Գեղանուշ (մինչև 1949-ը՝ Գյուտկում), գյուղ Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մանկապարտեզ, ակումբ, բուժկայան, գրադարան։ Գեղանուշը հնում կոչվել է Գիլաբերդ։ Շրջապատում պահպանվել են գյուղատեղիներ, եկեղեցիների ավերակներ։ Գեղանուշում են ծնվել Խորհրդային Միության հերոս Մ․ Հարությունյանը, ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստր Լ. Կոստանդովը։
Գեղաշեն (մինչև 1935-ը՝ Ճաթղռան, 1935-67-ին՝ Հրազդան), գյուղ Հայկական ԽՍՀ Աբովյանի շրջանում, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին,շրջկենտրոնից 12 կմ հարավ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (որպես տարրական դպրոց հիմնադրվել է 1912-ին), հիվանդանոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք։ Գեղաշենում և շրջակայքում պահպանվել են մատուռներ, գերեզմանատներ, բնակատեղի, եկեղեցու ավերակներ։ Բնակիչները ներգաղթել են Ալաշկերտի, Սպահանի և Խոյի գավառներից, 1829-35-ը և 1870-ին։
Գեղաշեն (Աբովյանի շրջանում)
Գեղաշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախ գավառակում (Սասուն)։ Անունն ստացել է իր գեղեցիկ համայնապատկերի համար։ 1909-ին ուներ 392 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ, մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
Գեղասար (ն․ Փոքր Սպիտակասար, Փոքր Աղդաղ), լեռնազանգված Գեղամա լեռնաշղթայի հարավում, բարձրությունը՝ 3346 մ: Միդպլիոցենյան հրաբխային էքստրուզիվ գմբեթ է՝ կազմված լիպարիտներից, դացիտներից, օբսիդիաններից։ Խառնարան չունի, լանջերը զառիթափ են (25–50°), մասնատված՝ ճառագայթաձև հովտային ցանցով։ Բուսածածկույթը ալպիակաև է։ Գեղաշենից եև սկսվում Ազատ գետի Ուղտակունք և Դարբան վտակները։
Խ Նազարյան
Գեղավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Նշան) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
Գեղավեր (Cirsium), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա, հազվադեպ երկամյա բույսերի ցեղ։ Հյուսիսային․ կիսագնդում հայտնի է ավելի քան 200 տեսակ, ԽՍՀՄ–ում՝ 111։ Որոշ տեսակները մոլախոտեր են, կան նաև մեղրատու և զարդարիկ տեսակներ։
Դաշտային գեղավեր․ 1․ ներքևի տերևը, 2․ ծաղիկը, 3․պտուղը, 4․ ցողունի վերնամասը ծաղկաբույլով, 5․ արմատային համակարգը
ՀԽՍՀ–ում աճում է ամբողջ տարածքում, հատկապես մեծ վնաս է պատճառում լեռնատափաստանային և բարձրադիր գոտիներում՝ հացաբույսերին, բազմամյա խոտաբույսերին, բանջարանոցներին, ցելերին, այգիներին։ Ամենատարածված տեսակը դաշտային գեղավեր է (C․ arvense), բազմամյա, ծլարմատավոր, դժվար ոչնչացվող մոլախոտ։ Ցողունի բարձրությունը՝ 50–130 սմ, տերևները՝ երկարավուն, նշտարաձև, եզրերը՝ բլթակաձև կտրտված, ծաղիկները՝ կարմրամանուշակագույն, ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Բազմանում է վեգետատիվ ճանապարհով և սերմերով։ Պայքարի միջոցները, ագրոտեխնիկական (ճիշտ ցանքաշրջանառություն, խոր ցրտահերկ են), քիմիական (հերբիցիդների կիրառում), մեխանիկական։
Ն․ Կարապետյան
Գեղարդ, միջնադարյան ճարտարապետության հուշարձան, վանք։ Գտնվում է ՀԽՍՀ Աբովյանի շրջանում, Երևանից 40 կմ դեպի հարավ–արևելք, Երևան–Գառնի–Գողթ ճանապարհի շարունակության վրա։ Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված ս․ գեղարդի պատվին՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IV դ․ սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն և այլն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։ Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռափոր մատուռն է, որի պատերի վրա փորագրված են XII - XIII դդ․ նվիրաբերական արձանագրություններ։ XIII դ․ ստեղծվել է ճարտարապետական հիմնական հուշարձանախումբը, որի մեջ մտնում են՝ գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն–դամբարանը և տարբեր չափերի խուցեր։ Այդ ամենը հյուսիսային կողմից երիզված է ուղղաձիգ բարձր ժայռերով, իսկ մնացած կողմերից պարուրված է քարակերտ պարսպապատերով։ Ավելի ուշ (XVII դ․) պարսպին կից կառուցվել են բնակելի և տնտեսական տարբեր շենքեր։ Գլխավոր եկեղեցին, ըստ արմ․ ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցվել է 1215-ին, Զաքարյանների օրոք։ Հատակագիծը ձգված ուղղանկյունի է, ներգծված խաչով, որի կենտրոնում ստեղծված քառակուսուց սկզբնավորվում է սլացիկ թմբուկի վրա խարսխված գմբեթը։ Խաչի արևելյանլ․ թևը պսակված է կիսաշրջանաձև ավագ խորանով, իսկ մյուս թևերը ընդարձակվելով ստացել են ուղղանկյան տեսք՝ ծածկված գլանաձև թաղերով։ Գմբեթակիր քառակուսուց թմբուկի կորին
Գեղարդավանքի հատակագիծը․ 1. Ս․ Աստվածածին եկեղեցին, 2․ գավիթը, 3․ արևմտյան վիմափոր եկեղեցին, 4․ արևելյան վիմափոր եկեղեցին, 5․ Պռոշյան իշխանների տոհմական դամբարանը, 6․ Պապաքի և Ռուզուքանի դամբարանը, 7․ կիսավիմափոր մատուռ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/712
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է