Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/715

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաստանում, Հին Հռոմում, Հին Արևելքի երկրներում, այդ թվում և Հայաստանում։ Միջին դարերում Եվրոպայում և Ասիայում արտադրվել են բազմազան գեղարվեստական իրեր։ Հայտնի են չինական և ճապոնական լաքերը, ճենապակին, հնդկական գործվածքներն ու մետաղյա իրերը, իրանական, հայկական, թուրքմենական գորգերը, արևմտաեվրոպական խեցեղենը։ XVI - XVII դդ․ արտադրության մանուֆակտուրային եղանակը նպաստել է թողարկվող գեղարվեստական առարկաների քանակի և տեսականիի ավելացմանը։ Գեղարվեստական արդյունաբերության մի շարք ճյուղեր կարևոր տեղ են գրավել տարբեր երկրների տնտեսության մեջ (օրինակ՝ գեղարվեստական ապակու արտադրությունը Վենետիկում, շպալերինը և գոբելենինը՝ Ֆրանսիայում և Ֆլանդրիայում)։ Վերածննդի, բարոկկոյի, կլասիցիզմի բազմաթիվ արվեստագետներ (Ա․ Վեռոկքիոն, Բ․ Չելլինին Իտալիայում, Շ․ Լեբրենը, ժ․ Օ․ Մեյսոնիեն, Ֆ․ Բուշեն Ֆրանսիայում, Վ․Վ․ Ռաստրելլին, Ա․ Ն․ Վորոնիխինը Ռուսաստանում) ստեղծագործել են գեղարվեստական արդյունաբերության տարբեր բնագավառներում։ Ժողովրդական հիանալի վարպետներ են աշխատել Հայաստանում (գորգագործություն, դրվագում, ասեղնագործություն, ոսկերչություն և այլն)։ XVIII դ․ կազմակերպվել են ճենապակու խոշոր մանուֆակտուրաները Եվրոպայում՝ Մեյսեն (այժմ՝ ԳԴՀ–ում), Վիեննա, Պետերբուրգ, Սևր (Ֆրանսիա)։ XIX դ․ գեղարվեստական արդյունաբերության մի շարք ճյուղեր անցել են մասսայական մեքենական արտադրության։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ստեղծվել են գեղարվեստական արդյունաբերության մեջ աշխատող արվեստագետների միավորումներ («Արվեստագետների գաղութը» Դարմշտադտում, «Միավորված արվեստանոցները» Մյունխենում, «Սեցեսսիոնը» Վիեննայում․ 1907-ին Գերմանիայում հիմնվել է գեղարվեստա–արդյունաբերական «Վերկբունդ» միությունը)։ XX դ․ գեղարվեստական արդյունաբերության ինդուստրացումը Եվրոպայում և ԱՄՆ–ում մեծ չափերի է հասել։ Արտադրվում են ապակյա (ԽՍՀՄ, Գերմանիա, Չինաստան) բազմազան առարկաներ, խեցեղեն, գորգեր (ԽՍՀՄ, Չինաստան, Լեհաստան, Ֆրանսիա), կահույք, լուսավորող սարքեր են։ Տեխնիկական առաջադիմությունը, նոր նյութերի կիրառումը (պլաստմասսա), մշակման նորագույն ձեերը գեղարվեստական արդյունաբերության բնագավառում աշխատող արվեստագետներին ընձեռում են լայն հնարավորություններ։ Մի շարք երկրներում (ԽՍՀՄ, Եվրոպայի և Ասիայի մեծ թվով երկրներ) զարգանում է նաև ժողովրդական արվեստը (Պալեխի, Մստյորայի, Ֆեդոսկինոյի լաքապատ մանրանկարները, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենիայի, Դաղստանի գորգերը, ոսկերչությունը, Չեխոսլովակիայի, Լեհաստանի խեցեգործությունը, խաղալիքները, Չինաստանի, Հնդկաստանի, Կորեայի, Վիետնամի, Ճապոնիայի քանդակազարդ իրերը)։ գեղարվեստական արդյունաբերության մեջ վճռորոշ դեր են խաղում մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտած արվեստագետները (ԽՍՀՄ–ում՝ Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–արդյունաբերական ուսումնարանը, Լենինգրադի Վ․ Ի․ Մուխինայի անվան դեկորատիվ–կիրառական արվեստի ուսումնարանը, մերձբալթյան հանրապետությունների մասնագիտական հաստատությունները,Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտի արդյունաբերական գեղագիտության բաժինը)։ Տես նաև Դիզայն։
Թեյի սպասք, ճենապակի (XIX դ․, Սեր, Ֆրանսիա, Հայաստանի պետական պատկերասրահ)
Նաղաշյան. «Ցուցասեղան», փայտ (1935, Ա․ Մյասնիկյանի անվան հանրային գրադարան, Երևան)
Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի ճեմասրահը, հատված (1974)
Վ․ Հացագործյան․ «Կարաս», արծաթ (1955, ժողովրդական ստեղծագործության հանրապետական տուն, Երևան)
Գեղարվեստական ժամացույցների գործարան Երևանի, Հայկական ԽՍՀ սարքաշինական արդյունաբերության ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1961-ին, Երևանի ժամացույցի գործարանի ձեռքի ժամացույցների արտադրամասի բազայի վրա։ Գործարանը բաղկացած է հավաքման, մամլման և թվատախտակի արտադրամասերից։ Թողարկում է տղամարդու և կանացի ձեռքի ոսկյա ժամացույցներ ու երաժշտական զարթուցիչներ։ Արտադրանքն առաքվում է ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները։ 1975-ի 6,6 մլն ռ․ դիմաց, 1980-ին համախառն արտադրանքը կհասցվի 12,6 մլն ռ․։
Գեղարվեստականություն, գրականության և արվեստի երկերի կատարելության աստիճան, դրանց որակը մատնանշող հասկացություն։ Գեղարվեստական երկերը տարբերվում են իրենց հասարակական և գեղագիտական արժեքով ու նշանակությամբ։ Այստեղից էլ ծագում է գեղարվեստականության չափանիշների խնդիրը։ Ամենից առաջ, Գեղարվեստականությունը պայմանավորված է իրականության էական կողմերի ճշմարտացի պատկերմամբ։ Գեղարվեստականության համար վճռական նշանակություն ունի նաև այն, թե արվեստագետի աշխարհայացքը որքանով պատմականորեն առաջադիմական է, որքանով խորն է նա թափանցել պատկերվող երևույթների իմաստի մեջ։ Սակայն նշված գծերը Գեղարվեստականության հիմք են դառնում միայն այն դեպքում, երբ կառուցվածքի, կերպարների և արտահայտչական միջոցների օգնությամբ երկի բովանդակությունը կատարյալ մարմնավորում է ստանում։ Գեղարվեստականության անհրաժեշտ պայմաններից մեկն էլ ստեղծագործության բովանդակության և ձևի միասնությունն է (տես Ձև և բովանդակություն
Է. Ջրբաշյան
Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերություն, կազմակերպվել է 1873-ի դեկտեմբերին, Թիֆլիսում։ Սկզբում կոչվել է «Կովկասյան գեղարվեստական ընկերություն», որին առընթեր հիմնվել է նկարչության դպրոց՝ նկարչության և քանդակագործության բաժիններով։ 1875 - 76-ին նրան է միացվել տեղի «Կովկասյան երաժշտական ընկերությունը» (հիմն․ 1871)։ Նոր կանոնադրություն հաստատելուց հետո (1877, մարտի 31) այն կոչվել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերություն։ Անդրկովկասի քաղաքներում ընկերությունը կազմակերպել է համերգներ, կերպարվեստի ցուցահանդեսներ։ 1870 - 80-ական թթ․ ընկերության դպրոցում սովորել են Հ․ Շամշինյանը, Դ․ Բաշինջաղյանը, Դ․ Օքրոյանը, Հ․ Հակոբյանը, հետագայում՝ Ս․ Առաքելյանը, Գ․ Գրիգորյանը (Ջիոտտո), Ն․ Կարալյանը, քանդակագործ Ե․ Քոչարը, ճարտարապետ Կ․ Հալաբյանը և ուրիշներ։ Դասավանդել են նկարիչներ Պ․ Կոլչինը, Օ․ Շմեռլինգը, քանդակագործներ Խոդորովիչը, Յա․ Նիկոլաձեն, ինչպես նաև Հ․ Շամշինյանը, Ե․ Թադևոսյանը և ուրիշներ։ Ընկերությունը և նրան առընթեր նկարչական դպրոցը գործել են մինչև 1921-ը։
Մ․ Սարգսյան
Գեղարքունի, տես Իշխան։ Գեղարքունիք, Գեղաքունի,Գեղարքունի, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։ Ընդգրկել է ՀԽՍՀ