Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


այս կամ այն հին ու նոր լեզուների արմատներից և միջազգային տերմիններիցկազմված այնպիսի լեզու, որով մարդիկ կարողանան դյուրությամբ հաղորդակցվել միմյանց հետ։ Համամարդկային լեզվի ստեղծման փորձեր արել են դեռևս Ռ․ Դեկարտը՝ 1629-ին, Գ․ Լայբնիցը՝ 1666-ին, բայց միայն XIX- XX դդ․ է հաջողվել կազմել մի շարք Ա․ լ․։ Դրանցից նշանավորներն են՝ վոլապյուկը (1880), որ ստեղծել է գերմանացի կրոնավոր Ի․ Մ․ Շլայերը, ունիվերսալը՝ բժիշկ Մոլենարը, էսպերանտոն (1887)՝ լեհական հրեա, բժիշկ Զամենհոֆը, լանգբլոն (1900)՝ Բոլլաքը, սահլեռայը (աշխարհլեզու)՝ մի զմյուռնիացի հայ, նովիալը (1928)՝ լեզվաբանԵսպերսենը, իալան (1947)՝ Սորբոնի համալսարանի դասախոս Մարտինեն, ինտերլինգվան։ Հանրագրությունը նպատակ է հետապնդում ստեղծելու արհեստական նշանների մի համակարգ, նման մաթեմատիկական սիմվոլներին, որ հասկանալի կլինի ամեն մեկին, ով ծանոթ է այդ նշաններին կամ ձեռքի տակ ունի դրանց բառարանը։ Հանրագրության արհեստական համակարգ են ստեղծել Մեմիյոն՝ 1797-ին, Պաիկը՝ 1859-ին, Վիեննայի Մխիթարյան միաբան Աթանաս Տիրոյանը՝ 1907-ին ևն։ Հանրագրությունը տարածում չի գտել։
Գրկ․ Աճառյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների․ Ներածություն, Ե․, 1955, էջ 145 -60։
Պ․ Պողոսյան


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, շնչառության ժամանակավոր բացակայությունը վերականգնելու նպատակով, համապատասխան եղանակներով օդի ներմուծումը թոքերի մեջ (ներշնչում) և հեռացումը թոքերից (արտաշնչում)։ Ա․ շ․ կատարում են շնչահեղձության, ջերմահարության, ցրտահարության, արևահարության, թունավորումների, խոր ուշագնացության, շոկի, կլինիկական մահվան դեպքում՝ ռեանիմացիայի (վերակենդանացման) ժամանակ։ Ա․ շ․ պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, շնչառության խանգարման առաջին 1-2 րոպեների ընթացքում և շարունակել մինչև հիվանդի բնականոն շնչառության վերականգնումը, որը կարող է կատարվել 1-2 ր անց, սակայն երբեմն՝ 1-3 ժ հետո։ Ա․ շ․ կատարելիս հիվանդի գլուխը պետք է լինի շատ ետ թեքված դիրքում, որի հետևանքով ստեղծվում են շնչառության վերականգնման լավագույն պայմաններ։ Ա․ շ․ սկսելու ցառաջ անհրաժեշտ է հիվանդի քիթը և բերանը մաքրել լորձից, թքից և օտար մարմիններից։ Ա․ շ․ կատարվում է ռիթմիկ, 1 րոպեում 12-16 անգամ՝ երբեմն զուգակցելով սրտի արհեստական մերսման (մասաժի) հետ։ Ա․ շ․ կատարվում է ձեռքի կամ հատուկ գործիքների օգնությամբ։ Ձեռքերով կատարվող Ա․ շ–յան Սիլվեստրի եղանակը կիրառելիս հիվանդին պառկեցնում են մեջքի վրա, ձեռքերը տանում վերև և քիչ ետ (ներշնչում), ապա առաջ բերելով դնում կրծքավանդակին և ուժեղ սեղմում (արտաշնչում)։ Շեֆերի եղանակի դեպքում հիվանդին պառկեցնում են որովայնի վրա, այնուհետև սեղմում նրա կրծքավանդակի ետին պատի ստորին մասին (արտաշնչում), ներշնչումը կատարվում է ինքնուրույն։
Արհեստական շնչառություն․ 1․ Սիլվեստրի մեթոդ, 2․ Շեֆերի մեթոդ, 3․ Հովարդի մեթոդ
Գոյություն ունեն նաև Ա․շ–յան «բերան–բերանի» և «բերան–քթի» եղանակներ։ Օգնություն ցույց տվողը խոր շնչառումից հետո բերանը հպելով հիվանդի շուրթերին կամ քթին ուժեղ արտաշնչում է (հիվանդի համար դա կլինիներ շնչումը), արտաշնչումը կատարվում է ինքնուրույն, պասսիվ կերպով։ Այս ձևերը հաճախ զուգակցվում են սրտի արտաքին մերսման հետ։ Գործիքային Ա․ շ–յան համար կան սարքեր, որոնց միջոցով օդը մղվում է շնչափողի մեջ անմիջապես կամ կրծքավանդակը՝ դրսից ճնշելու շնորհիվ։
Գրկ․ Васильев В․ Н․, Как производится искусственное дыхание, М․, 1967․
Ռ․ Պարոնյան


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆ, կազմակերպվում է գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման համար։ Ա․ ս․ կ․ լինում է պետական, միջկոլտնտեսային, հիմնական և օժանդակ։ Պետական Ա․ ս․ կ–ի աշխատանքները մեծ մասամբ զուգակցվում են տոհմային գործի հետ։ Հիմնական կայաններում արտադրող արուներից սերմնահեղուկ է վերցվում, մշակվում և տեղափոխվում տնտեսություններում գործող օժանդակ կայանները՝ կենդանիներին բեղմնավորելու համար։ ՀՍՍՀ–ում առաջին կայանը կազմակերպվել է 1932-ին։ 1972-ին ՀՍՍՀ–ում գործում էին տոհմային գործի և արհեստական սերմնավորման 8 և միայն սերմնավորման պետական 6 կայան։ Սովետական տնտեսությունների հիմնական կայանները կազմակերպված են Բերդում և Հրազդանում, իսկ օժանդակ կայաններ՝ գրեթե բոլոր տնտեսություններում։
Ա․ Մանասյան


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՈՒՄ, սերունդ ստանալու նպատակով հատուկ գործիքների և գործողությունների օգնությամբ կենդանիների սեռական բջիջների (գամետների) արհեստական մոտեցում։ Բաղկացած է մի քանի գործողություններից․ արտադրող արու կենդանիներից սերմնահեղուկի սպերմաստացում, դրա պիտանելիության ստուգում, նոսրացում, պահպանում, տեղափոխում և էգ կենդանիների սեռական ուղիների տարբեր հատվածների մեջ (հեշտոց, արգանդի խոռոչու պարանոց և ձվափող) ներարկում։ Ա․ս․ հնարավորություն է տալիս բարձրարժեք արտադրողներից ստանալ ավելի շատ սերունդ (մեկ խոյից ստացված սերմնահեղուկով կարելի է սերմնավորել 1500-2500 մաքի, ռեկորդը՝ 15 հզ․, մեկ ցուլից 1-2 հզ․, ռեկորդը՝ 16 հզ․), կանխել միզասեռական ուղիների վարակիչ հիվանդությունների տարածումը, պլանավորել կենդանիների ծինը, կրճատել անպտղությունը ևն։ Առանց զուգավորման սերունդ ստանալու փորձերը կատարել են դեռևս ասորեստանցիները մ․ թ․ ա․ VIII դ., իսկ հետագայում՝ արաբները։ Որպես կենդանաբուծական մեթոդ, այն առաջին անգամ մշակել և կիրառել են ռուս գիտնականներ Վ․ Պ․ Վրասկին (XIX դ․)՝ ձկների, և Ի․ Ի․ Իվանովը (XIX դ․ վերջ և XX դ․ սկիզբ)՝ ձիերի, հետագայում՝ կովերի և մաքիների համար։ Սովետական կարգերի հաստատումից հետո Ա․ ս․լայն տարածում գտավ։ Սովետական գիտնականները ուսումնասիրեցին սերմնահեղուկի նոսրացման, պահպանման, տեղափոխման առանձնահատկությունները, բեղմնավորման, ձվաբջիջի, զիգոտիֆիզիոլոգիան, ֆոլիկուլների զարգացման օրինաչափությունները, մշակեցին սերմնահեղուկի խոր սառեցման մեթոդը՝ հնարավորություն ստեղծելով դրա երկարատև պահպանման համար։ Ա․ ս․իրագործում են բոլոր հանրապետություններում, երկրամասերում և մարզերում կազմակերպված արհեստական սերմնավորման և տոհմային գործի պետական կայանները։ ՍՍՀՄ–ում 1972-ին այդ եղանակով սերմնավորված կովերի ու երինջների թիվը կազմում էր 25 մլն․ 348 հզ․, մաքիներինը՝ 42 մլն․ 11 հզ․։ ՀՍՍՀ–ում 1972-ին սերմնավորվել է մոտ 104 հզ․կով, 520 հզ․ մաքի։ Կենդանիների Ա․ ս–ման համար արտասահմանյան երկրներում գործում են ակցիոներական ու կոոպերատիվ ընկերություններ, առանձին կայաններ ու կետեր, որոնք ֆերմերային տնտեսություններին մատակարարում են բարձր մթերատու արտադրողներից ստացված սերմնահեղուկ կամ տեղում կատարում Ա․ ս․։ Զարգանում է լավագույն տոհմային արտադրողների սառեցրած սերմնահեղուկի միջազգային փոխանակումը։
Գրկ․ Մանասյան Ա․ Տ․, Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորումը, Ե․, 1950։ Նույնի, Կովերի և մաքիների արհեստական սերմնավորումը, Ե․, 1960։ Милованов В․ К․, Биология воспроизведения и искусственное осеменение животных, М․, 1962; Солсбери Г․ У․, Ван-Демарк Н․ Л․, Теория и практика искусственного осеменения коров в США, пер․ с англ․, М․, 1966; Варакса П․ А․, Искусственное осеменение сельскохозяйственных животных, Л․, 1969․
Ա․ Մանասյան


ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ, սննդանյութերի ներմուծումն օրգանիզմ՝ շրջանցելով բնականոն ճանապարհը։ Կիրառվում է, երբ հիվանդը հնարավորություն չունի սնվել բնականոն ճանապարհով (անգիտակից վիճակի, ծամիչ և կլլման մկանների լուծանքի, ծնոտ–դիմային վիրավորումների, որկորի նեղացման, անընդհատ փսխումների ժամանակ) կամ հրաժարվում է սննդից (հոգեկան հիվանդություն–