Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավառների մեջ։ Արտաշաաի 450-ի, Դվինի 505-ի և 555-ի ժողովներում հիշվում են Բգնունյաց եպիսկոպոսները։ Գրկ․ Մովսես Խորենացի․ Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Адонц Н․, Ар мения в эпоху Юстиниана, 2 изд․, Е․, 1971․

ԲԶՆՈՒՆԻՔ, Բզնունական, գավառն Խլաթայ, Մեծ,Հայքի Տուրուբերան նահանգի 11-րդ գավառը։ Տարած վում էր Վանա լճի հս–արմ․ առափնյա շրջանում։ Բ–ին էին պատկանում նաև Վանա լճի Արծկե, Ծիպան և Տոքյան կղզիները։ Հիմնականում ընդգրկում էր այժմյան խլաթի կամ Ախլաթի գավառի տարածքը։ Ունի բարեխառն կլիմա, անցյալում պտղաբեր էր, պարտեզներով, այգիներով, անտառներով հարուստ։ Գավառի հս–արմում է գտնվում անուշահամ ու ձկնառատ Նազուկ կամ Նազիկ լիճը։ Բ–ի Նեմրութ կամ Նեբրովթ (հնում կոչվել է նաև Սարակ) հանգած հրաբխային լեռան (3050 մ) գագաթի խառնարանում ամփոփված է գեղատեսիլ Նեմրութա ծովակը (լիճը)։ Ըստ ավանդազրույցի, Ասորեստանի բռնակալ աստված Բել–Նեբրովթը ուղտերով շինանյութ է կրել, երկնաքեր բերդ կառուցել Սարակ լեռան գագաթին, որպեսզի այնտեղից կռվեր և հաղթեր Հայոց աստծուն։ Բայց վերջինս շանթահարել և գետնասույզ է արել Նեբրովթին՝ նրա կառույցներով հանդերձ, իսկ այդ տեղը ծածկել ջրով՝ անհետացնելով ամբարտավանի հիշատակը։ Այդ տեսիլի սարսափից Բել–Նեբրովթի ուղտերն ու մարդիկ իբր քարացել են լեռան հարավակողմի այն ոչ մեծ դաշտում, ուր այժմ կան ուղտերի քարավանի նմանվող մոտ 50–60 տձե ու խոշոր քարեր։ Այս ավանդության հետ է կապված Սարակ լեռան՝ Նեբրովթ և մերձակա դաշտի՝ Ուղտու կամ Ըղտու քարեր անվանումները։ Հնագույն ժամանակներից մինչե IV դ․ կեսը Բ․ հղել է Բզնումինեոի հայկազուն իշխանական կամ նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Գավառանունն առաջացել է այդ տոհմանունից։ Այս իշխանության անունով Վանա լիճը կոչվել է Բգնունյաց ծով։ Հայոց հարավային զորաթևի հրամանատար Բզնունի Դատաբենի դավաճանության պատճառով 330- ական թթ․ Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով բնաջնջվեց Բզնունիների գերդաստանը և Բ․ միացվեց արքունի կալվածներին։ Հայոց Արշակունի թագավորության անկումից (428) հետո Բ․ մնաց տեղի եպիսկոպոսի տնօրինության ներքո։ VIII դարից Բ–ին տիրել են արաբները։ Ըստ Շապուհ Բագրատունի պատմիչի, Սմբատ Բ․ Բագրատունի թագավորը (իշխել է 890–914) Բ․ ազատագրեց արաբ տիրապետողներից, բարեկարգեց գավառը, վերակառուցեց Իղաթի ամրոցը։ X– XI դդ․ Բ․ մտել է Վասպուրականի թագավորության մեջ։ XI դ․ կեսից սելջուկ–թուրքերն այն տվեցին Մերվանյան քրդերին։ Օգտվելով սելջուկյան տիրապետության անկումից՝ Բ–ի հայերը դուրս քշեցին քրդերին և 1100-ին գավառի իշխանությունը կամովին հանձնեցին ոմն Սոկմանի (նախ կինում մամլուք, Մարանդ քաղաքի սելջուկ կառավարչի ստրուկ)։ Սոկմանը Իղաթում հռչակվեց հայերի (արմենների) թագավոր (շահ) և զգալիորեն ընդարձակեց իշխանության սահմանները։ Շահի–Արմենները սիրաշահելով ու համագործակ ցելով հայերին, ընդունելով նրանց մշակույթն ու բարքերը՝ խաղաղությամբ իշխեցին մինչե 1207-ը։ Լինչն իր ուղեգրու թյուններում ասում է, որ Շահ–ի–Արմենների ժամանակներից պահպանված շինարարական հուշարձանների մնացորդները (բնակարաններ, մատուռներ, դամբարան ներ, մահարձաններ) վկայում են դրանց գերազանցապես հայկական կերտվածքի մասին։ 1207-ից Բ–ին փոխնիփոխ տիրել են Այուբյան քրդերը, մոնղոլ–թաթարները, թուրքերը, որոնց օրոք տեղի հայերի թիվը հետզհետե նվազել է, իսկ արգավանդ հողերը հիմնականում վերածվել են ավազուտների։ Բ–ի հնագույն բնակավայրերից հիշատակվում են Արծկեն, խչաթը, Դատվանը, Մատնավանքը, Շամիրամու բերդը։ Կրկնակի պարիսպ ու բերդ ունեցող Արծկե կղզի–քաղաքը միջին դարերում հուսալի ապաստան է եղել շրջակա հայերի համար։ Երբեմնի այդ բարգավաճ բերդաքաղաքը ջրածածկ եղավ ուշ միջնադարում։ XX դ․ սկզբին դեռես տեսանելի էին պարսպի աշտարակները, եկեղեցիների գմբեթները և բարձրակառույց այլ շինությունների մնացորդները։ Վահան Գողթնեցու վարքում VIII դ․ սկզբին քաղաքին առընթեր հիշատակվում է Երաշխավոր մենաստանը։ Արծկեցիները հետագայում բնակվեցին լճափի բարձր ու գեղադիր մասում՝ հիմնելով Նոր Արծկեն։ Ըստ Արծկե քաղաքի արաբ․ Դաթալ–Ջաուզ անվանման՝ թուրքերը Նոր Արծկեն կոչում են Ալջավազ կամ Ադլջեազ։ Այն համանուն գավառի կենտրոնն է, ուր XIX դ․ սկզբին բնակվում էր շուրջ 2000, իսկ XX դ․ սկզբին՝ 600 հայ։ Բ–ի գլխավոր բերդաքաղաքը՝ Իղաթը, ուներ ամուր բերդ և աշտարակավոր մեծակառույց պարիսպ (եռադարպաս)։ Շահ–ի–Արմենների օրոք այն դեռես բարգաւիսճ էր, որից հետո անկում ապրեց։ Իղաթում հիշվում են Ս․ Խաչ և Գամաղիել եկեղեցի ները։ Վերջինս եպիսկոպոսարանն էր և գտնվում էր քաղաքից դուրս։ Իղաթը վերջնականապես կործանեց Պարսից Թահմուզ խանը՝ Սուլեյման I սուլթանի դեմ մղվող կռիվների ժամանակ (1548)։ Թուրքերն ու քրդերը Խլաթի ավերակներն անվանում են Խարաբաշեհր կամ Թախտ–ի Սուլեյման։ Սուլեյման I սուլթանը հետագայում Վանա լճի ափին հիմնեց Նոր Խլաթ բերդը։ XX դ․ սկզբին այստեղ բնակվում էին մոտ 170 տուն քրդեր և 25–30 տուն հայեր։ Բ–ի Դատվան ավանը (Վանա լճի արմ․ ափին, Տոքյան կղզուց ոչ հեռու) X–XI դդ․ ուներ 10–15 հզ․ հայ բնակիչ, ամուր բերդ (այժմ՝ ավերակ)։ Վաճառաշահ նավահանգիստ էր, Արծրունի թագավորների ամառանոցը։XX դ․ սկզբին Դատվանը վերածվել էր գյուղի՝ մոտ 700 տուն հայ բնակչությամբ, զբաղվում էին առետրով և երկրագործությամբ։ Բ–ի Մատնավանք գյուղը ճանաչված էր առանձնապես իր գեղեցիկ ու բազմահարկ անձավային բնակարաններով։ Գյուղի մոտ գտնվող Դիվակուլ կոչվող խաչաքանդակ ապառաժի ստորոտից բխում են սառնորակ աղբյուրներ։ Կրկնապարիսպ Շամիրամու բերդը (այժմ՝ ավերակ) կառուցված էր Շամիրամ գյուղի (Նեմրութի ստորոտում) հվ․ կողմում գտնվող եռագագաթ բլուրներից կենտրոնականի վրա։ Ըստ էփրիկյանի, XIX դ․ վերջին գավառում կար 33 գյուղ, որից 25-ը հայաբնակ էին։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Բ–ի հայերը բնաջնջվեցին։ Գրկ․ Ինճիճյան Ղ–ի, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Սսիա, հ․ 1 (Նոր Հայաստան), Վնտ․, 1806, էջ․ 164 – 165։ Նույնի, Ստորագրութիւն Հին Հա– յաստանեայց, Վնտ․, 1822, էջ 120 – 123։ Ա լ ի– շ ա ն Ղ–, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855, էջ 46։ Линч X․ Փ․ Б․, Армения․․․, Т․ 2, Тифлись, 1910, гл․ XVI-XIX․ Մ․ Կաավաւյան

ԲԶՆՈՒՆՏԱՑ ԾՈՎ, լիճ Հայկական բարձրավանդակում։ Տես Վանա լիճ ԲԶՈՎԱՆ (մինչե 1945-ը՝ Ախունդ Բ զ ո վ ա ն), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշաաի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոցժ գրադարան, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավարներ։ Բնա կիչները հիմնականում Բիթլիսից գաղթածներ են (1914) և հետագայում՝ շրջանի Այգեստան և Ոստան գյուղերից տեղափոխվածները։

ԲԶՈՎԴԱԼ, գյուղ Հայկական ԱՍՀ Գուգարքի շրջանում, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Կիրովական–Ստեփան ավան խճուղու վրա, Պուշկինի լեռնանցքի սկզբնամասում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արեմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Հիմնադրվել է 1700-ական թթ․։ Բզովդալի ոչխարի հոտը։

ԲԶՎԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում։ XX դ․ սկզբին ուներ 60 տուն հայ և 27 տուն թուրք բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայերն ունեին եկեղեցի (Ս․ Աստ վածածին) և վարժարան։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի՜ մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։