Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տագործման շնորհիվ։ Կոմունիզմի ժամանակ ամբողջ աշխատանքը հանդես կգա բացառապես որպես բարդ, բարձրորակ աշխատանք։


ԲԱՐԴ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նյութերի դիմադրության բաժին. ուսումնասիրում է մեքենաների և կառուցվածքների տարրերում պարզագույն դեֆորմացիաների (ձգում–սեղմում, ծռում և ոլորում) տարբեր զուգակցումների (ձգում–սեղմում և ծռում, ոլորում և ծռում, արտակենտրոն ձգում–սեղմում, բարդ ծռում ևն) առաջացումը։ Բ․ դ․ հաշվարկելիս (Հուկի օրենքի պահպանման և համեմատաբար փոքր դեֆորմացիաների պայմաններում) ելնում են ուժերի ազդեցության անկախության սկզբունքից (առաձգական համակարգի վրա կիրառված բեռի առաջացրած դեֆորմացիաների ազդեցությունը մնացած բեռների դասավորության և նրանց ազդեցության արդյունքների վրա կարելի է արհամարհել), և լարումներն ու դեֆորմացիաները որոշվում են պարզ դիմադրությունների (դեֆորմացիաների) լարումների ու դեֆորմացիաների համապատասխան գումարներով։


ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ, տես Նախադասություն։


ԲԱՐԴ ՆՅՈՒԹ, իրար հետ քիմիական կապերով միացած տարբեր տարրերի ատոմներից բաղկացած նյութ։ Բ․ ն․ սահմանվում է նաև որպես նյութ, որի մոլեկուլները բաղկացած են տարբեր տարրերի ատոմներից։ Ի տարբերություն խառնուրդների, Բ․ ն․ քիմիական ինդիվիդ է։ Քիմիական միացությունները սովորաբար Բ․ն–եր են։ Այս կամ այն անհրաժեշտ հատկություններով Բ․ ն–երի (պոլիմերներ, ապակիներ, լուծվող նյութեր, ներկեր ևն) սինթեզումը կարևոր խնդիր է։ Տես նաև Պարզ նյութ։


ԲԱՐԴ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, տես Կոմպլեքսային պարարտանյութեր։


ԲԱՐԴ ՏՈԿՈՍ, տես Տոկոս։


ԲԱՐԴ ՖՈՒՆԿՑԻԱ, տես Ֆունկցիա։


ԲԱՐԴԱ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Բարդայի շրջանի կենտրոնը։ 21 հզ․ բն․ (1970)։ Գտնվում է Ղարաբաղի հարթավայրում, Թարթառ (հնում Տրտու) գետի ափին։ Կայարան է Եվլախ–Աղդամ երկաթուղու հատվածում։ Ունի բամբակազտիչ, յուղի–պանրի, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարաններ, կարի ֆաբրիկա։ Ներկայիս Բ–ից մի քանի կմ հեռու գտնվում են Պարտավ քաղաքի ավերակները։


ԲԱՐԴԱ, տես Տկուցք։


ԲԱՐԴԱԾԱՂԿԱՎՈՐՆԵՐ. Compositae (Astereceae), ծաղկավոր բույսերի ամենամեծ և կատարելագործված ընտանիք, մոտ հազար ցեղով ու 25-30 հզ․տեսակներով։ Բ․ տարածված են երկրագնդի բոլոր վայրերում, հիմնականում խոտաբույսեր են, երբեմն կիսաթփեր, հազվադեպ՝ փոքր ծառեր։ Բ–ի ծաղիկները շատ մանր են, երկսեռ կամ միասեռ, համախմբված կոմպակտ ծաղկաբույլերում՝ զամբյուղներում։ Խոշոր զամբյուղների ծաղիկների թիվը երբեմն կարող է հասնել մի քանի հարյուրի (օր․ արևածաղիկը)։ Արտաքինից զամբյուղները շրջապատված են տարբեր մեծության ու գունավորման հատուկ տերևներով, երբեմն փշերով ու կառճերով։ Զամբյուղները տարբեր են, կենտրոնում առաջանում են մանր, խողովակաձև ծաղիկներ, որոնց բաժակը խիստ ետաճած է։ Առէջքները ամրացած են պսակի խողովակին, փոշանոթները միաձուլված են, վարսանդը ստորադիր է, միաբուն։ Եզրային ծաղիկները համեմատաբար խոշոր են, լեզվականման, երբեմն զանգակաձև և ունեն տարբեր գույներ, սպիտակ (երիցուկ), մանուշակագույն (վայրի աստղածաղիկ) կամ կարմրավուն (կառ) և իրենց ցայտագունությամբ ավելի տեսանելի են միջատների համար, որոնց միջոցով կատարվում է փոշոտումը։ Նշված ծաղիկներում վարսանդը բացակայում է կամ ետ է աճած, և չեն պտղաբերում։ Բ–ի պտուղը սերմիկ է, որի ներսում առաջանում է միայն մեկ սերմ։ Վերջինս, գրավելով պտղի ամբողջ խոռոչը, հաճախ միաձուլվում է պտղամաշկի հետ։ Բ–ի պտուղները և սերմերը տարածվում են քամու օգնությամբ, շնորհիվ պտղի գագաթնային մասում առաջացող հատուկ հարմարանքի, որը մազապատ փուփուլի ձև ունի։ Սերմիկների վրա երբեմն առաջանում են թևանման ելուստներ, փշեր, կառճեր ևն, որոնք ևս նպաստում են նրանց տարածմանը։ Բ․ գործնական մեծ նշանակություն ունեցող բույսերի ընտանիք են, որոնցից են բազմաթիվ յուղատու (արևածաղիկ, ասպուր), դեղատու (դոլմատյան երիցուկ), կաուչուկատու (կոկսագիզ) և մեծ քանակությամբ դեկորատիվ ծաղկաբույսեր (գեորգեն, քրիզանթեմ, մարգարտածաղիկ, աստղածաղիկ)։ ՀՍՍՀ–ի տարբեր շրջաններում տարածված են Բ–ի ընտանիքին պատկանող բազմաթիվ մոլախոտեր (օր․ տատասկ, տատասկափուշ ևն), որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսական ցանքերին։ Հայաստանի ֆլորայի կազմում հայտնի են Բ–ի ընտանիքին պատկանող բազմաթիվ տեսակներ, որից կիսաանապատային գոտում առավել տարածված են օշինդրի տեսակները։
Գրկ․ Жуковский П․ М․, Ботаника, М․, 1961; Тахтаджян А․ Л․, Системаи филогения цветковых растений, М․-Л․, 1966․


ԲԱՐԴԱԾԱՆ ԵԴԵՍԱՑԻ (154-222), ասորի պատմագիր։ III դ․ սկզբին քարոզչական նպատակով եկել է Հայաստան և հաստատվել Դարանաղյաց գավառի Անի ամրոցում։ Ծանոթացել է հայ մեհենական պատմությանը, թարգմանել ասորերենի, ապա հունարենի՝ ավելացնելով իր ժամանակի անցքերի պատմությունը։ Բ–ի պատմական երկը, որն աղբյուր է ծառայել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» համար, չի պահպանվել։
Գրկ․ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968, էջ 201-202։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 2, մաս 1, Ե․, 1957։ Մելքոնյան Հ․ Դ․, Հայ–ասորական հարաբերությունների պատմությունից (III -V դդ․), Ե․, 1970։ Baumstark A․, Gesehichte des syrischen Literatur, Bonn, 1922, էջ 12-14։


ԲԱՐԴԱՂԻՄԵՈՍ, Բարդաղ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIV դարի հայ գրիչ և գրչապետ։ Աշակերտել է Խաչատուր Կեչառեցուն, որից և սովորել է գրչության արվեստը։ Ստեղծագործել է Վայոց ձորի գրչության կենտրոններում։ Նրանից պահպանվել է միայն մեկ ձեռագիր Ավետարան՝ գրված և ծաղկված 1315-ին, Եղեգիսում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N» 9721)։
Ա․ Մաթևոսյան


ԲԱՐԴԵՍ, Բարդեմ Մունյոս (Bardem Manos) Խուան Անտոնիո (ծն․2․ 7․ 1922, Մադրիդ), իսպանացի ռեժիսոր և սցենարիստ։ 1951-ին Լ․ Գ․ Բեռլանգայի հետ գրել է «Բարի գալուստ, պարոն Մարշալ» ֆիլմի սցենարը։ Սեփական սցենարներով բեմադրել է իսպանական ժողովրդի կյանքը արտացոլող «Հեծանվորդի մահը» (1955), «Գլխավոր փողոց» (1956), «Վրեժ» (1957) կինոնկարները։ Հայտնի են նաև «Սոնատներ» (1959), «Ցերեկվա ժամը հինգին» (1961), «Անմեղները» (1962), «Մեխանիկական դաշնամուր» (1964) և այլ ֆիլմեր։ Բ–ի կինոնկարներից շատերը արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։
Գրկ․ Кинорежиссёр Хуан Антонио Бардем, М․, 1965․


ԲԱՐԴԻ (Populus), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Բարձրությունը՝ 40-60 մ, տերևակիցները նեղ են, շուտ թափվող։ Երկտուն է, արական և իգական, ծաղիկները հավաքված են կատվիկներում։ Ծաղկում է վաղ գարնանը։ Խոնավասեր է, ապրում է 100-150 տարի։ Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, սպիտակ, լավ մշակվում է, կիրառվում է թղթի, լուցկու, նրբատախտակի արտադրության մեջ, որոշ վայրերում օգտագործվում է որպես շինանյութ կամ վառելիք։
Բարդի
Ունի նաև բուժիչ նշանակություն, կեղևը և բողբոջները պարունակում են արժեքավոր եթերայուղեր։ Հայտնի է մոտ 100 տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 19-ը։ Առավել տարածված տեսակներից են սպիտակ կամ արծաթափայլ Բ․, գորշ կամ հիբրիդային Բ․։ Դեկորատիվ է, կիրառվում է նաև դաշտապաշապան անտառատնկումների համար։
Բ․ ուրարտական շրջանում համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզյա գոտիների, արքայական սաղավարտների,