Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/665

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փայության մեջ Գ. աշխարհի օրինաչափ, անհրաժեշտ կարգի ընդհանուր, վերացական արտահայտությունն է։ Փիլ. տարբեր ուսմունքներում Գ. ստացել է տարբեր մեկնաբանություններ։ Ըստ Պլատոնի, աշխարհի էությունը և գոյության հիմքը կազմում են Գ-ները, միայն նրանք են օժտված ճշմարիտ կեցությամբ, իսկ իրական, առարկայական աշխարհը լոկ նրանց արտացոլումն է, «ստվերը»: Նոր ժամանակների փիլիսոփայության մեջ (Լոկկ, Դեկարտ, Լայբնից) Գ. ասելով հասկանում են սուբյեկտին պատկանող կերպար, «էություն», որին առարկան այս կամ այն չափով է համապատասխանում։ Չկարողանալով բացատրել Գ-ների ընդհանուր, վերացական բնույթը՝ ռացիոնալիզմը (Լայբնից, Դեկարտ, Սպինոզա) դրանք համարում էր բնածին, իսկ էմպիրիզմը (Լոկկ, Բերկլի, Հյում), դրանք ամբողջովին բխեցնելով փորձից և հանգեցնելով փորձին, Գ-ների և զգայական կերպարների տարբերությունը տեսնում էր միայն նրանում, որ վերջիններս ավելի «հստակ», «պարզ» են (Հյում): Ըստ Կանտի, բանականությունը, գործառնելով Գ-ներով, կարգավորում է դատողականության տված նյութը, առանց Գ-ների անհնար է աշխարհը ընկալել որպես միասնական։ Ըստ Հեգելի, Գ. և՝ իրական աշխարհի հիմքն է, էությունը, և՝ այդ աշխարհի բնական յուրացումը։ Սուբյեկտիվ իդեալիզմը ձգտում է գիտելիքը հանգեցնել փորձնականին, զգայականին՝ եզակիին, կոնկրետին, երևութականին և չկարողանալով իրականացնել այդ՝ վերացական Գ-ները համարում է «ֆիկցիաներ»: Դիալեկտիկական մատերիալիզմը, իրականությունը համարելով և՝ եզակի, և՝ ընդհանուր, և՝ կոնկրետ, և՝ վերացական, և՝ էություն, և՝ երևութացող, գտնում է, որ Գ-ները իրականության արտացոլումն են, «Օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերը» (Լենին): Արտացոլման մարքս-լենինյան տեսության համաձայն «բոլոր իդեաները բխեցված են փորձից, նրանք իրականության ճիշտ կամ թե աղճատված արտացոլումներն են» (Էնգելս Ֆ., Անտի-Դյուրինգ, 1967, էջ 452): Սակայն Գ. ոչ թե փորձի արդյունքների պարզ արձանագրումն է, այլ հատկությունների և հարաբերությունների, անհրաժեշտի և հնարավորի, նրանց զարգացման տենդենցների արտացոլումը։ Իրականության երևույթները խոր ու ճշմարտացիորեն արտացոլող, հասարակության առաջադեմ դասակարգերի շահերն արտահայտող Գ-ները խթանում, արագացնում են սոցիալական պրոցեսները, կազմակերպում, մոբիլիզացնում են այդ դասակարգերին հանուն հնի, իր դարն ապրածի տապալման և նորի, առաջավորի հաստատման։ 4. Գեղարվեստական ստեղծագործության մեջ՝ պատկերվող երևույթների նկատմամբ հեղինակի գնահատականն ու եզրակացությունը։ Գ. երկի մեջ առաջադրվող հարցերին հեղինակի տված պատասխանն է, որը մարմնավորվում և բխում է կերպարների ու դեպքերի ներքին տրամաբանությունից։ Թեմայի հետ միասին Գ. կազմում է գեղարվեստական ստեղծագործության բովանդակությունը։ Սովորաբար տարբերում են երկի գլխավոր Գ. (պաթոս) և հարակից Գ-ներ, որոնք հարստացնում, խորացնում են ստեղծագործության բովանդակությունը։ Որքան բարձր ու նշանակալից է գեղարվեստորեն արտահայտված Գ., այնքան ավելի մեծ է երկի հասարակական ու գեղագիտական արժեքը։

Լ. Խաչատրյան

ԳԱՂԱՓԱՐ գրական, հասարակական, քաղաքական, տնտեսական երկօրյա թերթ։ Հրատարակվել է 1916-17-ին, Թիֆլիսում։ Ունեցել է հնչակյան ուղղություն։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Ա. Մահտեսի-Հակոբյան, Ս. Հովվյան։ Տպագրել է հրապարակախոսական հոդվածներ ժամանակի հրատապ խնդիրների շուրջ, լուսաբանել Կովկասի, Ռուսաստանի և այլ վայրերի հայության առօրյան։ Նկարագրել է առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, Արևմտյան Հայաստանի վիճակը, անդրադարձել նրա ազատագրման ուղիներին։ Դատապարտել է պատերազմը և այն հրահրող պետությունների նվաճողական քաղաքականությունը։ Տպագրել է գրականությանը, թատրոնին և երաժշտությանը նվիրված հոդվածներ ու լուրեր։

Ա. Ղազարյան

ԳԱՂԱՓԱՐ քաղաքական, հասարակական, գրական տասնօրյա թերթ։ Լույս է տեսել 1925-27-ին, Թեհրանում։ Խմբագիր՝ Ա. Ղազարյան։ Ձգտել է սփյուռքը կապել մայր հայրենիքին, ջատագովել հայահավաքման գաղափարը՝ աջակցելով Սովետական Հայաստանի կառավարության միջոցառումներին։ Պարբերականը լայն տեղ է հատկացրել Սովետական Միության և Սովետական Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքին։ Տպագրել է գիտ., գրական և գեղարվեստական նյութեր, թարգմանություններ։ «Գ.»-ին կից (1926-27-ին) լույս է տեսել «Նոր գաղափար» եռամսյա հավելվածը։

ԳԱՂԱՓԱՐ եռամսյա հանդես։ Լույս է տեսել 1894-ին, Աթենքում և Լոնդոնում։ Հնչակյան կուսակցության օրգան։ Խմբագիրներ՝ Ա. և Մ. Նազարբեկյաններ։ Արծարծել է սոցիալական հարցեր, պրոպագանդել սոցիալիզմի վերաբերյալ գրականությունը, շարադրել սոցիալիզմի գաղափարախոսության էությունը։ Հայ իրականության մեջ առաջինն է տպագրել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», Պ. Լաֆարգի «Կոմունիզմը և տնտեսական էվոլյուցիան» աշխատությունը, արտասահմանյան և ռուս, մամուլից արտատպել տեղեկություններ սոցիալ-հեղափոխական շարժումների մասին։ Տպագրել է նաև գրական, գեղարվեստական գործեր, ընդարձակ ուսումնասիրություններ Ռ. Պատկանյանի կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ, Մ. Նալբանդյանի նամակները՝ գրված Պետրոպավլովյան բերդում։

Ս. Կոծինյան

ԳԱՂԱՓԱՐԱԳԻՐ գիր, որը նշանագրում է ամբողջական բառ կամ բառի մեծ մասը։ Գաղափարագրությունը գրության առավել հնագույն ձևերից է։ Մեծ մասամբ այդպիսի բնույթ ունեին հին եգիպտական, շումերական, ինչպես նաև այլ հին գրություններ։ Առավել զարգացման է հասել Չինաստանում։ Հայաստանում Գ-եր օգտագործվել են հնագույն ժամանակներից։ Դրանք պահպանվել են ժայռապատկերներում, կենցաղային որոշ իրերի վրա։ Գ-եր պահպանվել են նաև տոմարական, տիեզերական, ալքիմիական, քիմիական, արհեստագործական և այլ բնույթի ձեռագրերում։

Ա. Մաթևոսյան

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ հայացքների ու գաղափարների որոշակի համակարգ, որն արտացոլում է մարդկանց վերաբերմունքը արտաքին աշխարհի ու միմյանց նկատմամբ և ծառայում է գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների ամրապնդմանը կամ նրանց փոփոխմանն ու զարգացմանը։ Գ. վերնաշենքային երևույթ է և, որպես այդպիսին, արտացոլում է հասարակական կեցությունը։ Իրականության գաղափարախոսական արտացոլման հիմքը որոշակի հասարակական շահերն են։ Դասակարգային հասարակության մեջ տիրապետող է լինում իշխող դասակարգի Գ.։ Գ. հանդես է գալիս քաղ., իրավական, բարոյագիտական, կրոնական, գեղագիտական, փիլ. հայացքների ձևով։ Որքանով որ բնական գիտությունները զարգանում են որոշակի սոցիալական պայմաններում, ապա նրանք ևս կապված են Գ-յան հետ, գաղափարական պայքարի բնագավառ են։ Գ-յան դերը վճռական է հատկապես հասարակական գիտություններում, ինչպես նաև արվեստում, գրականության մեջ, քանի որ հասարակական կյանքի խնդիրների ըմբռնումը միշտ հենվում է որոշակի գաղափարական ելակետի վրա։ Որպես հասարակական գիտակցության մաս, Գ. օժտված է հարաբերական ինքնուրույնությամբ։ Նրա բովանդակությանը չի կարելի տալ անմիջական տնտ. բացատրություն, չի կարելի անմիջականորեն բխեցնել տնտեսությունից կամ հանգեցնել նրան։ Լինելով վերնաշենքային երևույթ, Գ. վերջին հաշվով արտացոլում է հասարակական կեցությունը՝ իր հերթին ազդելով այդ իսկ կեցության վրա, նպաստելով նրա փոփոխմանը, զարգացմանը։ Գ. օժտված է զարգացման ներքին օրինաչափություններով՝ գաղափարների հաջորդականության և ժառանգման սկզբունքներով։ Ըստ էության լինելով տվյալ պատմական պայմանների արտահայտություն, յուրաքանչյուր Գ. իր հերթին ներառնում է նախորդ Գ-ների առաջադիմական նվաճումները, դրանք օգտագործում նոր պայմաններին համապատասխան։ Գ. տերմինը պատմական տարբեր ժամանակաշրջաններում տարբեր իմաստավորում է ունեցել։ Այն առաջին անգամ օգտագործել է ֆրանս. փիլիսոփա և տնտեսագետ Դեստյուտ դը Թրասին «Գաղափարախոսության տարրերը» աշխատության մեջ (1801): Նա պնդել է, թե իբրև «գաղափարախոսությունը»՝ գաղափարների մասին ուսմունքը, ուսումնասիրելով գաղափարների ծագման սկզբունքները և օրինաչափությունները, դրանով իսկ հնարավորություն կտա դնելու մարդկանց քաղ., բարոյական դաստիարակության ամուր հիմքերը։ Նույն իմաստով են գրել Գ-յան մասին նաև ժ. Կաբանիսը, Վոլնեյը, ֆրանս. մատերիալիզմի ու սենսուալիզմի ուշ շրջանի այլ ներկայացուցիչներ։ Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը գիտականորեն