զինված ելույթները, որոնց նպատակը հինգ կղզիների ֆեդերացիա ստեղծելն էր, անհաջողություն կրեցին։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բ–ում ստեղծվեցին առաջին քաղ․ կազմակերպությունները, առաջ քաշվեց Բ–ի քաղ․ անկախության պահանջը։ 1950-ին երկրում մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք։ 1956-62-ին Բ․ մտնում էր Վեստ–Ինդիական ֆեդերացիայի մեջ, որն ստեղծել էր Մեծ Բրիտանիան՝ ազգ․ ազատագրական շարժումը ճնշելու նպատակով։ 1961-ին Բ․ ստացավ ներքին ինքնավարություն, 1966-ի նոյեմբ․ 30-ին՝ քաղ․անկախություն՝ Ազգերի բրիտ․ համագործակցության շրջանակներում։ Բ–ի կառավարությունը հանդես է գալիս բոլոր երկրների հետ հարաբերությունները զարգացնելու օգտին։
Տնտեսությունը։ Բ․ ագրարային երկիր է, տնտեսությունը կախված է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի, Կանադայի կապիտալից։ Մշակում են շաքարեղեգ, բատատ, յամս, մանիոկ։ Զարգացած է պտղաբուծությունը (մանգո, ավոկադո, ցիտրուսներ)։ Բուծում են ոչխար, այծ, խոզ, զբաղվում ձկնորսությամբ։ Զարգացած է շաքարի արդյունաբերությունը (կա շաքարի և մրգահյութի 20 գործարան)։ Ունի շինանյութերի արտադրություն։ Զգալի եկամուտ է բերում զբոսաշրջիկությունը (126 հզ․ զբոսաշրջիկ, 1969)։ Արտահանում է շաքար (էքսպորտի 1/2-ը), մրգահյութ, ռոմ, ներմուծում՝ սարքավորումներ և տրանսպորտի միջոցներ, սննդամթերք, արդ․ ապրանքներ, վառելանյութ։
Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ 1965-ին ծնելիությունը կազմել է 1000 մարդուն 26, 1, մահացությունը՝ 1000 կենդանածիններին 39, 5։ Մահացության հիմնական պատճառներն են՝ չարորակ նորագոյացությունները, սիրտ–անոթային և կենտրոնական նյարդային համակարգերի հիվանդությունները, թոքաբորբերը։ Առողջապահության աշխատանքը ղեկավարում է բժշկական ծառայության Դիրեկտորատը, որը ենթարկվում է առողջապահության կոլեգիային։
Լուսավորությունը։ Բ–ի ժողկրթության համակարգը նման է անգլիականին։ Ունի 6-ամյա տարրական դպրոց, որի մեջ մտնում են ամենափոքրերի դպրոցը (ընդունվում են 5 տարեկան երեխաներ, ուսման տևողությունը՝ երկու տարի) և մասնավոր տարրական դպրոցը (ուսման տևողությունը՝ 4 տարի)։ Միջնակարգ դպրոցը 5-ամյա է։ Համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ է ավարտել միջնակարգ դպրոցի լրացուցիչ որակավորման 2-3-ամյա դասընթացներ։ Ուսուցումը պետական տարրական և միջնակարգ դպրոցներում ձրի է և տարվում է անգլերենով։ 1963-ին Բրիջթաունում բացվեց արվեստի և գիտության քոլեջը՝ որպես Վեստ–Ինդյան համալսարանի (հիմնադրված 1948-ին) մասնաճյուղ։ Բրիջթաուննունը հանրային (մոտ 100 հզ. կտոր գիրք) գրադարաններ, թանգարան, նրան կից՝ գիտական պատմական ընկերություն։
Գրականությունը և արվեստը։ Բարբադոսյան ժող․ բանահյուսության մեջ պահպանվել են Արևմտյան Աֆրիկայի ժող․ստեղծագործությանը հատուկ գծերը։ Գրավոր գրականությունը (անգլերենով) զարգացել է XIX դ․ 40-ական թթ․ազգային–ազատագրական պայքարի ազդեցությամբ։ Պ․ Բյեքմենը և ուրիշներ մասնակցել են գաղութային քաղաքականության դեմ մղվող պայքարին։ Կ․ Սիլի, Է․ Ուոլկոթի, Կ․ Մ․ Խոուպի և ուրիշների երկերում պատկերված է աշխատավորների կյանքը։ 1950-ից հրատարակվում է «Բիմ» («Bim») հանդեսը։ Բ–ում պահպանվել են հնդկացիների հին մշակույթի հետքեր։ Բրիջթաունում կան XVIII դ․ շինություններ՝ Կառավարության տունը, Սենտ–Մայքլ տաճարը, այսպես կոչված Ջ․ Վաշինգտոնի տունը։ XX դ․կեսին ժամանակակից ոճով կառուցվել են մինիստրությունների շենքերը, նավահանգստային կառույցները, հյուրանոցները։
ԲԱՐԲԱՌ, ընդհանուր համաժողովրդական լեզվի տարբերակ, որն ունի իրեն հատուկ բառային կազմ, շարահյուսություն, հնչյունաբանություն և գործածվում է որոշակի տարածքում։ Բ–ները միմյանց նկատմամբ ընդհանրություններով ու նմանություններով հանդերձ իրարից տարբերվում են հնչյունական, բառային, ձևաբանական, շարահյուսական առանձնակի կամ համակարգային հատկանիշներով։ Օրինակ, հայերենի Ագուլիսի Բ․ հնչյունաբանությամբ նման է Ղարաբաղի Բ–ին (ձայնավորների քմայնացում), իսկ ձևաբանությամբ՝ Արարատյան Բ–ին (հոլովման և խոնարհման մեջ), բայց թե մեկում, թե մյուսում կան հատուկ հնչյունական և ձևաբանական երևույթներ, որով այն խիստ տարբերում են թե մեկից, թե մյուսից։ Բարբառային տարբերությունները կարողեն լինել փոքր (այդ դեպքում տարբեր Բ–ներով խոսողները հեշտությամբ հասկանում են իրար) և մեծ (այդ դեպքում տարբեր Բ–ներով խոսողները չեն հասկանում կամ դժվարությամբ են հասկանում իրար)։ ժամանակակից Բ–ները լեզվի բազմադարյան զարգացման արդյունք են։ Կապիտալիզմի և սոցիալիզմի դարաշրջաններում հարթվում են Բ–ների տարածքային սահմանները, խարխլվում պահպանության հիմքերը, սակայն նրանց վերացումը տեղի է ունենում բավական երկար ժամանակի ընթացքում։ Բ–ները կարողեն ընկնել այս կամ այն համազգային գրական լեզվի հիմքում։ Դրանով նրանք ոչ թե միանգամից ոչնչանում, այլ շարունակում են իրենց գոյության ընթացքը և նոր հարաբերության մեջ մտնելով տվյալ գրական լեզվի հետ՝ մի կողմից եթե նպաստում են վերջինիս զարգացմանը, մյուս կողմից ենթարկվում են նրա վերափոխիչ ազդեցությանը։ Բ–ները վերանում են միայն համընդհանուր գրական լեզվի լիակատար հաղթանակի դեպքում։ Բ–ի ներսում կարող են լինել ենթաբարբառներ և խոսվածքներ, որոնք նրանից տարբերվում են լեզվական որոշ հատկանիշներով։ Կան լեզուներ (գերմաներեն, իտալերեն, չինարեն ևն), որոնց բարբառային տարբերությունները մեծ են, բայց կան նաև այնպիսիները (օրինակ՝ սլավոնական լեզուները), որոնց Բ–ները քիչ են տարբերվում իրարից։ Հայերենը հարուստ է բազմաթիվ Բ–ներով։
Ա․ Ղարիբյան
ԲԱՐԲԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Գավառաբանություն։
ԲԱՐԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է որևէ լեզվի բարբառների, ենթաբարբառների և խոսվածքների ուսումնասիրությամբ։ Բ․ լինում է տեսական, պատմական և նկարագրական։ Տեսական Բ․ քննում է բարբառների լեզվաբանական տեսական՝ նրանց համակարգայնության, ընդհանուր լեզվաբանական օրինաչափությունների, սոցիալական հիմքի և այլ հարցեր։ Պատմական Բ․ ուսումնասիրում է բարբառների առաջացման, նրանց փոփոխությունների, պատմական փոխադարձ ներթափանցումների օրինաչափական երևույթները՝ կապված տվյալ բարբառով խոսողժողովրդի պատմության հետ։ Նկարագրական Բ․ զբաղվում է բարբառների համաժամանակյա գիտական–լեզվաբանական նկարագրությամբ, նրանց՝ իբրև հաղորդակցման միջոցների, համակարգային առանձնահատկությունների և հարաբերակցությունների բացահայտմամբ։ Իր նպատակներն իրագործելու համար այն օգտագործում է գիտա–տեխնիկական միջոցներ, հարցաթերթեր, գրանցումներ, բարբառագրական նյութեր, կատարում գիտարշավներ, դրանց հիման վրա կազմում բարբառային քարտեզներ, քարտեզագրեր։ Բ․ ինքնուրույն լեզվաբանական գիտություն է, որն իր կենդանի և բնալեզվի նյութերով նպաստում է լեզվաբանության տեսության զարգացմանը։ Հատկապես մեծ է նրա նշանակությունը լեզվի պատմության համար։ Յուրաքանչյուր ազգային լեզվաբանություն ունի իր ազգային Բ․։ Հայ Բ․ աչքի է ընկնում մեծագույն նվաճումներով։
Հայերենի բարբառների ուսումնասիրության փորձերն սկսվել են XIX դ․ և զարգացման նոր աստիճանի հասել առանձնապես Հ․ Աճառյանի ուսումնասիրությունների շնորհիվ, որոնցով էլ հիմք է դրվել հայ գիտական Բ–յանը։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակից հետո հայերենի բարբառների ուսումնասիրությունը նոր թափ է ստացել։ Լույս են տեսել Հ․ Աճառյանի, Ա․ Ղարիբյանի, Է․ Աղայանի, Ռ․ Բաղրամյանի, Հ․ Մուրադյանի և այլոց առանձին բարբառներին ու բարբառագիտությանը նվիրված աշխատություններ։
Բ–յան նորագույն նվաճումներից է Գ․ Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածություն» (1972) աշխատությունը, որտեղ հեղինակը, օգտագործելով արդի լեզվաբանության նվաճումները, համաժամանակյա և տարաժամանակյա Բ–յան հարցերի ուսումնասիրության միջոցով առաջին անգամ ներկայացրել է հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգումը և հայ լեզվաբանության մեջ սկիզբ դրել վիճակագրական Բ–յանը։
Գրկ․ Աճառյան Հ․, Բարբառագիտություն, Մոսկվա–Նոր–Նախիջևան, 1911։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Նույնի, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ․ 1-6, Ե․, 1952 - 71։ Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ Ջահուկյան Դ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։