Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոն կանչված տասը նախարարների մեջ էր Ներշապուհ Արծրունին։ Երբ ապստամբները երեք հոգուց բաղկացած պատգամավորություն ուղարկեցին Բյուզանդիա օգնություն հայցելու, դեսպաններից մեկը Արծրունի Մեհրուժան իշխանն էր։ Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր։ Ըստ Եղիշեի, Ավարայրի ճակատամարտում զոհվածների և հետագայում նահատակվածների թվում կային նաև Ա․։ Նրանք մասնակցում էին նաև 480-ական թթ․ ազատագրական պատերազմին։ Նրանց մի մասը, տոհմի իշխաններ Մեհրշապուհի և Հաշկուրի գլխավորությամբ, զորավիգ էր ապստամբներին։ Ա–ի ազդեցությունն ավելի է ուժեղացել արաբ, տիրապետության շրջանում, երբ նրանք գլխավորել են Վասպուրականի պայքարը արաբ, խալիֆայության դեմ։ Վասպուրականի նախարարական տոհմերը (Ռշտունի, Անձևացի, Ամատունի, Ակեացի, Տրպատունի), կորցնելով իրենց ինքնուրույնությունը, դարձել են նրանց վասալները։ Հիշյալ տոհմերի իշխանները հաճախ կրել են Արծրունի տոհմանունը։ Նույնիսկ VII դ․ նշանավոր քաղաքական գործիչ Թեոդորոս Ռշտունին մի Ոսկեփորիկում հիշվում է որպես «Արծրունյաց իշխան»։ Թեե VIII դ․ սկզբին Ա․ ծանր հարված ստացան արաբներից, բայց դարի կեսից նրանց հաջողվեց Բագրատունիներին դուրս մղել Վասպուրականից և այնտեղ հաստատել իրենց տիրապետությունը։ Արդեն 760-ական թթ․ Ա․ հիշվում են որպես «Վասպուրականն արաբներից պաշտպանողներ»։ Ա․ մասնակցել են 774-775-ին Աբբասյանների խալիֆայության դեմ Հայաստանում ծավալված ժողովրդական ապստամբությանը։ Ապստամբությունից հետո, օգտվելով բարեդեպ պայմաններից, Ա․ տիրեցին Ռշտունյաց նախարարության տիրույթները՝ Վան կենտրոնով, ապա նաև Ամատունյաց և ուրիշ տոհմերի կալվածները։ Ա․ Բագրատունիների հետ գլխավորել են խալիֆայության դեմ ուղղված 851-ի ժողովրդական ապստամբությունը։ Այդ ժամանակաշրջանում Ա–ի տոհմը ստորաբաժանված էր ավելի քան16 ճյուղի։ Հայաստանում գերիշխանության հասնելու համար IX դ․ 2-րդ կեսին ուժեղ մրցակցություն սկսվեց Ա–ի և Բագրատունիների միջև։ Խալիֆայությունը ջանում էր սրել այն։ Բագրատունյաց թագավորության սկզբնաշրջանում Ա–ի և Բագրատունիների միջև տեղի ունեցավ քաղաքական մերձեցում, բայց Գագիկ Արծրունու գահերեցության ժամանակ Ա․ դրսևորեցին անջատողական սուր հակումներ և 908-ին ստեղծեցին Վասպուրականի թագավորությունը։ Վասպուրականում հաջորդաբար թագավորել են՝ Գագիկ–Խաչիկը (908-943), Աշոտ–Դերենիկը (943-958), Աբուսահլ–Համազասպը (958-968)։ 968-ից միասին թագավորել են՝ Աշոտ–Աահակը, Գուրգեն–Խաչիկը և Սենեքերիմ–Հովհաննեսը։ Վերջինս 1003-21-ին իշխել է միայնակ։ Սելջուկ–թուրքերի հարձակումների, ինչպես նաև Բյուզանդիայի ճնշման հետևանքով, Սենեքերիմը 1021-ին ազատանու և բնակչության մի մասի հետ գաղթել է Փոքր Հայք, ուր կազմվել է Ա–ի ավատական իշխանությունը՝ Սեբաստիա կենտրոնով։ Ա․ մինչև 1080-ը իշխել են այս տիրույթում։ Մինչդեռ Վասպուրականն ընկավ Բյուզանդիայի տիրապետության տակ և մշտապես ենթակա էր դրսեկ ցեղերի ասպատակումներին։ Ա–ից ոմանք տեղափոխվեցին Կիլիկիա։ Նրանց վերջին բեկորները սելջուկ–թուրքական և մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վասպուրականում շարունակեցին իրենց գոյությունը՝ ամփոփվելով Վանում, Ամյուկ ամրոցում և նրա շրջակայքում։ Ա–ի հետ ազգակցություն ունեցող հոգևորականները 1113-ից ժառանգաբար նստել են Աղթամարի կաթողիկոսության գահին՝ մարմնավորելով հոգևոր և աշխարհիկ իշխանությունը։ Ա–ի մի ճյուղը հաստատվեց Անիում։ Այս ճյուղից էին․
Մահկանաբերդի Ա․, որոնք XII դ․ կեսին հաստատվեցին նաև Կայանագավառում։ Հայաստանում ու վրաց արքունիքում ունեին ազդեցիկ դիրք։ Վրաց թագավորներ Դեմետրե 1-ի (1125-55) և Դավիթ III-ի (1155-56) օրոք Վասակ Արծրունի իշխանը Թիֆլիսի քաղաքագլուխն (շահապ) էր, իսկ եղբայրը՝ Ամիր–Քուրդը՝ Քարթլիի և Թիֆլիսի ամիրայից ամիրան (ամիրապետը)։ Հալածվելով Գեորգի III թագավորից (1156-84)՝ Վասակը և Ամիր–Քուրդը 1156-ին գնացին Կարին՝ Սալդուխ ամիրայի մոտ և որպես տիրույթ ստացան բազմաթիվ գյուղեր։ Վասակի մահից հետո Ամիր–Քուրդը ժառանգեց Ա–ի տիրույթները Կարին գավառում։ 1180-ական թթ․ վրաց ամիր սպասալար Աարգիս Զաքարյանը, որ ամուսնացած էր Ամիր–Քուրդ Արծրունու քրոջ՝ Սահակ–դուխտի հետ, միջնորդեց Թամար թագուհու առաջ և վերադարձնել տվեց Ամիր–Քուրդ Արծրունուն՝ նրան վերստին նշանակելով Քարթլիի և Թիֆլիսի ամիրապետ։ Այս և արքունի գանձարանապետի տեղակալի պաշտոնները վրաց արքունիքում դարձան Ա–հ ժառանգական արտոնությանը։ Ամիր–Քուրդ Արծրունու մյուս եղբայրը՝ Հաղբատի վանքի առաջնորդ Բարսեղը, Թամարի հրամանով նշանակվեց նաև Քարթլիի արքեպիսկոպոս, ընդունեց քաղկեդոնական դավանանք։ Ամիր–Քուրդ Արծրունու որդի Հասանը (վրաց աղբյուրներում՝ Դուզան) նշանակվել է Տայքի ու Կղարջքի կառավարիչ (նստավայրն էր Տայոց Քար բերդը)։ Ամիր–Քուրդ Արծրունու մահվանից հետո, 1190-ական թթ․, նրա որդի Հասանը հրաժարվեց Թամար թագուհուն ծառայելուց և դարձավ Շահի–Արմենների վասալը։ XIII դ․ Աադուն Արծրունին Ավագ Զաքարյանի մահից հետո (1250) դարձավ Վրաստանի ու Հայաստանի աթաբեկ և ամիրսպասալար։ Մահկանաբերդի Ա–ի վերջին ներկայացուցիչը Սադունի որդի Խութլու–Բուղան էր, որը ժառանգեց հոր պաշտոնը։
Գրկ․ Մովսես Խորենացի․ Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Վարդանյան Վ․ Մ․, Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը, Ե․,1969։ Նույնի, Արծրունիների մասնակցությունը Վարդանանց պատերազմին, «ԼՀԳ»,1971, № 8։ Еремян С․, Юрий Боголюбский в армянских и грузинских источниках, «Գիտ․ աշխատ․ ԵՊՀ», 1946, հ․ 23; Бархударян С․, Урартское происхождение армянского нахарарского рода Арцруни, вкн․։ Исследования по истории культуры народов Востока, М․-Л․, 1960; Маrkwart J․, Sữdarmenien und die Tigrisquellen, nach griechischen und arabischen Geographen,Wien, 1930․
Վ․ Վարդանյան


ԱՐԾՐՈՒՆԻՏ (Ա․ Ե․ Արծրունու ազգանվամբ), հազվադեպ միներալ։ Քիմ․ կազմը՝ 3CuCl2•Cu(ОН)2PbSO4•PbO•3H2O, համակարգը՝ ռոմբային, գույնը՝ վառ կապույտ, կանաչավուն երանգով։ Հանդիպում է պղնձի հանքավայրերում (Դիլիջանի մոտ գտնվող Արծրունյաց հանքում, Չիլիում), հանքափորվածքների պատերի վրա բյուրեղային նուրբ կեղևների ձևով։
Գրկ․ Минералы, т․ 2, в․ 1, М․, 1963․


ԱՐԾՐՈՒՆՅԱՆ Կարապետ Տիգրանի [8(21)․ 1․ 1907, Սեբաստիա - 30․ 4․ 1975, Լենինական], հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1925-ին Հունաստանից ներգաղթել է Սովետական Հայաստան։ 1928-ից աշխատել է Լենինականի Մռավյանի անվ․ թատրոնում։ Լավագույն դերակատարումներից են Ջոլան (Մուրացանի «Ռուզան»), Վեստ Սարգիսը (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Տեր–Ավետիսը (Լ․ Աբրահամյանի և Ա․ Քոչարյանի «Մխիթար Սպարապետ»), Արտակը (Վաղարշյանի «Օղակում»), Կավալերդի Ռիպպաֆրատան (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»), Արթին աղան (Ե․ Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա»), Օրգոնը (Մոլիերի «Տարտյուֆ»)։


«ԱՐԾՐՈՒՆՈՒ ԹԱՏՐՈՆ», թատերական շենք Թիֆլիսում։ Կառուցել է Գ․ Արծրունին իր միջոցներով 1878-79-ին։ Ունեցել է պայտաձև հատակագծով դահլիճ (11օթյակ, 82 բազկաթոռ, 167 աթոռ, 100 տեղանոց վերնահարկ)։ Բացումը կատարվել է 1879-ի մայիսին, համերգով։ Ամռանը ներկայացումներ է տվել Մ․ Բեհբությանի թատերախումբը, որի կազմում էին Գ․ Տեր–Դավթյան, Գ․ Պարոն–Սարզսյանը, Հ․ Տեր–Գրիգորյանը, Վ․ Փաշայանը և ուրիշներ։ Աշնանից «Ա․ թ․»-ում պետք է տրվեին Հայկական մշտական դերասանական խմբի ներկայացումները, սակայն «Հայ թատերական կոմիտետ»-ի ղեկավարությունը գտնելով, որ թատրոնը չունի համապատասխան ակուստիկա, զգեստներ, դեկորներ, ռեկվիզիտ ևն, հրաժարվեց Գ․Արծրունու թատրոնում ներկայացումներ տալուց։ 1882-ից «Ա․ թ․»-ում տրվում էին հայկական, վրացական և ռուսական ներկայացումներ։ 1880-ական թթ․կեսերին Գ․Արծրունին պարտքերի դիմաց վաճառեց շենքը, որը հետագայում կոչվեց «Վրաց ազնվականների թատրոն», և, քանիցս վերակառուցվելով, հրդեհից այրվեց 1914-ին։ Տեղում կառուցված շենքում գործել է Գրիբոյեդովի անվ․ ռուսական թատրոնը։
Բ․ Հովակիմյան


ԱՐԿ, 1․ հրետանային, ռազմամթերքի տեսակ՝ հրանոթից կրակելու համար։ Բաղկացած է իրանից, մարտական լիցքից և պայթուցիչից։ Ըստ նշանակման լինում են հիմնական (զրահահար, ֆուգասային, բեկորային ևն), հատուկ (լուսավորող, ծխասփյուռ են) և օժանդակ (ուսումնական ևն), ըստ տրամաչափի՝ փոքր (20 - 70 մմ), միջին (70-155 մմ) և