Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱՐՁՐԱՇԵՆ (մինչև 1947-ը՝ Բաբըռլի), գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Ախուրյան գետից 6 կմ արևելք, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է Բարձրաշեն դաշտավարությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բ–ում պահպանվել են Աստվածածին եկեղեցին (VII դ․) և Պողոս–Պետրոս մենաստանը (X– XIII դդ․)՝ կից գերեզմանոցով։ ԲԱՐՁՐԱՇԵՆ (մինչև 1945-ը՝ Բիթլիջա), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավարներ։ 1974-ից գործում է Բ–ի թռչնաբուծական ֆաբրիկան։ ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ, թռչնաբուծական մթերքների գյուղատնտեսական ձեռնարկություն։ Գտնվում է ՀՍՍՀ Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1974-ին։ Մտնում է «Հայթռչնարդ» Գլխավոր վարչության կազմի մեջ։ Զբաղեցնում է շուրջ 33 հա տարածություն։ Ունի 217 հզ․ հավ, արտադրում է 46 մլն ձու և 778 տ․ միս, շահութաբերությունը՝ 65,5% (1975)։ Արտադրությունը կազմակերպված է արդյունաբերական եղանակով, իսկ տեխնոլոգիան՝ փակ փուլով (աշխատանքները կատարվում են ֆաբրիկայի ներսում)։ Աշխատատար պրոցեսները մեքենայացված են, լուսային ռեժիմի, օդափոխման և տաքացման պրոցեսների կարգավորումը՝ ավտոմատացված։ Ածան հավերի, 1–60 օրական ճտերի պահվածքը վանդակային է, սեռահասակային որոշ խմբեր պահվում են խոր ցամքարայով հատակ ունեցող մեքենայացված թռչնանոցներում։ ԲԱՐՁՐԱՁԱՓ, 1․ ավիացիոն, թռչող ապարատի թռիչքի բարձրությունը չափող սարք։ Լինում են բարոմետրային Բ–եր և ոադիոբարձրաչափեր։ Բարոմետրայինը սլաքային ցուցիչով և աստիճանավորված սանդղակով աներոիդ բարոմետր է։ Նրանով չափում են բացարձակ (բարձրությունը այն մակարդակի նկատմամբ, որտեղ ճնշումը 101325 ն/մ²=760 մմ սնդ․ ս․, իսկ ջերմաստիճանը՝ 15°С), հարաբերական (բարձրությունը թռիչքի վերելքի նկատմամբ) և իրական (բարձրությունը տվյալ վայրում թռիչքի տեղանքի նկատմամբ) բարձրությունը։ 2․ անտառագնահատման, ծառերի բարձրությունը և նրանց թեքման անկյունը չափող սարք։ Լինում է մեխանիկական, օպտիկա–մեխանիկական և օպտիկական։ Անտառային հեռաչափ–բարձրաչափը օգտագործում են նաև ծառաբների լայնակի հատվածքների մակերեսները, ցանկացած բարձրության վրա ծառերի տրամագիծը, որոշակի տարածության վրա ծառաբների թիվը որոշելու համար։ ԲԱՐՁՐԱՎԱՆ (մինչև 1940-Ը՝ Երիցաթումբ), գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, Որոտան գետի աջ ափին, շրջկենտրոնից 15 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բ–ի մոտ գտնվում է Ս․ Մինաս եկեղեցին, իսկ 4 կմ արլ․՝ Բղենո նորավանքը։ ԲԱՐՁՐԱՎԱՆ (մինչև 1946-ը՝ Մազրա), գյուղ Հայկական ՄԱՀ Աիսիանի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղատնտ․ արտադրության մեջ ձեռք բերած նվաճումների համար Գ․ Ա․ Մալյանին, Վ․ Ա․ Թադևոսյանին, Ս․ Ս․ Ալահվերդյանին, Հ․ Ա․ Հախվերդյանին, Լ․ Հ․ Հախվերդյանին և Գ․ Տ․ Բալասանյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Բ․ հիմնադրել են խոյի շրջանից գաղթած հայերը 1828-ին, հին գյուղատեղում։ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, լեռնային ընդարձակ տարածք, բաղկացած միևնույն բարձրադիր հիմքի վրա տեղադրված լեռնաշղթաներից, սարահարթերից, լեռնազանգվածներից, միջլեռնային գոգավորություններից, ձորերից ևն։ Ըստ ծագման լինում են տեկտոնական (Մեսետա, Փոքրասիական) և հազվադեպ՝ հրաբխային (Հայկական, Հաբեշական)։

Լ․ Զոհրաբյան

«ԲԱՐՁՐԱՎԱՆՔ», միամսյա գրական–գեղարվեստական հանդես։ Լույս է տեսել 1922-ին, Կ․ Պոլսում։ Հրատարակիչներ՝ Գ․ Գավաֆյան, Կ․ Զարյան, Վ․ Թեքեյան, Շ․ Պերպերյան (պատասխանատու տնօրեն), Հ․ Օշական։ Հանդեսի շուրջը համախմբվել էին եղեռնից ազատված մտավորականները՝ արևմտահայ հոգևոր կյանքը վերակերտելու ձգտումով։ Ամսագրում ուշագրավ են Հ․ Օշականի «Հայ գրականություն» հոդվածաշարից Դ․ Վարուժանին, Ա․ Շիրվանզադեին, Ա․ Իսահակյանին, Զ․ Եսայանին, Կ․ Սիտալին, Արսեն Երկաթին նվիրված գրաքննադատական հոդվածները, Գ․ Ֆեներճյանի «Շրջան մը՝ 1900–1908» գրականագիտական վերլուծությունը։ «Բ․» լայն տեղ է հատկացրել արվեստի նորագույն ուղղություններին, հայ արվեստի հարցերին՝ տպագրելով Շ․ Պերպերյանի «Արդի երաժշտության ձգտումները և հայ երգը», «Արվեստի ուղղությունները» ուսումնասիրությունները, գեղարվեստի տարբեր բնագավառներին նվիրված Կ․ Զարյանի և Վ․ Թեքեյանի հոդվածները, ինչպես և Փ․ Թերլեմեզյանի հուշագրական էջերը։ Անդրադարձել է անգլիագիր հայ գրողներ Ս․ Ալեքսանդերի (Ա․ Շաքլյան), Մ․ Արապյանի (Շ․ Շավարշ), Մ․ Առլենի (Տ․ Գույումճյան) ստեղծագործություններին։ Տպագրել է Վ․ Թեքեյանի «Մայրերը» դրաման, Հ․ Օշականի «Նոր պսակը» պիեսից մի հատված։ Վերահրատարակել է Մ․ Մեծարենցի, աշուղ Սեյադի ստեղծագործությունները։

Գ․ Գույումջյան

ԲԱՐՁՐԱՔԱՆԴԱԿ (ֆրանս․ haut-re- lief, < haut – բարձր և relief – ռելիեֆ, ուռուցիկություն), քանդակագործության տեսակ, բարձր քանդակ, որի ուռուցիկ մասի ծավալի կեսից ավելին դուրս է ցցված ֆոնի հարթությունից, երբեմն քանդակապատկերը միայն հպվում է ֆոնին,