Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ և աշխատել առանց փորձնական ուսումնասիրության, զուտ մտահայեցողական ճանապարհով նշել բացարձակ հիմքեր, որոնցով հնարավոր լիներ բացատրել ողջ աշխարհը։ Արդի իմաստով Բ․ սկիզբ է առնում նոր ժամանակներից, երբ բնության անմիջական հայեցումից անցում է կատարվում դեպի նրա անալիտիկ մասնատումը, մտա– հայեցողական կշռադատություններից՝ փորձնական հետազոտությունը։ Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգով դրվում են գիտական աստղագիտության հիմքերը, Գալիլեյով սկսվում և Նյուտոնով ավարտվում է դասական մեխանիկան։ Երկնային մեխանիկայի հիմքի վրա կառուցվում է աշխարհի մեկ–միասնական մեխանիկական պատկեր, որը, հենվելով մեխանիստական դետերմինիզմի գաղափարի և հետազոտության զուտ քանակական մեթոդների վրա, հավակնում էր բացատրել աշխարհի բոլոր երևույթները։ Այս հիմքի վրա էլ ծնունդ է առնում մետաֆիզիկական մատերիալիզմը։

XIX դարից սկսած Բ-յան մեջ են թափանցում որակական հետազոտությունները, ծնվում են մեթոդներ, որոնք հնարավորություն են ընձեռում կապ հաստատելու մինչ այդ միմյանցից մեկուսացված բնագավառների մեջ։ Էներգիայի պահպանման ու փոխակերպման օրենքը հնարավորություն է տալիս միմյանց հետ կապելու շարժման ֆիզիկական և մեխանիկական ձևերը, բջջային տեսությունը՝ բուսական ու կենդանական աշխարհը։ Դրվում են որակական քիմիայի և գիտական կենսաբանության հիմքերը, ծնունդ են առնում Երկրի էվոլյուցիայի, նյութի քիմ․ կառուցվածքայնության մասին տեսությունները։ Հենվելով անվերջ փոքրերի անալիզի վրա՝ Բ․ դիսկրետ վիճակներից անցնում է պրոցեսների ուսումնասիրությանը։ Այս բոլորի հետևանքով Բ․ աշխարհի բացարձակ դետերմինացված մեխանիստական պատկերից անցնում է նոր, սինթետիկ պատկերի ստեղծմանը՝ իր բազմակողմանիությամբ, ամբողջականությամբ ու կոնկրետությամբ։ Այս անցումը ծնում է նաև մեթոդաբանական բնույթի դժվարություններ։ XIX դ․ վերջում և XX դ․ սկզբում ֆիզիկայում կատարված մի շարք հայտնագործություններով (էլեկտրոնի, ռադիոակտիվության ևն), ինչպես նաև ֆիզիկայում ու մաթեմատիկայում մրցակցող տեսությունների առաջացումով արմատական փոփոխություններ կատարվեցին գիտական մտածողության հիմքերում։ Գիտության մաթեմատիկացման հետևանքով հակասություններ ծագեցին ճշմարտության գիտականության և նրա ակնհայտության միջև։ Այս երևույթը, որը հայտնի է ֆիզիկայի ճգնաժամ անունով, ըստ էության, դասական ֆիզիկայի մեթոդաբանական հիմքերի՝ մեխանիստական աշխարհայացքի ճգնաժամն էր, որի հաղթահարման միակ ուղին Վ․ Ի․ Լենինը համարում էր Բ-յան մեջ դիալեկտիկական մտածելակերպի կիրառումը։ Այդ ճգնաժամը հաղթահարվեց նոր հեղափոխությամբ, որն սկսվեց ֆիզիկայում (Ա․ Էյնշտեյն) և ընդգրկեց Բ-յան գրեթե բոլոր ոլորտները։

XX դ․ Բ․ իր զարգացման ներքին տենդենցներով կողմնորոշվում է դեպի դիալեկտիկական մտածելակերպը, որի հիմքը նրա տարբեր բնագավառների ինտեգրացման պրոցեսն է։ Ավելի սերտ կերպով առնչվելով պրակտիկ խնդիրների հետ՝ ժամանակակից Բ․ բնության առանձին մասերի մեկուսի ուսումնասիրություններից անցնում է կոմպլեքսային պրոբլեմների լուծմանը, որը և տանում է սինթետիկ գիտությունների ու հետազոտության սինթետիկ մեթոդների առաջացմանը։ Մասնավորապես այս հիմքի վրա է ծնվում կիբեռնետիկան, լայն կիրառություն են ստանում համակարգա-կառուցվածքային հետազոտությունները։ Ժամանակակից ֆիզիկան ատոմային էներգիայի կիրառման ուղիների և միկրոաշխարհի օրինաչափությունների բացահայտման հետ մեկտեղ խթանում է նաև աստղագիտության, կիբեռնետիկայի, բիոնիկայի, քիմիայի, կենսաբանության զարգացումը։ Հենվելով ֆիզիկայի, մաթեմատիկայի, կիբեռնետիկայի նվաճումների վրա՝ կենսաբանությունն զգալի առաջընթաց է արել արհեստական բիոսինթեզի փորձարարական և տեսական խնդիրների լուծման, ժառանգականության մեխանիզմի բացահայտման, քիմ․ կապերի բնույթի իմացության բնագավառում։ Ներկայիս Բ-յան մեջ առաջատար դեր է խաղում ոչ միայն ֆիզիկան, ինչպես այդ տեղի ուներ XX դ․ սկզբում, այլև կիբեռնետիկան, մոլեկուլյար կենսաբանությունը, մակրոքիմիան ևն։ ժամանակակից աստղագիտությունը սոսկ ֆիզիկայի կիրառման ոլորտ չէ, այլ նոր գաղափարների ու աշխարհի մասին նոր պատկերացումների աղբյուր։ Աստղագիտությունը, ուսումնասիրելով մատերիայի մինչև օրս մեզ անհայտ գերխիտ վիճակները, հիրավի, կհանգեցնի ֆիզիկայի հիմնարար դրույթների վերանայման ու փոփոխման։

Բ-յան այս նվաճումները ծնում են աշխարհի նոր գիտական պատկեր։ Եթե դասական պատկերի հիմքը մեխանիկական էր (դինամիզմ և էներգետիզմ), ապա ժամանակակից պատկերը հենվում է տարածության, ժամանակի ու մատերիայի անխախտ միասնության, բնության օրենքների վիճակագրական և մատերիայի երկակի բնույթի (նյութ, դաշտ), միկրո- և մակրո- աշխարհների օրենքների միասնության ըմբռնման վրա։ Աշխարհի այս պատկերը արդեն զուրկ է անմիջական ակնհայտությունից․ այն կազմված է դիտումներին անմատչելի հավասարումներից ու կառուցվածքներից, ուստի և չի կարող սովորական իմաստով պատկեր կոչվել։ Չափազանց վերացական ձևով է ներկայանում հենց ինքը՝ մատերիական իրականության գաղափարը։ Սակայն զգայական աշխարհից Բ-յան հեռացումը սոսկ ձևական է, որը նպաստում է բնության ավելի ամբողջական և ավելի խորը ըմբռնմանը։

Հայաստանում բնագիտական մտքի սաղմերը ձևավորվել են հնագույն ժամանակներում։ Դեռևս Ուրարտուում զարգացման բարձր աստիճանի են հասել մետաղամշակությունն ու երկրագործությունը։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակում հայտնի է եղել լուսնային օրացույցը, որը հետագայում (մ․ թ․ ա․ V դ․) Փոխարինվել է արեգակնայինով։ Մ․ թ․ III դարից սկսած Հայաստան է ներթափանցում արևմտյան գիտական միտքը, հայ մտածողները յուրացնում և մեկնաբանում են հուն, բնափիլիսոփայությունը։

Բ-յան զարգացումը մեծ թափ է ստանում հատկապես V դ․, կապված հայ գրերի ստեղծման հետ։ Երբ Արևմուտքում անտիկ քաղաքակրթությունն արդեն անկում էր ապրում, հայ նշանավոր մտածող Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում վերականգնում է հուն, բնափիլիսոփայության ավանդույթները հայ իրականության մեջ։ ժամանակի խոշորագույն բնագետ Անանիա Շիրակացին գիտական բացատրություն է տալիս Արեգակի և Լուսնի խավարումներին, մակընթացության ու տեղատվության երևույթին, պաշտպանում է Երկրի գնդաձևության մասին տեսակետը։ Նրան է պատկանում նաև թվաբանության հայերեն առաջին դասագիրքը։ Նրան վերագրվող «Աշխարհացոյց»-ում արժեքավոր տեղեկություններ է հաղորդվում Մերձավոր և Միջին Արևելքի, Միջերկրական ծովի ավազանի և հատկապես Կովկասի երկրների մասին։

Հայաստանում Բ-յան զարգացման հաջորդ փուլը կապված է արաբական լծի թոթափման և Բագրատունիների թագավորության հաստատման հետ (IX դ․)։ Այդ շրջանում գիտական լայն գործունեություն է ծավալում Գրիգոր Մագիստրոսը։ Նա առաջին անգամ հունարենից հայերենի է թարգմանում Էվկլիդեսի «Հիմունքներ»-ը։ Անիի բարձրագույն դպրոցի հիմ– նադիր Հովհաննես Սարկավագը ստեղծում է մաթեմատիկային ու աստղա– գիտությանը նվիրված մի շարք աշխատություններ։ Նա Ռոջեր Բեկոնից ավելի քան մեկ և կես դար առաջ նշում է փորձնական հետազոտության անհրաժեշտությունը, գտնելով, որ անկասկած ու հիմնավոր է միայն փորձը։ Միջնադարյան Հայաստանում զգալի մակարդակի է հասնում նաև բժշկագիտական ու կենսաբանական միտքը։ Մխիթար Հերացին հանդես է գալիս տենդային հիվանդությունների («Ջերմանց մխիթարութիւն»), զգայական օրգանների անատոմիայի և պաթոլոգիայի մասին աշխատություններով։ Ամիրդովչաթ Աւէասիացին հանրագումարի է բերում թերապիայի և դեղաբանության վերաբերյալ ժամանակի գիտելիքները («Անգիտաց անպէտ»)։ Հանդես են գալիս անասնաբուժությանն ու գյուղատնտեսությանը նվիրված աշխատություններ։ Մետաղագործության, կերամիկական առարկաների, դեղանյութերի ու ներկանյութերի պատրաստման հետ կապված, ձևավորվում է աչքիւէիան։ Սակայն օտարերկրյա նվաճողների տիրապետության և եկեղեցու հալածանքների հետևանքով XV դարից սկսած P-յան զարգացումը Հայաստանում արգելակվում է։ Այն որոշ չափով աշխուժանում է XVIIIդ՝ կապված հայ գաղութների և տպագրության ստեղծման հետ։ Այս շրջանում հիմնականում թարգմանվում և հայերեն հրատարակվում են եվրոպական խոշոր բնագետների գործեր, գրվում մի շարք բացառապես բնաքաղածո բնույթի բնագիտական