Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանխորոշեցին նրա անբարենպաստ ելքը Ռուսաստանի համար։ Ձևականորեն Բ․ կ․ պետք է մշակեր նոր դաշնագիր, որը կփոխարիներ արդեն իր ուժը կորցրած 1856-ի Փարիզի պայմանագրին (տես Փարիզի հաշտության պայմանագիր 1856)։ Այդ պատճառով էլ Բեռլինում հավաքվել էին Փարիզի կոնգրեսի մասնակից երկրների ներկայացուցիչները՝ կանցլեր Ա․ Մ. Գորչակով (Ռուսաստան), կանցլեր Օ․ Բիսմարկ (Գերմանիա), պրեմիեր–մինիստր Բ․ Դիզրայելի (Անգլիա), արտաքին գործերի մինիստր Դ․ Անդրաշի (Ավստրո–Հունգարիա), արտաքին գործերի մինիստր Ու․ Վադինգտոն (Ֆրանսիա), արտաքին գործերի մինիստր Կորտի (Իտալիա), արտաքին գործերի մինիստր Կարաթոդորի–փաշա (Թուրքիա)։ Բ․ կ․ էին հրավիրված Հունաստանի, Իրանի, Ռումինիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի ներկայացուցիչները՝ իրենց վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցելու համար։ Բեռլինում էր գտնվում նաև Հայ ազգային պատվիրակությունը՝ Մ․ Խրիմյանի գլխավորությամբ։

Կարևոր հարցերը լուծվում էին ոչ թե ընդհանուր նիստերում, այլ Գերմանիայի, Անգլիայի, Ավստրո–Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակի խորհրդակցություններում։ Վիճաբանության հիմնական առարկաներն էին՝ Բուլղարիան, որի տերիտորիան Անգլիան ու Ավստրո–Հունգարիան ձգտում էին հասցնել նվազագույնի, Բոսնիան և Հերցեգովինան, որի նկատմամբ հավակնություն ուներ Ավստրո–Հունգարիան, և Թուրքիայից Ռուսաստանին անցած անդրկովկասյան և հայկական տերիտորիաները, որին դեմ էր Անգլիան։ Իրեն «անկողմնակալ իրավարար» հորջորջած Բիսմարկը (կոնգրեսի նախագահ) իրականում պաշտպանում էր Ավստրո–Հունգարիայի և Անգլիայի պահանջները ի վնաս Ռուսաստանի։ Բ․ կ–ում կնքված դաշնագրի հիմնական դրույթները հանգում էին հետևյալին․ Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և սուլթանի կողմից հաստատված իշխանով։ Բուլղարիայի հվ․ սահմանագիծը պետք է լիներ Բալկանյան լեռնաշղթան, որից հվ․ ընկած մարզերը կազմում էին մի առանձին նահանգ Արևելյան Ռումելիա անունով, որի նահագապետին (քրիստոնյա) նշանակում էր սուլթանը 5 տարի ժամկետով։ Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային։ Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Ռումինիան Բեսարաբիայի մերձդանուբյան տերիտորիաների փոխարեն, որոնք անցնում էին Ռուսաստանին, ստանում էր Դոբրուջան։ Ավստրո–Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավելու Բոսնիան ու Հերցեգովինան և կայազոր պահելու Թուրքիային պատկանող Նովի Պազարի սանջակում։ Անդրկովկասում Ռուսաստանին էին մնում Կարսը, Արդահանը և Բաթումը, Թուրքիային էին վերադարձվում Ալաշկերտի հովիտը և Բայազետ քաղաքը։ Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ (պորտոֆրանկո)։ Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրագործել հայերով բնակեցված իր փոքրասիական տիրույթներում, ինչպես նաև խղճի ազատություն և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել իր բոլոր հպատակների համար։ Բեռլինի դաշնագիրը անփոփոխ թողեց սևծովյան նեղուցների վերաբերյալ՝ Փարիզի 1856-ի պայմանագրի և Լոնդոնի 1871-ի կոնվենցիայի դրույթները։ Բեռլինի դաշնագիրը թեպետ իր ուժը պահպանեց մինչև 1912–13-ի Բալկանյան պատերազմները, նրա որոշումների մի մասը փաստորեն որոշ չափով իր ուժը կորցրեց շատ ավելի վաղ։ Այսպես, 1885-ին Բուլղարիան և Արևելյան Ռումելիան միավորվեցին։ 1886-ին Ռուսաստանը վերացրեց Բաթումի «ազատ նավահանգստի» ստատուսը։ 1908-ին Ավստրո–Հունգարիան զավթեց Բոսնիան ու Հերցեգովինան։ Չլուծելով հանգուցային հարցերը (սերբերի ազգային միավորում, մակեդոնական, հունա–կրետական, հայկ․ հարցեր) և էլ ավելի սրելով ռուս–ավստր․ ու սերբո–բուլղ․ մրցակցությունը՝ Բեռլինի դաշնագիրը հող նախապատրաստեց 1914–18-ի համաշխարհային պատերազմի համար։

Հայկական հարցը Բ․ կ–ում։ Սան Ատեֆանոյի նախնական պայմանագրի 16-րդ հոդվածում, որը վերաբերում Էր հայերին, ասված Էր․ «նկատի ունենալով, որ Թուրքիային վերադարձվող Հայաստանում գրաված վայրերից ռուսական զորքերի հեռանալը կարող է տեղիք տալ բախումների և բարդությունների, որոնք բացասաբար կանդրադառնան երկու պետությունների լավ հարաբերությունների վրա, Բ․ Դուռը պարտավորվում է առանց հապաղելու հայաբնակ վայրերում իրագործե տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից» (Сборник договоров России с другими государствами․ 1856–1917 гг․, М․, 1952, с․ 168–69)։

Չնայած «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ» անորոշ ձևակերպմանը, 16-րդ հոդվածը նույն պայմանագրի 25 և 27-րդ հոդվածների հետ միասին [որոնք սահմանում Էին «Ասիական Թուրքիայից» ռուս. զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և «պատերազմի ժամանակ ռուսների հետ հարաբերություն ունեցած թուրքահպատակներին» (իմա՝ հայերին) զերծ էին պահում թուրքերի հետապնդումներից], հիմնականում նպաստավոր էր հայերի համար և թուրքերին պարտավորեցնում էր բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում՝ դրանց հսկողությունը դնելով Ռուսաստանի վրա։ Միաժամանակ 16-րդ հոդվածը ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Փոքր Ասիայում՝ պայմաններ ապահովելով նրա հետագա առաջխաղացման համար դեպի Միջերկրական ծով ու Հնդկաստան, որը իր հերթին վտանգի տակ էր դնում անգլ․ իմպերիալիզմի շահերը աշխարհի այդ շրջանում։ Այդ իսկ պատճառով Անգլիան ամենայն վճռականությամբ հանդես եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի դեմ՝ պահանջելով վերանայել նրա հիմնական դրույթները, այդ թվում՝ 16-րդ հոդվածը։ Արդեն մայիսի 30-ին կնքված անգլո–ռուս․ համաձայնագրի 10-րդ հոդվածը Ռուսաստանին պարտավորեցնում էր Թուրքիային վերադարձնել Ալաշկերտի հովիտն ու Բայազետը, միաժամանակ հավաստելով, որ «Ռուսաստանի սահմանը հետագայում չպետք է ընդարձակվի ասիական Թուրքիայի ուղղությամբ» (այսինքն՝ դեպի Արևմտյան Հայաստան)։ Թուրքիային մատուցած այդ ծառայության համար Անգլիան Կիպրոսի կոնվենցիայով տիրանում էր Կիպրոս կղզուն և պարտավորվում ռազմ. միջոցներով դիմագրավել Ռուսաստանին հայկ․ վիլայեթներում։ Անգլիան միաժամանակ Ռուսաստանին զրկում էր հայկ․ բարենորոգումների վրա հսկելու իրավունքից և ինքն Էր ստանձնում այդ դերը։ Այսպիսով, դեռևս մինչև Բ․ կ․, հայաբնակ վայրերի բարենորոգումների հարցը զոհ գնաց անգլո–ռուս․ մրցակցությանը, և լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ, անգլ․ քաղաքականությունը Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում Էր դժոխքից դուրս գալու ելքը»։

Կ․ Պոլսի հայկ․ ղեկավար շրջանները պատրիարք Ներսես Վարժապետյանի նախաձեռնությամբ Բեռլինի կոնգրես ուղարկեցին ազգային պատվիրակություն, որը ոչ միայն պետք է պաշտպաներ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, այլև ավելի նպաստավոր պայմաններ պահանջեր արևմտահայերի համար։ Պատրիարքարանի կազմած ծրագրում նախատեսվում էր վարչական ինքնավարություն Արևմտյան Հայաստանի համար, մի բան, որ բացակայում էր 16-րդ հոդվածում։ Պատվիրակությունը այցելեց Հռոմ, Փարիզ, Լոնդոն (Մկրտիչ Խրիմյան, Մինաս Չերազ), ինչպես նաև Պետերբուրգ (Խորեն Նարբեյ), հանդիպումներ ունեցավ այդ երկրների պետ․ ու դիվանագիտական գործիչների հետ՝ նպատակ ունենալով բարենպաստ կարծիք ստեղծել հօգուտ հայկ․ դատի։ Սակայն պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել Բ․ կ–ի աշխատանքներին, և մեծ դժվարությամբ նրան հաջողվեց կոնգրեսի մասնակիցներին հանձնել Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին ուղղված հուշագիրը, որոնք անուշադրության մատնվեցին։ Բ․ կ–ի հուլիսի 4-ի և 6-ի նիստերում քննության դրվեց 16-րդ հոդվածը, որի շուրջ բախվեցին երկու հակադիր կարծիքներ։ Ռուս․ պատվիրակությունը պնդում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուս. զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլ․ պատվիրակությունը, ելակետ ունենալով Կիպրոսի հայտնի կոնվենցիան, ջանում էր բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուս. զորքերի առկայությամբ։ Ի վերջո կոնգրեսն ընդունեց 16-րդ հոդվածի անգլ․ խմբագրումը, որը որպես 61-րդ հոդված մտավ Բեռլինի դաշնագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ․ «Բ․ Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար