։ Կա տեքստիլ, ապակու, խեցեգործության և սննդի արդյունաբերություն։ Զարգացած է հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը և կաթնաանասնապահությունը։ Երկաթուղիները հիմնականում էլեկտրիֆիկացված են։ Դանուբը և Մայնը նավարկելի են։ Գործում է 3 համալսարան։
Պատմական տեղեկանք։ Ժամանակակից Բ–ի տերիտորիայի զգալի մասը VI դ․ կեսին զբաղեցրեց գերմ․ բավար ցեղը (այստեղից էլ՝ «Բ․» անունը) և ստեղծեց դքսություն։ 788-ին դքսությունը վերացվեց, իսկ տերիտորիան մտավ ֆրանկական պետության մեջ (մինչև X դ․ սկիզբը, երբ վերականգնվեց որպես գերմ․թագավորության ցեղային դքսություններից մեկը)։ 1070-1180-ին Բ–ում կառավարում էին Վելֆերի, 1180-ից՝ Վիտտելսբախների իշխանական տոհմերը։ Բ․ միջնադարյան Գերմանիայի առավել հզոր իշխանություններից, կաթոլիկական հետադիմության հենարաններից մեկն էր։ 1623-ից Բ․ կուրֆյուրստություն էր, 1806-ից՝ թագավորություն՝ Հռենոսյան միության կազմում։ 1801 - 13-ին Բ․ հանդես էր գալիս Նապոլեոնի կողմում։ 1871-ին մտավ Գերմ․ կայսրության մեջ։ 1918-ի նոյեմբերյան հեղափոխությունից հետո Բ–ում վերացվեց միապետությունը։ 1919-ի ապրիլին հռչակվեց Բավարական Սովետական Հանրապետությունը՝ կոմունիստների գլխավորությամբ, սակայն ջախջախվեց գերմ․ կառավարության կողմից։ 1919-ի Վայմարյան սահմանադրության համաձայն Բ․ մտավ Գերմանիայի հանրապետության մեջ։ Նույն թվին Բ–ում սկզբնավորվեց նացիոնալ–սոցիալիստական (ֆաշիստական) կուսակցությունը։ 1945-ին, ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո Բ․ մտավ ամերիկյան օկուպացիոն գոտու մեջ, 1949-ից գտնվում է ԳՖՀ–ի կազմում։ Կառավարող կուսակցությունը Քրիստոնեա–սոցիալական միությունն է (հիմնադրվել է 1945-ին), որը դաշինք է կնքել Քրիստոնեա–դեմոկրատական միության հետ (ՔԴՄ)՝ ՔՍՄ–ՔԴՄ և բունդեստագում կազմել միասնական ֆրակցիա։ Տես նաև Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն։


ԲԱՎԱՐՆԵՐ, գերմանական ցեղ։ Առաջին անգամ հիշատակվում է Յորդանի «Գոթիկա»-ում և Կասիոդորի «Գոթերի պատմության» մեջ (VI դ․ սկիզբ)։ Հավանաբար, Բ․ ծագել են մարկոմաններից, որոնք խառնվել էին գերմ․ այլ ցեղերի մնացորդների հետ։ Մարկոմանները որոշ ժամանակ գրավում էին Բոհեմիա մարզը, որտեղ վաղ ժամանակներում ապրում էր կելտական բոյերի ցեղը և, համաձայն այդ վարկածի, դրանից էլ ստանում իրենց նոր անվանումը։ Բ․ հետագայում զբաղեցրին ժամանակակից Վերին Ավստրիայի, Զալցբուրգի, Վերին ու Ներքին Բավարիայի, մասամբ՝ Տիրոլի տարածությունները, Բոհեմական անտառներից դեպի արմ․և Գանուբից հս․ ընկած հողերը, մինչև հս–արմ․՝ ֆրանկների ու թյուրինգների բնակեցման շրջանը։


ԲԱՎՐԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հարավ–արևելք, Թափարվան գետի աջ ափին։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Բնակիչների նախնիները եկել են Արդահանի նահանգից, 1829-ին։


ԲԱՎՐԱ (ն․ Տիտոյ–Խարաբա), գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Լենինական–Բոգդանովկա խճուղու վրա, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժ–մանկաբարձական կայան, կենցաղսպասարկման տաղավար։ Հիմնադրել են Արևմտյան Հայաստանից Ախալքալաքի շրջան գաղթած հայերը 1860-ական թթ․։ Ներկայիս Բ․ կառուցվել է 1958-ից հետո (նախկինն ավերվել էր այդ թվականի երկրաշարժի ժամանակ)։


ԲԱՏ ՍԱՀԱՌՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․-377), Հայոց սպարապետ մոտ 376-ից։ Ըստ Փավստոս Բուզանդի, եղել է Սահառունիների տոհմի նահապետը և Վարազդատ թագավորի դաստիարակը։ Մեղադրանք հարուցելով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի դեմ Պապ թագավորի սպանության գործում՝ Բ․ Ս․ սպանել է տվել նրան և իր ձեռքը վերցրել սպարապետության գործակալությունը։ Նրան գերել և գլխատել է Մանվել Մամիկոնյանը։
Գրկ․ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․2, մաս 1, Ե․, 1957։


ԲԱՏԱԼՈՎ Ալեքսեյ Վլադիմիրովիչ (ծն․ 20․ 11․ 1928, Վլադիմիր), ռուս սովետական կինոդերասան և ռեժիսոր։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1969)։ 1950-ին ավարտել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոց–ստուդիան և աշխատել Սովետական բանակի Կենտրոնական թատրոնում։ Առաջին դերը կինոյում Ալեքսեյ Ժուրբինն է («Մեծ ընտանիք», 1954)։ Լավագույն դերերից են՝ Սաշա Ռումյանցև («Ռումյանցևի գործը», 1956), Բորիս («Թռչում են