Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ներում։ Տես նաև Բաքվի կոմունա հոդվածում։

Պատկերազարդումը տես 313-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրկ․ տես Բաքվի կոմունա հոդվածի գրականությունը։

Շ․ Օհանջանյան

ԲԱՔՎԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1920, Կովկասյան ռազմաճակատի 11-րդ բանակի և Վոլգա–Կասպիական նավատորմիղի համատեղ հարձակողական գործողությունը քաղաքացիական պատերազմի ժամանակ, 1920-ի ապրիլ–մայիսին։ Նպատակն էր՝ օգնել մուսավաթական կառավարության դեմ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ Ադրբեջանի աշխատավորների զինված ապստամբությանը (ապրիլի 27–28)։ Չորս զրահագնացք՝ դեսանտով, կռվելով մուսավաթականների դեմ, Պետրովսկ–Բաքու երկաթգծով ապրիլի 28-ին մտավ Բաքու։ Այդ զրահագնացքներով Բաքու ժամանեցին Ադրբեջանի կոմունիստական կուսակցության ղեկավար գործիչներ Ա․ Միկոյանը, Գ․ Մուսաբեկովը, Գ․ Ջաբիևը։ Ապրիլի 29-ին Բաքու մտան նաև 11-րդ բանակի զորամասերը, որոնց հետ էին հրամանատար Լևանդովսկին, Կովկասյան ռազմաճակատի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ Գ․ Օրջոնիկիձեն, բանակի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ Ա․ Կիրովը։ Ավելի ուշ Բաքվի նավահանգիստ մտան Վոլգա–Կասպիական նավտորմիղի նավերը։ 2-րդ հեծյալ կորպուսը օպերացիան ապահովեց արևմուտքից՝ առաջանալով Կուսարի, Ղուբայի, Շամախիի, Քյուրդամիրի ուղղությամբ՝ կտրելով մուսավաթականների ճանապարհը դեպի Գյանջա։ 10–15 օրվա ընթացքում սովետական զորամասերը ազատագրեցին Ադրբեջանի գրեթե ամբողջ տերիտորիան և օգնեցին Ադրբեջանի աշխատավորներին վերջնականապես հաստատելու սովետական կարգեր։

Գրկ․ Токаржевский Е․ А․, Из истории иностранной интервенции и гражданской войны в Азербайджане, Баку, 1957; Кадишев А․ Б․, Интервенция и гражданская война в Закавказье, М․, 1960․

ԲԱՔՐԱՁԵ Դմիտրի Զախարի (26․ 10․ 1826 – 10․ 2․ 1890), վրացի պատմաբան, ազգագրագետ, հնագետ։ Պետերբուրգի ԳԱ թղթ–անդամ, վրացական պատմագրության լիբերալ–բուրժ․ ուղղության ներկայացուցիչ։ Գլխավորել է Վրաստանի պատմության աղբյուրների հավաքման աշխատանքները։ Բ–ի նախաձեռնությամբ Թիֆլիսի Սիոնի տաճարում հիմնվել է թանգարան, ուր հավաքվել է գրավոր հուշարձանների հարուստ հավաքածու։ Եղել է «Կովկասյան հնագիտության սիրողների ընկերության» հիմնադիրներից մեկը, մասնակցել «Կովկասյան հնագրական հանձնաժողովի ակտերի» 5 հատորների ստեղծմանը, եղել համառուսաստանյան հնագիտական համագումարի (1881, Թիֆլիս) կազմակերպիչներից։ Գրել է ուսումնասիրություններ Վրաստանի պատմության և հնագիտության վերաբերյալ։

Ն․ Վաչնաձե

ԲԱՔՐԱՆ, Մարանդ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տարածվում էր Արաքսից հվ․՝ Գողթն և Գաբիթյան գավառների միջև։ Հայոց թագավոր Տրդատ Ա (62–80) ի հիշատակ իր եղբոր՝ Մարաստանի Րակուր թագավորի, Բ–ում կառուցել է տվել Բակուրակերտ ավանը, որը Պևտինգերյան քարտեզում նշված է «Փիլադելփիա» անունով։ Այստեղ կառուցված հեթանոսական տաճարին է նվիրաբերել գավառը։ II–III դդ․ Բ․ կոչվել է նաև իր տարածքում գտնվող Մարանդ քաղաքի անունով։ VII դ․ «Աշխարհացոյց»-ում հիշատակվում է Բաքան (Բաքրանի աղավաղված ձևը) և Մարանդ անուններով:

Գրկ․ Երեմյան Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Ե․, 1963։

ԲԱՔՈՒ (ադրբ․ Բաքի, հավանաբար, պարսկերեն բադ կուբե–ից՝ քամահարված), Ադրբեջանական ՍՍՀ մայրաքաղաքը, ՍՍՀՄ արդյունաբերական և գիտամշակութային կենտրոններից, ծովային նավահանգիստ և երկաթուղային հանգույց։ Գտնվում է Կասպից ծովի արմ․ ափին, Ապշերոնյան թերակղզու հվ–ում, դեպի Բաքվի ծովախորշն աստիճանաբար իջնող սարավանդի վրա։ Կլիման չոր մերձարևադարձային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 3°Cէ, հուլիս]ւնը՝ 27°С, տարեկան տեղումների քանակը՝ 180– 300 մմ։ Բնորոշ են ուժեղ հս․ քամիները («Խազրի»)։ Բ–ի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով։ Տարածությունը 2,2 հզ․ կմ2 է՝ բաժանված 10 վարչական շրջանների։ Բնակչության քանակով ՍՍՀՄ 5-րդ քաղաքն է, 1383 հզ․ (1975), գերակշռում են ադրբեջանցիները (46,3%), կան նաև ռուսներ (27,7%), հայեր (16,4%), հրեաներ (2,4%), թաթարներ (2,1%), Գաղստանի ժողովուրդներ (2,0%) և այլք (3,1%)։

Պատմական ակնարկ։ Բ․ առաջին անգամ հիշատակվում է V դ․ աղբյուրներում, ապա՝ IX և X դդ․ արաբական ճանապարհորդների և աշխարհագրագետների (ալ-Իստահրի, ալ–Մասուդի, ալ–Մուքադասի) երկերում, որոնք վկայում են Բ–ում նավահանգստի գոյության և նավթի արդյունահանման մասին։ XII դ․ 2-րդ կեսին եղել է Շիրվան պետության քաղաքական կենտրոնը։ XII – XV դդ․ հեղինակները (Յակուտ Համավին, Զաքարիա ալ–Ղազվինին, Համդալահ Ղազվինին, Աբդուռաշիդ Բակուվին) տեղեկություններ են հաղորդում Բ–ի նավթային աղբյուրների մասին։ XV դ․ դառնում է Շիրվանշահերի գահանիստը, նավթ է արտահանում Արևելքի մի շարք երկրներ, հանդիսանում Կասպյան ծովային առևտրի հանգույցներից մեկը։ 1540-ին Բ․ գրավել է Սեֆևյան Պարսկաստանը, 80-ական թթ․՝ Թուրքիան։ XVII դ․ Բ–ի նավթի արդյունահանումը շահի գանձարանին տարեկան տալիս էր 7000 թուման եկամուտ։ 1723-ին Բ․ գրավել է Պետրոս I, բայց 1735-ին կրկին վերադարձվել է Իրանին։ 1747-ին Բ․ դարձավ Բաքվի խանության կենտրոնը։ 1806-ին, ռոս–իրանական պատերազմի ժամանակ (1804–13), Բ․ միացվեց Ռուսաստանին։ XIX դ․ 70-ական թթ․ Բ–ում աճել է նավթի արդյունահանումը (1872-ի 26 հզ․ տ–ի փոխարեն 1901-ին՝ 11 մլն տ), և 1897–1907-ին կառուցվել է Բաքու–Բաթում նավթամուղը։

XIX դ․ վերջերից Բ․ դարձել է Անդրկովկասի բանվոր դասակարգի հեղափոխական շարժումների կենտրոնը։ XX դ․ սկզբին Բ–ում արդեն կար մոտ 60 հզ․ բանվոր։ 1898–99-ին Երևան են գալիս ս–դ․ առաջին խմբակները։ 1901-ին ստեղծվել է իսկրայական խումբ, ապա կազմվել է ՌՍԴԲԿ