Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տետը։ 1965-ից աշխատում է «Երևաննախագիծ» ինստիտուտում, որպես նախագծի գլխավոր ճարտարապետ։ Արևշատյանի նախագծերով կառուցված շենքերից են՝ Հայկոոպի վարչական շենքը Երևանում (1952-54), Երքաղսովետի գործկոմի շենքը (1952-54, երկուսն էլ՝ Է․ Արևշատյանի հետ), Աղթամար հյուրանոցը Սևանի ափին (1962, Վ․ Սարգսյանի հետ)։ Ս․ Սաֆարյանի հետ նախագծել ու կառուցել է Երևանի Լենինի անվան հրապարակի անսամբլում ՀԽՍՀ կառավարական երկրորդ շենքը (ավարտվել է 1955-ին) և արժանացել ՀԽՍՀ պետական մրցանակի (1970)։ Ա․ Կանայան

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Սեն Սուրենի (ծն․ 7․1․1928, Երևան), հայ խորհրդային փիլիսոփա, հայագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971)։ ԽՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1951)։ 1954-59-ին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորի ավագ գիտաշխատող, 1959-ից՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հին և միջնադարյան հայ փիլիսոփայության պատմությանը։ Գիտական գործունեության մեջ զգալի տեղ են գրավում հայ փիլիսոփայության բնագրերի քննական հրատարակությունը և ռուսերեն թարգմանությունը (Դավիթ Անհաղթ, «Սահմանք իմաստասիրութեան», 1960 և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտելի» 1967, Անանիա Շիրակացի, «Տիեզերագիտութիւն», 1962 և այլն)։

Երկ․ Նոմինալիզմի առաջացումն ու զարգացումը միջնադարյան Հայաստանում, «ԲՄ», 1962, № 6։ Դավիթ Անհաղթի ժառանգությունը նոր լուսաբանությամբ, 1969, № 9։ Պլատոնի երկերի հայերեն թարգմանության ժամանակը, «ԲՄ», 1971, № 10։ Философские взгляды Григора Татеваци, Е․, 1957; Формирование философской науки в древней Армении, Е․, 1973․


ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐ, Արևորդիք, Հարավային Հայաստանում, Միջագետքում և Կիլիկիայում հիմնականում XI -XII դարերում տարածված քրիստոնեական աղանդավորական շարժման հետևորդներ, ազգությամբ հայեր, հավանաբար և ասորիներ։ Առաջին անգամ հիշատակվում են Գրիգոր Մագիստրոսի Թղթերում։ Կրում էին մազդակյանների (տես Մազդակյան շարժում) ազդեցությունը։ Մազդակյանների գաղափարախոս Խարազանի որդի Ջրադաշտը համարվում էր Արևորդիների գաղափարական նախահայրը։ Արևորդիները պաշտում էին արևը (որը, սակայն, նույնացնում էին Քրիստոսի հետ), բարդի ծառը և շուշան ծաղիկը։ 1170-ական թթ․ Սամոսատ քաղաքի Արևորդիները որոշում են հրաժարվել իրենց աղանդից և ընդունել ուղղափառություն, որի առթիվ գրված Ներսես Շնորհալու Թուղթը հանդիսանում է աղանդի ուսումնասիրության աղբյուր։ Արևորդիների շարժումը սովորական հերձված էր, չունեցավ այն ծավալն ու նշանակությունը, ինչ պավլիկյան ու թոնդրակյան աղանդները։ Արաբական աղբյուրներում Արևորդիները կոչվում են «շամսիյյա»։ Արևորդիների առանձին համայնքներ Հյուսիսային Միջագետքում, հատկապես Ամիդի շրջանում, պահպանվել են ընդհուպ մինչև XIX դ․ վերջը։

Գրկ. Бартикян Р․ М․, Еретики ареворди («Сыны солнца») в Армении и Месопотамии и послание армянского католикоса Нерсеса Благодатного, в кн․։ Эллинистический Ближный Восток, Византия и Иран, М․, 1967; Canard М․, Une mention des Arewordik dans un texte historique arabe, «Revuedes Etudes armeniennes», 1966, t․ 3․ Հ․ Բարթիկյան


ԱՐԵՏԻՆՈ (Aretino) Պիետրո (1492-1556), իտալացի գրող, հրապարակախոս։ Վերածնության դարաշրջանի համաեվրոպական հրապարակախոսական մտքի ներկայացուցիչ։ Գրական ասպարեզում հաջողության է հասել նամականի պամֆլետներով, երկխոսություններով և սատիրաներով, որտեղ մերկացրել է բռնապետությունը, հոգևորականների բարոյալքվածությունը, որի համար նրան կոչել են «թագավորների պատուհաս»։ Գրել է նաև դրամատիկական երկեր, բանաստեղծություններ, էպիկական պոեմներ։ Լավագույն գործերից են «Դարբինը» (1533), «Արքունական կյանք» (1534), «Տալանտա» (1542), «Երկերեսանին» (1542), «Փիլիսոփան» (1546) կատակերգությունները և «Հորացիոս» (1546) ողբերգությունը։ Հռչակվել է հինգ «Երկխոսությամբ», որոնցից երեքը հրատարակվել են «Դատողություններ» (1534, 1536, 1539) վերնագրով։ Հայտնի են նաև Արետինոի շուրջ 3300 նամակները, որոնք արտացոլում են Վերածնության դարաշրջանի հասարակական և մշակութային կյանքը։ Նորագույն ժամանակներում նրան անվանել են «լրագրության հայր»։ Գ․ Մաջարյան

(նկ․) Արզական (նկ․) Արզականի մարմարի բաց հանքը (նկ․) Հայրենական մեծպատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը Արզականում


ԱՐԶԱԿԱՆ (նույն Արզաքյանդ), գյուղ Հայկական ԽՍՀ Հրազդանի շրջանում, Հրազդան գետի աջ ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևմուտք։ Պտղատնկարանային տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։ Արզականի տարածքում կան մարմարի, խճաքարի, օքրայի շահագործվող հանքավայրեր, հանքային ջրեր։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր, մանկապարտեզ, բուժկայան։ Արզականը միջին դարերում հիշվում է Արտավազդական ձևով։ Գյուղից 3 կմ հյուսիս–արևմուտք գտնվում է Նեղուցի Ս․ Աստվածածին վանքը՝ եկեղեցով, կից գավթով և առանձին փոքր մատուռով։ Հուշարձանախումբը կառուցված է սրբատաշ բազալտից։ Եկեղեցին (X-XI դդ․) ունի գմբեթավոր սրահի հորինվածք՝ չորս անկյուններում տեղադրված ավանդատներով (այժմ քանդված են գմբեթը և հյուսիսային պատը)։ Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ խորշերով։ Գավիթը, որի պատերին պահպանվել են XIII դ․ արձանագրություններ, հատակագծում ուղղանկյուն է՝ չորս ազատ կանգնած սյուներով։ Ծածկի կենտրոնական հատվածն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով։ Շքեղ ձևավորված երկու մուտքերից գլխավորը հարավային ճակատում է։ Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց։ Արզականի ներկա բնակիչների նախնիների մի մասը եկել է Պարսկաստանի Մակուի գավառից՝ 1827-28-ի ռուս–պարսկական պատերազմի ժամանակ։

(նկ․) Նեղուցի վանքի Ս․ Աստվածածին եկեղեցին և գավիթը հարավ–արևելքից (X-XII դդ․) (նկ․) Նեղուցի վանքի գավթի կենտրոնական մասի ծածկը


ԱՐԶԱՄԱՍ, քաղաք ՌԽՖՍՀ Գորկու մարզում, երկաթուղային հանգույց Օկայի վտակ Տյոշայի ափին, Արզամասի շրջանի վարչական կենտրոնը։ 79 հզ․ բնակիչ (1974)։